Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Իրենց վերջին շանսն է սա՝ իրենց կնքահոր՝ պուտինյան ռեժիմի աջակցությամբ մնալու ջրի մակերեսին

May 11, 2022

Լրատվամիջոցները մեր մասին

Lragir.am-ի զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

 

Պարոն Սաքունց, ինչպե՞ս եք գնահատում ընդդիմադիրների բողոքի ակցիաները, նրանց ասելիքի բովանդակությունը։

 

Ընդդիմություն կոչվածները քաղաքական աստառներով քրեաօլիգարխիկ կառավարման փոքրաքանակ ներկայացուցիչներն են, որոնք ագրեսիվ փոքրամասնություն են կազմում։ Եվ նրանք նպատակ ունեն կասեցնելու Հայաստանի հնարավոր զարգացումները՝ հորինովի պատրվակներով։ Ճիշտ է, պատերազմն ունեցավ ծանր հետևանքներ ու մարդկային անդառնալի կորուստներ, բայց պատերազմը և դրա հետևանքները դարձնում են անդառնալի պետության համար և դրանով պայմանավորում նաև ամեն գնով իշխանության հասնելու այդ մորմոքը, որը մինչև պատերազմն էլ մշտապես գտնվել է նրանց օրակարգում։ Այսինքն՝ նրանց համար պատերազմն ընդամենը պատրվակ էր, սա ակնհայտ է, սա պետք է մշտապես հիշեցնել։ Խոսքը վերաբերում է մի խմբավորմանը, որը 20 տարի լինելով իշխանություն, ամեն կերպ ցույց է տվել իրեն, այսինքն՝ դա մեկ կամ երկու տարի չէ։ 1998 թվականի պետական հեղաշրջման արդյունքում իշխանության եկած, այնուհետև իշխանությունը 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողության արդյունքում ամրապնդած և հետագայում նաև ընտրությունների արդյունքների կեղծումներով, հետապնդումներով իշխանությունը պահած խմբավորում է սա, որը առնվազն այդ 20 տարվա ընթացքում բացի սեփական բիզնեսներից, դղյակաշինությունից, անհագուրդ հարստանալու միտումներից՝ պետական բյուջեի ու ռեսուրսների թալանի հաշվին,- բացի դրանից որիշ որևէ քայլ չի արել այն խնդիրների լուծման համար, որով իբր թե հիմա մտահոգված է։

 
 

Եթե նայենք, թե ինչ նպատակով տեղի ունեցավ 1998 թվականի փետրվարի 3-ի հայտնի հրաժարականի հետ կապված հայտարարությունը, այն է՝ Ղարաբաղի խնդրի լուծում, ԼՂ անկախության ճանաչում։ Բայց 20 տարվա ընթացքում ոչ միայն այդ ամենին չհասան, այլև իրենց կառավարմամբ զգալիորեն իջեցրեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության նշաձողը՝ ՀՀ-ն ամբողջությամբ կախվածության մեջ դնելով Ռուսաստանի Դաշնությունից, որի կառավարող ռեժիմն իր բովանդակությամբ ոչինչ չուներ տալու ու չտվեց Հայաստանին։ Հայաստանի ինքնիշխանության կամ անկախության մակարդակի իջեցումը անվտանգության խարխլում էր, ինչը, բնականաբար, հանգեցրեց նաև նրան, որ որպես Արցախի անվտանգության երաշխավոր հանդես եկող պետության ռեսուրսներն ու հնարավորությունները նվազեցվեցին։ Դրա ցայտուն արտահայտությունը հանդիսացավ նաև 2013 թվականի սեպտեմբերի 3-ի հայտնի որոշումը՝ մեկ գիշերվա ընթացքում, որով Հայաստանը հրաժարվեց ԵՄ Ասոցացման համաձայնագիրն ստորագրելուց, որը զարգացման և մեր անվտանգության ամրապնդման կարևոր երաշխիքն էր։ Եվ սրա մասին համառորեն լռում են, համառորեն լռում են նաև պետության զարգացման համար կարևոր ռեսուրսի դադարեցման մասին՝ «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագիրը ի նկատի ունեմ։ Դրանք այն ռեսուրսներն են, որոնց առկայության դեպքում հնարավորություն ես ունենում զբաղվել քո անվտանգային հարցերով։ Պետության այս սողացող կապիտուլյացիան իրենք փորձում են ամեն կերպ անտեսել, որի թիվ մեկ պատասխանատուն իրենք են և որի ձևակերպումն առաջին հերթին հանդիսացավ 2016 թվականի ապրիլյան պատերազմը։ Ի դեպ, դա առաջին փաստը հանդիսացավ, որ հերքեց այն թեզը, թե իբր 2013 թվականի սեպտեմբերի 3-ի այդ հայտնի որոշումն անվտանգային նկատառումներից ելնելով կայացվեց։ Դա ոչ թե հանգեցրեց անվտանգության երաշխավորմանը, այլ ընդհակառակը, խոցելի դարձրեց Հայաստանի Հանրապետությունը, նաև որպես Արցախի անվտանգության երաշխավոր լինելու նրա հնարավորությունը։

 

Իհարկե, 2018 թվականի թավշյա հեղափոխությունը շատ լուրջ հնարավորություն էր՝ այս արատավոր և պետության ինքնիշխանությունը նվազեցնող կապիտուլյացիոն քաղաքականությունը կանգնեցնելու և անվտանգության հնարավորությունները վերականգնելու համար, որը չարվեց։ Եվ, ցավոք սրտի, պետությունը մնաց նախկին արատավոր այդ համակարգի շրջանակում։ Օգտվելով այդ իրավիճակից, այն, որ ժողովրդավարական վերականգնումը կասեցված է ԵԱՏՄ, ՀԱՊԿ և երկկողմանի իրենց բովանդակությամբ կապիտուլյացիոն պայմանագրերով, սանձազերծվեց այս պատերազմը, որպեսզի ՀՀ իշխանությունը չկարողանա Հայաստանը դուրս բերել այդ կապիտուլյացիոն վիճակից։ Պատերազմի համար, իհարկե, պատասխանատու է նաև ներկա իշխանությունը, որ այդ քայլերը չկատարեց։ Այսինքն՝ խնդիրն այն է, որ անխուսափելի պատերազմը կանխելու նպատակով ՀՀ տնտեսական, անվտանգային և արտաքին հարաբերությունները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ ջանքեր չգործադրվեցին, չստեղծվեցին հնարավորություններ՝ կանխելու դա ու հետևանքները։ Սրա մասին է խոսքը, սա պետք է հստակ արձանագրենք։ Բայց օգտվել այս հանգամանքից ու փորձել կանխել ներկայում կատարվող ուշացած քայլերը՝ դիվերսիֆիկացնելու արտաքին հարաբերությունները, ձևավորելու անվտանգային նոր հնարավորություններ, սա խոսում է այն մասին, որ այս ագրեսիվ փոքրամասնությունը երևի  տեսել է, որ ընդհանրապես քաղաքական հարթության մեջ իր գոյատևման բոլոր հիմքերն արդեն վերանում են։ Իրենց վերջին շանսն է սա՝ իրենց կնքահոր՝ պուտինյան ռեժիմի աջակցությամբ մնալու ջրի մակերեսին։ Եվ հաշվի առնելով, որ այնուամենայնիվ շատ քիչ ժամանակ է մնացել պուտինյան ռեժիմին, իրենք փորձում են այս ժամանակն օգտագործել իշխանության վերադառնալու համար՝ շատ լավ գիտակցելով, որ պուտինյան ռեժիմի վերանալով իրենց շանսը՝ լինելու որևէ սուբյեկտ, ընդհանրապես վերանում է։ Խնդիրն այն է, որ երկիրն այս իրավիճակից դուրս բերելու, սա հաղթահարելու ուղղությամբ քայլերն են իրենց գործողություններով կասեցնում՝ պահելով այն կապիտուլյացիոն տրամաբանության մեջ, որը մեզ բերեց այս իրավիճակի։ Պուտինյան ռեժիմի թուլացմանը զուգահեռ այսօրվա իշխանությունը գործողության ազատ տարածք է ձեռք բերում և կատարում է այդ քայլերը։ Իրենց համար նաև սա է սպառնալիք, որովհետև տեսնում են այդ ազդեցության նվազեցումը։ Եվ զարմանալի է, որ երբ խոսում են թուրքի ազդեցության մասին, մոռանում են, որ թուրքական ազդեցությունը Հարավային Կովկասում և ընդհանրապես Հայաստանում կամ Արցախում հնարավոր եղավ ռուս-թուրքական համագործակցությամբ։ Այսինքն՝ եթե դու դեմ ես թուրքական ազդեցությանը, չես կարող դեմ չլինել ռուսական ազդեցությանը, որը հենց ճանապարհ հարթեց Թուրքիայի ազդեցության մեծացման համար։ Ինչպե՞ս կարելի է մոռացության տալ այդ համագործակցությունը, որը պատմական ավանդույթներ ունի ու մշտապես ձևավորվել է Հայաստանի շահերի հաշվին։ Այսինքն՝ կեղծ է նաև իրենց այս միտումը, թե իբր մտահոգված են Հայաստանի գոյությամբ, այն դեպքում, երբ Էրդողանի ու Պուտինի բռնապետական ռեժիմների համագործակցությունը խոչընդոտում է Հայաստանի զարգացման շահերին։ Եթե իրենք փորձում են հերթական անգամ մանիպուլացնել հակաթուրքական միտումները, բայց մոռացության են տալիս այդ միտումների մեջ ռուսական արջի առկայությունը, դա ուղղակի կեղծիք է, մանիպուլյացիա։ Եվ ոչ թե խաղաղության վերականգնման տրամաբանությունն է գործում, այլ երկիրը մեկուսացման մեջ և պուտինյան ռեժիմի ազդեցության գոտում պահելու, իշխանության վերադառնալու մեխանիզմը։

 

Այդտեղ կա նաև հոգեբանական գործոնը, այդ ագրեսիվության պատճառն ակունքներ ունի, դա նոր չէ։ Իշխանությունից զրկվելով՝ իրենք այնքան են սերտաճել այդ իշխանության հետ, որ նրանց համար առանց իշխանական լծակների ապրելն ուղղակի գոյաբանական լուրջ խնդիր է։ Նրանք չեն պատկերացնում, որ կարող են իշխանության լծակներ չունենալ ու ապրել, որովհետև 20 տարի գտնվել են իշխանական կոմֆորտի մեջ և բացի իշխանության լծակներից օգտվելուց այլ գործով զբաղվելու կարողություն չունեն։ Չէ՞ որ ունեն մանդատներ, ունեն առաջարկություն, գաղափար ներկայացնելու հնարավորություն։

 

Հասարակության վերաբերմունքը ինչպե՞ս եք գնահատում այս զարգացումներին։

 

Տեսնելով, որ իրենց բոլոր ակնկալիքները չեն բավարարվում, ընդդիմությունն  ուզում է աղմուկ-աղաղակով ցույց տալ, որ շատ ավելի մեծ տեղ ունեն, բայց դա չի համապատասխանում իրականությանը։ Դրա վկայությունն է այն վերաբերմունքը, որը նրանք ստացան Վանաձորում, Գյումրիում, նաև Երևանում։ Առաջին անգամ է, որ ընդդիմությունը նմանօրինակ բացասական արձագանքներ է ստանում քաղաքացիների կողմից, չի եղել այդպիսի բան։ Առաջին անգամ հանրային կարեկցանքը բացակայում է ընդդիմության նկատմամբ։

 

Ընդդիմությունն այսօր փորձում է ապակայունացնել իրավիճակը երկրում, որովհետև իրենք բացի ապակայունացնող վարքագծից այլ վարքագիծ չեն ունեցել ու չունեն։ Իշխանության մեջ գտնվելով էլ իրենք ապակայունացնող դեր ունեին՝ 2003-ի ընտրությունները, 2004-ի իրադարձությունները, 2005 թվականի սահմանադրական հանրաքվեի խայտառակ պատկերը, հայ-ռուսական պայմանագրերը, պետության տնտեսական կարողությունները Ռուսաստանին հանձնելը։ Եվ այդ ամենը միայն մի բանի՝ իշխանություն պահելու դիմաց։ Այսինքն՝ իրենց համար իշխանության գալու նպատակը սեփական կոռուպցիոն շահերը բավարարելն է, մնացածը հեքիաթ է։

lragir.am

Դիտումներ՝ 34

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????