Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Վաղը չէ մյուս օրը, օրինակի համար, ի՞նչն է խոչընդոտելու Վովա Գասպարյանին նման մի պաշտոնում նշանակելը»․ Արթուր Սաքունց

October 16, 2018

Լրատվամիջոցները մեր մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

 

- Պարո՛ն Սաքունց, երեկ կառավարության որոշմամբ ՀՀ ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ, ինչը մեծ դժգոհությունների ու քննարկումների տեղիք է տվել հանրության շրջանում: Ինչպե՞ս եք գնահատում այդ նշանակումը:

 

- Սյունիքի մարզպետի պաշտոնում Սերժ Սարգսյանի իշխանության օրոք ոստիկանապետի տեղակալին կամ փոխոստիկանապետին նշանակելը ընդհանրապես անակնկալ կլիներ եվ դրա բացատրությունը, իհարկե, պետք է տա և ներկայացնի Նիկոլ Փաշինյանը, իշխանությունը:

 

Բայց ես չէի ուզենա, որ մենք այս կոնկրետ խնդիրը որպես կոնկրետ փաստ քննարկման առարկա դարձնենք: Այստեղ բոլորովին այլ համակարգային խնդիր է, որի չլուծվածությունը կհանգեցնի նմանատիպ նոր խնդիրների առաջացման:

 

- Որո՞նք այդ համակարգային խնդիրները:

 

- Խոսքը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կողմից օգոստոսի 17-ի հանրահավաքում հնչեցրած անցումային արդարադատության իրականացմանը: Երևի թե շատերը չեն հասկացել անցումային արդարադատության իմաստը և նշանակությունը: Խոսքը վերաբերում է նախկին ավտորիտար կառավարման ժամանակահատվածում մարդու իրավունքների շարունակական խախտումներին, զանգվածային խախտումների համար պատասխանատվություն կրելուն և, ընդհանրապես, դատարանի որոշմամբ պատասխանատուներին պատժելուն: Եթե դա տեղի ունենար, այսօր օրակարգից կարող էին հանվել նման տարօրինակ նշանակումները: Որովհետև հիմա որևէ փաստ կամ դատարանի իրավական դատավճիռ չկա, որով կարող ենք ամրագրել կամ գնահատել, որ, ասենք, հենց Հունան Պողոսյանը մեղավոր է:

 

- Մամուլում կան հրապարակումներ, որոնցում ներկայացվում է, որ Հունան Պողոսյանը համարվում է ոստիկանությունում ամենակոռումպացվածներից մեկը:

 

- Այո՛, կարդացել եմ, ու, բնականաբար, նման եկամուտներ, այն, ինչ պաշտոնապես ունեն, ինքը կամ իր ընտանիքի անդամները չեն կարող ունենալ աշխատավարձի սահմաններում: Բայց ես, այնուամենայնիվ, ելնում եմ իրավական կատեգորիայից, որ չկա որևէ դատական ակտ: Սակայն այստեղ հարցը նույնիսկ դա չէ, խնդիրը, նորից նշեմ, մարդու իրավունքների խախտման հարցերն են:

 

Շատ լավ գիտենք, որ ոստիկանությունն այն կառույցն է, որը բավական լուրջ պատասխանատվություն է կրել մարդու իրավունքների զանգվածային խախտումների համար, ոստիկանությունն է օգտագործվել քաղաքական ընդդիմադիրների և քաղաքացիական ակտիվիստների բողոքի ակցիաները ճնշելու, մարդկանց ապօրինի բերման ենթարկելու, բռնությունների համար: Եվ այդ կառույցի ղեկավարի տեղակալն էր անմիջապես Հունան Պողոսյանը:

 

Եվ մենք հիմա չունենք այդ խախտումների համար ոստիկանության համակարգի բարձրաստիճան պաշտոնյաների պատասխանատվության վերաբերյալ դատական ակտ: Եվ, իհարկե, նման պարագայում, վաղը չէ մյուս օրը, օրինակի համար, ի՞նչն է խոչընդոտելու Վովա Գասպարյանին նման մի պաշտոնում նշանակելը: Անցումային արդարադատության նշանակությունն այն է, որ հենց անպատժելիության նախկին համակարգի, մարդու իրավունքների զանգվածային խախտումների համար անմիջական պատասխանատու հանդիսացող պաշտոնատար անձինք նաև պատասխանատվություն կրեն, և առնվազն այս մասին լինեն քաղաքական և իրավական գնահատականներ, որի պարագայում արդեն իսկ նման նշանակումները հիմնազուրկ են դառնում:

 

- Այսինքն՝ անցումային արդարադատությունը տեղի չի՞ ունենում:

 

- Անցումային արդարադատության իրականացման համար պետք է համապատասխան իրավական ակտ, օրենք, որը պետք է ընդունվի Ազգային ժողովի կողմից: Իսկ այս Ազգային ժողովը, բնականաբար, չունի այն կազմը, որը կընդունի նման օրենք: Նրանց իշխանությունն էր պատասխանատու, և նրանք չեն ընդունի նման օրենք, որով կարող են պատասխանատվության ենթարկվել:

 

Երկրորդ՝ պետք է քաղաքական գնահատական տրվի ԱԺ-ի կողմից նախկին ավտորիտար կառավարման ամբողջ այդ ժամանակահատվածին, ինչում նույնպես շահագրգիռ չեն:

 

Այսինքն՝ գտնվում ենք, մեղմ ասած, այնպիսի մի իրավիճակում, որ առկա ինստիտուցիոնալ ռեսուրսներով չես կարող քայլ առաջ կատարել, բայց մյուս կողմից էլ՝ այն քայլերը, որ կատարվում են հիմա, չեն բխում այդ տրամաբանությունից: Այստեղ շատ կարևոր է ոչ թե իրավական հիմնավորվածությունը, այլ վստահությունը նշանակումների, քայլերի հանդեպ: Իհարկե, մենք լուրջ խնդիր ունենք, կառավարությունը նույնպես պետք է շատ զգուշորեն մոտենա իր քայլերին, որոնք կարող են հանգեցնել վստահության նվազեցմանը:

 

- Արդյոք այս նշանակումը խոսո՞ւմ է կադրերի պակասի մասին:

 

- Ես չգիտեմ՝ սա կարո՞ղ ենք գնահատել որպես կադրերի սով: Ես չեմ կարող ասել, թե ո՞վ կարող էր լինել, բայց միանշանակ կարող եմ ասել, թե ով չի կարող լինել:

 

medialab.am

Դիտումներ՝ 768

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????