Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Միջանկյալ Զեկույց․ Երևանի ավագանու ընտրություններ

September 4, 2023

Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | ԶԼՄ մշտադիտարկում | Ընտրական գործընթաց | Համատեղ | Հրապարակումներ | Մամուլի հաղորդագրություններ | Նորություններ | Պետական կառույցներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը Երևանի ավագանու 2023թ․ ընտրությունների ժամանակ վերակենդանացնում է Հայաստանի հանրապետական կուսակցության գործիքակազմը

 

Ընտրությունների քարոզարշավի մեկնարկից ի վեր «Անկախ դիտորդ» դաշինքի 11 դիտորդներ երկարաժամկետ դիտորդություն են իրականացնում Երևանի բոլոր վարչական շրջաններում։ Քարոզարշավի առաջին 10 օրերի ընթացքում դիտորդները հարցազրույցներ են իրականացրել առաջադրված ուժերից վեցի 18 նախընտրական շտաբների ղեկավարների հետ և տասը ուժերի 22 թեկնածուների հետ: Դիտարկվել են 10 ուժերի 57 հավաքներ և հարցազրույցներ են իրականացվել այդ հավաքներին մասնակցող 92 անձանց հետ: Արձանագրվել է միջադեպի/խախտման մասին 30 ահազանգ։ Դրանք ուսումնասիրվել են իրավաբանական աջակցության թիմի կողմից և ձեռնարկվել են անհրաժեշտ գործողություններ։ 

 

Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչությունը մեկնարկել է պաշտոնական ժամանակահատվածից շատ ավելի վաղ՝ այն ժամանակ, երբ մրցակից ուժերից յուրաքանչյուրը որոշում է կայացրել մասնակցության համար։ 

 

Օրենսգրքով սահմանված քարոզչության ժամանակահատվածից դուրս քարոզչությունը չի սահմանափակվում և չի արգելվում։ Միաժամանակ ընտրությունների արդարության սկզբունքը պահանջում է, որպեսզի բոլոր թեկնածուներն ունենան հավասար հնարավորություններ։ 

 

Դիտարկված բոլոր շտաբները գտնվում են մասնավոր տարածքներում և հիմնականում օգտագործվում են վարձակալության հիմունքներով, բացառություն են կազմել ԼՀԿ-ին պատկանող, «Արդար Հայաստան» կուսակցության թեկնածուներից մեկին պատկանող և Հանրապետություն կուսակցությանը անվարձահատույց տրամադրված մեկական շտաբները: 

 

ՔՊ-ին անվարձահատույց օգտագործման պայմաններով է հատկացված երկու տարածք, որոնցից մասնավորապես, Երևան քաղաքի ամենաթանկ հատվածներից մեկում՝ Հյուսիսային պողոտայում գտնվող ՔՊ նախընտրական շտաբի հսկայական տարածքը։

 

Կուսակցությունների մեծ մասը պնդում է, որ շտաբների աշխատանքներում ներգրավվողները այդ աշխատանքը կատարում են կամավոր հիմունքներով: Ուշագրավ է, որ միայն Ապրելու երկիր կուսակցությունն է նշում, որ աշխատանքներում ներգրավվողների մի մասը վարձատրվում է:  ՔՊ կուսակցության  քարոզչական  աշխատանքներում ներգրավվողների թիվը առավել մեծ է, իսկ շտաբների ղեկավարներից մեկի պնդմամբ կամավորների մի մասը կուսակցության ԱԺ պատգամավորների օգնականներն են, որոնք վարձատրվում են պատգամավորների կողմից: Միայն «Արդար Հայաստան» կուսակցության մեկ շտաբում և ՔՊ կուսակցության երեք շտաբներում են նշել, որ աշխատանքում ներգրավվողների մեջ կան համայնքային կամ պետական պաշտոնյաներ, որոնք արձակուրդում են գտնվում:

 

Հուլիս ամսին «Անկախ դիտորդը» ստացել է տեղեկություն, որ մի քանի համայնքներում համայնքապետերին և վարչական ղեկավարներին հրահանգվել է ցուցակագրել մարդկանց, ովքեր հաշվառված են Երևանում և կքվեարկեն Քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին։ «Անկախ դիտորդ» դաշինքն իրականացրել է հետաքննություն և հրապարակել դրա արդյունքները: Ի պատասխան՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը դատական հայց է ներկայացրել «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության դեմ՝ պահանջելով հերքել հրապարակումը և փոխհատուցում վճարել։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պահանջել է բռնագանձել 1 մլն դրամ՝ որպես զրպարտության փոխհատուցում, 480 000 դրամ՝ որպես փաստաբանի վճար և 50 000 դրամ՝ որպես պետական տուրք։ Կազմակերպության հաշվին այս գումարի չափով արգելանք է դրված։

 

«Անկախ դիտորդ» դաշինքն ուսումնասիրել է նաև հանրային միջոցներից ֆինանսավորվող լրատվության համաչափությունը՝ մինչև քարոզչության պաշտոնական մեկնարկը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածու Տիգրան Ավինյանի լուսաբանումը գնահատելու նպատակով։ Այս ուսումնասիրությունը հրապարակվել է քարոզչության մեկնարկի նախորդ օրը և հստակ ցույց է տալիս, որ չկարգավորվող ժամանակահատվածում հանրային միջոցներն օգտագործվել են իշխող ուժի թեկնածուի մեկնարկային առավելությունն ապահովելու համար։ 

 

Ըստ Անկախ դիտորդ դաշինքի տիրապետած տեղեկությունների, վարչական ռեսուրսի օգտագործմամբ է անցկացվել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական դրամահավաքը: Նախատեսվող դրամահավաքի վերաբերյալ հրապարակային որևէ հայտարարություն չի եղել, մասնակիցներին տրվել են հրավիրատոմսեր։ Վարչապետի աշխատակազմի ենթակայության տակ գործող մի շարք գերատեսչությունների անկուսակցական ղեկավարները և աշխատակիցները անհատական, հրավերը ստանալով, պարտավորված են եղել մասնակցել դրամահավաքին:

 

Երևանի ավագանու սպասվող ընտրություններում վարչական ռեսուրսն ամբողջությամբ կենտրոնացած է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ձեռքերում, որն էլ լայնորեն կիրառում է այն։ Քաղաքացիական պայմանագրի ընտրական ցուցակում են բոլոր վարչական շրջանների թաղապետերը և այլ համայնքային պաշտոնյաներ, որոնք իրենց լիազորությունների իրականացումը համատեղում են քարոզչության հետ, նաև այն դեպքերում, երբ ֆորմալ գտնվում են արձակարդում։

 

Վարչական ռեսուրսի օգտագործումը առավել տեսանելի է դառնում ՔՊ կուսակցության ընտրողների հետ հանդիպումների մշտադիտարկման ընթացքում: Բակային հանդիպումների, վարչական շրջաններում փոքր հավաքների իրականացմանը հիմնականում լծված են թաղապետարանների աշխատակիցները, իսկ մասնակիցների մեջ նկատելի են քաղաքապետարանի ենթակայության տակ գործող մանկապարտեզների, դպրոցների աշխատակիցները, այլ ՀՈԱԿ-ների կոլեկտիվները: Կոլեկտիվների, ուղղորդված խմբերի մասնակցությունը վերահսկում են «ձայնային ձեռներեցները», որոնք ունեն իրենց պատասխանատվության տարածքների հստակ սահմանները, թե որ բակը կամ թաղը որ խմբի պատասխանատվության տիրույթում է։ Այս խմբերում ներգրավվածների զգալի մասը 2017թ․ Երևանի ընտրություններում ներառված էին ՀՀԿ–ի և Տարոն Մարգարյանի օգտին աշխատանքներում։

 

Հարկ է նշել, որ Երևան քաղաքի վարչական շրջաններին ուղղված հարցումները, որոնցով փորձել ենք պարզել աշխատակիցների արձակուրդում գտնվելու վերաբերյալ տեղեկատվությունը, մնացել են անպատասխան կամ տեղափոխել են պատասխանների ժամկետը 30 օրորվ:Շտաբների բացման և գործունեության հետ կապված որևէ խոչընդոտների մասին տեղեկություններ շտաբների ղեկավարները չեն հայտնել, քարոզչանյութերի տարածման հետ կապված ոչ էական խոչընդոտների մասին հայտնել է հիմնականում Ապրելու երկիր կուսակցությունը, որոնց հետ կապված կուսակցությունը դիմել է ԿԸՀ և ոստիկանություն:

 

Մտահոգություն են առաջացնում նաև ահազանգերը, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ընտրողների ցուցակագրման և կապ հաստատելու համար ներգրավում է ոստիկանության ծառայողների և կոմունալ ծառայությունների աշխատակիցներին: Սա նույնպես վարչական ռեսուրսի չարաշահման արդյունք է, և միաժամանակ անձնական տվյալների ապօրինի փոխանցում երրորդ անձանց: 

 

Համացանցում մեդիա տեռորի բոլոր տարրերով հագեցված ատելության խոսք, հալածանքի բռնության տարրեր են առկա «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի եթերներում, այդ ուժի ֆեյսբուքյան էջերում և այլ սոց․ կայքային հարթակներում։

 

Դիտարկված ժամանակահատվածում, համացանցից դուրս, ատելության խոսքի կիրառման մենաշնորհը պատկանում է «Մայր Հայաստան» դաշինքին։ Դրանք ակնառու են դաշինքի հավաքների, նախընտրական հանդիպումների ժամանակ։ Ավելի հաճախ, այդ կոչերը չեն արվում առաջին համարի շուրթերով և բաժին են հասնում դաշինքի անդամ Երկիր Ծիրանի կուսակցության նախագահ․ Զարուհի Փոստանջյանին և յուր կուսակիցներին։ Ելույթների ժամանակ հիմնականում հնչում են անվանարկող թեզեր․ «….փաշա օղլի, ով ձայն տա ՔՊ-ին թուրք ա, թաթարների տված գումարներով՝ թաթարների համար բնակատեղիներ են կառուցվում, սրբապիղծներ են, դավաճաններ են»։ Այս դաշինքի անվանարկման թիրախում են ոչ միայն իշխող ուժը, այլ նաև նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը և նրա կողմնակիցները։ Ի դեպ, Հայկ Մարությանին թիրախավորում են ոչ միայն «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածուները, այլ նաև «Ուժը հայրենյաց» կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Արզաքանցյանը։

 

Անկախ դիտորդի միջանկյալ զեկույցին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։

 

Եթե ընտրությունների հետ կապված խախտվել են Ձեր իրավունքները կարող եք զանգահարել 

Հելսիկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

077 234324

041 123302

Դիտումներ՝ 606

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????