0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

«Անկախ դիտորդի» հայտարարությունը` ՏԻՄ ընտրություններում 18:00-ի դրությամբ դիտարկման արդյունքների վերաբերյալ

November 14, 2021

Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Ընտրական գործընթաց | Ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու իրավունք | Հրապարակումներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

     

«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը 2021 թ. նոյեմբերի 14-ի առավոտյան 7:00-ից սկսած դիտարկում է Կապան, Իջևան, Ստեփանավան, Լերմոնտովո և Արզնի համայնքների ավագանու ընտրությունները 32 տեղամասերում և 3 Տարածքային ընտրական հանձնաժողովներում: Բոլոր համայնքներում քվեարկությունն իրականացվում է 1 քվեաթերթիկով, և ընտրողները քվեարկում են՝ գրիչով նշում կատարելով։ 

 

Առաքելության դիտորդները տեղաբաշխված են հունիսի 20-ի ԱԺ ընտրությունների քվեարկության ընթացքում ընտրական տարբեր վարք դրսևորած տեղամասերում, ինչպես և այցելում են մյուս տեղամասերը և շրջագայության միջոցով դիտարկում համայնքներում ընդհանուր մթնոլորտն ու իրավիճակը: Շրջիկ դիտորդական խմբերը դիտարկել են նաև հանձնաժողովի նիստը լրացուցիչ տեղամասերում։ 

 

Հիշեցնենք, որ դիտորդները սկսել են իրականացնել դիտարկումը տեղամասային ընտրական հանձնաժողովների առավոտյան նիստից սկսած: Ժամը 12-ի դրությամբ արձանագրված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը կարող եք տեսնել այստեղ:

 

Ստորև ներկայացնում ենք վիճակագրական արդյունքները 32 դիտարկված տեղամասերում 08:00-18:00-ի դրությամբ:

 

Քվեարկությունը քվեախցիկից դուրս իրականացնելու դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասերի 53%-ում (17 տեղամաս), ընդհանուր՝ առնվազն 54 դեպք:

 

Մեկից ավելի անձանց մուտք քվեախցիկ արձանագրվել է դիտարկված տեղամասերի 12.5%-ում (4 տեղամաս):

 

Վկայականը տեսանելի չկրելու դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասերից ընդամենը մեկում:

 

Արձանագրվել է քվեարկության մասին բարձրաձայն հայտնելու կամ այլ կերպ քվեարկությունը բացահայտելու ընդամենը 2 դեպք՝ տարբեր համայնքներում, որոնցից մեկի դեպքում ընտրողը բացականչել է կուսակցության կարգախոսը, իսկ մեկ այլ դեպքում բարձրաձայն քննադատել ընդդիմադիր թեկնածուին:  

 

Հանձնաժողովի անդամների կողմից քաղաքացիներին քվեարկելու կարգը չներկայացնելու դեպքեր արձանագրվել են դիտարկված տեղամասերից 2-ում, իսկ ընտրողների կողմից քվեակարգի ընկալման հետ կապված խնդիրներ արձանագրվել են 25 տեղամասերում:

 

Դիտարկված տեղամասերից 27-ում ընտրողին քվեարկել օգնել են նրանց ուղեկցող անձինք, իսկ 1 դեպքում՝ տեղամասային կենտրոնում գտնվող վստահված անձը, որը օգնելու իրավունք չուներ:

  

Դիտարկված տեղամասերից մեկում դիտորդը նկատել է, որ ընտրողը երկար ժամանակ հեռախոսը ձեռքին գտնվել է քվեարկության խցիկում, ինչից եզրակացրել է, որ ընտրողը լուսանկարում է քվեաթերթիկը:

 

Դիտարկված տեղամասերում չեն եղել տպագիր քարոզչական նյութեր, փոխարենը զանգվածային բնույթ է կրել մերձակա տարածքում տպագիր տարբեր չափսերի պաստառների փակցված մնալը: Միաժամանակ, եթե մյուս համայնքներում պարբերաբար նկատվում էին քարոզչական պաստառներով կայանված կամ առանձին տեղաշարժվող մեքենաներ, Ստեփանավան համայնքում դիտարկվել է ԲՀԿ քարոզչական պաստառներով մեքենաների մի ամբողջ շարասյուն, որը շրջագայում էր տարբեր տեղամասերով և քաղաքով:

 

Դիտարկված տեղամասերի 19%-ում (6 տեղամաս) գրանցվել են դեպքեր, երբ ընտրողների անունները բացակայել են ընտրողների ցուցակից, և 1 դեպք, երբ անձը ներկայացրել է այլ անձի փաստաթուղթ: Ընտրողների անունների բացակայությունը հիմնականում պայմանավորված է եղել անձնագրի վավերականության ժամկետով։ Ընտրողներն ուղղորդվել են ոստիկանության անձնագրային բաժին։

 

Դիտարկված տեղամասերից միայն մեկում է գրանցվել դեպք, երբ քարտուղարը փորձել է իր վրա վերցնել հանձնաժողովի նախագահի գործառույթները:

 

Կուտակումներ գրանցվել են դիտարկված տեղամասերից 9-ում, որից 6-ը եղել են տեղամասային կենտրոնի շուրջ՝ 50 մ շառավղով: Ծառայություն իրականացնող ոստիկաններն առավելապես արձագանքել են իրավիճակին և վերացրել խախտումը։ Շարունակական և կրկնվող բնույթ կուտակումները կրել են միայն Իջևան համայնքի Գանձաքար բնակավայրում:

 

Դիտարկված տեղամասերից 2-ում արձանագրվել է վիճաբանության 2 դեպք: Քվեաթերթիկները քվեասենյակից դուրս հանելու դեպքեր չեն եղել։

 

Տեղամասերում տեղակայված դիտորդների կողմից ընտրողների կազմակերպված տեղափոխություն դիտարկվել է Կապան և Իջևան համայնքների 3 տեղամասերում, ընդ որում՝ Իջևան համայնքի Այգեհովիտ բնակավայրի դեպքում ավտոբուսով քվեարկության էին բերվել մի քանի խումբ՝ Կայան գյուղի բնակիչները: 

 

«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը ժամը 18:00-ի դրությամբ ուղարկել է մեկ դիմում Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու պահանջով։

 

Դիտորդական առաքելությունը շարունակում է հետևել ընտրությունների ընթացքին տեղամասերում դիտորդների, շրջիկ դիտորդական խմբերի, ինչպես նաև լրատվամիջոցների մշտադիտարկման միջոցով:

 

 

«Ընտրություններ բոլորի համար 2021 - տեղական դիտորդություն և քաղաքացիական հասարակության կողմից քաղաքացիների իրավազորում» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հետ համատեղ: 

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: 

 

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը դիտորդություն է իրականացնում հետևյալ անդամ և գործընկեր կառույցների հետ․

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ

«Կանանց իրավունքների տուն» ՀԿ

«Գյումրու ռեստարտ նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ

«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ

«Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ

Դիտումներ՝ 10

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????