Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հայտարարություն՝ ՏԻՄ օրենքի փոփոխությունների վերաբերյալ․ Անկախ դիտորդ

April 5, 2022

Գործունեություն | Ընտրական գործընթաց | Ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու իրավունք | Համատեղ | Հայտարարություններ | Հրապարակումներ | Պետական կառույցներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

2022 թ․ ապրիլի 1-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում ընդունեց Տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքի անցումային դրույթները փոփոխող նախագիծ, որով ավագանու լիազորություները վաղաժամկետ դադարեցվում են, իսկ ՀՀ վարչապետը համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակում, եթե ավագանու անդամների լիազորությունները ստանձնելուց 20 օրվա ընթացքում չի իրականացվում ավագանու առաջին նիստը կամ եթե երկշաբաթյա ժամկետում չի ընտրվում համայնքի ղեկավար: 

 

Նորընտիր ավագանու առաջին նիստը օրենքի ուժով գումարվում է ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո՝ նախորդ ավագանու լիազորությունների ժամկետի ավարտման օրը: Օրենքի անցումային դրույթները սահմանում են, որ մի շարք համայնքներում, այդ թվում՝ Վանաձորում ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո՝ 5-րդ օրը, իսկ ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկելու դեպքում դատական ակտի հրապարակման օրվան հաջորդող օրը տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները համարվում են դադարած, և նոր ընտրված տեղական ինքնակառավարման մարմինները ստանձնում են իրենց լիազորությունները։

 

Վանաձոր համայնքի 2021 թ. դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքների վերաբերյալ թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողովի որոշման դեմ Լուսավոր Հայաստան կուսակցությունը բողոք է ներկայացրել ՀՀ Վարչական դատարան, որը մերժվել է 2021 թ․ դեկտեմբերի 21-ին: Համապատասխանաբար՝ դեկտեմբերի 22-ին Վանաձոր միավորված համայնքի նոր ավագանին ստանձնել է իր լիազորությունները։ Լուսավոր Հայաստան կուսակցությունը բողոքարկել էր Վարչական դատարանի որոշումը Վերաքննիչ դատարանում, որն այն վարույթ չի ընդունել։ Վերաքննիչ դատարանի այս որոշումը Կուսակցությունը բողոքարկել է Վճռաբեկ դատարան, որտեղ վարույթ ընդունելու մասին որոշում դեռևս կայացված չէ։ Միաժամանակ կուսակցության զուգահեռ հայցով Վարչական դատարանն արգելել է համայնքի ղեկավարի ընտրության հարցով Վանաձոր համայնքի ավագանու նիստերի անցկացումը մինչև արդյունքների վերաբերյալ վերջնական վճռի կայացումը։ Նիստերի վրա սահմանված արգելանքի վերաբերյալ հաջորդ դատական նիստը նախատեսված է հուլիսի 20-ին։ 

 

Նման հիմքով ավագանու նիստերի արգելքն անընդունելի և անհամաչափ միջամտություն է տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մեջ, որի արդյունքում արդեն 3 ամսից ավելի Վանաձոր համայնքը չունի համայնքի ղեկավար և գործող ավագանի։

 

Քաղաքացիական պայմանագիր խմբակցության կողմից ՀՀ Ազգային ժողով բերված նախագծի  տրամաբանությունից բխում է, որ ավագանու լիազորությունները դադարեցվում են, նույնիսկ եթե նիստը չի հրավիրել կամ համայնքի ղեկավարը չի ընտրվել ավագանու կամքից անկախ պատճառներով, ինչպես եղել է, օրինակ, Վարդենիս համայնքում:  Նման կարգավորումը, հաշվի առնելով 2021 թ. վերջին քառորդի ՏԻՄ ընտրությունների արդյունքները և հետընտրական զարգացումները, կարող է լրջորեն խաթարել տեղական ինքնակառավարման ինստիտուտի անկախությունը և զարգացումը՝ թույլ չտալով օրինական ընտրված ավագանուն իրականացնելու իր լիազորությունները: 

 

Մինչդեռ ՀՀ Ազգային ժողովում նախագծի քննարկումների ընթացքում որպես փաստարկ ներկայացվում է հենց Վանաձոր համայնքի ավագանու շուրջ ստեղծված իրավիճակը, նախագծով հնարավոր դարձող ժամանակավոր պաշտոնակատարի և նոր ընտրությունների նշանակումն այս դեպքում կհակասեր  դատարանի կողմից սահմանած արգելանքի տրամաբանությանը և նպատակին: Որքան էլ անընդունելի լինի համայնքի ղեկավարի ընտրության նպատակով ավագանու առաջին նիստն իրականացնելու արգելքը, այն կիրառված է Լուսավոր Հայաստան կուսակցության իրավունքի պաշտպանության շրջանակներում  ավագանու նիստերի անցկացման արգելքի վերաբերյալ դատարանի որոշմամբ՝ որպես հայցի ապահովման միջոց։ Այս առումով ակներև է, որ համայնքում նոր ընտրությունների նշանակումը հանգեցնում է այն իրավիճակի վերացմանը, որում տեսականորեն կարող էր վերականգնվել ԼՀԿ-ի վիճարկվող իրավունքը: Նման հիմնավորումը իմաստազուրկ է նաև գործող ՏԻՄ օրենքի տեսակետից, քանի որ այն արդեն իսկ նախատեսում է  3 ամիս ավագանու նիստ չգումարելու դեպքում ավագանու լիազորությունները վաղաժամ դադարեցնելու՝ կառավարության հնարավորությունը։ 

 

Ստացվում է, որ այսքան հրատապ ընդունվող օրենսդրության հատվածային փոփոխությունը չի լուծում եղած խնդիրները, այլ գործիք է՝ ապագայում համանման իրավիճակը նույն՝ ոչ քաղաքական եղանակով լուծելու համար: Ավելին՝ ընդունված օրենսդրական փոփոխությունը չի պատասխանում հարցին, թե կարող է արդյոք դատարանի կողմից որպես հայցի ապահովման միջոց կիրառվել կոլեգիալ, ներկայացուցչական մարմնի աշխատանքների կասեցումը, իրավիճակ, որն իսկապես աննախադեպ է տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության ողջ պատմության ընթացքում։ Առաջարկվող փոփոխությունը չի տալիս նման հնարավոր իրավիճակում կրկին հայտնվելու դեպքում այն հաղթահարելու իրավական լուծման ճանապարհը։ Նման փոփոխությամբ, կարծես թե, նաև անտեսվում է դատարանի դերը ընտրական իրավունքների արդյունավետ պաշտպանության բնագավառում։  

 

Համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների կայացման համար որոշիչ է քաղաքական համագործակցության խթանումն ու խրախուսումը, տեղական մակարդակում ընդդիմության մասնակցության և վերահսկողական մեխանիզմների զարգացումը, որոնք պահանջում են Տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման կարգի համապարփակ փոփոխություն և ընտրական փոխհարաբերությունների և իրավունքների վերաբերյալ վարչական դատավարության անհրաժեշտ փոփոխությունների իրականացում։

 

«Անկախ դիտորդ» առաքելություն, ի դեմս՝

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի

«Իրազեկ քաղաքացիների միավորման»

«Կանանց իրավունքների տուն» ՀԿ-ի

«Գյումրու ռեստարտ նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի

«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ի

Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի

Դիտումներ՝ 216

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????