0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

«Անկախ դիտորդի» հայտարարությունը 2021 թ․ հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ

October 18, 2021

Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Ընտրական գործընթաց | Ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու իրավունք | Հրապարակումներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

     

 

Ընտրական օրենսդրության բարեփոխումների շրջանակներում ՏԻՄ ընտրակարգին վերաբերող ծավալուն փոփոխություններ իրականացվեցին 2020 թ․ հունիսին և 2021 թ․ մայիսին։ Էական փոփոխության ենթարկվեց ՏԻՄ ընտրակարգը։ 4000 և ավելի ընտրող ունեցող համայնքներում այլևս կիրառվում է համամասնական ընտրակարգը։ Արտակարգ և ռազմական դրություններով պայմանավորված՝ տևական ընդմիջումից հետո՝ 2021 թ․ հոկտեմբերի 17-ին, տեղի ունեցան ՏԻՄ առաջին ընտրություններ ՀՀ 9 համայնքներում, որոնցից 6-ում՝ փոփոխված համամասնական ընտրակարգով։

 

«Անկախ դիտորդ» դաշինքը դիտորդական առաքելություն է իրականացրել 128 դիտորդների, 7 իրավաբանների, 8 տեղեկատվության մուտքագրողների, դիտորդների 4 համակարգողների և  5-հոգանոց համակարգող թիմերի կազմով: Դիտարկվել է Գյումրի, Դիլիջան, Գորիս, Տեղ, Տաթև, Մեղրի համայնքներում ավագանու անդամների համամասնական ընտրակարգով իրականացվող և Ֆիոլետովո համայնքում մեծամասնական ընտրակարգով ՏԻՄ  ընտրությունների քվեարկության օրը:

 

Ընտրությունների նախնական արդյունքներով համամասնական ընտրակարգով տարբեր համայնքներում առաջադրված կուսակցություններից և դաշինքներից ավագանու կազմ են անցել հետևյալ ուժերը․



Համայնք

Առաջադրված կուսակցություններ

Մասնակցություն

Ընտրված ուժեր

Գյումրի

1.    «ՀԱՅՐԱՔԱՂԱՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ - «Ռամկավար Ազատական», «Ժառանգություն»

2.    «ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՈՒՂԻ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

3.    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

4.    «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

5.    «ԶԱՐԹՈՆՔ» ԱԶԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

6.    ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

7.    «ԳՅՈՒՄՐԻՆ ԿՌՆԱ´»  ԴԱՇԻՆՔ - Նժդեհյան Ցեղակրոն Կուսակցություն, «Հայք»  (Հայկազուններ) կուսակցություն

8.    «ԲԱԼԱՍԱՆՅԱՆ ԴԱՇԻՆՔ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

9.    «ԹԱՍԻԲՈՎ» ԴԱՇԻՆՔ - «Ազատություն» կուսակցություն, «Համերաշխություն» կուսակցություն

10. «ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

24.14%

  1. «ԲԱԼԱՍԱՆՅԱՆ ԴԱՇԻՆՔ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ - 36.31%

  2. «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ - 29.36%

  3. «ԶԱՐԹՈՆՔ» ԱԶԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ - 10.42%

  4. «ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ - 6.49%

  5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ - 5.06%

Գորիս

1. «ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ» ԴԱՇԻՆՔ  -  «Վերածնվող Հայաստան» կուսակցություն, «Ազգային օրակարգ» կուսակցություն, Հայ Յեղափոխական Դաշնակցություն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

2.  «ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

3. «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

50.25%

  1. «ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ» ԴԱՇԻՆՔ - 60.28% 

  2. «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ - 34.31%

  3. «ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ - 2.71%

Մեղրի

1. ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

2.  «ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

3.   « ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

4.   «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

62.66%

  1. «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ - 41.84%

  2. «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ - 32.11%

  3. ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ - 14.04%

  4. «ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ - 9.55%

Տեղ

1. «ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

2.  «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

60.64%

  1. «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ- 63.63%

  2. «ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-34.17%

Տաթև

1. «ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

2.  «ՇԱՆԹ» ԴԱՇԻՆՔ ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

3.  «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

59.47%

  1. «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ - 48.95%

  2. «ՇԱՆԹ» ԴԱՇԻՆՔ ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ - 36.29%

  3. «ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ -12.89%

Դիլիջան

1. «ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

2. «ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

3. «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

4. «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

5. «ՔԱՂԱՔԱՑՈՒ ՈՐՈՇՈՒՄ» ՍՈՑԻԱԼ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

44.00%

  1. «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ - 56.78% 

  2. «ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ - 23.83%

  3. «ՔԱՂԱՔԱՑՈՒ ՈՐՈՇՈՒՄ» ՍՈՑԻԱԼ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ - 7.48%

  4. «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ - 6.36%

 

Մեթոդաբանություն

 

«Անկախ դիտորդ» դաշինքը 2021 թ․ հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած տեղական ընտրությունների դիտորդական առաքելության շրջանակներում սեպտեմբերի 22-ից երկարաժամկետ դիտարկում է իրականացրել 12 դիտորդների միջոցով, որոնք դիտարկել են 33 նախընտրական հավաք, հարցազրույցներ են իրականացրել հավաքի 40 մասնակիցների, ավագանու 83 թեկնածուների և նախընտրական 25 շտաբերի ղեկավարների հետ, հանդիպել են ԸԸՀ՝ 7 և ՏԸՀ 29 անդամի հետ։

 

Կարճաժամկետ առաքելության կողմից 2021 թ․ հոկտեմբերի 17-ի առավոտյան 07:00-ից մինչև քվեարկության արդյունքների ավարտը 2-ական դիտորդներով մշտական դիտարկում է իրականացվել վերոնշյալ համայնքներում ձևավորված 150 տեղամասերից շուրջ 50 ընտրական տեղամասերում: Այդ համայնքների տարածքում գործել են դիտորդների 16 շրջիկ խմբեր: Քվեարկության ընթացքում շրջիկ խմբերն այցելել և դիտարկել են 118 տեղամասային կենտրոններ։ Երեկոյան Ժամը 20:00-ից հետո դիտարկվել է նաև վերոնշյալ համայնքների ընտրությունները սպասարկող 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների աշխատանքը: Ընտրական հանձնաժողովներում և շրջիկ խմբերում դիտորդները հիմնականում աշխատել են զույգերով։ Առաքելությունում ներգրավված էր 25 հոգուց բաղկացած աջակցող աշխատակազմ, այդ թվում՝ իրավաբաններ, համակարգողներ և հաղորդակցության պատասխանատուներ։

 

Երկարաժամկետ և կարճաժամկետ դիտարկումներն իրականացվել են ընտրական օրենսդրության կարգավորումների կիրառումը գնահատող հարցաշարերի հիման վրա։

 

Նախընտրական քարոզչության փուլում արձանագրված հիմնական խախտումները

Վարչական ռեսուրսի կիրառում, որը միախառնված էր աշխատանքային օրենսգրքի խախտումներով։

 

Հայաստանում վերջին ընտրություններն աչքի են ընկնում այն առանձնահատկությամբ, որ միայն իշխանությունը չէ, որ տիրապետում ու կիրառում է վարչական ռեսուրսներ։ Վարչական ռեսուրսի չարաշահումն առերևույթ առավել բնորոշ է ընդդիմադիր ուժերին՝ այնքանով, որքանով նրանք ղեկավարում են տեղական ինքնակառավարման մարմինները կամ հանդիսանում են փոքր համայնքներում հիմնական կամ միակ գործատուն։ ՏԻՄ ընտրությունների ժամանակ տեղային վարչական ռեսուրսների ազդեցությունը դրսևորվեց առավել ակնհայտորեն։

 

Թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության քաղաքական թիմերն առաջադրման և քարոզչության փուլում ապավինում էին բյուջետային հիմնարկներում աշխատանքի և համայնքային պաշտոններ նշանակելու խոստումներին՝ ինչպես ընտրողներին, այդպես էլ թեկնածուներին խրախուսելու, մոտիվացնելու համար: 

 

Գյումրի և Գորիս համայնքների դեպքում թե՛ կառավարող, թե՛ ընդդիմադիր ուժերը կիրառում էին նաև աշխատողի հանդեպ գործատուի ունեցած ազդեցությունը: Առաքելության կողմից ստացված տեղեկատվության համաձայն՝ կամավոր-պարտադիր սկզբունքով քարոզարշավին մասնակից էին դարձնում կամ ներգրավում էին դպրոցների ուսուցիչներին և տնօրեններին, թեկնածուներին պատկանող կամ իրենց կողմից տնօրինվող մասնավոր թեթև արդյունաբերական, անվտանգային, համայնքային ծառայությունների աշխատակիցներին:

 

Արդյունքների անկանխատեսելիությունը, ուժերի բաշխման համեմատելի լինելը հնարավորություն ստեղծեցին «ձայնային ձեռներեցների», տարբեր թաղային հեղինակությունների համար տարբեր և հակընդդեմ քաղաքական ուժերի կողմից ներգրավվման համար: Այս փաստը լրացնում էր նախընտրական դաշտի մրցակցայնությունը:

 

Կուսակցությունների տիրապետած ռեսուրսները միանշանական անհավասար էին, իսկ պատշաճ վերահսկողության բացակայությունն է՛լ ավելի էր խորացնում այդ ռեսուրսների կիրառումը

 

Քվեարկության օրն արձանագրված հիմնական խախտումները

Քվեարկության օրը 53 տեղամասային ընտրական հանձնաժողովների նիստերի դիտարկման ընթացքում արձանագրվել են եզակի խախտումներ։ Այս փուլի վերաբերյալ «Անկախ դիտորդի» եզրակացություններն ամփոփվել են հոկտեմբերի 17-ին հրապարակված՝ ժամը 12-ի դրությամբ իրավիճակը ներկայացնող տեղեկանքում։ 

 

Քվեարկության ընթացքում դիտարկվող տեղամասերում և տեղամասային կենտրոնների շրջանակներում դիտորդների կողմից արձանագրված հիմնական խախտումները վերաբերել են ընտրողների քվեարկության գաղտնիության խախտմանը՝ քվեախցիկից դուրս քվեարկությանը և մեկից ավելի անձանց քվեախցիկ մուտք գործելուն: Մասնավորապես, քվեարկության ընթացքում դիտարկված 46 տեղամասերի 13%-ում արձանագրվել են քվեաթերթիկները քվեախցիկից դուրս ծրարի մեջ դնելու դեպքեր, ընդ որում՝ Մեղրիում այդ խախտումը կրել է առավել տարածված բնույթ: 

 

Մեկից ավելի անձանց մուտք քվեախցիկ արձանագրվել է դիտարկված տեղամասերի 20%-ում (9 տեղամաս), ընդհանուր առմամբ՝ 60 դեպքից ավել։ Ըստ դիտարկումների, սակայն, այս դեպքերը մեծամասամբ հանդիսացել են քվեակարգի չիմացության հետևանք: 

 

Քվեարկության գաղտնիության հետ կապված մտահոգությունների տեղիք է տալիս Սյունիքի Տեղ գյուղում քվեարկությունը. 1069 ընտրողներից 96-ը (շուրջ 9%) քվեարկել են օգնողի միջոցով։ Ընդ որում, Տեղ այցելած դիտորդները նկատել են, որ քվեախցիկում օգնողները ընտրողներին չեն հարցնում, թե ում է ուզում վերջինս քվեարկել։

 

Վիճաբանություն է տեղի ունեցել 6 տեղամասերում (13%)՝ ընդհանուր 11 դեպք, որոնցից 5-ը կապված են եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Առուշ Առուշանյան» դաշինքը ներկայացնող վստահված անձանց հետ։ Սյունիքի Տեղ համայնքում դիտորդը արձանագրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի թեկնածուի կողմից մրցակից՝ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուի հասցեին սպառնալիք հնչեցնելու դեպք։

 

Դիտարկված տեղամասերից 5-ում քվեասենյակ մուտք գործելու փորձ են կատարել կուսակցությունների երկրորդ կամ ավելի վստահված անձինք։ 2-ական դեպքում դրանք եղել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Առուշ Առուշանյան» դաշինքի ներկայացուցիչներ, իսկ 1 դեպքում «Արժանապատիվ ուղի» կուսակցության վստահված անձինք։ Բոլոր դեպքերում ներկա գտնվելու իրավունք չունեցող անձինք ընտրատեղամասի տարածքից կամ քվեարկության սենյակից հեռացվել են նախագահի կողմից՝ հիմնականում դիտորդների կողմից խնդրի մասին բարձրաձայնման արդյունքում։ 

 

Դիտարկված տեղամասերից 13%-ի շրջակայքում տարբեր եղանակով իրականացվել է քարոզչություն, ընդ որում՝ այդ դեպքերից երկուսը տեղի են ունեցել Տեղ համայնքում՝ ՔՊ կուսակցության օգտին: Մյուս համայնքներում այդ քարոզչությունն ունեցել է անկանոն, սպորադիկ՝ հատային, ոչ կազմակերպված բնույթ: 

 

Դիտարկվող տեղամասերի 30%-ի (14 տեղամաս) մոտակայքում, դեպի տեղամասային կենտրոն տանող ճանապարհին նկատվել են մարդկանց կուտակումներ: Նման կուտակումները որոշ դեպքերում պարբերաբար կրկնվել են:

 

Գյումրիի տեղամասերից միայն մեկում գրանցվել են ընտրողներին ոչ բոլոր քվեաթերթիկները տալու դեպքեր և ևս մեկում՝ քվեաթերթիկները դուրս հանելու դեպքեր:

 

Գորիս համայնքում դիտորդական առաքելությունը ստացել է ահազանգեր կապված «Առուշ Առուշանյան» դաշինքի կողմից ընտրակաշառքի բաժանման վերաբերյալ: Միաժամանակ, քաղաքացուց ստացված ահազանգի հիման վրա արձանագրվել է, որ Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկայի կադրերի բաժնից նույն պոլիկլինիկայի աշխատակցից պահանջել են մասնակցել քվեարկության և քվեարկել գործող մարզպետի օգտին։ 

 

Մի շարք համայնքներում արձանագրվել են միևնույն մեքենաների միջոցով ընտրողների կազմակերպված տեղափոխման դեպքեր։ Առանձին դեպքերում տեղամասային կենտրոնին հարող տարածքում նկատվել է թեկնածուների կամ նրանց հարող անձանց տևական ներկայություն։ Սյունիքի Տեղ համայնքում ընտրողների կազմակերպված տեղափոխումը կրում էր սովորականից մեծ բնույթ, և դրա մեջ ներգրավված գրեթե բոլոր մեքենաներին առկա էր «Քաղաքացիական պայմանագրի» պաստառը, իսկ որոշ մեքենաներից հանված էին պետհամարանիշները։ «Անկախ դիտորդի» ներկայացուցիչները փորձեցին հետապնդել և պարզել այդպիսի մեքենաներից մեկի վարորդի ինքնությունը, սակայն վերջինիս հաջողվեց հեռանալ:

 

Գորիսի մի շարք տեղամասում արձանագրվել է նաև չհավատարմագրված լրատվամիջոցների ներկայություն («Զանգեզուր» Հ/Ը, news.am, «Արմենիա» Հ/Ը, «Արմենպրես», «Խճանկար», civic.am, «Մեդիահաբ», «Հրապարակ», «Տավուշ» Հ/Ը, Yerevan.Today): Ընդ որում, տեղամասային ընտրական հանձնաժողովները փաստացի գրանցել են այդ լրատվամիջոցների ներկայացուցիչներին առանց ԿԸՀ կողմից սահմանված վկայականի ներկայացման։

 

«Առուշ Առուշանյան» դաշինքը ներկայացնող Գորիսի համայնքապետի պաշտոնակատարը և «Քաղաքացիական պայմանագիրը» ներկայացնող Տեղի համայնքապետը նույնատիպ վարչական ռեսուրսի չարաշահում են իրականացրել ամեն մեկն իր համայնքում՝ իր քաղաքական ուժի օգտին։ Մասնավորապես, երկուսն էլ չեն կատարել օրենքով սահմանված իրենց պարտականությունն ու 34-րդ տարածքային հանձնաժողովի օրինական պահանջը՝ չեն հեռացրել Գորիսում «Առուշ Առուշանյան» դաշինքի և Տեղում «Քաղաքացիական պայմանագրի»՝ ապօրինի տեղերում փակցված հարյուրավոր պաստառները։

 

Ինչ վերաբերում է քվեարկության արդյունքների ամփոփման նիստի ժամանակ արձանագրված խախտումներին, ապա դիտարկված 59 տեղամասերում ձայների հաշվարկի գործընթացը հիմնականում ընթացել է առանց խախտումների, սակայն տեղամասերի 12%-ում ներկա են գտնվել վկայականը տեսանելի չկրող անձինք, որոնցից 4-ը՝ ավագանու թեկնածուներ: Արձանագրվել է նիստին մասնակցելու իրավունք չունեցող անձանց մասնակցության փորձի ընդամենը երկու դեպք, որոնցից մեկում մուտքը արգելվել է միևնույն դաշինքի 2-րդ վստահված անձի և միևնույն տեղական կազմակերպության կողմից ներկայացված 2-րդ դիտորդի համար:

 

Վիճաբանություն գրանցվել է դիտարկված տեղամասերի շուրջ 15%-ում (7 տեղամաս)։ Հարկ է նշել, որ այս թվում ներառված է նաև շրջիկ դիտորդների այցելած 1 տեղամասային կենտրոն։ 

 

Ընդհանուր առմամբ, քվեարկության օրը ներկայացվել է հանցագործության մասին 5 հաղորդում և վարչական վարույթի հարուցման վերաբերյալ 1 հարցում: 

 

Եզրահանգումներ

 

Ընտրական օրենսգրքի ծավալուն փոփոխություններից հետո 2021 թ․ հոկտեմբերի 17-ին անցկացված ՏԻՄ առաջին ընտրությունները, որոնց մասնակցում էին Գյումրիում՝ 10, Դիլիջանում՝ 5, Գորիսում՝ 3, Տեղում՝ 2, Տաթևում՝ 3, Մեղրիում՝ 4 կուսակցություններ և դաշինքներ, անցել են մրցակցային պայմաններում: Առաջին անգամ օրենքով սահմանված կարգով իրականացվել է 70,000-ից ավել ընտրող ունեցող համայնքի՝ Գյումրիի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների առաջին համարների բանավեճ հանրային հեռուստաընկերության եթերում։

 

Չնայած թե՛ քվեարկությանը նախորդող օրերին, թե՛ քվեարկության օրը վարչական ռեսուրսի, քաղաքացիների աշխատանքային իրավունքների խախտման և ընտրակաշառքի առանձին դեպքերի մասին ահազանգերին՝ ընտրողները մեծամասամբ ազատ են եղել իրենց ընտրական կամքն արտահայտելու առումով։ 

 

Նշվածից բացառություն էին Սյունիքի մարզի Գորիս և Տեղ համայնքները, որտեղ թե՛ երկարաժամկետ դիտարկման ընթացքում, թե՛ քվեարկության օրը արձանագրվել են ընտրողների և թեկնածուների նկատմամբ ճնշումների, սպառնալիքների, վարչական ռեսուրսի էական չարաշահումների և ընտրակաշառքի վերաբերյալ ահազանգեր։ Ընդ որում, Գորիս համայնքում այդ ահազանգերը վերաբերել են «Առուշ Առուշանյան» կուսակցությունների դաշինքին, իսկ Տեղ համայնքում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ 

 

Ընտրական օրենսդրության այդպես էլ չվերացված թերությունները հնարավորություն տվեցին որոշ մասնակից քաղաքական ուժերի, հատկապես՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և «Առուշ Առուշանյան» դաշինքին ֆինանսատնտեսական ու վարչական ռեսուրսների չարաշահմամբ ապօրինի ազդեցության փորձեր կատարել ընտրողների ազատ կամքի արտահայտման վրա: Այս ընտրությունները տեսանելիորեն ցույց տվեցին ազատ և արդար ընտրության երաշխավորման համար օրենսդրական կարգավորումների ամբողջական ձևավորման անհրաժեշտությունը։

 

Ողջունելի է, որ բոլոր համայնքներում կար մրցակցություն, միևնույն ժամանակ՝ ընտրողների մասնակցությունը բավականին ցածր էր, բացառությամբ Սյունիքի մարզի համայնքների։ 

 

Շարունակում է մտահոգիչ մնալ ընտրական ոչ պատշաճ վարչարարությունը․ տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների, անդամների ոչ պատշաճ պատրաստվածության հետևանքով առանձին տեղամասերում չէր ապահովվում ընտրական ընթացակարգերի գրագետ, անխափան իրականացումը, հակահամաճարակային կանոնների պահպանումը, որը կապահովեր քվեարկության բնականոն ընթացքը։

 

 

«Անկախ դիտորդ» առաքելություն, ի դեմս՝

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի

«Իրազեկ քաղաքացիների միավորման»

«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ֊ի

«Կանանց իրավունքների տուն» ՀԿ-ի

«Գյումրու ռեստարտ նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի

«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ի

 

 

 

«Ընտրություններ բոլորի համար 2021- տեղական դիտորդություն և քաղաքացիական հասարակության կողմից քաղաքացիների իրավազորում» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հետ համատեղ:

 

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Դիտումներ՝ 141

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????