Գործունեություն | Ընտրական գործընթաց | Ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու իրավունք | Նորություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում
2018թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները «Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում ընտրությունների նախապատրաստման և մոնիտորինգի գործընթացներում. ընտրություններ բոլորի համար» ծրագրի շրջանակում կդիտարկեն «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի 600 կարճաժամկետ դիտորդներ, կաշխատի արագ արձագանքման 44 շրջիկ խումբ՝ ընդհանուր 90 շրջիկ դիտորդով:
Կարճաժամկետ դիտորդները կաշխատեն 300 տեղամասային ընտրական կենտրոններում և բոլոր 38 տարածքային ընտրական հանձնաժողովներում:
2018թ. դեկտեմբերի 9-ին կգործի «Անկախ դիտորդի» երկու շտաբ՝ Երևանում՝ հեռ. 077 34 22 68 և Վանաձորում՝ հեռ. 0322 4 22 68:
Ժամը 10:00 դրությամբ
Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի 20/05, Վանաձորի 23/54 և 23/53, 23/25, Շիրակի մարզի Փանիկ գյուղի 33/20, Երևանի Նալբանդյանի անվան թիվ 33 դպրոցում տեղակայված 9/7, 9/8, 9/9 և 9/10 տեղամասային ընտրական կենտրոններին մոտ քարոզչական պաստառներ են փակցված:
Լոռու մարզի Լեռնանցք գյուղի 22/26 տեղամասային ընտրական կենտրոնում բացակայել են «Իմ քայլը» դաշինքի քվեաթերթիկները. մինչև Տարածքային ընտրական հանձնաժողովից քվեաթերթիկների ստանալը քվեարկությունը դադարեցված է եղել:
Կոտայքի մարզի Արգել գյուղի 27/33 տեղամասային ընտրական կենտրոնում քվեարկող զինծառայողները քվեաթերթիկներն ստանալուց հետո արդեն իսկ հերթի մեջ առանձնացնում են «Իմ քայլը» դաշինքի քվեաթերթիկը: «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչները զգուշացրել են հանձնաժողովի նախագահին, որ հայտարարություն անի դրա մասին և կանխի մինչ քվեախցիկ մտնելը քվեաթերթիկների առանձնացումը:
2 դեպքում դիտորդներին չեն թույլատրել լուսանկարել գրանցամատյանի իրենց հետաքրքրող մասը, սակայն Տարածքային ընտրական հանձնաժողով ահազանգելուց հետո խնդիրը վերացվել է:
Ժամը 12:00 դրությամբ
Գյումրիի 32/30 տեղամասային ընտրական կենտրոնում քվեախցիկի ետնամասում դուռ կա, որը օգտագործվում է: Այդ մասին ահազանգել ենք Տարածքային ընտրական հանձնաժողով:
Արմավիր քաղաքի 16/11 տեղամասային ընտրական կենտրոնի մոտ ԲՀԿ քարոզչական պաստառով մեքենա է նկատվել:
Վանաձորի թիվ 6 դպրոցում տեղակայված 23/37 տեղամասային ընտրական կենտրոնում կուտակումներ կան:
Նույն անձը որպես օգնող հանդես է եկել Աշտարակ քաղաքի երկու՝ 17/01 և 17/03 տեղամասային ընտրական կենտրոններում:
Ժամը 13:00 դրությամբ
Երևանի 6/8 տեղամասային ընտրական կենտրոնում հանձնաժողովի նախագահը խոչընդոտել է «Անկախ դիտորդի» ներկայացուցչի աշխատանքը, երբ դիտորդն արձանագրել է բաց քվերակության դեպք, ընտրատեղամասում՝ ընտրողների և դրսում՝ մեքենաների կուտակումներ, և հանձնաժողովի նախագահին առաջարկել արձանագրել և վերացնել խախտումները: Դրան ի պատասխան՝ հանձնաժողովի նախագահը սպառնացել է դուրս հրավիրել դիտորդին ու վիրավորական արտահայտություններ է հնչեցրել նրա հասցեին:
Տեղամասային կենտրոնից դիտորդին հեռացնելը կանխվել է Տարածքային ընտրական հանձնաժողովին ահազանգելուց հետո. դիտորդին հեռացնելու որոշումը վերացվել է և չի կատարվել:
Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի 36/29 տեղամասային ընտրական կենտրոնից 10 մետր հեռավորության վրա առկա է «Իմ քայլը» դաշինքի քարոզչական պաստառ:
Ժամը 15:00 դրությամբ
Երևանի 6/9 տեղամասում դիտորդը տեսաձայնագրել է քվեարկության գաղտնիության խախտման մի քանի դեպք, որտեղ անհայտ անձը ծրարներից դուրս է հանել քվեաթերթիկը, ստուգել այն, նորից տեղադրել ծրարում, դրանից հետո միայն ընտրողը հնարավորություն է ունեցել քվեաթերթիկը գցել քվեարկության արկղ։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Ժամը 18:00 դրությամբ
Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում 15/38 տեղամասում 70 MM 222 պետհամարանիշի Տոյոտա մակնիշի ավտոմեքենան պարբերաբար գտնվել է տեղամասի բակում, որի շուրջ հավաքված են եղել երիտասարդներ։ Ոստիկանությունը նրանց մի քանի անգամ հեռացրել է, սակայն նրանք կրկին վերադարձել են։ «Անկախ դիտորդը» ահազանգել է ՀՀ Ոստիկանության շտաբի թեժ գիծ։
---
«Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում ընտրությունների նախապատրաստման և մոնիտորինգի գործընթացներում. ընտրություններ բոլորի համար» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի և Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից՝ Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի, «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:
Հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Հրապարակման բովանդակության համար պատասխանատու է «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը և այն պարդադիր չէ, որ արտացոլի Եվրոպական միության տեսակետները:
Leave a Reply