Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Անկախ դիտորդ». 2018թ. դեկտեմբերի 9-ի ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտարկման ընթացքի մասին. թարմացվող

December 9, 2018

Գործունեություն | Ընտրական գործընթաց | Ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու իրավունք | Նորություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

2018թ. դեկտեմբերի 9-ին  ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները «Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում ընտրությունների նախապատրաստման և մոնիտորինգի գործընթացներում. ընտրություններ բոլորի համար» ծրագրի շրջանակում կդիտարկեն «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի 600 կարճաժամկետ դիտորդներ, կաշխատի արագ արձագանքման 44 շրջիկ խումբ՝ ընդհանուր 90 շրջիկ դիտորդով:

 

Կարճաժամկետ դիտորդները կաշխատեն 300 տեղամասային ընտրական կենտրոններում և բոլոր 38 տարածքային ընտրական հանձնաժողովներում:

 

2018թ. դեկտեմբերի 9-ին կգործի «Անկախ դիտորդի» երկու շտաբ՝ Երևանում՝ հեռ. 077 34 22 68 և Վանաձորում՝ հեռ. 0322 4 22 68:

 

Ժամը 10:00 դրությամբ

 

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի 20/05, Վանաձորի 23/54 և 23/53, 23/25, Շիրակի մարզի Փանիկ գյուղի 33/20, Երևանի Նալբանդյանի անվան թիվ 33 դպրոցում տեղակայված  9/7, 9/8, 9/9 և 9/10 տեղամասային ընտրական կենտրոններին մոտ քարոզչական պաստառներ են փակցված:

 

Լոռու մարզի Լեռնանցք գյուղի 22/26 տեղամասային ընտրական կենտրոնում բացակայել են «Իմ քայլը» դաշինքի քվեաթերթիկները. մինչև Տարածքային ընտրական հանձնաժողովից քվեաթերթիկների ստանալը քվեարկությունը դադարեցված է եղել:

 

Կոտայքի մարզի Արգել գյուղի 27/33 տեղամասային ընտրական կենտրոնում քվեարկող զինծառայողները քվեաթերթիկներն ստանալուց հետո արդեն իսկ հերթի մեջ առանձնացնում են «Իմ քայլը» դաշինքի քվեաթերթիկը: «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչները զգուշացրել են հանձնաժողովի նախագահին, որ հայտարարություն անի դրա մասին և կանխի մինչ քվեախցիկ մտնելը քվեաթերթիկների առանձնացումը:

 

2 դեպքում դիտորդներին չեն թույլատրել լուսանկարել գրանցամատյանի իրենց հետաքրքրող մասը, սակայն Տարածքային ընտրական հանձնաժողով ահազանգելուց հետո խնդիրը վերացվել է:

 

Ժամը 12:00 դրությամբ

 

Գյումրիի 32/30 տեղամասային ընտրական կենտրոնում քվեախցիկի ետնամասում դուռ կա, որը օգտագործվում է: Այդ մասին ահազանգել ենք Տարածքային ընտրական հանձնաժողով:

 

Արմավիր քաղաքի 16/11 տեղամասային ընտրական կենտրոնի մոտ ԲՀԿ քարոզչական պաստառով մեքենա է նկատվել:

 

Վանաձորի թիվ 6 դպրոցում տեղակայված 23/37 տեղամասային ընտրական կենտրոնում կուտակումներ կան:

 

Նույն անձը որպես օգնող հանդես է եկել Աշտարակ քաղաքի երկու՝ 17/01 և 17/03 տեղամասային ընտրական կենտրոններում:

 

Ժամը 13:00 դրությամբ

 

Երևանի 6/8 տեղամասային ընտրական կենտրոնում հանձնաժողովի նախագահը խոչընդոտել է «Անկախ դիտորդի» ներկայացուցչի աշխատանքը, երբ դիտորդն արձանագրել է բաց քվերակության դեպք, ընտրատեղամասում՝ ընտրողների և դրսում՝ մեքենաների կուտակումներ, և հանձնաժողովի նախագահին առաջարկել արձանագրել և վերացնել խախտումները: Դրան ի պատասխան՝ հանձնաժողովի նախագահը սպառնացել է դուրս հրավիրել դիտորդին ու վիրավորական արտահայտություններ է հնչեցրել նրա հասցեին:

 

Տեղամասային կենտրոնից դիտորդին հեռացնելը կանխվել է Տարածքային ընտրական հանձնաժողովին ահազանգելուց հետո. դիտորդին հեռացնելու որոշումը վերացվել է և չի կատարվել:

 

Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի 36/29 տեղամասային ընտրական կենտրոնից 10 մետր հեռավորության վրա առկա է «Իմ քայլը» դաշինքի քարոզչական պաստառ:

 

Ժամը 15:00 դրությամբ

 

Երևանի 6/9 տեղամասում դիտորդը տեսաձայնագրել է քվեարկության գաղտնիության խախտման մի քանի դեպք, որտեղ անհայտ անձը ծրարներից դուրս է հանել քվեաթերթիկը, ստուգել այն, նորից տեղադրել ծրարում, դրանից հետո միայն ընտրողը հնարավորություն է ունեցել քվեաթերթիկը գցել քվեարկության արկղ։ 

 

Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ

 
Սպիտակի 22/22 տեղամասում ինքնուրույն քվեարկելու հնարավորություն չունեցող անձին օգնողի տվյալները չեն լրացվել։
 
Կոտայքի մարզի Արգել գյուղի 27/33 և Արմավիր քաղաքի 16/14 տեղամասային ընտրական կենտրոններում զինծառայողները քվեարկության են գնում շարային կարգով, ինչը ընտրական օրենսգրքի խախտում է: ՀՀ Ընտրական օրենսգրքի 65-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Զինծառայողները, ազգային անվտանգության և ոստիկանության զորքերում ծառայողները տեղամասային կենտրոն մուտք են գործում ոչ շարային կարգով»:
 

 

Ժամը 18:00 դրությամբ

 

Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում 15/38 տեղամասում 70 MM 222 պետհամարանիշի Տոյոտա մակնիշի ավտոմեքենան պարբերաբար գտնվել է տեղամասի բակում, որի շուրջ հավաքված են եղել երիտասարդներ։ Ոստիկանությունը նրանց մի քանի անգամ հեռացրել է, սակայն նրանք կրկին վերադարձել են։ «Անկախ դիտորդը» ահազանգել է ՀՀ Ոստիկանության շտաբի թեժ գիծ։

 
Արտաշատի 12/1 տեղամասում մի քանի ընտրողներ իրենց տրամադրած քվեաթերթիկներից առանձնացրել են «Իմ քայլը» դաշինքի քվեաթերթիկը՝ հայտարարելով, որ մյուսներն իրենց պետք չէ։ 
 
 
Երևանի 8/37-ում անհայտ անձը մի քանի անգամ ներս է մտել քվեասենյակ, հանձնաժողովի նախագահից ճշտել է ընտրողների մասնակցության թիվը, շփվել հանձնաժողովի անդամների հետ։ Վերջինս չի կրել որևէ վկայական։
 
 
Թիվ 6 ընտրատարածքի 6/37 ընտրական հանձնաժողովի անդամ Անի Սեթյանը քվեարկության օրը նկարել և տեղադրել է իր վկայականը Ինստագրամի իր անձնական էջում՝ նշելով #իմքայլը, դրանով խախտել է քվեարկության գաղտնիությունը։ 
 
Ժամը 20:00 դրությամբ
 
Լոռու մարզի Ջրաշեն համայնքի 22/14 և 22/15 տեղամասային կենտրոններում մեծ թվով ընտրողների կուտակում է արձանագրվել:
 
Լոռու մարզի Դսեղ գյուղի 24/20 տեղամասում «Իմ քայլը» դաշինքից 3-ից ավելի վստահված անձ է եղել:
 
Լոռու մարզի Սպիտակ քաղաքի տեղամասային ընտրական կենտրոնների մեծ մասում էլեկտրաէներգիայի անջատումներ են եղել: Պատճառների մասին դեռևս տեղեկատվություն չենք ստացել:
20:25-ի դրությամբ էլեկտրաէներգիան անջատված էր:
 

---

«Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում ընտրությունների նախապատրաստման և մոնիտորինգի գործընթացներում. ընտրություններ բոլորի համար» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի և Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից՝ Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի, «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Հրապարակման բովանդակության համար պատասխանատու է «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը և այն պարդադիր չէ, որ արտացոլի Եվրոպական միության տեսակետները:

Դիտումներ՝ 4704

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????