0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

«Անկախ դիտորդի» հայտարարությունը 2021 թ․ նոյեմբերի 14-ի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ

November 15, 2021

Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Ընտրական գործընթաց | Ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու իրավունք | Համատեղ | Հրապարակումներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

     

2021 թ. նոյեմբերի 14-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացվեցին Կապան, Իջևան, Ստեփանավան, Լերմոնտովո և Արզնի համայնքներում:

 

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը հետևեց ընտրությունների ընթացքին նախընտրական քարոզչության ընթացքում և քվեարկության օրը՝ 32 տեղամասերում և 3 Տարածքային ընտրական հանձնաժողովներում: Դիտորդական առաքելությունն իրականացվել է 8 երկարաժամկետ դիտորդների, 88 կարճաժամկետ  դիտորդների, այդ թվում՝ 10 շրջիկ խմբերի, 4 իրավաբանների, 5 տեղեկատվության մուտքագրողների, դիտորդների 5 համակարգողների և  համակարգող թիմի, ինչպես նաև հաղորդակցության թիմի կազմով: 

 

Համամասնական ընտրակարգով Կապան և Իջևան համայնքներում առաջադրվել էր երկու ուժ, իսկ Ստեփանավան համայնքում՝ 3 ուժ։ Ընտրական օրենսգրքի կարգավորումների համաձայն` եթե ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը չի հաղթահարում երեք ուժ, ապա առավելագույն քվեներ ստացած երրորդ ուժը ևս մասնակցում է մանդատների բաշխմանը։ Ըստ այդմ, բոլոր երեք համայնքներում առաջադրված կուսակցությունները և դաշինքները ընդգրկված կլինեն ավագանու կազմում:

 

Համայնք

Առաջադրված կուսակցություններ

Մասնակցություն

Արդյունքներ

Ստեփանավան

1.«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն    

2.«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն

3.«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

38․30%

3․«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 81%

1․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն - 14%

2․ «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն - 4%

Կապան

1.«Շանթ» դաշինք ազգայնական կուսակցություն

2.«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

63.48%

1․ «Շանթ» դաշինք ազգայնական կուսակցություն - 71%

2․«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 29%

Իջևան

1.«Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն  

2.«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

37.43%

2․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն -84%

1․«Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն - 16%

 

Մեթոդաբանություն

 

«Անկախ դիտորդ» դաշինքը 2021 թ․ նոյեմբերի 14-ին տեղի ունեցած տեղական ընտրությունների դիտորդական առաքելության շրջանակներում հոկտեմբերի 23-ից սկսած 8 երկարաժամկետ դիտորդների միջոցով իրականացրել է երկարաժամկետ դիտարկում: Երկարաժամկետ դիտարկման ընթացքում իրականացվել է 33 քարոզչական հանդիպումների դիտարկում, որոնց ընթացքում անցկացվել են հարցազրույցներ հավաքի 44 մասնակիցների հետ: Հարցազրույց է իրականացվել ավագանու 16 թեկնածուների հետ, ինչպես նաև ընտրությունները կազմակերպող Տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների, տեղամասային ընտրական հանձնաժողովների 18 նախագահների, քարտուղարների և անդամների հետ։

 

Նախընտրական քարոզչության դիտարկման արդյունքներ

 

Երկարաժամկետ դիտարկումը ցույց է տալիս, որ դիտարկվող երեք համայնքներում նախընտրական քարոզարշավը, համամասնական ընտրակարգով պայմանավորված, ունեցել է կրկնվող հատկանիշներ.

 

- ավագանու կազմում երաշխավորված ընդգրկվելու պայմաններում կուսակցությունները հանդես են եկել իրարից տարբերվող քաղաքական տեսլականներով և չեն ապավինել միայն բարեկամական կամ տնտեսական կապերին,

- չնայած համայնքային այս ընտրություններին նախկին համայնքային իշխանությունների ունեցած ազդեցությանը՝ ընտրողների կարծիքի ձևավորման վրա էական ազդեցություն ունեցան առաջադրված ուժերի քարոզարշավի քաղաքական հիմնական դրույթները: 

 

Միևնույն ժամանակ, չնայած երեք համայնքներում տեղական ընտրություններն անցկացվեցին համամասնական ընտրակարգով, որն ակնհայտ նպաստեց ընտրությունների քաղաքական բովանդակության ձևավորմանը, այնուամենայնիվ, ընտրական խախտումներում դրսևորվեցին տեղական գործոնները, և այս պատկերը բնորոշ էր ինչպես կառավարող, այնպես էլ որպես ընդդիմություն ներկայացող քաղաքական ուժերին:

 

Իջևան և Ստեփանավան համայնքներում քարոզարշավը, ընդհանուր առմամբ, պասիվ է ընթացել։ Երկու համայնքներում էլ իշխող ուժի կողմից քարոզարշավին լայնորեն ներգրավված են եղել ՊՈԱԿ-ների, դպրոցների տնօրեններ, սոցիալական ծառայության ղեկավարներ։ Կապան համայնքում նախընտրական քարոզարշավն առավել ակտիվ ու մրցակցային է եղել, որը նախընտրական քարոզչության ժամանակահատվածում արտահայտվել է մրցակիցների կիրառած ոչ բարեկիրթ բառամթերքով։ Այս համայնքում վարչական ռեսուրսների չարաշահման միտումը և դրա վերաբերյալ մեղադրանքները եղել են փոխադարձ։ «Շանթ դաշինք» կուսակցության կողմից ահազանգեր են հնչեցվել նաև իրենց թեկնածուների նկատմամբ ճնշումների վերաբերյալ, որոնք, սակայն, լրացուցիչ դիտարկումներով չեն հիմնավորվել։ Համայնքում ընտրությունների համատեքստը որոշակիորեն պայմանավորված էր նաև անվտանգային բարդ միջավայրով՝ համայնքի բնակավայրերը կապող ուղիները նախորդող ամիսներին մասամբ անցել էին Ադրբեջանի ԶՈՒ տիրապետության տակ, իսկ քվեարկության նախորդ երեկոյան ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումներ էին հայտնվել Կապան-Ճակատեն հատվածում:  

 

Այնուամենայնիվ, ինչպես երկարաժամկետ, այնպես էլ կարճաժամկետ դիտորդության արդյունքները ցույց են տալիս, որ անվտանգության հարցի ազդեցությունը չափազանցեցված է արտաքին հայացքի համար և չէր հանդիսանում քաղաքական ջրբաժան համայնքի ընտրողների համար:

 

Դիտորդական առաքելությունը գտնում է, որ համայնքներում կառավարության  ֆինանսավորմամբ իրականցվող սուբվենցիոն ծրագրերն օգտագործվել են որպես քարոզչական գործիք, քանի որ նման ծրագրերն առավել լայն սկսում են լուսաբանվել  այն համայնքներում, որտեղ տեղի են ունենում տեղական ընտրություններ։ Հանրային հեռուստատեսությամբ լուսաբանման ընթացքում հստակ քարոզչական երանգներով ընդգծվել է իշխող «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուի անմիջական մասնակցությունն այդ ծրագրերում՝ նվազեցնելով ընդդիմադիր ուժերին ներկայացնող տեղական իշխանությունների դերը: Կապանում, սակայն, ընդդիմադիր «Շանթ դաշինքը» ջանք չէր խնայում ընդգծելու, որ սուբվենցիոն ծրագրերով իրականացված աշխատանքները բացառապես իրենց ջանքերի արդյունքն են:

 

Թեև Ընտրական օրենսգրքի փոփոխություններով ընդլայնվել են նախընտրական քարոզչության ընթացքում իրականացվող ծախսերի, այդ թվում՝ նախընտրական շտաբների վարձակալության և քարոզչության իրականացման հետ կապված ծախսերի վերաբերյալ հաշվետվողականության պահանջները, սակայն դրանց իրականացման ապահովումը դեռևս անարդյունավետ է, քանի որ ընտրական քարոզչական շտաբների զգալի մասը պաշտոնապես չի ներկայացվում որպես այդպիսին և տեսանելի չէ օրենքի համար։ Ավելին՝ թե՛ այդ, թե՛ պաշտոնական շտաբների աշխատանքներում, դիտորդների տեղեկություններով, վճարովի հիմունքներով ներգրավված անձինք ներկայացվում են որպես կամավորներ, ինչի միջոցով կուսակցությունները խուսափում են այդ աշխատանքների հետ կապված ծախսերը հայտարարագրելուց։ Նշված երևույթը կրում է համատարած բնույթ։

 

Առավել տարածված խախտումներն են քարոզչական պաստառներին առնչվող խնդիրները՝ պաստառները չսահմանված վայրերում փակցնելը, ինչպես նաև դրանք վնասելը։ 

 

Դիտարկման ընթացքում արձանագրվել են դեպքեր, երբ առանց անձի կարծիքը հարցնելու նրան ներառել են ընտրական հանձնաժողովների աշխատանքներում և ընտրական ցուցակներում։ 

 

Նախընտրական քարոզչության ընթացքում Հանրային հեռուստատեսությունը մի շարք փորձեր է կատարել Կապան համայնքի մրցապայքարին մասնակցող թեկնածուների հեռուստաբանավեճի կազմակերպման համար, այդուհանդերձ այդ առաջարկները մերժվել են «Շանթ դաշինքի» կողմից՝ մեկնաբանվելով որպես անկարևոր։

 

Քվեարկության օրն արձանագրված հիմնական խախտումները

 

Կարճաժամկետ առաքելության կողմից 2021 թ․ նոյեմբերի 14-ի առավոտյան 07:00-ից մինչև քվեարկության արդյունքների ավարտը մշտական դիտարկում է իրականացվել վերոնշյալ համայնքներում ձևավորված 99 տեղամասերից 32-ում: Այդ համայնքների տարածքում գործել են դիտորդների 10 շրջիկ խմբեր: Քվեարկության ընթացքում շրջիկ խմբերն այցելել և դիտարկել են 72 տեղամասային կենտրոններ։ Երեկոյան Ժամը 20:00-ից հետո դիտարկվել է նաև վերոնշյալ համայնքների ընտրությունները սպասարկող 3 Տարածքային ընտրական հանձնաժողովների աշխատանքը:

 

Երկարաժամկետ և կարճաժամկետ դիտարկումներն իրականացվել են ընտրական օրենսդրության կարգավորումների կիրառումը գնահատող հարցաշարերի հիման վրա։

 

Քվեարկության օրը 35 տեղամասային ընտրական հանձնաժողովների նիստերի դիտարկման ընթացքում արձանագրվել են առանձին խախտումներ։ Այս փուլի վերաբերյալ «Անկախ դիտորդի» եզրակացություններն ամփոփվել են նոյեմբերի 14-ին հրապարակված՝ ժամը 12-ի և քվեարկության ընթացքի վերաբերյալ՝ ժամը 18։00-ի դրությամբ իրավիճակը ներկայացնող տեղեկանքներում։ 

 

Քվեարկության ընթացքում դիտարկվող տեղամասերում դիտորդների կողմից արձանագրված հիմնական խախտումները վերաբերել են քվեախցիկից դուրս քվեարկությանը: Մասնավորապես, քվեարկության ընթացքում դիտարկված 32 տեղամասերից 19-ում (60%) արձանագրվել են քվեաթերթիկները քվեախցիկից դուրս ծրարի մեջ դնելու դեպքեր, ինչն էականորեն գերազանցում է մինչ այս դիտարկած ընտրությունների ընթացքում արձանագրված միտումը։ Հարկ է նշել, սակայն, որ դիտորդներն արձանագրել են, որ սա հիմնականում չիմացության հետևանքով տեղի ունեցած խախտում է եղել։ Մեկից ավելի անձանց մուտք քվեախցիկ արձանագրվել է դիտարկված տեղամասերի 25%-ում (8 տեղամաս)։ Նշված բոլոր տեղամասերում արձանագրվել են եզակի դեպքեր, և ըստ դիտարկումների՝ դրանք ևս եղել են չիմացության հետևանք: Միաժամանակ, նախորդ ընտրությունների համեմատ, բավականին ցածր է եղել օգնությամբ ընտրողների թիվը՝ հիմնականում չգերազանցելով 2%-ը:

 

Հարկ է նշել, սակայն, որ թեև ակնհայտ է, որ ընտրողների համար առավել հեշտ է եղել քիչ թեկնածուներ պարունակող քվեաթերթիկներով քվեարկելը, այնուամենայնիվ, ընտրողները կարիք են ունեցել քվեախցիկից դուրս ավելի ազատ քվեարկելու, ինչը կարող է պայմանավորված լինել տեսողության խնդիրներով։ Մինչդեռ տեղամասային ընտրական հանձնաժողովներին չէին տրամադրվել խոշորացույցներ, որոնք կարող էին օգնել ընտրողներին առավել հանգիստ քվեարկել առկա լուսավորության պայմաններում։ 

 

Դիտարկված տեղամասերից 6-ում քվեասենյակ մուտք գործելու փորձ են կատարել կուսակցությունների երկրորդ կամ ավելի վստահված անձինք։ 3 դեպքում դրանք եղել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, 2 դեպքում «Շանթ դաշինք» կուսակցության և 1 դեպքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներ։ Վերոնշյալ դեպքերում ներկա գտնվելու իրավունք չունեցող անձինք հեռացվել են նախագահի կողմից՝ հիմնականում դիտորդների միջամտության արդյունքում։ 

 

Դիտարկված տեղամասերից 4-ի շրջակայքում եղել են քարոզչական պաստառներ, իսկ Իջևան համայնքի 38/29 և 38/11 տեղամասային կենտրոնների մոտակայքում դիտորդներն արձանագրել են, որ համայնքային պաշտոնյաներն ուղղորդում են ընտրողներին։ 

 

Դիտարկված տեղամասերից 10-ի մոտակայքում՝ դեպի տեղամասային կենտրոն տանող ճանապարհին, նկատվել են մարդկանց կուտակումներ: Գրեթե բոլոր դեպքերում դրանք պարբերական բնույթ են կրել և վերացվել են ոստիկանների միջամտությամբ:

 

Ընտրողների կազմակերպված տեղափոխություն դիտարկվել է միայն Իջևան համայնքի 38/29 տեղամասում, որտեղ կազմակերպվել է մոտակա Կայան բնակավայրի ընտրողների քվեարկությունը։ Այդ ընտրողների տեղափոխության վերաբերյալ ստացված թերի տեղեկատվության համաձայն՝ այն կազմակերպվել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի կողմից կամ նրան աջակցելու նպատակով։  

 

Ինչ վերաբերում է քվեարկության արդյունքների ամփոփման նիստի ժամանակ արձանագրված խախտումներին, ապա դիտարկված 41 տեղամասերում ձայների հաշվարկի գործընթացը հիմնականում ընթացել է առանց խախտումների, սակայն տեղամասերից 2-ում ներկա են գտնվել վկայականը տեսանելի չկրող անձինք՝ վստահված անձինք: Օրվա ընթացքում դիտարկվել են գտնվելու իրավունք չունեցող անձանց՝ քվեարկության սենյակ մուտք գործելու դեպքեր, սակայն բոլորը կանխվել են հանձնաժողովների նախագահների կողմից․ հիմնականում խոսքը գնում է վստահված անձանց և թեկնածուների մասին, իսկ փորձերի կանխման հիմք էր հանդիսանում դիտորդների կողմից խնդրի մասին բարձրաձայնումը:

 

Վիճաբանություն գրանցվել է դիտարկված տեղամասերից ընդամենը 3-ում: Մեկ դեպքում վիճաբանությունը եղել է հանձնաժողովի նախագահի և Yerevan.Today-ի լրագրողների միջև՝ իբրև չհավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչ լինելու պատճառով, մյուսում վիճաբանությունը տեղի է ունեցել ընտրողների՝ դիմակ կրելու պահանջով պայմանավորված, ևս մեկում հանձնաժողովի քարտուղարը վիճաբանության մեջ է մտել միջազգային հասարակական կազմակերպության ներկայացուցիչ հանդիսացող այցելուի հետ՝ ընթացակարգային հարցերի հետ կապված:

 

Քվեարկության օրն առաքելության կողմից ներկայացվել է մեկ դիմում վարչական իրավախախտման փաստն արձանագրելու վերաբերյալ, որն առնչվել է Ստեփանավան համայնքում քարոզչական պաստառներով ավտոմեքենաների կուտակմանը։ Մեքենաներն ուղեկցել են «Կենտրոն» հեռուստաընկերության նկարահանող խմբին, ինչը վկայել է նրանց գործողությունների կազմակերպված քարոզչական բնույթի մասին։

 

Օրվա ընթացքում առաքելության կողմից տարածվել է հայտարարություն Ստեփանավան համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի կողմից հանձնաժողովների անդամների համար սուրճի ընդմիջում կազմակերպելու վերաբերյալ, ինչն առաքելությունը գնահատում է որպես միջամտություն հանձնաժողովի անաչառությանը։

 

Եզրահանգումներ

 

2021 թ․ նոյեմբերի 14-ին անցկացված ՏԻՄ ընտրությունները երկրորդն էին, որոնք իրականացվեցին ՏԻՄ փոփոխված ընտրակարգով:

 

Գտնում ենք, որ արձանագրված խախտումները էական ազդեցություն չեն ունեցել ընտրողների կամքի ազատ արտահայտման վրա, արտացոլում են ընտրողների կամքը, և ընտրությունները համապատասխանում են ազատ և արդար ընտրությունների չափանիշներին։

 

Այդուհանդերձ, ընտրական ավանդույթներն էական բարելավման ճանապարհ պետք է անցնեն՝ քաղաքական բանավեճերի խթանման, երկխոսության ձևավորման և հակադիր ուժերի միջև փոխադարձ հարգանքի մթնոլորտի ձևավորման առումով։

 

Ընտրական օրենսդրության փոփոխությունների ամբողջական ազդեցությունը և հետագա անհրաժեշտ բարեփոխումներն ամբողջությամբ հնարավոր կլինի գնահատել դեկտեմբերի 5-ին 38 համայնքում տեղի ունեցող ՏԻՄ ընտրություններից հետո, սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ օրենսդրական բացերը կիրառվում են մրցակից կուսակցությունների կողմից, իսկ նոր կարգավորումների կիրառման նկատմամբ դեռևս պատշաճ վերահսկողություն չի իրականացվում։

 

«Անկախ դիտորդ» առաքելություն, ի դեմս՝

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի

«Իրազեկ քաղաքացիների միավորման»

«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ֊ի

«Կանանց իրավունքների տուն» ՀԿ-ի

«Գյումրու ռեստարտ նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի

«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ի

«Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի

 

«Ընտրություններ բոլորի համար 2021- տեղական դիտորդություն և քաղաքացիական հասարակության կողմից քաղաքացիների իրավազորում» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հետ համատեղ:

 

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Դիտումներ՝ 130

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????