Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Առաջարկությունների փաթեթ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ

May 18, 2023

Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Ընթացիկ հայտարարություններ | Ընտրական գործընթաց | Համատեղ | Մամուլի հաղորդագրություններ | Պետական կառույցներ | ՏԻՄ գործունեություն | Օրենսդրական առաջարկություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

2023թ․ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին տեղի են ունենալու Երևանի ավագանու ընտրությունները: Մայրաքաղաքի տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորումը ՀՀ-ում լրջագույն քաղաքական նշանակություն ունեցող իրադարձություն է: Չնայած վերջին տարիների  ընտրական օրենսդրության շարունակական փոփոխություններին և ընդհանուր առմամբ ընտրական ինստիտուտի բարեփոխմանը, մի շարք հանգամանքներ կարող են վտանգել սպասվող ընտրությունների համապատասխանությունը ժողովրդավարության բարձր չափանիշներին:

 

Մասնավորապես հարկ է նշել վարչական ռեսուրսի չարաշահման կանխման վերաբերյալ օրենսդրական անբավարար կարգավորումները և բարեվարքության նորմերի չձևավորված լինելու հանգամանքը, որը թույլ է տալիս փաստացի իշխանություն ունեցող թեկնածուին տվյալ ՏԻՄ-ի, նաև պետական ողջ վարչական ռեսուրսը ծառայեցնել իր քարոզչական նպատակներին և անհամաչափ առավելություն ունենալ մրցակիցների հանդեպ: Այս իրադրությունը Անկախ դիտորդ դաշինքը արձանագրել է 2021-2023թթ. ՏԻՄ ընտրություններում ՀՀ տարբեր համայնքներում և ըստ էության ականատես է դառնում Երևան քաղաքի դեռևս չնշանակված ընտրությունների համատեքստում:

 

Հաշվի առնելով ընտրական գործընթացների կարևորությունը Հայաստանում ժողովրդավարության կայացման տեսանկյունից և կարևորելով ընտրական օրենսդրության շարունակական բարելավումը՝ Անկախ դիտորդ դաշինքը հանրության և պատկան մարմինների քննությանն է ներկայացնում մի շարք առաջարկություններ: 

 

Այդ առաջարկությունների մի մասը ենթադրում են տեխնիկական բնույթի լուծումներ՝  օրենսդրական, ենթաօրենսդրական փոփոխությունների կատարման միջոցով: Մյուս մասը պահանջում են լայն համաձայնություն քաղաքական կուսակցությունների, պետական ինստիտուտների, փորձագիտական հանրույթի և ընդհանուր առմամբ քաղաքացիական հասարակության միջև:  

 

1. Ավագանու ընտրություններին կուսակցությունների և դաշինքների ցուցակներում, ըստ ՀՀ Ընտրական օրենսգքի (այսուհետ ԸՕ) հոդված 130-ի 2-րդ մասի, կարող են ընդգրկվել այդ կուսակցության կամ դաշինքը կազմող կուսակցությունների անդամ չհանդիսացող մինչև 30% թեկնածուներ: Այս կարգավորումից բխում է, որ նախընտրական ցուցակի թեկնածուների առնվազն 70%-ը պիտի հանդիսանան տվյալ կուսակցության կամ Դաշինքի անդամ կուսակցությունների անդամ: 

 

Միաժամանակ, նշված հոդվածում թվարկվող թեկնածուների վերաբերյալ ներկայացվող տվյալները բավարար չեն ճշտելու, թե թեկնածուն հանդիսանում է կամ չի հանդիսանում տվյալ կուսակցության անդամ: Ըստ էության, կուսակցականների և ոչ կուսակցականների 70/30 տոկոս համամասնության պահանջը արտացոլվում է զուտ ցուցակում թեկնածուի կուսակցության ներկայացուցիչ հանդիսանալու մասին գրառումով, բայց դա ստուգելու որևէ իրական հնարավորություն բացակայում է: 

 

Անկախ դիտորդ դաշինքը ՏԻՄ ընտրությունների երկարաժամկետ դիտարկման ընթացքում հանդիպել է իրավիճակների, երբ թեկնածուներից որևէ մեկը հայտնի է որպես մեկ կուսակցության անդամ, միևնույն ժամանակ ընդգրկված է մեկ այլ կուսակցության ցուցակում, որպես այդ կուսակցության անդամ: Ավելին, 2021-2023թթ. ընտրություններին ներկայացված թեկնածուների ցուցակների համեմատության արդյունքում հայտնաբերվել են թեկնածուներ, որոնք միևնույն համայնքում նոր ընտրությունների դեպքում (ինչպես օրինակ Թալին, Անի, Սիսիան, Վեդի համայնքներում) ընդգրկվում են տարբեր կուսակցությունների և դաշինքների ցուցակում՝ որպես տարբեր կուսակցությունների անդամներ:

 

Ինչպես և առաջին առաջարկության դեպքում այս պահանջի կատարման վերաբերյալ տվյալների չստուգելը հանգեցնում է հետևյալ խնդիրները.

• պահանջի միայն  ձևական կատարումը արժեզրկում է համամասնական ընտրակարգի բովանդակությունը և կուսակցությունների կայացմանն ուղղված ջանքերը, միաժամանակ

• տեսական հնարավորություն է ստեղծում առաջադրված  կուսակցություններին, բավարար ապացույցներ ձեռք բերելով դատական կարգով պահանջել իր մրցակիցներից մեկի գրանցման չեղարկումը՝ կուսակցական թեկնածուների նվազագույն համամասնության պահանջը չկատարելու հիմքով:

 

Այս կապակցությամբ Անկախ դիտորդ դաշինքը առաջարկում է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին․ 

•  Փոփոխել «Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերի» 5-րդ ձևը, ներառելով թեկնածուի կողմից տվյալ կուսակցության կամ կուսակցություններից մեկի անդամ լինելու կամ չլինելու մասին տեղեկություն:

 

2. ԸՕ հոդված 17-ը սահմանում է չափանիշեր, որոնց համաձայն պիտի ընտրվի տեղամասային կենտրոնը և քվեարկության սենյակը: Մասնավորապես հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանում է տեղամասային կենտրոնի և քվեարկության սենյակի մատչելիության, լուսավորության և հանձնաժողովի բնականոն աշխատանքի ապահովման լրացուցիչ պահանջները: 

 

Համապատասխան օրինակելի ձևի միջոցով ընտրական հանձնաժողովը տեղեկատվություն է հավաքում տրամադրված տեղամասային կենտրոնների և քվեարկության սենյակների մատչելիության մասին: Այդ տեղեկությունները ամփոփ և մատչելի տարբերակով հրապարակվում են ԿԸՀ կայքում: Այս տեղեկատվության առաջնային շահառուներն են հաշմանդամություն ունեցող ընտրողները, որոնց համար տեղամասային կենտրոնի և քվեարկության սենյակի մատչելիությունը կարող է էական հանգամանք լինել՝ իրենց ընտրական իրավունքն իրացնելու տեսանկյունից: ԸՕ-ի հոդված 10-ի 3.1 մասով հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողներին հնարավորություն է ընձեռնվում փոխել իրենց քվեարկության տեղամասը, եթե ըստ հաշվառման վայրի իրենց սպասարկող տեղամասային կենտրոնում քվեարկությունը հնարավոր չէ անմատչելիության պատճառով: 

 

Խնդիրն այն է, որ հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողը, որը հետևողականորեն կուսումնասիրի ԿԸՀ կայքում հրապարակված մատչելիության վերաբերյալ տեղեկատվությունը և կներկայացնի մեկ այլ տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու դիմումը, ամենայն հավանականությամբ որոշում կկայացնի ոչ օբյեկտիվ տեղեկատվության հիման վրա: 2022-2023թթ. ընթացքում ՏԻՄ ընտրությունների դիտորդության արդյունքները ցույց են տալիս, որ որպես կանոն, ԿԸՀ կայքում հրապարակվող տեղեկատվությունը չի համապատասխանում տեղամասային կենտրոնների և քվեարկության սենյակների փաստացի վիճակի հետ: Ըստ էության, այդ տեղեկատվությունը ճշգրիտ  չէ: 

 

Հարկ է նշել, որ ընտրական հանձնաժողովների բարեխիղճ աշխատանքի, ՔՀԿ-ների հետևողականության դեպքում երբեմն առանձին տեղամասային կենտրոններում իրականացվում են սահմանափակ աշխատանքներ, որոնք բարելավում են մատչելիության վիճակը:

 

Համայնքների ղեկավարները, որոնք վերոնշյալ օրինակելի ձևի միջոցով ներկայացնում են տեղամասային կենտրոնների ցուցակը, իմացությամբ կամ չիմացությամբ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն են ներկայացնում և մակերեսորեն են մոտենում մատչելիության ապահովմանը: Ավելին, ԸՕ-ն նախատեսում է, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ստուգում է տեղամասային կենտրոնի և քվեարկության սենյակի համապատասխանությունը ԸՕ-ի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած պահանջներին, սակայն դիտարկման արդյունքում պարզվում է, որ ԸԸՀ-ները հիմնվում են համայնքի ղեկավարի ներկայացրած տեղեկատվության վրա՝ առանց այն ստուգելու։

 

Ըստ այդմ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին առաջարկում ենք․

 

•  Վերանայել օրինակելի ձևը՝ դարձնելով այն ավելի դյուրին լրացնելու և թվայնացնելու տեսանկյունից: 

•  Օրինակելի ձևում պարտադիր դարձնել ներկայացված տեղեկատվությունն ապացուցող լուսանկարի տրամադրումը, որոնք կհրապարակվեն ԿԸՀ կայքում տեղամասային կենտրոնի մատչելիության վերաբերյալ տեղեկատվության հետ։ 

•  ԸԸՀ-ի համար հստակեցնել, որ յուրաքանչյուր տեղամասային կենտրոն պետք է պարտադիր ստուգվի տեղում մինչև հաստատումը։

•  Քվեասենյակի  կահավորման ուղեցույցում (եթե առկա է, եթե ոչ՝ մշակել) ավելացնել քվեասենյակի մատչելիության հստակեցումներ, մասնավորապես՝ քվեախցիկի պատից հեռավորության և ընտրողի երթուղին անխոչընդոտ դարձնելու նպատակով։

•  Ձեռք բերել ամուր և ավելի լայն քվեախցիկներ՝ ստեղծելով կարիքի դեպքում դրանցում հենվելու հնարավորություն և ապահովել, որպեսզի քվեաթերթիկների մեծ թվի դեպքում, ընտրողին հարմար լինի դրանք ուսումնասիրել քվեախցիկի ներսում։

•  Բրայլյան կաղապարները պատրաստելիս համագործակցել մասնագիտացված ՀԿ-ների հետ, ապահովելու համար  էջերի ճիշտ համարակալումը։

•  Տրամադրել ՏԸՀ-ներին նաև խոշորացույց ոսպնյակներ։

 

3. ԸՕ-ի 20․1 հոդվածը կարգավորում է նախընտրական քարոզչությունը համացանցում։ Քարոզչության սահմանափակումները ևս այսուհետ վերաբերելի են համացանցին։ 

Միաժամանակ ՏԻՄ ընտրությունների ընթացքում նկատվել են բազմաթիվ դեպքեր, երբ թեկնածուների կամ կուսակցությունների պաշտոնական և անձնական էջերով տարածվում են վճարովի գովազդներ և այլ քարոզչական նյութեր՝ քվեարկության նախորդ օրը (լռության օր) և քվեարկության օրը՝ խախտելով ԸՕ-ով սահմանված արգելքը։

Այս մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին ներկայացված հարցումների պատասխանները ցույց են տալիս, որ թեև օրենսդրական կարգավորումն առկա է, հստակ չէ, թե որ մարմինն է իրականացնելու դրա վերահսկողությունը և ինչ գործիքակազմով։

 

Առաջարկում ենք ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին․ 

•  Հստակեցնել, թե ինչ գործիքակազմով և որ մարմինը պետք է իրականացնի համացանցում քարոզչության մշտադիտարկումը և հավասարության գնահատումը։

•  Պարզաբանել, թե ինչպես է ապահովելու լռության օրվա և քվեարկության օրվա քարոզչության արգելքը։  

 

4. Ընտրական ցուցակների կազման մասնակցային սկզբունքների խրախուսման համար ԸՕ-ը նախատեսում է նախաքվեարկության գործիքի կիրառում։ Թեև ԿԸՀ կայքն արդեն իսկ պարունակում է այդ հնարավորությունը, դրա վերաբերյալ հանրային իրազեկվածությունը ցածր է։

 

Նախաքվեարկության գործիքը ոչ միայն կարևոր է ինքնին որպես մասնակցայնության ապահովման տեսակետից, այլ նաև կօգնի կուսակցություններին կիրառել ընտրական ցուցակների գրանցման էլեկտրոնային համակարգը, ինչպես նաև պոտենցիալ ընտրողների հետաքրքրության հիման վրա գնահատել սեփական հնարավորությունները։ 

 

Առաջարկում ենք ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին 

•  Պատրաստել ուսուցողական հոլովակ նախաքվեարկության գործիքի վերաբերյալ։

•  Իրականացնել կուսակցությունների և հանրային իրազեկում։

•  Ապահովել գործիքի տեսանելիությունը ԿԸՀ կայքում

 

5. ՀՀ Կուսակցությունների մասին օրենքում (Այսուհետ՝ ԿՄՕ) 2020 թվականին իրականացված փոփոխությունների համաձայն որոշակի կառուցվածքային և ընթացակարգային պահանջներ են դրված քաղաքական կուսակցությունների նկատմամբ: Այս պահանջները կոչված են հիմք ստեղծելու կուսակցությունների ներքին ժողովրդավարության և սեռերի հավասար ներկայացվածության նվազագույն շեմը երաշխավորելու համար: 

 

Մասնավորապես, դրանք են․

• Համամասնական ընտրություններում թեկնածուների ներգրավման և առաջադրման կարգի սահմանումը

•  Մշտապես գործող ղեկավար մարմնում երկու սեռերի ներկայացվածության խրախուսումը։

•  Համագումարների առավել հաճախ կազմակերպումը և անդամների կողմից համագումարի նախաձեռնման հնարավորությունը։

•  Հերթական ընտրությունների դեպքում համագումարի կողմից ընտրական ցուցակի առաջին 30 թեկնածուների հաստատումը և այլն։

 

ԿՄՕ-ն չի սահմանափակում կուսակցության գործունեությունը այդ պահանջներին չբավարարելու դեպքերում, սակայն ԸՕ-ի հոդված 86-ի 2-րդ մասի 7-րդ կետը (Ազգային ժողովի ընտրությունների դեպքում) և 132-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը (ՏԻՄ ընտրությունների դեպքում) հստակ սահմանում են կանոնադրության անհամապատասխանությունը ԿՄՕ-ին որպես ընտրական ցուցակի կամ ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժելու հիմք: 

 

Չնայած օրենքի ուղիղ պահանջի առկայությանը, 2021-2022 թթ. ՏԻՄ ընտրություններին վարչարարություն իրականացնող Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները չեն իրականացրել մասնակից կուսակցությունների կանոնադրությունների՝ օրենսդրության պահանջների համապատասխանելիության գնահատում և չեն մերժել որևէ կուսակցության կամ թեկնածուի գրանցումը այս հիմքով: Այս իրադրությունը բացատրվում էր փոփոխության ուժի մեջ մտնելու կարճ ժամանակով, իրազեկվածության պակասով և գրանցումը մերժելու՝ անհամաչափ խիստ լինելով: Միաժամանակ, այս իրադրությունը տեսական հնարավորություն էր տալիս այն կուսակցություններին, ում կանոնադրությունը համապատասխանեցված է ԿՄՕ պահանջներին, դատական կարգով պահանջել նվազ հետևողական մրցակիցների գրանցման չեղարկումը: 

 

Անկախ դիտորդ դաշինքը առաջարկում է ՀՀ Արդարադատության նախարարությանը՝ որպես քաղաքական կուսակցություններին պետռեգիստրում գրանցող կառույցի, 

•  Սեղմ ժամկետներում իրականացնել իրազեկում ՀՀ-ում գրանցված բոլոր կուսակցություններին գրավոր կարգով, ԿՄՕ նոր պահանջների վերաբերյալ:

•  Հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացնել կուսակցությունների փոփոխված կանոնադրությունների գրանցում։ 

 

6. ԸՕ-ի հոդված 33-ի 3-րդ մասը սահմանում է, թե ով չի կարող լինել վստահված անձ, սակայն օրենսգիրքը  որևէ կերպ չի կարգավորում, թե ինչպես պիտի բացառվի ընտրական գործընթացում այլ կարգավիճակ ունեցող անձանց որպես վստահված անձ հանդես գալը: 

 

Վստահված անձինք  փաստացի հանդիսանում են  ընտրության արդյունքների անմիջական շահագրգիռ կողմերից մեկը, ներկայացնում են թեկնածուի կամ թեկնածուների շահերը, և ունեն օրենքով սահմանված ընտրական գործընթացի վերաբերյալ պահանջներ ներկայացնելու լայն լիազորություններ։ Վստահված անձանց ցուցակները չեն ներկայացվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, իսկ վստահված անձանց անունները լրացվում են ձեռագիր, հաճախ՝ արդեն քվեարկության օրը: 

 

Նման  կարգավորումը  նախկինում և այժմ խնդիրներ է ստեղծում, մասնավորապես․ 

•  մի կողմից վստահված անձ լինելու իրավունք չունեցող անձինք այդ վկայականը կրելով տեղամասում՝ հանդես են գալիս որպես վստահված անձ, 

•  մյուս կողմից՝ չլրացված վկայականները կարող են հայտնվել մրցակից քաղաքական ուժերի մոտ, որոնք կարող են օգտագործվել այդ կուսակցությունների կողմից իրենց աջակիցներին որպես այլ կուսակցության վստահված անձի կարգավիճակով հանդես գալու քվերակության օրը տեղամասերում կամ դիտավորությամբ կատարել այլ կուսակցության անունից ընտրական գործընթացի խախտումներ՝ ստվերելով մրցակից կուսակցությունների հեղինակությունը և վարկանիշը ընտրողների շրջանում։ 

 

Հաշվի առնելով նախորդ ընտրությունների փորձը, երբ վստահված անձինք ընտրություններից ընտրություններ հանդիսանում են տեղամասերում խախտումների, ընտրողների ուղղորդումների, վիճաբանությունների հիմնական աղբյուրը, նրանց  կարգավիճակի նման անհստակ կարգավորումը հանդիսանում է ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության խաթարման պատճառներից մեկը: Այս խնդրին Անկախ Դաշինքը անդրադարձել է առանձին հոդվածով:

 

Այս կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարությանն առաջարկում ենք․ 

•  ՀՀ Ազգային Ժողովին ներկայացնել օրենսդրական փոփոխության նախագիծ՝ սահմանելու վստահված անձանց ցուցակները ԿԸՀ-ին ներկայացնելու պահանջ։

•  Գնահատել այս փոփոխության ուժի մեջ մտնելու հնարավորությունը մինչև Երևանի ավագանու ընտրությունները։

 

7.  2023թ․ նախատեսվել է ՏԻՄ ընտրությունների ժամանակ քվեասենյակի տեսանկարահանման և մինչև ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումը համացանցում հասանելի թողնելու հնարավորություն։ Նախատեսվել է նաև ԸԸՀ նստավայրերի տեսանկարահանում նիստերի ժամանակ։ 

 

Այս երկու փոփոխություններն էլ խիստ պահանջված ու ողջունելի են։ Միաժամանակ 2023թ․ մարտի 26-ին քվեասենյակների տեսանկարահանման համար Կառավարության կողմից տրամադրված միջոցների վերաբերյալ որոշումից հստակ չէ, թե  կոնկրետ ինչ ծախսեր է ներառում հատկացվող գումարը և ընդհանուր տվյալներից ստացվում է, որ 61 քվեասենյակների տեսանկարահանման և հեռարձակման համար հատկացվել է 48 068 561 ՀՀ դրամ, այսինքն յուրաքանչյուր տեղամասի համար 700 000 դրամ։ Ընդ որում այդ գումարը չի ներառում տեսախցիկի ծախսը, քանի որ տեսախցիկները տրամադրում է Կառավարությունը։ 

 

Հաշվի առնելով, որ Երևան քաղաքում տեղամասային կենտրոնների թիվը 475 է, դրանց ապահովումը ուղիղ հեռարձակմամբ կարող է մոտ 8 անգամ գերազանցել վերոնշյալ գումարը։ 

 

Առաջարկում ենք ՀՀ Կառավարությանը․ 

•  Հրապարակել մանրամասն տեղեկատվություն ծառայության յուրաքանչյուր տողով պահանջվող գումարի մասին։

•  Հրապարակվող որոշմանը կցել ծառայությունը մատուցող կազմակերպության ներկայացրած մանրամասն գնառաջարկը։

 

Դիտումներ՝ 199

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????