Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ըստ միջազգային հեղինակավոր կառույցների գնահատման 2023-ին Հայաստանում մարդու իրավունքների և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում մտահոգություններն ավելացել են

May 14, 2024

Գրադարան

ՀՀ իշխանությունները պետք է արմատական և որակական փոփոխությունների գնան․ ժամանակը չպետք է վատնել

 

2024-ին մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպություններ հրապարակեցին 2023թ-ին մարդու իրավունքների, ժողովրդավարության և ազատության վերաբերյալ ամենամյա զեկույցները։ Ստորև ներկայացնում ենք Freedom House-ի, Human Rights Watch-ի, Amnesty International-ի և ԱՄՆ պետքարտողարության զեկույցներից հատվածներ Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ։

 

Ըստ Freedom house-ի զեկույցի  Հայաստանը մնացել է «մասամբ ազատ» պետությունների ցանկում: Հայաստանը «Քաղաքական ազատությունների» անվանակարգում ստացել է 40 առավելագույն միավորներից 23-ը, «Քաղաքացիական ազատությունների» անվանակարգում՝ 60 հնարավորից 31-ը, և ունի ընդհանուր 54 միավոր․

 

«Հայաստանում 2023-ին Ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է՝ 2.50 ից հասնելով 2.25-ի՝ Կառավարության կողմից ուժի կոնսոլիդացիայի, կենտրոնական իշխանությունների կողմից ընդդիմադիր քաղաքապետերին պաշտոնանկ անելու՝ արդեն մի քանի տարի շարունակվող միտումների, և իշխող կուսակցության ֆինանսական միջոցների թափանցիկության պակասի պատճառով»։

 

Ըստ զեկույցի անցած տարվա հիմնական ներքաղաքական իրադարձությունը Երևանի ավագանու ընտրություններն էին։ Ընտրարշավի ընթացքում տեղական դիտորդները և անկախ լրատվամիջոցները գրանցել են վարչական ռեսուրսի լայնածավալ չարաշահման դեպքեր՝ հոգուտ իշխող կուսակցության։ Որպես օրինակ նշվում է մանկավարժների ու հանրային ծառայողների կազմակերպված մասնակցությունը «Քաղաքացիական պայմանագրի» հանրահավաքներին և տեղական բյուջեների աննախադեպ ծախսը տոնական միջոցառումների վրա, որոնց մասնակցել են իշխող կուսակցության թեկնածուները։

 

Freedom House-ը նշում է  «2023-ին Հայաստանը շարունակեց իրավապահ մարմիններին բարեփոխումները, ստեղծվեց Ներքին գործերի նախարարություն՝ հիմնականում նպատակ ունենալով վարչապետի ենթակայության տակ գտնվող Ոստիկանությունը բերել ավելի ընդարձակ՝ խորհրդարանական ու քաղաքացիական վերահսկողության դաշտ։ Այդուամենայնիվ, ոչ թե քաղաքացիական ոլորտի ներկայացուցչի, այլ նախկին ոստիկանապետ Վահե Ղազարյանի նշանակումը ՆԳ նախարար բողոք հարուցեց որոշ ՀԿ-ների շրջանում, որոնք հրաժարվեցին համագործակցությունից՝ առաջընթացի պակասի ու շարունակվող կոռուպցիայի պատճառով»։

 

Ըստ ԱՄՆ պետքարտողարության զեկույցի «Հայաստանի կառավարությունը միայն սահմանափակ քայլեր է ձեռնարկել՝ ներկա և նախկին պետական պաշտոնյաների և իրավապահ կառույցների ներկայացուցիչների թույլ տված ենթադրյալ չարաշահումների քննության և նրանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ 2020թ․ ռազմական գործողությունների ընթացքում հայկական զինված ուժերի կամ անհատների կողմից թույլ տրված ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ իշխանությունների կողմից տարվող քննության մասով առաջընթաց չի գրանցվել»։

 

Անդրադառնալով Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ընթացքին՝ ԱՄՆ պետքարտուղարությունը նշում է, որ երկրի կառավարությունն ամրապնդել է կոռուպցիայի դեմ պայքարի իր ինստիտուցիոնալ կարողությունը՝ բազմաթիվ ճակատներում կիրառելով իր նոր հակակոռուպցիոն ռազմավարությունը։

 

Սակայն ըստ քաղաքացիական հասարակության, կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ կարողության բարելավումները կանգ են առել շահերի բախման, տեղեկատվության ազատության հետ կապված խնդիրների և կոռուպցիոն դեպքերին վերաբերող սակավ դատավճիռների պատճառով, չնայած քաղաքացիական ակտիվներից բռնագանձումների դեպքերը շարունակվում են:

 

Ըստ զեկույցի հեղինակների, հետաքննող լրագրողները պարբերաբար հայտնում են պետական գնումների համակարգում առկա խնդիրների, այդ թվում՝ մեկ անձից արված գնումների համատարած գործելաոճի, ինչպես նաև պետական պատվերներ ստացող ընկերությունների և բարձրաստիճան պետական պաշտոնյաների միջև կապերի մասին:

 

Զեկույցն ընդգծում է՝ դիտորդական կազմակերպությունների համաձայն, պետական կառույցների շրջանում մեկ անձից արվող գնումներից առավել շատ կիրառել են վարչապետի ու գլխավոր դատախազի գրասենյակները:

 

Ըստ Human Rights Watch-ի զեկույցի «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Ղարաբաղից փախած ավելի քան 100.000 էթնիկ հայերի վերջնական ներհոսքը Հայաստան 2023 թվականին որոշեցին երկրում իրադարձությունները»։

 

Զեկույցն անդրադառնում է նաև Հայաստանում մարդու իրավունքների խնդիրներին՝ պետական ​​գործունեության հիմնական ոլորտներում։ 

 

Իրավապաշտպան խմբերը մտահոգություն են հայտնել դատաիրավական բարեփոխումների արդյունավետության և ենթադրյալ չարաշահումների մեջ կասկածվող դատավորներին պատասխանատվության ենթարկելու գործընթացի անաչառության վերաբերյալ: Նրանք նաեւ քննադատել են ոստիկանության համապարփակ բարեփոխումների բացակայությունը։

 

Մարդու իրավունքների շարունակական մտահոգության ոլորտները ներառում են իրավապահների կողմից կալանավորների նկատմամբ վատ վերաբերմունքը, ընտանեկան բռնությունը, խտրականությունը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ, ինչպես նաև սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության վրա հիմնված բռնությունն ու խտրականությունը:

 

Իշխանությունները հաճախ հետաքննում են հանցագործությունների ժամանակ դաժան վերաբերմունքի վերաբերյալ բողոքները որպես «պաշտոնեական դիրքի չարաշահում», որին հաջորդում են մեղմ պատիժները։

 

2023 թվականի ապրիլին Երևանում թմրանյութերի դեմ պայքարի գործողության ժամանակ ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառեց գիշերային ակումբների աշխատակիցների և հովանավորների նկատմամբ և կարճ ժամանակով բերման ենթարկեց տասնյակ անձանց։ Ոմանք պնդում էին, որ ոստիկաններն ու քննիչները դաժան են վարվել իրենց հետ՝ հիմնվելով նրանց ենթադրյալ կամ իրական սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության վրա: Իշխանությունները ոստիկանության դեմ չարաշահման գործ են հարուցել ՝ նշելով առնվազն վեց զոհի մասին, սակայն հոդվածը գրելու պահին մեղադրանք չի առաջադրվել:

 

Փետրվարին կալանավորված երեխայի շահերը պաշտպանող երկու փաստաբան ասացին, որ ոստիկանական բաժանմունքում վիճաբանությունից հետո մի քանի ոստիկաններ իրենց նկատմամբ ֆիզիկական բռնության են ենթարկել: Իշխանությունները երկու սպաների մեղադրանք են առաջադրել հանցանքի համար։ Գրելու պահին նախաքննությունը շարունակվում էր։

 

Ըստ Amnesty International-ի զեկույցի ոչ մի առաջընթաց չի գրանցվել 2020 թվականի հայ-ադրբեջանական զինված հակամարտության ընթացքում և դրանից անմիջապես հետո կատարված պատերազմական հանցագործությունների և այլ հանցագործությունների հետաքննության հարցում՝ համաձայն միջազգային իրավունքի։

 

Զեկույցում նշված են Հայաստանի վերաբերյալ հիմնական արձանագրումները. իրավապահները չափից ավելի ուժ են կիրառել կառավարության դեմ ուղղված բողոքի ցույցերի ընթացքում։ Սահմանափակվել է արտահայտման ազատությունը՝ հարյուրավոր անձինք քրեական հետապնդման են ենթարկվել պաշտոնյաներին ենթադրաբար վիրավորելու համար։ 

 

 

Ստորև զեկույցներն ավելի մանրամասն՝

 

   Ըստ ԱՄՆ պետքարտողարության զեկույցի «Հայաստանի կառավարությունը միայն սահմանափակ քայլեր է ձեռնարկել՝ ներկա և նախկին պետական պաշտոնյաների և իրավապահ կառույցների ներկայացուցիչների թույլ տված ենթադրյալ չարաշահումների քննության և նրանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ 2020թ․ ռազմական գործողությունների ընթացքում հայկական զինված ուժերի կամ անհատների կողմից թույլ տրված ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ իշխանությունների կողմից տարվող քննության մասով առաջընթաց չի գրանցվել»։

 

 

Զեկույցը անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին ու հայ-ադրբեջանական հարաբերություններին: Հայաստանի ու Ադրբեջանի մասին հատվածներում ԱՄՆ պետքարտուղարությունը նշում է, որ կողմերի միջև տասնամյակներ շարունակվող հակամարտությունը ուղեկցվել է հատվածային բախումներով, «որոնք հանգեցրել են քաղաքացիական անձանց շրջանում զոհերի»։ Ըստ զեկույցի, անցած տարվա ընթացքում ադրբեջանական ուժերը թիրախավորել են Հայաստանի ներսում գտնվող ենթակառուցվածքները։

 

Միացյալ Նահանգների պետքարտուղարոթյունը նշում է, որ «2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Ադրբեջանը ռազմական գործողություն է իրականացրել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ՝ այնտեղ լիակատար վերահսկողություն հաստատելու համար։ 2022 թվականի դեկտեմբերից Ադրբեջանը փակել էր Լաչինի միջանցքը քաղաքացիական և առևտրային երթևեկության մեծ մասի համար՝ ժամանակ առ ժամանակ թույլատրելով միայն մարդասիրական բեռներ և 2023 թվականի սեպտեմբերի 24-ից վերաբացելով այն՝ Լեռնային Ղարաբաղից միակողմանի երթևեկության համար։ Այդ օրերից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակիչներ՝ երկրամասի գրեթե ողջ հայ բնակչությունը, հեռացել է Հայաստան»։

 

Ադրբեջանի մասին զեկույցում նշված է, որ առկա է տեղեկություն, թե ադրբեջանական իշխանությունները նոյեմբերի 2-ի դրությամբ ձերբակալել են Լեռնային Ղարաբաղի առնվազն ութ բարձրաստիճան հայ «պաշտոնյաների», ինչպես նաև հայերի, ովքեր մեղադրվում են ռազմական հանցագործությունների և ահաբեկչության մեջ: Ըստ զեկուցի հոկտեմբերի 11-ի դրությամբ կալանավորվածների դեմ մեղադրանքների մեծ մասը վերաբերում է ահաբեկչության ֆինանսավորմանը կամ կազմակերպմանը, ինչպես նաև հրազենի ձեռքբերմանն ու փոխանցմանը:

 

Բացի այդ, պետքարտուղարությունը, հենվելով հասարակական կազմակերպությունների հաղորդումների վրա, հայտնում է Ադրբեջանի կողմից Pegasus լրտեսող ծրագրի ենթադրաբար կիրառման մասին, որը թիրախավորել հայաստանցի պաշտոնյաների ու հանրայի դեմքերի 2020-2022 թվականներին: Միևնույն ժամանակ, պետքարտուղարությունը վկայակոչում է Pegasus լրտեսող ծրագրերի օգտագործման վերաբերյալ Access Now կազմակեպության զեկույցը, ըստ որի չկան տեխնիկական ապացույցներ, որ Հայաստանի կառավարությունը երբևէ օգտագործել է Pegasus-ը, սակայն ենթադրվում է, որ այն կիրառել է մեկ այլ լրտեսող ծրագիր՝ Cytrox ընկերության Predator-ը:

 

Անդրադառնալով Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ընթացքին՝ ԱՄՆ պետքարտուղարությունը նշում է, որ երկրի կառավարությունն ամրապնդել է կոռուպցիայի դեմ պայքարի իր ինստիտուցիոնալ կարողությունը՝ բազմաթիվ ճակատներում կիրառելով իր նոր հակակոռուպցիոն ռազմավարությունը։

 

Սակայն ըստ քաղաքացիական հասարակության, կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ կարողության բարելավումները կանգ են առել շահերի բախման, տեղեկատվության ազատության հետ կապված խնդիրների և կոռուպցիոն դեպքերին վերաբերող սակավ դատավճիռների պատճառով, չնայած քաղաքացիական ակտիվներից բռնագանձումների դեպքերը շարունակվում են:

 

Զեկույցի համաձայն, Հաայստանի իշխանությունները շարունակում է հետաքննել բազմաթիվ քրեական գործեր՝ նախկին և գործող բարձրաստիճան պետական պաշտոնյաների, նրանց հարազատների, խորհրդարանականների, նախկին նախագահների և իրավապահների հետ կապված:

 

Ըստ զեկույցի հեղինակների, հետաքննող լրագրողները պարբերաբար հայտնում են պետական գնումների համակարգում առկա խնդիրների, այդ թվում՝ մեկ անձից արված գնումների համատարած գործելաոճի, ինչպես նաև պետական պատվերներ ստացող ընկերությունների և բարձրաստիճան պետական պաշտոնյաների միջև կապերի մասին:

 

Զեկույցն ընդգծում է՝ դիտորդական կազմակերպությունների համաձայն, պետական կառույցների շրջանում մեկ անձից արվող գնումներից առավել շատ կիրառել են վարչապետի ու գլխավոր դատախազի գրասենյակները:

 

 

Ըստ Freedom house-ի զեկույցի  Հայաստանը մնացել է «մասամբ ազատ» պետությունների ցանկում: Հայաստանը «Քաղաքական ազատությունների» անվանակարգում ստացել է 40 առավելագույն միավորներից 23-ը, «Քաղաքացիական ազատությունների» անվանակարգում՝ 60 հնարավորից 31-ը, և ունի ընդհանուր 54 միավոր․

 

 

«Հայաստանում 2023-ին Ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է՝ 2.50 ից հասնելով 2.25-ի՝ Կառավարության կողմից ուժի կոնսոլիդացիայի, կենտրոնական իշխանությունների կողմից ընդդիմադիր քաղաքապետերին պաշտոնանկ անելու՝ արդեն մի քանի տարի շարունակվող միտումների, և իշխող կուսակցության ֆինանսական միջոցների թափանցիկության պակասի պատճառով»

 

Արձանագրելով, որ 2023-ին Հայաստանը լուրջ դրական բարեփոխումներ է կատարել դատական համակարգի, ոստիկանության, կոռուպցիայի դեմ պայքարի, կրթության և տարածքային կառավարման ոլորտներում, զեկույցը նշում է. - «Թեև որոշ բարեփոխումներ ապահովում են արդյունավետ կարգավորումներ, դրանք հաճախ չեն հասնում իրենց նպատակներին՝ վատ կամ անհետևողական իրականացման պատճառով»:

 

Ժողովրդավարական կառավարում

 

Ըստ զեկույցի անցած տարվա հիմնական ներքաղաքական իրադարձությունը Երևանի ավագանու ընտրություններն էին։ «Հայաստանի բնակչության մեկ երրորդը մայրաքաղաքում է ապրում, և այս քվեարկությունը կարող է դիտարկվել որպես վստահության քննություն՝ 2021-ի արտահերթ և 2026-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների արանքում», - նշում է Freedom House-ը, հավելելով՝ դիտորդները հիմնականում դրական են գնահատել ընտրությունների անցկացումը, արձանագրելով, որ այն զերծ է եղել ժամանակին տարածված ընտրակաշառքից ու ճնշումներից։

 

Միաժամանակ, ընտրարշավի ընթացքում տեղական դիտորդները և անկախ լրատվամիջոցները գրանցել են վարչական ռեսուրսի լայնածավալ չարաշահման դեպքեր՝ հոգուտ իշխող կուսակցության։ Որպես օրինակ նշվում է մանկավարժների ու հանրային ծառայողների կազմակերպված մասնակցությունը «Քաղաքացիական պայմանագրի» հանրահավաքներին և տեղական բյուջեների աննախադեպ ծախսը տոնական միջոցառումների վրա, որոնց մասնակցել են իշխող կուսակցության թեկնածուները։

 

Զեկույցը փաստում է, որ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 28.5 տոկոսը, ինչը «հատուկ է բևեռացված հասարակություններին, որտեղ քաղաքացիները հիասթափված են հետհեղափոխական էլիտաների ձախողումներից, միաժամանակ մերժում են նախկին ռեժիմի ներկայացուցիչների վերադարձը»։

 

«Թավշյա հեղափոխության ամենաշատ ազդարարված ձեռքբերումներից մեկը քաղաքականության տարանջատումն էր խոշոր բիզնեսից ու օլիգարխներից, սակայն 2023-ը մտահոգիչ միտումներ ի ցույց դրեց. Infocom-ի ու CivilNet-ի անկախ հետաքննությունները քաղաքական կոռուպցիայի լուրջ նշաններ բացահայտեցին», - նշում է Freedom House-ը` մանրամասնելով. - «Քաղաքացիական պայմանագրի» ընտրարշավի համար գումար փոխանցած մարդկանց մեծ մասը տեղյակ չէին իրենց անունից արված նվիրատվություններից, կամ նվիրաբերել էր իր ստացած եկամտից ավելին։ Բացի այդ, նվիրատվությունների իրականացման գործում ներգրավված էր «Հայէկոնոմբանկ»-ը, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին»։

 

«Մտահոգիչ է, որ իրավապահ մարմիններն այս հրապարակումներում օրենքի խախտման տարրեր չտեսան, Դատախազությունը՝ իշխող կուսակցության հետ համերաշխ, հերքել է դրանք», - նշում է Freedom House-ը:

 

Որպես դրական զարգացում նշվում է՝ Կառավարությունը նոյեմբերին որոշում ընդունեց հօգուտ ապակենտրոնացման, ինչպես նաև գործողությունների ծրագիր՝ տեղական իշխանությունների դերն ու արդյունավետությունը բարձրացնելու համար։ Մյուս կողմից, արձանագրվում է, որ այս կարևոր բարեփոխումների ֆոնին «տեղական իշխանությունների անկախության և հեղինակության երաշխիքները կասկածի տակ են դրվել ընդդիմադիր քաղաքապետերին պաշտոնանկ անելու՝ «Քաղաքացիական պայմանագրի» համակարգված փորձերի պատճառով»։

 

«Անցած դեկտեմբերին իշխող ուժը հաջողությամբ հեռացրեց Ալավերդու քաղաքապետ Արկադի Թամազյանին»,- նշում է Freedom House-ը, - «Քաղաքապետերի իմփիչմենթը օրինական մեխանիզմ է, սակայն այն, թե ինչպես է իշխող կուսակցությունն այն գործի դնում՝ զուգակցելով ճնշման, շանտաժի, քաղաքական առևտրի հետ, հակասում է տեղական կառավարման լավագույն շահին և կասկածի տակ է դնում այս գործընթացների օրինականությունը»։

 

Դատական համակարգի անկախություն

 

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Կարեն Անդրեասյանի պաշտոնավարումն ուղեկցվել է մի քանի դատավորների նշանակման ու ազատման վիճահարույց որոշումներով։ Առանձնահատուկ մտահոգություններ կան, թե կարգապահական ինչ միջոցներ են ձեռնարկվում այն դատավորների նկատմամբ, որոնք վիճարկում են Բարձրագույն դատական խորհրդի անկախությունը, կամ՝ փոխկապակցված են նախկին ռեժիմի հետ, մինչդեռ կասկածելի անցյալ ունեցող, բայց իշխանության հետ համերաշխ դատավորներն առաջխաղացում են ստանում, նշում է Freedom House-ը՝ որպես օրինակ բերելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի քննությամբ բացասական գնահատական ստացած և քաղաքական բանտարկության որոշումներ կայացրած Մնացական Մարտիրոսյանի նշանակումը Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահի պաշտոնում։

 

«Ընդդիմադիր գործիչները, ակտիվիստներն ու իրավաբանները բողոքում են նախնական կալանքը որպես պատժամիջոց կիրառելու շարունակական պրակտիկայից: Թեև 2021 թվականից ի վեր Հայաստանը որդեգրել է խափանման այլընտրանքային մեթոդներ, կալանքը մնում է ամենատարածված պրակտիկան և կիրառվում է մի շարք ընդդիմադիր գործիչների նկատմամբ», - նշում է Freedom House-ը, հավելելով. - «2023-ին Հայաստանը շարունակեց իրավապահ մարմիններին բարեփոխումները, ստեղծվեց Ներքին գործերի նախարարություն՝ հիմնականում նպատակ ունենալով վարչապետի ենթակայության տակ գտնվող Ոստիկանությունը բերել ավելի ընդարձակ՝ խորհրդարանական ու քաղաքացիական վերահսկողության դաշտ։ Այդուամենայնիվ, ոչ թե քաղաքացիական ոլորտի ներկայացուցչի, այլ նախկին ոստիկանապետ Վահե Ղազարյանի նշանակումը ՆԳ նախարար բողոք հարուցեց որոշ ՀԿ-ների շրջանում, որոնք հրաժարվեցին համագործակցությունից՝ առաջընթացի պակասի ու շարունակվող կոռուպցիայի պատճառով»։

 

Կոռուպցիա

 

2023-ին Հայաստանը հակակոռուպցիոն ռազմավարություն է ընդունել 2023-26 թվականների համար։ Եվրախորհրդի GRECO խումբը, գնահատելով Հայաստանի կառավարության առաջընթացը, եզրակացրել է, որ 2015-ից տրված 18 հանձնարարականներից 9-ը կատարվել է բավարար չափով, մյուս 9-ը՝ մասամբ։ Մի քանի լրագրողական հետաքննություններ բացահայտել են պաշտոնյաների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից անշարժ գույքի՝ շահավետ գնով ձեռքբերման, կասկածելի վարկանիշ, կամ՝ պաշտոնյաների հետ կապ ունեցող ընկերություններից առանց մրցույթի պետգնումների դեպքեր. - «Մրցույթներում իշխող ուժի հետ փոխկապակցված ընկերությունների հաղթանակի պրակտիկան շարունակվում է, հետաքննող լրագրողներն ահազանգում են խոշոր բիզնեսի ու բարձրաստիճան պաշտոնյաների սերտ կապերի ռիսկայնության մասին, մինչ վարչապետը հերքում է այդ մտահոգությունները և պնդում, թե այդ կապերն օրենքի շրջանակում են»։

 

«Կոռուպցիայի դեմ պայքարի հանրային ընկալումը Հայաստանում լճացել է կամ անկում է ապրել նախորդ տարիների համեմատ։ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI)-ի՝ 2023-ի վերջին կատարված հարցման համաձայն, կոռուպցիայի դեմ պայքարի հարցում լավատեսների թիվը 2018-ի համեմատ կիսով չափ նվազել է։

 

Խոսքի ազատություն

 

2023-ին մի քանի հետադիմական օրենսդրական նախաձեռնություններ եղան Կառավարության ու իշխող կուսակցության պատգամավորների կողմից՝ տեղեկատվության ու խոսքի ազատության վերաբերյալ։ Հատկանշական է Կառավարության նախաձեռնությամբ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում ավելացված նոր սահմանափակումը, որը թույլ է տալիս մերժել պաշտոնական տվյալների տրամադրումը, եթե հայցվող նյութը պարունակում է «սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն»: Ըստ դիտորդների, այս դրույթի անորոշ և ընդհանուր բնույթը այն մեկնաբանելու չափազանց լայն դաշտ է ընձեռում Կառավարությանը՝ ավելի սահմանափակելով լրագրողների հասանելիությունը պաշտոնական տվյալներին։

 

Զեկույցը նշում է նաև, որ Հայաստանի ժողովրդավարացման ջանքերի վրա բացասաբար է ազդել Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա: «Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները ձախողեցին պատասխանատվության կանչել Ադրբեջանին կատարած քայլերի համար, թեև մինչ այդ այդ սցենարը կարմիր գիծ էին համարել», - ընդգծում է Freedom House-ը:

 

«Ռուսաստանի և Ադրբեջանի ագրեսիվ պատերազմներն ամենավառ օրինակներն են այն արհամարհանքի, որ այսօրվա ավտոկրատները ցուցաբերում են մարդու հիմնարար իրավունքների և ազատ հասարակությունների նկատմամբ», - հայտարարում է հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը՝ հավելելով. - «Ռուսաստանը և Ադրբեջանը ցինիկաբար պահանջում են հարգել իրենց ինքնիշխանությունը՝ միևնույն ժամանակ մերժելով իրենց հարևանների ինքնավարությունը, յուրահատուկ պատմությունը և գոյության իրավունքը»։

 

 

Ըստ Human Rights Watch-ի զեկույցի «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Ղարաբաղից փախած ավելի քան 100.000 էթնիկ հայերի վերջնական ներհոսքը Հայաստան 2023 թվականին որոշեցին երկրում իրադարձությունները»։

 

 

Զեկույցն անդրադառնում է նաև Հայաստանում մարդու իրավունքների խնդիրներին՝ պետական ​​գործունեության հիմնական ոլորտներում։ Ընդհանուր առմամբ, զեկույցում նշվում է, որ թեև սահմանադրական բարեփոխումները կանգ են առել, իշխանությունները շարունակել են հետամուտ լինել դատական ​​համակարգի, ոստիկանության, հաշմանդամության իրավունքների և կրթության ոլորտներում բարեփոխումների իրականացմանը:

 

Իրավապաշտպան խմբերը մտահոգություն են հայտնել դատաիրավական բարեփոխումների արդյունավետության և ենթադրյալ չարաշահումների մեջ կասկածվող դատավորներին պատասխանատվության ենթարկելու գործընթացի անաչառության վերաբերյալ: Նրանք նաեւ քննադատել են ոստիկանության համապարփակ բարեփոխումների բացակայությունը։

 

Մարդու իրավունքների շարունակական մտահոգության ոլորտները ներառում են իրավապահների կողմից կալանավորների նկատմամբ վատ վերաբերմունքը, ընտանեկան բռնությունը, խտրականությունը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ, ինչպես նաև սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության վրա հիմնված բռնությունն ու խտրականությունը:

 

Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքները

 

Ավելի քան 100,000 էթնիկ հայեր՝ Լեռնային Ղարաբաղի գրեթե ողջ հայ բնակչությունը, սեպտեմբերին փախել են Հայաստան՝ անկլավի նկատմամբ ամբողջական վերահսկողությունը վերականգնելու նպատակով Ադրբեջանի ռազմական գործողությունից հետո:

 

Ադրբեջանի ռազմական գործողությունը հաջորդում էր տարածաշրջանում պարենամթերքի, դեղորայքի, հիգիենայի ապրանքների և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների ամիսների խիստ պակասին՝ Ադրբեջանի կողմից 2022 թվականի դեկտեմբերից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության խափանման պատճառով:

 

Ոստիկանության չարաշահումները և անպատժելիությունը

 

Իրավապահ մարմինների չարաշահումների համար արդյունավետ հաշվետվողականության բացակայությունը շարունակական խնդիր է: Իշխանությունները հաճախ հետաքննում են հանցագործությունների ժամանակ դաժան վերաբերմունքի վերաբերյալ բողոքները որպես «պաշտոնեական դիրքի չարաշահում», որին հաջորդում են մեղմ պատիժները։

 

2023 թվականի ապրիլին Երևանում թմրանյութերի դեմ պայքարի գործողության ժամանակ ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառեց գիշերային ակումբների աշխատակիցների և հովանավորների նկատմամբ և կարճ ժամանակով բերման ենթարկեց տասնյակ անձանց։ Ոմանք պնդում էին, որ ոստիկաններն ու քննիչները դաժան են վարվել իրենց հետ՝ հիմնվելով նրանց ենթադրյալ կամ իրական սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության վրա: Իշխանությունները ոստիկանության դեմ չարաշահման գործ են հարուցել ՝ նշելով առնվազն վեց զոհի մասին, սակայն հոդվածը գրելու պահին մեղադրանք չի առաջադրվել:

 

Փետրվարին կալանավորված երեխայի շահերը պաշտպանող երկու փաստաբան ասացին, որ ոստիկանական բաժանմունքում վիճաբանությունից հետո մի քանի ոստիկաններ իրենց նկատմամբ ֆիզիկական բռնության են ենթարկել: Իշխանությունները երկու սպաների մեղադրանք են առաջադրել հանցանքի համար։ Գրելու պահին նախաքննությունը շարունակվում էր։

 

Հունիսին մեկ այլ փաստաբան ասաց, որ ոստիկանները Երևանի ոստիկանական բաժանմունքում ֆիզիկական բռնություն են կիրառել իր և իր պաշտպանյալի նկատմամբ: Իշխանությունները երեք սպաներին մեղադրանք են առաջադրել ամբաստանյալի նկատմամբ դաժան վերաբերմունքի համար, սակայն նրանք նաև մեղադրել են փաստաբանին անկարգությունների և ոստիկանության օրինական գործողություններին խոչընդոտելու համար:

 

Մեկ այլ դեպքով Հայաստանի իրավապահ մարմինները դադարեցրել են ապրիլին 17-ամյա երեխային ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը ոստիկանության ավագ աշխատակցի կողմից, ով այդ պահին ռեստորանում մատուցող էր աշխատում։ Դատախազը հայտարարել էր, որ հանցագործը «ամբողջովին զղջում է» իր արարքի համար և ներողություն է խնդրել տուժողից: Հասարակական ընդվզումից հետո իրավապահները վերսկսել են հետաքննությունը, սպային հեռացրել են ակտիվ ծառայությունից և նրան մեղադրանք առաջադրել երեխային ուժեղ ֆիզիկական ցավ պատճառելու մեջ։

 

Հունիսին երեխաների, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված հաստատությունների անկախ մոնիտորինգի խումբը զեկուցեց երեխաների աջակցության կենտրոնում երեխաների նկատմամբ բռնության մասին և ասաց, որ ոստիկանը վատ է վարվել երեխաներից մեկի հետ: Իշխանությունները չեն հետաքննել մեղադրանքները՝ ասելով, որ զեկույցը բավարար փաստական ​​տեղեկատվություն չի պարունակում։ 

 

Խոսքի և տեղեկատվության ազատություն

 

Թեև զրպարտությունն ապաքրեականացվել է, քաղաքական գործիչները և մասնավոր ձեռնարկությունները հաճախ լրագրողների և լրատվամիջոցների դեմ քաղաքացիական դատարան են դիմում՝ նրանց ներքաշելով երկար դատական ​​վեճերի մեջ և սպառնալով ծանր ֆինանսական տույժերով: Լրատվամիջոցների շահերի պաշտպանության տեղական խումբը հայտնել է, որ հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում լրատվամիջոցների դեմ զրպարտության 23 նոր հայց է ներկայացվել:

 

Մարտին խորհրդարանն ընդունեց փոփոխություններ, որոնք հանրային տեղեկատվության հարցումները մերժելու համար լրացուցիչ հիմքեր են ստեղծում: Նոր որոշման համաձայն՝ գործակալությունը կարող է հրաժարվել տեղեկատվության հրապարակումից, եթե այն պարունակում է «սահմանափակ տարածման պաշտոնական տեղեկատվություն»՝ անորոշ ձևակերպումները՝ չարդարացված գրաքննության համար դուռ բացելով։

 

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները

 

Հայաստանը չունի հոգեսոցիալական մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց համար համայնքային ծառայությունների իրականացման համապարփակ ծրագիր և շարունակում է առաջնահերթություն տալ հաստատություններին և ինստիտուցիոնալ խնամքին:

 

Կառավարությունն ընդունել է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման ծրագիր, որը ներառում է տների ութ խմբերի և անկախ կենսակենտրոնի ստեղծում, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց տնային ծառայությունների ընդլայնում։

 

Փետրվարին իշխանությունները ներդրեցին թվային համակարգ՝ գնահատելու անձի «ֆունկցիոնալությունը»՝ օգտագործելով հաշմանդամության կարգավիճակը որոշելու ալգորիթմ: Օգոստոսին հաշմանդամության իրավունքների պաշտպանության տեղական խումբը հայց ներկայացրեց պետության դեմ՝ նման որոշումներ կայացնելու համար օգտագործվող ալգորիթմը չբացահայտելու համար: Նրանք պնդում են, որ ալգորիթմն արտացոլում է հաշմանդամության բժշկական մոդելը, որն առաջին հերթին կենտրոնանում է մարդու առողջական վիճակի վրա, այլ ոչ թե համակարգային խոչընդոտների, նվաստացնող վերաբերմունքի և սոցիալական բացառման գործողությունների վրա, որոնք թույլ չեն տալիս հաշմանդամություն ունեցող անձանց օգտվել ուրիշների հետ մարդու հավասար իրավունքներից:

 

Հայաստանը դատարաններին թույլ է տալիս հոգեսոցիալական մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց  անգործունակ ճանաչել և որոշումների կայացման որևէ օժանդակ մեխանիզմ  չի առաջարկում: Սեպտեմբերի դրությամբ դատարանները ստացել են քաղաքացիներին գործունակությունից զրկելու շուրջ 200 դիմում և դա արել են առնվազն 109 գործով։ 

 

Կանանց նկատմամբ բռնություն

 

Իշխանությունները հունիս ամսվա ընթացքում հետաքննել են ընտանեկան բռնության 1051 դեպք, ինչը զգալիորեն ավելին է, քան 2022 թվականի նույն ժամանակահատվածում հետաքննված 391 դեպքը,  մեղադրանք է առաջադրվել 144 մարդու: 2022 թվականի սեպտեմբերից մինչև 2023 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում սպանվել է առնվազն 12 կին՝ 8-ը՝ ընտանիքի անդամների և 1-ը՝ զուգընկերոջ կողմից։ Այդ կանանցից վեցը 60 տարեկանից բարձր էին։

 

Հայաստանում ընտանեկան բռնության զոհերի համար կա ընդամենը երկու ապաստարան, որտեղ կարող են տեղավորվել ընդհանուր առմամբ 24 կին գումարած նրանց երեխաները։ Ըստ «Կանանց աջակցության կենտրոնի» տեղական կազմակերպության, ապաստարանները մշտապես գերբնակեցված են, իսկ կանանց պաշտպանությունը մնում է անարդյունավետ և խաթարվում է դատարանի որոշումներով, որոնք անվավեր են դարձնում ոստիկանության՝ շտապ միջամտության հրամանները:

 

Սեռական կողմնորոշում և գենդերային ինքնություն

 

Լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր (ԼԳԲՏ) մարդիկ շարունակում են բախվել խտրականության, ոտնձգությունների և բռնության հետ:

 

ԼԳԲՏ անձինք կարող են դիմել պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու համար, որտեղ նրանք բախվում են հոմոֆոբ ոտնձգությունների և բռնությունների։ Սակայն դա անելու համար նրանք պետք է ստանան «հոմոսեքսուալիզմի» կամ «տրանսսեքսուալիզմի» «ախտորոշում», որն այնուհետև գրանցվում է առողջապահության միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգում։ Ըստ ԼԳԲՏ խմբերի, այս «ախտորոշումը» հետագայում՝ բժշկական օգնության դիմելիս, կարող է խտրականության ենթարկել նրանց:

 

Իրենց սեռական կողմնորոշումը կամ գենդերային ինքնությունը հրապարակայնորեն բացահայտելու պատճառով խտրականության և նվաստացման վախը շարունակում է խանգարել շատ ԼԳԲՏ մարդկանց հայտնել իրենց դեմ ատելության հանցագործությունների մասին: Ըստ ԼԳԲՏ իրավունքների խմբերի, նման հանցագործությունների հետաքննությունները հաճախ անարդյունք կամ անարդյունավետ են, և առաջադրված մեղադրանքները հաճախ չեն արտացոլում հանցագործների հոմոֆոբ և տրանսֆոբ շարժառիթները։

 

Տեղական իրավապաշտպան խմբերը և ԼԳԲՏ ակտիվիստներն արձանագրել են ֆիզիկական բռնության 37 դեպք, այդ թվում՝ ընտանիքի անդամների կողմից բռնության 17 դեպք՝ 2023 թվականի հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում: Նույն ժամանակահատվածում թիմերն արձանագրել են ընտանիքի անդամների կողմից հոգեբանական և տնտեսական բռնության և ոտնձգությունների 14 դեպք։

 

Որպես դրական քայլ՝ Հայաստանի իշխանությունները 2022 թվականի դեկտեմբերին հանեցին այն քաղաքականությունը, որն արգելում էր տղամարդկանց հետ սեռական հարաբերություններ ունեցող տղամարդկանց արյուն հանձնել։

 

Միջազգային հիմնական դերակատարները

 

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը 2023 թվականի ընթացքում հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ քննարկելով Լաչինի միջանցքի (Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը), սահմանների սահմանազատման, տրանսպորտային կապերի և խաղաղության համաձայնագրի հետ կապված հարցեր, ինչը կազդի նաև Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքների և անվտանգության վրա։ Միացյալ Նահանգները նույնպես միջնորդել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև բանակցությունների մի քանի փուլեր՝ ուղղված «երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի» ձեռքբերմանը։

 

Փետրվարին Եվրամիությունը սկսել է քաղաքացիական առաքելությունը Հայաստանում (EUMA)՝ Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում 50 դիտորդ տեղակայելով և նպատակ ունենալով նպաստել կայունությանը և վստահության ամրապնդմանը հակամարտություններից տուժած տարածքներում և ապահովելու «կողմերի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին» նպաստող միջավայր:

 

2022 թվականի նոյեմբերի իր ամփոփիչ դիտարկումներում ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեն Հայաստանին  կոչ արեց ապահովել կանանց ավելի լավ ներկայացվածություն իշխանության բոլոր ճյուղերում, արագացնել իրավական հավասարության մասին առկախող օրենքի ընդունումը և ընդունել « բովանդակային հավասարություն»։ Նա նաև կոչ է արել իշխանություններին վերացնել գենդերային մշտական ​​կարծրատիպերը դատական ​​և իրավապահ մարմիններում, քրեականացնել կանանց նկատմամբ գենդերային բռնության բոլոր ձևերը և ապահովել ընտանեկան բռնության բոլոր դեպքերի արդյունավետ հետաքննությունը:

 

Կոմիտեն նաև իշխանություններին խորհուրդ է տվել միջոցներ ձեռնարկել լեսբի, բիսեքսուալ, տրանսգենդեր և ինտերսեքս կանանց նկատմամբ խտրականության դեմ պայքարելու համար և ապահովել, որ տրանսգենդերները, ներառյալ կանայք, կարողանան փոխել գենդերային նշիչը իրենց անձնագրերում և անձը հաստատող այլ փաստաթղթերում:

 

Վարձկանների կիրառման հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խումբն իր առաջին այցը Հայաստան կատարեց 2023 թվականի փետրվարին։

 

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության Գործընկերության կոմիտեի հունիսյան հանդիպման ժամանակ ԵՄ-ն ընդգծել է անկախ և արդյունավետ դատական ​​համակարգի և կոռուպցիայի դեմ պայքարի կարևորությունը։ Նա նաև կոչ է արել Հայաստանի իշխանություններին լրացուցիչ ջանքեր գործադրել խտրականության բոլոր ձևերը վերացնելու համար։

 

Եվրախորհրդարանը ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ մարտի բանաձևում դատապարտել է Լաչինի միջանցքի շրջափակումը և նշել Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը։ Այն նաև կոչ է արել Հայաստանին վավերացնել կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (Ստամբուլի կոնվենցիա) և բարելավել մարդու իրավունքների պաշտպանությունը, հատկապես կանանց և փոքրամասնությունների, այդ թվում՝ ԼԳԲՏ մարդկանց։

 

Հոկտեմբերին Հայաստանի խորհրդարանը քվեարկեց Հռոմի ստատուտի՝ Միջազգային քրեական դատարանի հիմնադիր պայմանագրի վավերացման օգտին։

 

 

 

 Ըստ Amnesty International-ի զեկույցի ոչ մի առաջընթաց չի գրանցվել 2020 թվականի հայ-ադրբեջանական զինված հակամարտության ընթացքում և դրանից անմիջապես հետո կատարված պատերազմական հանցագործությունների և այլ հանցագործությունների հետաքննության հարցում՝ համաձայն միջազգային իրավունքի։

 

 

Զեկույցում նշված են Հայաստանի վերաբերյալ հիմնական արձանագրումները. իրավապահները չափից ավելի ուժ են կիրառել կառավարության դեմ ուղղված բողոքի ցույցերի ընթացքում։ Սահմանափակվել է արտահայտման ազատությունը՝ հարյուրավոր անձինք քրեական հետապնդման են ենթարկվել պաշտոնյաներին ենթադրաբար վիրավորելու համար։ Հանքարդյունաբերության օրենսդրությունում կատարված փոփոխությունները ավելի են հեշտացրել շրջանցելու համար հանրային դիմադրությունն ու բնապահպան մտահոգությունները։ Սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքերով խտրականության դեմ պայքարի օրենքները մնացել են անբավարար։

 

 

Զեկույցի հեղինակները ավելի ընդարձակելով վերոհիշյալ հիմնական կետերը, շարունակում է, որ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով անվտանգային իրավիճակը մնացել է լարված՝ հաճախակի փոխհրաձգություններով։ Ադրբեջանի հրետակոծությունները հարվածներ են հասցրել Հայաստանի բուն տարածքին՝ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերին, ինչի հետևանքով ավելի քան 200 մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու քաղաքացիական անձ։

 

Հոկտեմբերին Ադրբեջանը և Հայաստանը համաձայնության են եկել իրենց սահմանի երկայնքով Եվրամիության մշտադիտարկման առաքելության կարճաժամկետ տեղակայման շուրջ։

 

Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ռուսների լայնածավալ արտահոսքը Հայաստան օժանդակել է տնտեսական գործունեությանը, բայց այն նաև նպաստել է վարձակալության գների և ընդհանուր առմամբ՝ ապրուստի արժեքի բարձրացմանը։

 

Մարտ ամսին Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն մտահոգություն է հայտնել աշխատանքի անվտանգության և առողջության բարելավման նպատակով Հայաստանի կողմից ձեռնարկված անբավարար միջոցների, աշխատանքի անվտանգության և առողջության մասին հստակ սահմանված քաղաքականության բացակայության և բոլոր աշխատողների և նրանց խնամառուների համար սոցիալական ապահովության երաշխավորումը ձախողելու վերաբերյալ։

 

Միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներ

 

Ոչ մի էական առաջընթաց չի արձանագրվել 2020 թվականի հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում և դրանից անմիջապես հետո կատարված պատերազմական հանցագործությունների և միջազգային մարդասիրական իրավունքի այլ խախտումների հետաքննության կամ ենթադրյալ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու հարցում։

 

Մարդիկ շարունակել են զոհվել և վիրավորվել ականներից, որոնք տեղադրվել են հայկական ուժերի կողմից այն տարածքներում, որտեղ նրանք վերահսկողությունը զիջել են Ադրբեջանին։

 

Ադրբեջանական իշխանությունները հոկտեմբերին հայտնել էին, որ 2020 թվականի հակամարտությունից ի վեր 266 մարդ է վիրավորվել ականներից, պնդելով, որ ավելի վաղ Հայաստանի կողմից տրամադրված ականապատ տարածքների քարտեզները վստահելի չեն։

 

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի օգոստոսին հրապարակած զեկույցի համաձայն՝ 2020-ի մարտից ի վեր ավելի քան 300 հայեր անհետ կորած են մնում կամ հաշվառված չեն։

 

Հավաքների ազատություն

 

Հայաստանում հավաքների ազատության վերաբերյալ զեկույցի հեղինակները գտնում են, որ հավաքների ազատությունը սահմանափակվել է բողոքի ցույցերի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից բռնի և անհամաչափ արձագանքի պատճառով։

 

Կառավարության դեմ ուղղված մի շարք բողոքի ցույցեր տեղի են ունեցել ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում, որոնք պահանջում էին վարչապետ Փաշինյանի հրաժարականը՝ հայ-ադրբեջանական հակամարտության շուրջ բանակցությունների պատճառով: Հաճախ բողոքները լինում էին լայնածավալ ցույցերի տեսքով, երբ ցուցարարները փակում էին փողոցները և վրաններ տեղադրում: Իշխանությունների արձագանքը երբեմն եղել է անհամաչափ՝ ցրելով և ձերբակալելով հարյուրավոր անձանց և վիրավորելով տասնյակ մարդկանց:

 

Ամենադաժան բախումներից մեկի ժամանակ, որը տեղի է ունեցել հունիսի 3-ին, ոստիկանությունն արձակել է խլացուցիչ նռնակներ և կիրառել չափից ավելի ուժ, որպեսզի թույլ չտան հազարավոր ցուցարարների մոտենալ Հայաստանի խորհրդարանի շենքին:

 

Նշված է, որ հիսուն անձինք, ներառյալ 34 ոստիկաններ, բժշկական օգնության են դիմել, իսկ տասնյակ մարդիկ ձերբակալվել են «զանգվածային բռնություններին» մասնակցելու համար:

 

Լրատվամիջոցների իրավունքների դիտորդները հաղորդել են, որ առնվազն 11 լրագրողներ են վիրավորվել ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում բողոքի ցույցերը լուսաբանելու ժամանակ, ոմանց նաև խոչընդոտել են լուսաբանել ցույցերը:

 

Մինչև տարվա վերջ ոչ մի ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել կառավարության դեմ ուղղված ցույցերի հետ կապված չափից ավելի ուժ կիրառելու համար:

 

Օգոստոսի 25-ին ոստիկանությունը ցրել է մայրաքաղաք Երևանում անցկացվող խաղաղ ցույցը Ռուսաստանի, որն անցկացվում էր Ուկրաինա ներխուժելու դեմ։ 22 անձ էր ձերբակալվել։ Ձերբակալված ցուցարարները պահվել են մի քանի ժամ առանց փաստաբանի կամ առնաց թարգմանչի՝ նրանց դեպքում, ովքեր չեն խոսել հայերեն: Նույն օրը ավելի ուշ՝ առանց մեղադրանքի նրանք ազատ են արձակվել։

 

Արտահայտման ազատություն

 

Արտահայտման ազատության հատվածում Amnesty International-ի զեկույցը գտնում է, որ այդ իրավունքը շարունակել է անհարկի սահմանափակված լինել։ Քրեական հետապնդումները՝ կապված իշխանություններին ուղղված քննադատության օրինական արտահայտման հետ, բացասական ազդեցություն են ունեցել խոսքի ազատության վրա։

 

Եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի դատավարությունը շարունակվել է «ազգամիջյան ատելություն հրահրելու» կեղծ մեղադրանքների հիման վրա՝ ազգային փոքրամասնությունների նկատմամբ իշխանությունների վերաբերմունքի քննադատության բարձրաձայնման համար։

 

2021 թվականին հասարակական գործիչներին վիրավորելը քրեականացնող օրենսդրական փոփոխությունների ընդունումից հետո ավելի քան 200 քրեական գործեր են հարուցվել պաշտոնատար անձանց ծանր վիրավորանք հասցնելու մեղադրանքով։

 

Համացանցում խոսքի ազատության մասով նշված է, որ հուլիսի 4-ին գլխավոր դատախազի կողմից առաջարկված նոր փոփոխությունները կառավարությանը լիազորություններ են տալիս առանց նախնական դատական քննության արգելափակելու վնասակար համարվող առցանց բովանդակությունները, ինչը մտահոգություններ է առաջացրել համացանցում խոսքի ազատության հանդեպ կառավարության անընդհատ աճող գրաքննության վերաբերյալ։

 

Բնապահպանական անկում

 

Շրջակա միջավայրի պաշտպանության ենթաբաժինը զեկույցը վերնագրել է «բնապահպանական անկում», փաստելով, որ հունիսի 18-ին խորհրդարանը փոփոխություններ է կատարել հանքարդյունաբերության օրենսդրությունում, ինչը հեշտացնում է շրջանցել հանրային դիմադրությունն ու բնապահպան մտահոգությունները՝ թույլ տալով հանքարդյունաբերության ծրագրերի իրականացում, չնայած բողոքի ցույցերին։

 

Տեղի բնապահպանական ակտիվիստները մտահոգություն են հայտնել, որ նոր օրենքը ծառայում է կառավարության մտադրությանը՝ վերսկսելու Ամուլսարի ոսկու հանքի ծրագիրը, որը դադարեցվել էր բնապահպանական և այլ մտահոգությունների և քաղաքացիական հասարակության բողոքի ցույցերի պատճառով։

 

ԼԳԲՏ անձանց իրավունքները

 

ԼԳԲՏԻ անձանց իրավունքների մասին զեկույցում նշված է, որ նրանք շարունակվել են բախվել խտրականության՝ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիման վրա, քանի որ խտրականության դեմ պայքարի օրենքները մնացել են անբավարար: Իշխանությունները չեն կարողացել իրագործել 2021 թվականին Եվրոպայի խորհրդի հավասարության և խտրականության բացառման հանձնաժողովի կողմից տրված առաջարկությունները, որոնք ներառում էին արդյունավետ օրենսդրության ընդունում:

 

Մայիսի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարզել է, որ իշխանությունները չեն կարողացել պաշտպանել բարի սեփականատեր ԼԳԲՏ-ի անձին հոմոֆոբ բռնությունից, ներառյալ հրկիզումից և ֆիզիկական ու խոսքային հարձակումներից, որ տեղի են ունեցել 2012 թվականին, և չեն իրականացրել արդյունավետ հետաքննություն:

 

 

 

Դիտումներ՝ 223

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????