0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

Անցյալի խախտումներին անհապաղ տալ քաղաքական գնահատական և իրականացնել համակարգային փոփոխություններ

June 23, 2020

Այլ | Գործունեություն | Համատեղ | Հայտարարություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

Քսան տարի շարունակ պետությունը բռնազավթած նախկին իշխանությունների ներկայացուցիչները և նրանց աջակիցները վերջին ամիսներին առավել մեծ ակտիվությամբ են համախմբում իրենց ուժերը և՛ ներքին, և՛ արտաքին բնագավառներում՝ միավորվելով լեգիտիմ, ժողովրդի կամքն արտահայտող ազատ և արդար ընտրությունների միջոցով ընտրված իշխանության դեմ։ Համակարգային  կոռուպցիայի, մարդու իրավունքների զանգվածային, շարունակական և կոպտագույն խախտումների, անպատժելիության մթնոլորտի օրգանական մաս կազմած նախկին և ներկա պաշտոնյաները լծված են հանրության մոտ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների անվանարկմանը, ժողովրդավարության գաղափարի արժեզրկմանը և պետության ինքնիշխանության խարխլմանը։

 

Չնայած քաղաքացիական հասարակության բազմաթիվ կոչերին, այս գործընթացին նպաստող հանգամանք է հանդիսանում գործող իշխանության կողմից հատվածական, կարճաժամկետ վտանգների չեզոքացմանն ուղղված քայլերը։ Արդյունքում, ավելի քան 70% լեգիտիմություն ունեցող իշխանությունը մոտ է իր վստահության քվեն շահած կարևորագույն պարտավորության չկատարմանը, այն է՝ քաղաքական և իրավական գնահատական տալ մինչև թավշյա հեղափոխությունը պետության բռնազավթումն   իրականացրած և օժանդակած ուժերին, ինչպես նաև  անցյալի իրավախախտումներին՝ անցումային արդարադատության մեխանիզմի և գործիքակազմի միջոցով։ 

 

Պետության բռնազավթման երկարաժամկետ հետևանքների, ազգային անվտանգությանը, տնտեսությանը, արտաքին քաղաքականությանը հասցված վնասների վերաբերյալ քաղաքական և իրավական գնահատականի բացակայության հետևանքով նախկին ռեժիմի ներկայացուցիչները ոչ միայն խուսափում են պատասխանատվությունից՝ սահմանադրական կարգի և պետության դեմ ուղղված հանցագործությունները կոծկելով և հարուցված քրեական գործերը ներկայացնելով որպես քաղաքական հետապնդումներ, այլ նաև թաքնվում են «ընդդիմության» անվան  տակ և համախմբվելով ցուցադրում են  իշխանության վերազավթման անթաքույց նկրտումներ։

 

Միաժամանակ, գործող իշխանության տարբեր թևերում և կառույցներում շարունակում են մնալ նախկին ռեժիմի աջակիցներ, և համակարգային բարեփոխումներին ուղղված քայլերի աններելի հետաձգումն այս ուժերին հնարավորություն է ընձեռում պետական կառավարման ներսից արժեզրկել, ջլատել ժողովրդավարական և իրավական պետության վերականգնմանն  ուղղված բոլոր ջանքերը։

 

Ի տարբերություն ուժերի այս համախմբման, Ազգային ժողովում բացարձակ մեծամասնություն ունեցող քաղաքական ուժն իր ջանքերն ուղղում է  կարճաժամկետ քայլերի վրա, ամիսներ շարունակ հապաղելով արմատական լուծում տալ ժողովրդավարական և իրավական պետության վերականգնման համար այնպիսի հրատապ ու կենսական խնդիրներին, ինչպիսիք են Սահմանադրական դատարանի շուրջ և ողջ դատական համակարգում ստեղծված ճգնաժամը, ինչը կարող է վերաճել լրջագույն քաղաքական ճգնաժամի։ Սահմանադրական դատարանը բազմաթիվ օրինակներով ցույց է տվել, որ ի զորու է խոչընդոտել արդարադատության իրականացմանը՝ հակասահմանադրական ճանաչելով բոլոր այն իրավական ուղիները, որոնք վտանգ կսպառնան նախկին պաշտոնյաների անձնական կամ սեփականության անձեռնմխելիությանը, քրեաօլիգարխիկ համակարգի հեռացմանը քաղաքականությունից, և ուղղված կլինեն դատական համակարգի բարեփոխումներին։

 

Այսպիսով, հորդորում և կոչ ենք անում իշխանություններին ստանձնել նախաձեռնողականությունը անհապաղ քաղաքական և իրավական գնահատականներ տալու անցյալի իրավախախտումներին, և կարճաժամկետ քայլերից անցում կատարել դեպի ռազմավարական նպատակների իրականացում՝ որպես վերջնանպատակ սահմանելով արդարադատության իրականացումը, իշխանությունների իրական տարանջատման, դատական համակարգի անկախության և խորհրդարանական վերահսկողության պատշաճ մեխանիզմների հաստատմանը։

 

Չնայած գործող իշխանությունների անվճռականության հետևանքով առաջացած անհամաձայնություններին, այնուամենայնիվ ժողովրդավարությունն անվերապահ նպատակ համարող քաղաքացիական հասարակությունն իր բոլոր ջանքերն  ուղղելու է հեղափոխական գործընթացների շարունակականության ապահովմանը և հեղափոխության արժեքների վերջնական հաստատմանը։



Հայտարարությունը բաց է միանալու համար։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
Գյումրու առաջընթաց ՔՀԶԿ ՀԿ
«Խաղաղության Երկխոսություն» ՀԿ
«Աջակցություն կանանց և երեխաներին» ՀԿ
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ
«Փինք» իրավապաշտպան ՀԿ
«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ
«Սպիտակի Հելսինկյան խումբ՚՚» իրավապաշտպան ՀԿ
Հանրային լրագրության ակումբ

 

Դիտումներ՝ 417

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը


  • Տառաչափ
    A A A
  • Տառատեսակ
    arial verdana tahoma
  • Հաստություն
    regular light bold
  • Հեռավորություն
    1px 2px 3px
  • Գունային սխեմա
    Սևով սպիտակի վրա Սպիտակով սևի վրա
  • Ֆոնի գույնը
  • Տեքստի գույնը