Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հայտարարություն Հայաստանի Հանրապետությունում վարժական հավաքների իրականացման գործընթացի վերաբերյալ

October 13, 2022

Այլ | Գործունեություն | Համատեղ | Հայտարարություններ | Պետական կառույցներ | Փակ և կիսափակ հաստատություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

2022 թվականի սեպտեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը ընդունել է «Վարժական հավաքներ հայտարարելու եւ դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» N 1484-Ն որոշումը, որն ուժի մեջ է մտել հաջորդ օրը: 

 

Նշված որոշման համաձայն` 

 

  1. հայտարարվել է պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2022 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 22-ը

  2. վարժական հավաքներին ներգրավվելու է մինչև 3680 քաղաքացու, որոնցից 3310-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 80-ը` ավագ ենթասպայական կազմի, 290-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային, մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական, հրթիռահրետանային մասնագիտություններով: 

  3. վարժական հավաքների ապահովման համար 2022 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 22-ը ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավվելու է մինչև 320 միավոր տրանսպորտային միջոց՝ համաձայն հավելվածի: 

  4. սահմանվել է, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, կնքված պայմանագրի համաձայն մարտական հերթապահության ներգրավման նպատակով:  

 

Վերոնշյալ որոշման ընդունումից հետո պահեստազորում հաշվառված անձանցից ահազանգեր են ստացվում բազմաթիվ խնդիրների վերաբերյալ, որոնց մասին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2022 թվականի հոկտեմբերի 4-ին հանդես է եկել հայտարարությամբ:

 

Արձանագրում ենք, որ բացի նրանից, որ վարժական հավաքներին ներգրավելու մասին ծանուցագիրը պահեստազորում հաշվառված անձանց տրամադրվում է համապատասխան կարգի խախտմամբ, վերջիններս չեն ենթարկվում նաև օրենքով սահմանված բժշկական հետազոտությունների եւ փորձաքննության, ինչն անթույլատրելի է և ուղղակիորեն խախտում է նշված խմբի անձանց՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված պատշաճ վարչարարության և առողջության պահպանման իրավունքները՝ ի սկզբանե վարժական հավաքներին քաղաքացիներին ներգրավելուն ուղղված վարչարարությունը դարձնելով ոչ իրավաչափ։ 

 

Բացի դրանից՝ օրենսդրորեն սահմանված չեն վարժական հավաքներին ներգրավվող քաղաքացիների ընտրության այնպիսի չափանիշներ, որոնք հաշվի կառնվեն նույն մասնագիտության դեպքում քաղաքացիներին վարժական հավաքներին ներգրավելու առաջնահերթությունները, ինչպես օրինակ՝ ընտանեկան դրությունը (երկու եւ ավելի անչափահաս երեխաների, ընտանիքում հաշմանդամություն ունեցող անձանց առկայությունը եւ անձի միակ կերակրողը լինելու փաստը, վարժական հավաքին ներգրավված անձի աշխատանքի բնույթը եւ այլն) և այլ պայմաններ: Նման չափանիշների բացակայությունը կարող է առաջացնել կոռուպցիոն ռիսկեր՝ պայմանավորված անձանց վարժական հավաքին ներգրավելու հայեցողական մոտեցմամբ, ազգակցական կապի առկայությամբ կամ այլ հանգամանքներով:  

 

Գտնում ենք, որ 

 

  • Համապատասխան իրավական ակտով պետք է ամրագրվեն վարժական հավաքներում ներգրավվող քաղաքացիների ընտրության առաջնահերթությունները՝ ըստ մասնագիտությունների՝ հաշվի առնելով անձանց ընտանեկան դրությունը, աշխատանքի բնույթը եւ այլ հանգամանքներ:

  • Մինչ վերը նշվածն օրենսդրորեն ամրագրելը՝ ներկայումս հայտարարված վարժական հավաքներին ներգրավվող քաղաքացիների ընտրության գործընթացը կազմակերպել՝ ըստ վերոգրյալ սկզբունքների:

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Իրազեկ քաղաքացիների միավորում

«Լակմուս» ԻԱՀԿ

 

Հայտարարությունը բաց է միանալու համար։ Հայտարարությանը միանալու համար խնդրում ենք ուղարկել ձեր կամ ձեր ներկայացրած կազմակերպության տվյալները communication@hcav.am էլփոստի հասցեին։

Դիտումներ՝ 158

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????