Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հայտարարություն Ադրբեջանի կողմից ծավալված ագրեսիայի պայմաններում Հայաստանի Հանրապետության իշխանությունների գործողությունների վերաբերյալ

November 16, 2021

Գործունեություն | Համատեղ | Հայտարարություններ | Պետական կառույցներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան ավարտվեց 2020թ. նոյեմբերի 10-ին Ռուսաստանի միջնորդությամբ ընդունված եռակողմ հայտարարությամբ, որով նախատեսվում էին իրականացնել մի շարք գործողություններ՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակով:

 

Վերջին մեկ տարվա ընթացքում, սակայն, Ադրբեջանը ոչ միայն չի կատարել իր ստանձնած պարտավորությունները, մասնավորապես՝ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց ազատ արձակման հարցով, այլև մեկ տարի շարունակ տարբեր հայտարարություններով ու գործողություններով բացեիբաց ի ցույց է դնում իր ռասիստական, հայատյաց, ռազմատենչ և ագրեսիվ քաղաքականությունը, շարունակում է Արցախում հայ բնակիչների սպանությունները և ապացուցում, որ ոչ միայն շահագրգռված չէ խաղաղություն հաստատելու, այլև ունի Հայաստանի տարածքը գրավելու կոնկրետ նկրտումներ:

 

2021 թվականի մայիսի 12-ից ի վեր Ադրբեջանի զինված ուժերը մուտք են գործել Հայաստանի Հանրապետության տարածք և ծավալում են ռազմական գործողություններ, որոնք վտանգում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունը, ոտնահարում սահմանամերձ գյուղերի բնակչության իրավունքները և  հղի են իրավիճակի հերթական էսկալացիայի վտանգներով:

 

2021թ. նոյեմբերի 11-ից սկսել է էսկալացիայի հերթական փուլ: Մինչ Հայաստանի իշխանությունները դանդաղում են միջազգային կառույցներին դիմելու և միջազգային չափանիշների հիման վրա սահմանազատման և սահմանանշման գործընթացներ նախաձեռնելու գործում, Ադրբեջանը «սողացող անեքսիայի» միջոցով սկսել է գրավել Հայաստանի սահմանային տարածքի առանձին հատվածներ:

 

Եռակողմ հայտարարությամբ ճանապարհների ապաշրջափակման պարտավորություն ստանձնած Ադրբեջանը 2021թ. մայիսի 15-ից մաքսային և սահմանային անցակետեր է տեղադրել Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհի հատվածներում: Ադրբեջանի իշխանությունները հստակորեն իրականացնում են ճանապարհների փաստացի շրջափակման, Հայաստանի բնակավայրերի փաստացի մեկուսացման ու բնակիչների ահաբեկման քաղաքականություն՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում մեկուսացնելով 9 գյուղ (Բարձրավան, Շուռնուխ, Որոտան, Ճակատեն, Սրաշեն, Շիկահող, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ)՝ խաթարելով հազարավոր քաղաքացիների, այդ թվում՝ երեխաների բնականոն կյանքը, անվտանգությունը, ֆիզիկական ու հոգեկան առողջությունը, ազատ տեղաշարժը, կրթության, սննդամթերքի և բուժօգնության հասանելիության, եկամուտ վաստակելու իրավունքները: Նշված ճանապարհի արգելափակման հետևանքով ծանրաբեռնվել է Տաթև-Կապան մայրուղին՝ խաթարելով տասնյակ հազարավոր այլ մարդկանց, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների  տեղաշարժը և այլ իրավունքները:

 

Ադրբեջանը, փաստացի, հարձակում է գործել Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների դեմ՝ առանձին տարածքներ զբաղեցնելու նպատակով, ինչը նույնիսկ չի թաքցվում տվյալ երկրի ղեկավարի կողմից: Ակնհայտ է, որ Ռուսաստանի Դաշնությունը նպատակահարմար չի համարում միջամտելը, իսկ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գործընկերները առավել գերադասում են Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունների պահպանումը ՀԱՊԿ-ի շրջանակում վերցրած իրենց պարտավորությունների կատարումից։

 

Ստեղծված ճակատագրական իրավիճակում Հայաստանի Հանրապետության սահմանների և քաղաքացիների անվտանգության ապահովման անմիջական և առաջնային  պատասխանատուն ՀՀ գործող իշխանություններն են, որոնք պարտավոր են արագ և վճռական  գործել՝ կանխելու ՀՀ քաղաքացիների մարդու իրավունքների խախտումները և նրանց անվտանգության սպառնալիքները:

 

Խաղաղությունը չի կարող լինել միակողմանի գործընթաց: Խաղաղության պահպանման պատրվակով արտաքին ագրեսիայի դեմ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների անգործությունը փաստացի հանգեցնում է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ շարունակական ոտնձգությունների ու ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտումների:

 

Պահանջում ենք ՀՀ վարչապետից և ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ անհապաղ ձեռնարկել հետևյալ գործողությունները.

 

  • Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման փորձերի և ագրեսիվ գործողությունների մասին ծանուցել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ դրանք քննելու և գնահատական տալու նպատակով.

  • ծանուցել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովին, որի անդամ է հանդիսանում նաև Հայաստանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը, Եվրոպայի խորհրդին, միջազգային այլ համապատասխան կառույցներին և երկկողմ գործընկեր պետություններին՝ այդ կազմակերպություններում և պետություններում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների և Հայաստանում դրանց միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների  միջոցով տեղեկացնել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների և դրա հետևանքով մարդու իրավունքների շարունակական կոպիտ խախտումների վերաբերյալ.

  • վերը նշված բոլոր կառույցներում և միջազգային հնարավոր բոլոր հարթակներում հստակ ներկայացնել ադրբեջանական շարունակական ագրեսիայի և, մասնավորապես, ճանապարհների շրջափակման, անցակետերի տեղադրման և Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանի բնակավայրերի հարևանությամբ տեղակայման ու պարբերաբար ներխուժման հետևանքները՝ դադարել, վերջապես, անտեսել հետպատերազմական իրավիճակում մարդու իրավունքների ոտնահարումները և հումանիտար խնդիրները.

  • միջազգային համապատասխան բոլոր կառույցներում ակտիվորեն առաջ մղել Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգության (ոչ ռազմականացված գոտու) ստեղծման անհրաժեշտության գաղափարը՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության սահմանների և սահմանամերձ բնակչության անվտանգությունը՝ մինչև միջազգային իրավունքի հիման վրա և միջազգային կազմակերպությունների, ինչպես օրինակ՝ ԵԱՀԿ-ի  ներգրավմամբ սահմանազատման/սահմանանշման գործընթացի մեկնարկն ու բարեհաջող ավարտը:

 

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան

Հեռանկարային զարգացման կենտրոն

Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ

Գորիսի մամուլի ակումբ

Ազատ քաղաքացի ՔՆԱԿ ՀԿ

Խաղաղության երկխոսություն

Հանրային լրագրության ակումբ

Ինֆորմացիայի ազատության կետրոն ՀԿ

Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ

Երեւանի մամուլի ակումբ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

«Ժողովրդավարություն այսօր» ՀԿ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

Հայաստանի կանանց նախաձեռնություն

Դիտումներ՝ 124

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????