Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հայտարարություն Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ

June 23, 2022

Ընտրական գործընթաց | Համատեղ | Հայտարարություններ

2022 թ․ գարնանը ՀՀ արդարադատության նախարարությունը նախաձեռնեց 2021թ․ ընտրական գործընթացներում բացահայտված խնդիրների գույքագրում, որի արդյունքում հետագայում պիտի մշակվեր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ու լրացումների նոր փաթեթ։ Այս գույքագրումը ենթադրում էր թե տեղական, թե միջազգային կազմակերպությունների զեկույցների ու առաջարկությունների ուսումնասիրություն։  Ընտրական բարեփոխումներում ներգրավված կազմակերպությունները ներկայացրին իրենց բացահայտած խնդիրներն ու առաջարկությունները, սակայն մինչև դրանց ուսումնասիրությունն ու ամփոփումը՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Հովակիմյանի կողմից ներկայացվեց նախագիծ, որն ակնհայտորեն չի հանգեցնում արձանագրված խնդիրների լուծմանը, առաջարկում է հատվածային լուծումներ, որոնք Վ․ Հովակիմյանն անձամբ է կարևորել և որոնք հիմնականում չեն բխում այդ խնդիրների լուծման հրատապությունից։

 

Ներկայացված նախագծի շուրջ հապճեպ կազմակերպվել է 2 քննարկում, որոնց մասնակցել են մի քանի կազմակերպություններ և կուսակցություններ։ Ըստ ստացված տեղեկությունների, այս քննարկումների մասին իրազեկված չեն եղել նույնիսկ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները, կամ այլ պատգամավորներ, պատշաճ իրազեկված չի եղել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և ներկա չեն գտնվել Արդարադատության նախարարության կամ այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ։

 

Քննարկումների արդյունքում պարոն Վ․ Հովակիմյանը համաձայնել էր օրենսգրքում թողնել ՏԻՄ ընտրությունների մասին հանրային ռադիոյով և հեռուստատեսությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրազեկման պարտավորությունը (որը ընտրողների և հնարավոր առաջադրվողների հավասար իրազեկվածությունն ապահովող միակ գործուն մեխանիզմն է), շտաբների տարածքների վարձակալության հայտարարագրման պահանջը (որը մշտապես պահանջվել է քաղաքական գործընթացների թափանցիկությունը կարևորող քաղաքացիական հասարակության կողմից և թույլ է տալիս իսկապես կրճատել «ստվերը») և «դեռևս թողնել» ԱԺ հերթական ընտրությունների դեպքում նախընտրական ցուցակի առաջին 30 թեկնածուների հաստատման վերապահումը կուսակցության համագումարին (ինչը կուսակցության ներքին ժողովրդավարությունը ապահովող եզակի ընթացակարգերից է բարեփոխված օրենսգրքում): Կազմակերպությունների և կուսակցությունների կողմից ներկայացվել են բազմաթիվ այլ առաջարկնել, սակայն առանցքային է եղել այն, որ հապճեպ և հատվածային քննարկումների փոխարեն անհրաժեշտ է նախագծից առանձնացնել, լրացնել, և ներկայացնել միայն հրատապ լուծում պահանջող խնդիրները՝ քննարկելով դրանց վերաբերյալ նախագծով առաջարկվող լուծումների նպատակահարմարությունը։

 

Քննարկումից մի քանի օր անց նախագիծը, գրեթե նույն տեսքով, դրվեց շրջանառության մեջ։ Թե քննարկումների բովանդակությունը, թե դրանցից անմիջապես հետո նախագծի շրջանառումն ցույց են տալիս պարոն Վ․ Հովակիմյանի կողմից դրանց նկատմամբ մոտեցումը, այն է պատգամավորական ինքնակենսագրականում ավելացնել հեղինակած նախագծերի քանակը՝ հատվածային և ոչ բարեխիղճ «հարմարեցումներով», ձևական մասնակցության պատկեր ստեղծելով, որպես իր կողմից ներկայացրած նախագծերի լեգիտիմության աղբյուր։

 

Պարոն Հովակիմյանը շարունակում է վերջին ամիսներին իր որդեգրած քաղաքականությունը՝  ցանկացած փոփոխություն ներկայացնել որպես խիստ հրատապ, աննշան տեխնիկական և պրակտիկայից վերցված: Հիմնավորումների բացակայության դեպքում նա պնդում է, որ այդ հարցի վերաբերյալ կա քաղաքական որոշում, ինչի իսկությունը հնարավոր չէ ստուգել, քանի որ նա խուսափում է ապահովել իր քաղաքական թիմի մասնակցությունը քննարկումներին, իսկ շրջանառված փաթեթի հիմնավորումներն այնքան թռուցիկ են անդրադառնում փոփոխություններին, որ հստակ է, որ միայն դրանցով առաջնորդվող պատգամավորը չի կարող իրական պատկերացում կազմել փոփոխությունների ծավալի, բովանդակության ու հնարավոր ռիսկերի մասին։ Հենց այսպես է նա արագացված ընթացակարգով անցկացրել նաև մայիսի 6-ի նախագիծը, որով Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություն էր իրականացվում մեկ անձի նշանակման նպատակով: Այսպես Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց չգործող ավագանու անդամ Արկադի Փելեշյանը:

 

Խուսափելով իրական մասնակցայնությունից և նույնիսկ կոլեգիալությունից՝ պատգամավորը մասնավորապես առաջարկում է.

 

  • Հետ շրջել 2018-ից մինչ օրս խորհրդարանական մեծամասնության և քաղհասարակության կողմից կարևորվող ՝ քարոզարշավի ֆինանսական վերահսկման գործառույթի փոխանցումը ԿԸՀ կազմում գործող Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունից նորաստեղծ և մասնագիտացած Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին,

  • Կենտրոնական բանկում կենտրոնացնել նախընտրական հիմնադրամների սպասարկումը, ինչը լոգիստիկ բարդություններ ստեղծելով համայնքներում առաջադրված կուսակցությունների համար ուղղակի կնպաստի նրան, որ կուսակցություններն ու թեկնածուները պարզապես շրջանցեն այն

  • Չեղարկել ավագանու կողմից համայնքի ղեկավարի ընտրության բաց քվեարկության կարգը,  որը համահունչ է ԱԺ-ի կողմից վարչապետի ընտրության կարգին և ցույց է տվել իր քաղաքական կարևորությունը 2021թ. աշնան ՏԻՄ ընտրությունների ընթացքում, վերադարձնելով համայնքի ղեկավարի փակ քվեարկությամբ ընտրությունը, որը թույլ է տալիս մանիպուլատիվ և հակաժողովրդավարական քաղաքական գործարքների միջոցով յուրացնել իշխանությունը ՏԻՄ մակարդակում,

  • Նվազեցնել մատչելիության ապահովման պարտավորությունները, փոխարենը վերաձևակերպելով հաշմանդամություն ունեցող անձանց տեղամասը փոփոխելու հնարավորությունը, որպես «մատչելի տեղամաս ընտրելու» հնարավորություն առանց տեղամասերի մատչելիությանը նպաստող որևէ փոփոխությունների իրականացման 

  • Նվազեցնել բազմաբնակավայր համայնքների ընտրական ցուցակներում բնակավայրերի ներկայացվածության համամասնությունը, ինչը համայնքների խոշորացման տրամաբանության համատեքստում էլ ավելի շատ բնակավայրեր դուրս է թողնելու թեկուզ ավագանիում ներկայացվածության շնորհիվ ինքնակառավարում իրականացնելու իրավունքից,

  • Վերադարձնել դրույթն ըստ որի տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը կարող էր վիճարկել քվեարկության արդյունքները միայն քվեարկության օրը հատուկ կարծիք գրելու դեպքում, հավանաբար մոռացության տալով, այն բոլոր ընտրությունները, երբ տեղամասերում կեղծված քվեարկության արդյունքները դառնում էին անշրջելի, եթե ընդդիմադիր խմբակցություններից հանձնաժողովի անդամներին լռեցնում էին սպառնալիքի և կաշառքի լեզվով:

 

Լինելով 2021թ. Ընտրական օրենսգրքի բարեփոխման գործընթացի, թե ականատեսը, թե մասնակիցը, մենք պնդում ենք, որ 

Վերոնշյալ փոփոխություններն անընդունելի են, իսկ Հայաստանում ժողովրդավարության կայացմանը նպաստող բարեփոխումները պիտի լինեն իրապես մասնակցային և իրապես հենվեն առավել լայն քաղաքական և հասարակական կոնսենսուսի վրա: Միայն այդ կերպ բարեփոխումների ընթացքը երաշխավորված կարող է լինել առանձին գործիչների կամ նեղ շահերի սպասարկման և 2018թ. ժողովրդական պայքարի արդյունքում մերժված տրամաբանության ազդեցությունից: 

 

Հ.Գ Այսօր՝ մինչև հայտարարության տարածումը, տեղի են ունեցել նախագծի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից հրավիրված հանրային լսումները, որոնք իրենց բովանդակությամբ որևէ կերպ չեն ազդել հայտարարությունում արտացոլված դիրքորոշումների վրա:




Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Իրազեկ քաղաքացիաների միավորում ՀԿ

Ուղղակի ժողովրդավարություն ՀԿ

Խաղաղության երկխոսություն ՀԿ

Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ

Մարդու իրավունքների հետազոտության կենտրոն ՀԿ

Ազատ քաղաքացի ՀԿ

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ

Հանրային լրագրության ակումբ ՀԿ

 

Դիտումներ՝ 232

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????