Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հրապարակումներ | Նորություններ
Չնայած ակնհայտ հանցանշաններին՝ մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտման վերաբերյալ քրեական գործ չի հարուցվել, և Սյունիքի դատախազությունը մերժել է քրեական գործ չհարուցելու դեմ ՀՔԱՎ բողոքը։
2022 թ․ ապրիլի 13-ին ՀՔԱՎ-ը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության և անձնական ու ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի հիմնարար իրավունքների խախտման վերաբերյալ։ Հիշեցնենք, որ 2022 թ․ ապրիլի 9-ին Կապանի «Էլեգանտ» սրճարանում լուսանկարել են ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցին, «Ասպարեզ» լրագրողների ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին և Լարիսա Մինասյանին, որը Սյուզի Բադոյանը տարածել էր «Facebook» սոցիալական կայքում՝ կից գրառմամբ՝ «Խիստ մտահոգիչ լուսանկար է փոխանցվել ինձ՝ Կապանի «Էլեգանտ» ռեստորանից»։ Նույն լուսանկարը հրապարակվել էր նաև «Հրապարակ» օրաթերթում։
Դատախազությունը ՀՔԱՎ հաղորդումը վերահասցեագրել էր Սյունիքի մարզի դատախազություն, որն էլ՝ ՀՀ ոստիկանության Կապանի բաժին։ Վերջինս քրեական գործ չէր հարուցել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։
ՀՔԱՎ-ը բողոքարկել էր ՀՀ գլխավոր դատախազություն, քանի որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումն ամբողջությամբ անհիմն էր, չպատճառաբանված, հաշվի չէին առնվել մի շարք փաստեր, խեղաթյուրվել էին իրական հանգամանքները։ Ուշագրավ է, որ «Էլեգանտ» սրճարանի տեսանկարահանող սարքերի նկատմամբ հսկողություն է իրականացնում Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության ծառայությունը, որը չպետք է ունենա այլ իրավաբանական անձի անվտանգության ապահովման նկատմամբ հսկողություն իրականացնելու իրավասություն, ավելին՝ իրավունք չունի տեսանկարահանող սարքերով անձնական տեղեկություններ հավաքելու, և դրանք ըստ նպատակահարմարության օգտագործելու, այդ թվում՝ տարածելու: Ոստիկանության ավագ տեսուչն անգամ քննության չէր առել Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության ծառայության կողմից «Էլեգանտ» ռեստորանի անվտանգության նկատմամբ հսկողություն իրականացնելու լիազորությունների հիմնավորվածության հարցը (նկատենք, որ Կապան քաղաքից Քաջարանի կոմբինատ հեռավորությունն առնվազն 25 կիլոմետր է)։
ՀՔԱՎ բողոքը վերահասցեագրվել էր Սյունիքի մարզի դատախազություն, և չնայած նյութերի նախապատրաստումը օբյեկտիվորեն չէր իրականացվել, (ոստիկանության Կապանի բաժինը պնդել էր, թե հրապարակված լուսանկարը կատարվել էր այլ՝ «չբացահայտված» քաղաքացիների կողմից, այլ ոչ թե՝ «Էլեգանտ» սրճարանի տեսանկարահանող սարքերով, և որևէ գործողություն չէր կատարել «չբացահայտված» անձին պարզելու համար, ինպես նաև չէր ստուգվել, թե ինչպես էր Սյուզի Բադոյանը ձեռք բերել սրճարանում արված լուսանկարը) Սյունիքի դատախազությունը մերժել է քրեական գործ չհարուցելու դեմ ՀՔԱՎ բողոքը։ ՀՔԱՎ-ը պատրաստվում է բողոքարկել քրեական գործ չհարուցելու մասին որոշումները։