Աշխատանքային իրավունքներ | Գործունեություն | Գրադարան | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Իրավունքներ | Համատեղ | Հրապարակումներ
«Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի շրջանակներում «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» (APR Group) ՀԿ-ն իրականացրել է չորս սոցիոլոգիական հետազոտություն, որոնց նպատակն էր պարզել ՀՀ-ում բնակչության աշխատանքային իրավունքների պաշտպանվածության ընդհանուր վիճակը:
Ելակետային հետազոտություններն իրականացվել են 2021թ․-ին 1062 աշխատողների շրջանում և 2022թ-ին 138 գործատուների շրջանում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում էր վերջնական հարցումներն իրականացնել նույն ընդհանուր սկզբունքով, սակայն 2023թ-ին տեղի ունեցած գործընթացների համատեքստում ծրագրային թիմի կողմից ավելի նպատակահարմար համարվեց օգտագործել հնարավորությունը ուսումնասիրելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց զբաղվածության խնդիրներն ու աշխատանքային իրավունքների վիճակը։ Վերջին երկու հարցումները (ամփոփիչ հետազոտությունը) իրականացվել են 2024 թ. փետրվար և մայիս ամիսներին՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 1200 անձանց շրջանում: Այդպիսով՝ ծրագրի շրջանակներում իրականացվել է ընդհանուր 2400 քանակական հարցազրույց:
Հետազոտության արդյունքները ամփոփ ներկայացված են ստորև.
Ելակետային հետազոտության հարցվողների 81․9%-ը գործատուների հետ գտնվում են ֆորմալ աշխատանքային փոխհարաբերություններում. ունեն աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագիր կամ աշխատանքի են անցել հրամանի հիման վրա։ ԼՂ-ից բռնի տեղահանվածների շրջանում այդ թիվը կազմում է 60.8%: ԼՂ-ից բռնի տեղահանվածների 31.7%-ն աշխատում է առանց գրավոր պայմանագրի, իսկ 6.6%-ը հանդիսանում է ինքնազբաղված:
Ելակետային հետազոտության շրջանակներում հարցվողների 40․4%-ի աշխատաժամանակը կազմում է օրական 8 ժամ, մինչդեռ ամփոփիչ հետազոտության շրջանակներում 8 ժամյա աշխատանքային օրվա տևողության մասին հայտնել է աշխատողների 35.7%-36.9%: Հետաքրքրական է, որ մինչդեռ ամփոփիչ հետազոտության երկրորդ փուլում ելակետային հետազոտության համեմատ մինչև 8 ժամ աշխատողների թիվը 8%-ով ավելի բարձր է, շուրջ 4%-ով բարձր է նաև 12 ժամից ավել աշխատողների թիվը:
ԼՂ-ում աշխատանք ունեցել է հարցվողների 84.7%-ը, իսկ Հայաստանում՝ 42.9%-ը (515 հոգի): ԼՂ-ում աշխատանք ունեցողների 47.9%-ն աշխատել է պետական հաստատություններում (կառավարման համակարգ, կրթական կամ առողջապահական հաստատություն), 21.4%-ը՝ ուժային մարմիններում, իրավապահ համակարգում, իսկ միջին կամ մեծ տեղական կազմակերպությունում աշխատել է հարցվողների 10.8%-ը: Հայաստանում այդ ոլորտներում ներգրավվածները կազմում են համապատասխանաբար 20.6% (պետական), 3.3% (ուժային) և 59.6% (միջին կամ մեծ տեղական կազմակերպությունում):
Աշխատողի կողմից կատարված աշխատանքի և վարձատրության համապատասխանության ընկալումները տարբերվում են: Ելակետային հարցման ընթացքում հարցվածների 59.4%-ը նշել է, որ իրենց կողմից կատարված աշխատանքն ու դրա դիմաց ստացած վարձատրությունը հիմնականում համապատասխանում են, ամփոփիչ հարցման ընթացքում հարցվածների կողմից համապատասխանության մասին նշվել է 40%-ի կողմից: Ընդ որում՝ այն հարցին, թե արդյոք Արցախում կատարված աշխատանքն ու վարձատրությունը համապատասխանում էին, դրական է պատասխանել հարցվողների 76.5%-ը: Ամփոփիչ հարցման մասնակիցների մոտ 70%-ը նշել է, որ ՀՀ-ում իրեք վարձատրվում են ավելի քիչ, քան Արցախում, այն դեպքում, երբ հարցվողների մոտ 35%-ն (+-3%) աշխատում է նույն ոլորտում և նույն դիրքում:
Աշխատաժամանակի և հանգստի պայմաններով բավարարված են ելակետային հարցման ընթացքում հարցվածների 87․2%-ը, ավարտական հարցման 1-ին փուլով հարցվածների՝ 81.2%-ը և 2-րդ փուլով հարցվածների՝ 86.4%-ը: Հարցվողների 21.7%-ը նշել է, որ աշխատաժամանակի և հանգստի տևողության հարցը քննարկել է գործատուի հետ և ստացել է բավարարող լուծում, 6.6%-ը նշել է, որ քննարկել է, սակայն չի ստացել բավարարող լուծում (ըստ էության նրանք այն հարցվողներն են, որոնք նախորդ հարցում նշել են, որ իրենց բոլորովին չի բավարարում աշխատաժամանակի և հանգստի տևողությունը)։ Աշխատաժամանակի և հանգստի պայմաններով բավարարվածության վրա էական ազդեցություն չեն ունենում հարցվողների սեռը, տարիքը, ամուսնական դրությունը, խնամքի տակ անչափահաս երեխաներ ունենալու հանգամանքը: Բավարարվածությունը ձևավորվում է աշխատանքային այն պայմաններով, որում մարդն աշխատում է: Այսպես՝ այն հարցվողները, ովքեր աշխատում են օրական 8 ժամից ավել, ավելի շատ են նշել, որ բավարարված չեն աշխատաժամանակի և հանգստի պայմաններով, քան նրանք, ովքեր աշխատում են օրական 8 ժամ: Այն հարցին, թե երբևէ ունեցել են դժգոհություն աշխատանքային պայմանների հետ կապված, ելակետային հարցման ժամանակ հարցվածների 20%-ը նշել է «այո» և «այո, երբեմն» պատասխանները: Այդ պատասխանները նշվել են ամփոփիչ հարցման մասնակիցների 17.4%-ի կողմից: Իսկ այն հարցին, թե արդյոք բարձրաձայնել են իրենց դժգոհության մասին, դրական է պատասխանել երբևէ դժգոհություն ունեցածների համապատասխանաբար՝ 82.2% և 53.6%: Սա նշանակում է, որ ԼՂ-ից Հայաստան բռնի տեղահանված անձինք ավելի շատ հակված են դրսևորելու հարմարվողականություն և համակերպվելու աշխատանքային պայմաններին:
Ելակետային հարցման հարցվողների 7.2%-ը նշել է, որ ամեն օր իրականացնում է արտաժամյա աշխատանք, և 48.4%-ն է նշել, որ երբեք չի իրականացնում: Ընդ որում՝ արտաժամյա աշխատանքի դիմաց հավելավճար ստանում է այն երբևէ իրականացնողների 28.4%-ը։ Այս հարցերի շուրջ ամփոփիչ հարցման շրջանում ստացված պատկերը հետևյալն է. 10.5%-ը արտաժամյա աշխատանք իրականացնում է գրեթե ամեն օր, իսկ երբեք չի իրականացնում՝ 53.6%-ը: Արտաժամյա աշխատանքի դիմաց հավելավճար ստանում է այն երբևէ իրականացնողների 40.8%-ը:
Հարցվողների 5.3%-ը (ելակետային) և 6.8%-ը (ամփոփիչ) աշխատում է հերթափոխով՝ օրական 24 ժամ: Ելակետային հարցման ընթացքում հարցվածների շրջանում գիշերային աշխատանքի համար այն իրականացնողների 53.9%-ը նշել է, որ ստանում է հատուցում, 39.2%-ը՝ երբեք չի ստացել հատուցում։ Ամփոփիչ հարցման ընթացքում նրանք կազմել են համապատասխանաբար 27.1% և 42.4%:
Ելակետային հարցման հարցվողների 15.3%-ը և ամփոփիչ հարցման հարցվողների 23.1%-ը նշել են, որ գրեթե միշտ հանգստյան/տոն օրերին աշխատում են։ Այդ հարցվողները հիմնականում մեծածախ կամ մանրածախ առևտրի ոլորտից են կամ հանդիսանում են ինքնազբաղված: Նրանց միայն 20.0% և 17.5%-ն են նշել, որ դրա դիմաց ստանում են հավելյալ վճար:
Աշխատողների առողջության պահպանմանն ուղղված գործողությունների մեջ հարցվողները նշել են ամենամյա բժշկական զննություն անցնելու հանգամանքը: Ամենամյա բժշկական ապահովագրություն անցնել է ելակետային հարցման ընթացքում հարցվածների 80.9%-ը, իսկ ամփոփիչի՝ 28.7%-ը: Նշենք, որ «Աշխատանքային պայմաններն ունե՞ն /ունեի՞ն առողջության համար վտանգավոր կամ վնասակար գործոնների ազդեցություն» հարցին «բարձր» և «շատ բարձր» տարբերակները նշվել է ամփոփիչ ուսումնասիրության հարցվողների ոչ ավել, քան 18%-ի կողմից և ելակետային հարցման հարցվողների՝ 23.7%-ի կողմից:
Գործատուների կողմից աշխատողների հանդեպ դրսևորվող վերաբերմունքը առավելապես ձևակերպվում է որպես «հարգալից», «ընկերային» և «գործնական», վիճակագրական սխալանքի սահմաններում թողնելով «անտարբեր» և «խտրական» տարբերակները և այս կատեգորիաների տոկոսային կշիռը գրեթե նույնն է ինչպես ելակետային, այնպես էլ ամփոփիչ հարցման դեպքում: Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ այլևս չաշխատելու պատճառների մասին պատմելիս, ամփոփիչ հարցման պարագայում հարցվողների 3.3%-ը նշել է «գործատուի կողմից վատ վերաբերմունքը» տարբերակ:
Աշխատանքային պայմանների վերաբերյալ դժգոհություն արտահայտելու փորձառությունը նկատելիորեն ավելի քիչ է տարածված ԼՂ-ից բռնի տեղահանված հարցվածների շրջանաում: Երբևիցե դժգոհությունը արտահայտել են ելակտային հարցման մասնակիցների 82.2%-ը և ամփոփիչի՝ ընդամենը 53.6%-ը: Խնդիրը մասնակիորեն կամ ամբողջությամբ լուծվել է հարցվածների միայն 45%-ի մոտ: Հետաքրքրական է, որ մինչդեռ դժգոհություն ունեցող, բայց բողոքը չարտահայտած հարցվողների մոտ այն չարտահայտելու պատճառներում «ոչինչ չի փոխվի» տարբերակը ունի գրեթե նույն տարածումը երկու հարցումների դեպքում էլ, ԼՂ-ից բռնի տեղահնված հարցվածների շրջանում մոտ 7%-ով ավելի տարածված է «նման մոտեցումն ընդունված չէ» տարբերկաը:
Ելակետային հարցման մասնակիցների 28.3%-ը նշել է աշխատավայրում արհմիության առկայության մասին: Հետաքրքրական է, որ ամփոփիչ ուսումնասիրության հարցվածների միայն 7.2%-ն է նշել արհմիության առկայության մասին: Ելակետային հարցման մասնակիցների կեսը կարևորել է արհմիությունների դերը որպես նյութական ու հոգևոր աջակցություն (նվերներ, միջոցառումների մասնակցություն, ավելի մատչելի հանգստի հնարավորության ապահովում): Նրանց միայն 10.9%-ն է նշել, որ այն խախտված իրավունքների վերականգնման միջոց է, 4.5%-ը՝ անվճար խորհրդատվություն, 4.1%-ը՝ միայնակ չլինելու զգացողության տրամադրման միջոց: Հետաքրքրական է, որ ելակետային հարցման մասնակիցների 14.2%-ը նշել է, որ արհմիությունը ոչինչ էլ չի տալիս, իսկ 9.0%-ն ընդհանրապես դժվարացել է պատասխանել, թե ինչ է իրենց տալիս արհմիությանն անդամակցելը: Ինչ վերաբերում է ամփոփիչ ուսումնասիրությանը, ապա ցածր է ինչպես տեղեկացվածությունը արհմիությունների վերաբերյալ, այնպես էլ մասնակցության աստիճանը: Արհմիությունների մասին տեղյակ 7.2% հարցվողների միայն 13.6%-ն է հանդիսանում արհմիության անդամ:
Հետաքրքրական է, որ ամփոփիչ ուսումնասիրության 2 փուլերի միջև նկատելի է հարցվողների կարծիքների որոշակի փոփոխություն՝ լավատեսական ուղղությամբ: Այն հարցին, թե առաջիկա ամիսների ընթացքում աշխատանք չգտնելու պարագայում ինչպես կվարվեն, 1-ին փուլի հարցման ընթացքում հարցվողների մոտ 30%-ը նշել է, որ կմեկնի այլ երկիր աշխատելու: Ամփոփիչ ուսումնասիրության 2-րդ փուլում այս պատասխանը ստացվել է հարցվողների մոտ 19%-ից: Նման մոտեցումը պահպանվում է նաև այլ հարցերի պարագայում: Այն հարցին, թե ըստ հարցվողների մոտական տարիների ընթացքում ինչպես կփոփոխվի իրենց ընտանիքի վիճակը: 1-ին փուլում կլավանա պատասխանը հնչել է 28 տոկոսից, իսկ 2-րդ փուլում՝ 37.2 տոկոսից:
Հետազոտությունը՝ ԱՅՍՏԵՂ։