0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

«Իրավաբանական կլինիկան» առողջ, իրավագիտակից հասարակություն և կիրթ ու հմուտ իրավունքի մասնագետներ ունենալու լավագույն այլընտրանքն է

August 7, 2020

Գործունեություն | Իրավաբանական կլինիկա | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Կարողությունների զարգացում | Հրապարակումներ | Նորություններ

Մասնագիտությամբ իրավաբան Անի Հասրաթյանը Վայոց Ձորի մարզից է: Մասնագիտական գործունեությունն սկսել է մայրաքաղաքի տարբեր դատարաններում: Այժմ Գլաձոր խոշորացված համայնքի իրավաբանն է: «Իրավաբանական կլինիկա-2020»-ի մասին տեղեկացել է ՀՔԱՎ գրասենյակի ֆեյսբուքյան էջից: Ափսոսում է, որ ավելի վաղ չգիտեր նման հնարավորության մասին, հակառակ պարագայում՝ ամեն տարի կմասնակցեր: 

 

Ասում է, որ գործնական ու տեսական փուլերով այս դասընթացը չափազանց ուսուցողական է՝ մասնագիտական աճի տեսանկյունից:

 

«Հատկապես համայնքների բնակիչների ու ուսանողների համար նման դասընթացները շատ կարևոր են: Առաջիկայում ունեմ քաղաքացիական վարույթ, հայցադիմում եմ պատրաստելու: Այս դասընթացը կօգնի, որ ավելի գրագետ կազմեմ այն: Դասընթացի թեմաներից՝ կանանց և երեխաների իրավունքների, խոցելի ընտանիքների պաշտպանությունը, տեղեկատվության ազատության իրավունքը իմ հիմնական հետաքրքրության շրջանակն են, այնպես որ, այն ամենն ինչ սովորում ենք, մեր համայնքում ինձ շատ է պետք»:

 

Այս տարի ՀՔԱՎ գրասենյակի ամենամյա «Իրավաբանական կլինիկա» դասընթացը, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, հեռավար է անցկացվում: Այն մեկնարկել է հունիսի 1 -ին և կտևի մինչև դեկտեմբերի 31-ը:

 

30 դիմողներից հարցազրույցով ընտրված 16 մասնակիցները Կոտայքի, Արարատի, Վայոց Ձորի, Տավուշի,  Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերից են ու մայրաքաղաք Երևանից՝ հիմնականում իրավաբանական կրթությամբ անձինք և իրավաբանական ֆակուլտետների բարձր կուրսերի ուսանողներ: Չնայած հեռավար տարբերակին՝ երկփուլ ծրագիրը կունենա նույն տևողությունը. տեսական (2 ամիս) և գործնական (3 ամիս):

 

Ծրագիրը միտված է երիտասարդ իրավաբանների մասնագիտական կարողությունների բարելավմանը՝ իրավաբանական խորհրդատվությունների տրամադրման, մարդու իրավունքների պաշտպանության և մարդու իրավունքներին առնչվող տեղեկությունների հավաքագրման բնագավառում:

 

«Մարդու իրավունքներ, մարդու իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային մեխանիզմներ՝ հիմնական թեմաներից բացի, վերջին 2 տարիներին, ուսուցանվող թեմաներում առանձնակի շեշտադրում ենք արել նաև կանանց ու երեխաների իրավական պաշտպանության, ինչպես նաև ընտանեկան բռնության ենթարկված անձանց իրավական աջակցության թեմաներին, ինչն արդիական է,-ասում է «Իրավաբանական կլինիկայի» համակարգող, ՀՔԱՎ գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը և հավելում,- որքան էլ  ցավալի է՝  դասընթացի թեմաները ոչ մի բուհում, որպես այդպիսին, այսինքն՝ մարդու իրավունքների պաշտպանությունը կոնվենցիաներով, որևէ բուհում չեն դասավանդվում, որևէ ուսումնական ծրագրում նախատեսված չեն: Ուստի անհրաժեշտություն կա երիտասարդ իրավաբաններին կրթելու»: 

 

 

Մայրաքաղաքից Վանատուր Շերենցը, որ ԵՊՀ շրջանավարտ է, աշխատում է «Իրավունքների պաշտպանություն՝ առանց սահմանների» ՀԿ-ում՝ որպես վարչական դատարանի մոնիթորինգի մասնագետ: Դասընթացը կարևորում է թե՛ դասավանդողների, թե՛ մասնակիցների ընտրության տեսանկյունից: Առաջիններն իրենց ոլորտի գիտակ են, շատ կոմպետենտ, 2-րդները՝ նեղ մասնագիտական գիտելիքներ ունեցող, ինչը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ դարձնել դասընթացը: Տեսականից բացի՝ նաև գործնական առաջադրանքներ են կատարում՝ առցանց կապի մեջ լինելով դասընթացավարների հետ. «Կորոնավիրուսի համավարակի պատճառով մեկուսացման այս  պայմաններում դասընթացն, այնուամենայնիվ, տեղի է ունենում: Անգամ այդ սահմանափակումները չեն խոչընդոտում համալրել մասնագիտական տեսական գիտելիքները գործնականով, հատկապես հաշվի առնելով հանգամանքը, որ դասընթացի շեշտադրումն է լրացնել այն բացը, որ ուսանողներն ըստ էության, համալսարանական կրթության պայմաններում չեն ստանում, հաճախ նաև՝ պրակտիկ գիտելիքների տեսանկյունից»: 

 

Դասընթացավարների ՀՔԱՎ իրավաբանական թիմին են միացել փաստաբան, միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, «Իրավունքների պաշտպանություն՝ առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը: 

 

Տեսական փուլում ծրագրի մասնակիցներն ստանում են գիտելիքներ մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների, ընտանեկան բռնության ենթարկված և հաշմանդամություն ունեցող անձանց, աշխատանքային ու կյանքի իրավունքների խախտման  վերաբերյալ:

 

2-րդ փուլում արդեն տեսականը կկիրառեն գործնականում՝ իրավախորհրդատվությունների տեսքով, կկազմեն իրավաբանական փաստաթղթեր։

 

Անահիտ Միքայելյանը Մասիս քաղաքից է, իրավագետ: «Իրավաբանական կլինիկային» մասնակցելն իր համար կարևորում է մասնագիտական աճի տեսանկյունից: «Կլինիկայի շրջանակներում առավել շեշտադրվում է միջազգային փորձը, ինչը բացակայում է մեր կրթական հաստատություններում, ուր շեշտադրված է հայրենական օրենսդրությունն ու շատ քիչ է անդրադարձ կատարվում միջազգային փորձի, այդ թվում և՝ ՄԻԵԴ նախադեպային որոշումներին:  Առաջինը, որ ես ստանում եմ Կլինիկայից, միջազգային մտածողության զարգացումն է»:

 

 

««Իրավաբանական կլինիկան» առողջ, իրավագիտակից հասարակություն և կիրթ ու հմուտ իրավունքի մասնագետներ ունենալու լավագույն այլընտրանքն է»: Նման կարծիք է հայտնում «Իրավաբանական կլինիկայի» մասնակիցներից  ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Կարեն Ղարյանը: Հետևելով ծանոթի խորհրդին՝ որոշել  է մասնակցել դասընթացին: Շատ է ցանկանում, որ մարդու իրավունքների և նրանց պաշտպանության իրավաբանական գիտելիքները նաև դպրոցական ծրագրերում ներառվեն, ինչը կնպաստի դպրոցական տարիքից ավելի գիտակից քաղաքացիներ ձևավորելուն: «Այն գիտելիքները, որ տրվում է բուհական ծրագրում, այնքան թերի են, որ իրավաբանական կլինիկան այն լրացնելու շատ լավ ալտերնատիվ է: Ոչ միայն իրավաբանների համար է կարևոր այս դասընթացը, այլև շարքային քաղաքացիների: Իրավագիտակից հասարակություն ունենալու դեպքում մի շարք խնդիրներ ավտոմատ լուծվում են: Անկեղծ ասած՝ ճիշտ եմ համարում, եթե նման ծրագրերն ինտեգրվեն  դպրոցական կրթության մեջ»:  

  

 

«Իրավաբանական կլինիկայով անցածները տարբերվում են,-ասում է Անի Չատինյանը՝ խոսելով դասընթացի արդյունավետությունից,-տարբերությունը ծրագրին չմասնակցածների հետ, գոնե մեզ համար, տեսանելի է: Այն իրավաբանությամբ զբաղվող մարդկանց մեծ հնարավորություն է տալիս գաղափար կազմելու իրավունքի և իրավունքի պաշտպանության միջոցների մասին: Աշխատանքային փորձ ասվածը, որ մշտապես արծարծվում է երիտասարդ մասնագետների աշխատաշուկայում, նաև այս կերպ է լրացվում»:  

 

 7 տարվա ընթացքում «Իրավաբանական կլինիկա» -ն ավարտել են շուրջ 100 իրավաբաններ, որոնցից շատերն իրենց լավագույնս են դրսևորում իրավապաշտպանության ոլորտում,  ընդունվել են աշխատանքի նաև ՀՔԱՎ գրասենյակում և գործընկեր կազմակերպություններում: Նրանց մի մասը ստացած գիտելիքները հաջողությամբ կիրառում են մասնագիտական ասպարեզում, համագործակցում  ՀՔԱՎ գրասենյակի հետ:

Դիտումներ՝ 278

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը


  • Տառաչափ
    A A A
  • Տառատեսակ
    arial verdana tahoma
  • Հաստություն
    regular light bold
  • Հեռավորություն
    1px 2px 3px
  • Գունային սխեմա
    Սևով սպիտակի վրա Սպիտակով սևի վրա
  • Ֆոնի գույնը
  • Տեքստի գույնը