Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Լոռու դպրոց» և «Լոռու մշակույթ, սպորտ և երիտասարդություն» հիմնադրամների հետ կապված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձը հետախուզման մեջ է

July 29, 2020

Գործունեություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Հրապարակումներ | Նորություններ | Պետական կառույցներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

Լոռու մարզպետարանի հիմնադրած տարատեսակ հիմնադրամների հետ կապված անօրինություններին ՀՔԱՎ գրասենյակը հանգամանալից  անդրադարձել է նախորդ հրապարակումներում: Հետամուտ լինելով տարիներ շարունակ կրթական ու առողջապահական պետական ոլորտի բոլոր աշխատակիցների՝ կամավոր «պարտադիր» անդամակցության սկզբունքով համատարած այդ հիմնադրամներին փոխանցվող  գումարների «մութ» շրջանառության ճակատագրին ու հիմնադրամների պատասխանատուների պաշտոնեական լիազորությունների չարաշահումների փաստին՝ ՀՔԱՎ գրասենյակը 2020 թ. հուլիսի 17-ին գրությամբ դիմել էր Լոռու մարզի դատախազ Գարեգին Մանուկյանին:

 

Մարզի դատախազից ՀՔԱՎ գրասենյակը խնդրել էր տեղեկություններ՝ 2018 թ.-ին Լոռու մարզի դատախազությունում ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի ընթացքի մասին: Հիշեցնենք՝  գործը հարուցվել էր Լոռու մարզի  հանրակրթական  և մշակութային հաստատությունների հաշվապահության միջոցով աշխատակիցների աշխատավարձերից «Լոռու դպրոց» և «Լոռու մշակույթ, սպորտ և երիտասարդություն» հիմնադրամներին ամենամսյա գումարներ փոխանցելու պայմաններում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելու փաստով:  

 

Գրությամբ ՀՔԱՎ գրասենյակը մանրամասներ էր ակնկալել նաև նույն ժամանակահատվածում հարուցված մեկ այլ նման բնույթի քրեական գործի ընթացքից: Գործը, որ վերաբերում էր «Լոռու առողջապահություն» հիմնադրամին, հարուցվել էր 2018 թվականին՝ ՀՀ ՔՕ-ի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով՝ մարզի բուժաշխատողների ամսական աշխատավարձերի 1-ական տոկոսները նույն սկզբունքով՝ հաշվապահության միջոցով, հիմնադրամի հաշվեհամարին փոխանցելու փաստով: Այդ մասին համապատասխան հաղորդում էր ներկայացրել Սպիտակի բժշկական կենտրոնի բուժաշխատողներից մեկը:

 

Նշենք, որ 2014-2017 թթ.  ընթացքում, միայն  բուժաշխատողների, այսպես ասած,  «կամավոր»  անդամավճարներից «Լոռու առողջապահություն» հիմնադրամին ուղղվել են համապատասխանաբար՝  18.485.441 դրամ (2014թ.), 21.028.236  դրամ  (2015թ.), 23.258.008 դրամ (2016թ.), 22.743.111 դրամ (2017թ.): Ընդհանուր առմամբ՝  բուժաշխատողներից  4 տարում գանձվել էր  85.514.796 դրամ: 

 

Հետաքրքրական է, որ թավշյա հեղափոխությունից հետո բուժաշխատողների աշխատավարձերի ամենամսյա և համատարած «կամավոր» վճարումները դադարեցին: Ասել է, թե թավշյա հեղափոխությամբ վերացավ մարդկանց «կամավորությունը», որն առավել, քան ակնհայտ  է դարձնում նախկինում վճարումների պարտադիր լինելը:

 

Առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 51-րդ և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածներով նախատեսված դրույթներով՝ ՀՔԱՎ գրասենյակը խնդրել էր մարզի դատախազին տրամադրել տեղեկություններ, թե  ինչ ընթացքում  են  նշյալ քրեական գործերը, արդյոք դրանցով կան ներգրավված մեղադրյալներ կամ կասկածյալներ և քրեական գործերի հարուցումից մինչ օրս ինչ գործողություններ են իրականացվել:

 

Սահմանված ժամկետներում պատասխան գրությամբ մարզի դատախազը ՀՔԱՎ գրասենյակին տեղեկացրել էր, որ  «Լոռու առողջապահություն» հիմնադրամի գործը կարճվել է:  Հաշվի  առնելով,  որ  գործի նախաքննությամբ մի խումբ  անձանց կողմից  պաշտոնեական  դիրքի  օգտագործմամբ յուրացման եղանակով գումար  հափշտակելու  կամ  այլ չարաշահումներ  թույլ   տալու  հանգամանքը չի հաստատվել,  նաև չեն գտնվել հավաստի ապացույցներ՝ որևէ մեկի մեղադրանք  չի առաջադրվել և չի ընտրվել խափանման միջոց  որևէ անձի  նկատմամբ: 1 տարի անց՝ 2019 թ.-ի հուլիսի 30-ին, հանցագործության դեպքի բացակայության հիմքով՝ քրեական գործի վարույթը կարճվել է: 

 

Ինչ վերաբերում է  «Լոռու դպրոց» և «Լոռու մշակույթ, սպորտ և երիտասարդություն»  հիմնադրամներին, դեռևս 2018 թ.-ի օգոստոսի 14-ին մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ-ի 308-րդ հոդվածի հատկանիշներով: Գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը: Այն ընդունվել է վարույթ: 

 

Քննչական ու դատավարական գործողություններով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ որպես մեղադրյալ է ներգրավվել 1 անձ՝ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքի՝ վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու համար: Նրա նկատմամբ հայտարարված  է հետախուզում: Քրեական գործի նախաքննությունն ընթացքի մեջ է:

 

Հիշեցնենք նաև, որ Լոռու մարզում գործող պետական և համայնքային բյուջեից ֆինանսավորվող հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերի, այսպես կոչված, կամավորության հիման վրա ամենամսյա վճարումներով գործող հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի կազմում ներգրավված են եղել Լոռու նախկին մարզպետը, մարզպետարանի համապատասխան բնագավառների վարչությունների ղեկավարները: Այսինքն՝ քննչական և իրավապահ մարմիններն այս ակնհայտ փաստերը համառորեն ոչ տեսնում են, ոչ էլ ցանկանում են տեսնել: Կամ համապատասխան կարողություներ չունեն հասկանալու և արդյունավետ քննություն իրականացնելու,  կամ էլ կաշկանդված են և ակնհայտորեն չեն ցանկանում ջանքեր գործադրել՝ օբյեկտիվ, լիարժեք և բազմակողմանի քննություն իրականացնելու համար:

 

Ինչ վերաբերում է ձևակերպմանը՝ թե միակ մեղադրյալ ներգրավված անձը փախուստի մեջ է, հիշեցնենք, որ քրեական գործի «ելքի»  նման ձևակերպումը բավական ծանոթ և հին մեթոդ է՝ քրեական գործի քննությունը կասեցնելու կամ «քնեցնելու» համար:

 

Նման մեթոդ արդեն կիրառվել է Վանաձորի մաքրման կայանի թալանի փաստով տարիներ առաջ հարուցված քրեական գործի քննության արդյունքում, երբ գործում ներգրավել էր 1 մեղադրյալ, որն, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա «մշտական» փախուստի մեջ է: Հիշեցնենք՝ սա այն քրեական գործն է, որը քննվում էր Լոռու մարզի դատախազ Ա. Ղազարյանի պաշտոնավարման ժամանակ, ով սպանվեց ու մինչ օրս Լոռու մարզի դատախազի սպանությունը կատարողն ու պատվիրատուները բացահայտված չեն:

Դիտումներ՝ 999

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????