Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Լեգիտիմությունը չպետք է սպանել, լեգիտիմությունը պետք է ամրապնդվի համակարգային փոփոխություններով

August 2, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Մեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը

 

Պարոն Սաքունց, Քոչարյանն իր վերջին հարցազրույցում անդրադարձել է քաղաքական իրավիճակին, հայտարարել, որ աշնանը արտահերթ գործընթացներ են սկսվելու, ընդդիմությունը միավորվելու է «կոնսենսուս մինուս մեկ» սկզբունքով։ Կարծում եք՝ իսկապես Քոչարյանը ցանկություն ունի վերադառնալու քաղաքականություն և հաշվարկե՞լ է հանրային սպասումներն այս մասով։

 

Մեղադրյալ Քոչարյանն ուղղակի հերթական անգամ ցույց է տալիս, որ ամեն կերպ փորձում է հանդես գալ կամ ընկալվել որպես քաղաքական գործիչ, և իր կողմից Հայաստանի պետության և ՀՀ քաղաքացիների դեմ կատարած հանցագործությունների համար պատասխանատվությունից խուսափելու միակ ճանապարհը գտել է քաղաքական հարթության մեջ գտնվելը, որպեսզի դրանով փորձ անի քրեական և քաղաքական բաղադրիչները համատեղի ու թացն ու չորը խառնելու մեթոդով խուսափի պատասխանատվությունից։ Բայց, իմ համոզմամբ, այդ բոլոր ջանքերն ապարդյուն են։ Իհարկե, ես հասկանում եմ իր շարժառիթը, բնականաբար, ցանկացած մարդ, որ մեղադրվում է հանցագործություն կատարելու մեջ, փորձում է խուսափել պատասխանատվությունից։ Խոսքը մի մարդու մասին է, որի գործողությունները բոլորի աչքի առաջ են եղել, նաև տեսանելի ու հրապարակային են եղել այդ գործողությունների հետևանքով մարդկանց իրավունքների կոպիտ խախտումները, և մի քիչ դժվար է թաքնվել կամ խուսափել պատասխանատվությունից։ Հասկանալի է, որ այդքան տարի վայելելով միակ տղամարդու և երիտասարդ թոշակառուի կարգավիճակը, նա չէր ցանկանա, որ դա փոխարինվեր ծանր հանցագործությունների համար ազատազրկվածի կարգավիճակով։

 

Ձեր կարծիքով՝ ո՞ր քաղաքական ուժերն են Քոչարյանի հենարանը։ Արդյոք արտախորհրդարանական այն 7 քաղաքական ուժերն են, որոնք հայտարարություն էին տարածել և իրենց անհամաձայնությունը հայտնել դատաիրավական բարեփոխումների առումով։

 

Մի քիչ անհասկանալի է, թե արդյոք տեղին է նման հարցադրումը Քոչարյանի դեպքում, որովհետև ինքը նախագահական ընտրություններում առաջադրվելու սկզբից, ի դեպ, դրա համար չունենալով անհրաժեշտ իրավական հիմքերը, որովհետև 10 տարի ՀՀ քաղաքացիություն չուներ, նա հանդես եկավ «իմ կուսակցությունը ժողովուրդն է» հայտնի պոպուլիստական կոչով։ Հետևաբար, հիմա ասել, թե որ կուսակցությունն է Քոչարյանի քաղաքական հենարանը, ժամանակին ինքն է այդ հարցադրումն անիմաստ համարել։ Պրակտիկան, երբ ինքը գտնվում էր նախագահի պաշտոնում, և միայն այդքանով է սահմանափակված քաղաքական գործունեությունը Հայաստանում, ցույց է տալիս, որ քաղաքական հենարան նրա համար հանդիսացել են այն կուսակցությունները, որոնք համաձայնել են ներգրավվել համակարգային կոռուպցիայի մեխանիզմով իշխանության մեջ՝ անձնական բարիքներ ունենալու ակնկալիքներով։ Եվ այս առումով ինձ համար մի քիչ տարօրինակ է, թե որ քաղաքական ուժերը կարող են լինել։ Կարող եմ ենթադրել, որ երևի թե այն քաղաքական ուժերը, որոնք պետության զավթման նախորդ ժամանակահատվածում մասնակից են եղել կամ առնվազն լուրջ մտահոգություններ ունեն համակարգային կոռուպցիայի մեխանիզմով պետության զավթման կամ դրա հիմքով հնարավոր պատասխանատվության ենթարկվելուց խուսափելու միտումով։ Եվ, բնականաբար, նման ուժերը կարող են լինել Քոչարյանի կամ փորձել հանդես գալ որպես Քոչարյանի քաղաքական հենարան դարձյալ այն տրամաբանությամբ, որ փորձ անեն խուսափել եթե ոչ իրավական, ապա գոնե քաղաքական պատասխանատվությունից՝ միախառնելով քրեական և քաղաքական գործոնները, որոնք մշտապես գոյություն են ունեցել ՀՀ-ում նախորդ ժամանակահատվածում և իրենց ամբողջացումը ստացել են ՀՀԿ կառավարման տարիներին։

 

Պարոն Սաքունց, եթե քաղաքական գնահատական չի տրվում նախորդ իշխանություններին, արդյոք մենք այս խնդիրների առաջ պարբերաբար չենք կանգնելու։

 

Իշխանությունը պետք է մի բան գիտակցի և թեկուզ ուշ, բայց  հիմա առավել քան գիտակցում է, ես նկատի չունեմ միայն մեկ անձ՝ Նիկոլ Փաշինյանին, ես նկատի ունեմ պատգամավորներին, կառավարության անդամներին, որ ընտրությունների ժամանակ հեղափոխության արդյունքում ստացած լեգիտիմ մանդատը չի կարող մեկընդմիշտ տրված լինել, եթե այն չի ամրապնդվում հանրային պահանջների ապահովմամբ, նկատի ունեմ համակարգային փոփոխություններով, որովհետև տրված լեգիտիմության հաշվին երկար չես կարող ապահովել կամ իրականացնել իշխանություն՝ առանց համակարգային և կտրուկ փոփոխությունների, որոնց մասին բազմիցս նշվել է, բայց, ցավոք սրտի, անհրաժեշտ և ժամանակի մեջ քայլեր չեն արվել։ Քայլերը պետք է ժամանակի մեջ արագ լինեն, իհարկե, համաձայն եմ, որ առանց շտապելու։

 

Լեգիտիմությունը չպետք է սպանել, լեգիտիմությունը միշտ տրված չէ, լեգիտիմությունը պետք է միշտ ամրապնդվի համակարգային փոփոխություններով։ Քաղաքացիները շատ լավ գիտակցում են, որ իրապես տարիներ շարունակ կուտակված խնդիրները մեկ կամ երկու օրում չեն կարող լուծվել, բայց քաղաքացիները նաև տեսնում են, որ ուղերձները, գործողությունները համարժեք չեն, այսինքն՝ գործողությունները պետք է տեսանելի և ընկալելի լինեն, հույս ներշնչեն, որ իրապես եթե ոչ հիմա, ապա գոնե ժամկետների մեջ դրանք ճիշտ ուղղությամբ են գնում։ Եվ այն բոլոր մեկնաբանությունները, թե հանրային պահանջ պետք է լինի, որ այս կամ այն փոփոխությունը կատարվի, դրանք ավելի շատ արդարացումներ են չարված կամ ուշ արվող գործողությունների համար, որը ընդունելի չէ։ Հանրային պահանջարկը կա հենց հեղափոխության փաստով, և ոչ թե ֆրագմենտար այլ համակարգային փոփոխություններին ուղղված գործողություններ պետք է լինեն։ Նկատի ունեմ սահմանադրական, դատաիրավական փոփոխությունները, քաղաքական գնահատականը, որովհետև, օրինակ, նույն հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում նախատեսվող համակարգային փոփոխությունները չեն կարող համարվել արդյունավետ, քանի որ դրանք իրականացվելու են մի համակարգում, որը կոչվում է դատաիրավական համակարգ։

 

Սա գիտակցում են իշխանությունները, և պետք  տեսանելի լինեն քայլերը և մասնավորապես մասնակցության հարթակները մեզ համար տեսանելի լինեն։ Սրանից փորձում են օգտվել քաղաքական և իրավական պատասխանատվության սպառողները, այսինքն՝ ժամանակը նրանց օգտին է աշխատում։

 

lragir.am

Դիտումներ՝ 798

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????