0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

Միանշանակ է, որ սպառազինությունների գնման վերաբերյալ որոշումը առանց ՀՀ նախագահի, վարչապետի, պաշտպանության նախարարի և գլխավոր շտաբի մասնակցության անհնար էր

October 13, 2021

Լրատվամիջոցները մեր մասին

Մեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը

 
 

Դավիթ Տոնոյանի փաստաբանները նախօրեին հայտարարություն են տարածել, որտեղ կար կոնկրետ ակնարկ, որ Տոնոյանը շատ բան գիտի, բայց այն չի օգտագործում հանրային տիրույթում, քանի որ անձնական շահը չի գերադասում պետական շահին:

 

Նախ, յուրաքանչյուր ոք  ունի պաշտպանության իրավունք և բնականաբար, իրեն մատչելի բոլոր միջոցներով պետք է պաշտպանվի: Այդտեղ որևէ արտառոց բան չեմ տեսնում, բայց խոսքը վերաբերում է իրապես ազգային անվտանգության առումով այնպիսի կարևորագույն ոլորտի, ինչպիսին Զինված ուժերն են, այն էլ սպառազինությունների հետ կապված հարցերին: Ես շատ տեղեկություն չունեմ գործի մասին՝ կարծիք հայտնելու համար, փաստն այն է, որ ինչպես հայտարարել են, ինչ-որ հրթիռներ են գնել, որոնց մի մասն անորակ է եղել: Բայց ես նաև գիտեմ, որ նման ծավալի, նման բնույթի սպառազինության ձեռքբերման որոշումը կայացնողների մեջ անպայման պետք է լինեին այդ ժամանակ Հայաստանի նախագահը, պաշտպանության  նախարարը, գլխավոր շտաբի պետը և վարչապետը: Հնարավոր չէ սպառազինություն ձեռք բերել առանց այս մարդկանց մասնակցության: Եթե որոշում է կայացվել, որ պետք է ձեռք բերվի, ուրեմն որոշում կայացնողները նույնպես պետք է հարցաքննվեն, թե ինչի համար են հենց այդ որոշումը կայացրել, ինչու են հենց այդ հրթիռները և հենց այդ մատակարարից ձեռք բերել: Երկրորդ հարցն արդեն այդ ընթացքի վերահսկողությունն է, թե ովքեր են վերահսկողները, որոնք պետք է արդեն այդ կայացրած որոշումն իրականացնեին, այդ թվում որակի ապահովման, քանակի ապահովման տեսակետից, և նոր ըստ դրա գումարները փոխանցվեին: Մինչև հիմա հայտնի չէ՝ գումարները փոխանցվել է, թե ոչ այդ բոլորի համար:

 
 

Այսինքն Դավիթ Տոնոյանն ընդամենը այդ մեծ շղթայի մի օղա՞կն է:

 

Եթե վերցնենք, այդ ժամանակ Դավիթ Տոնոյանը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ էր, որն ընդհանրապես չգիտեմ՝ մասնակից եղել է, թե ոչ: Գուցե մասնակցել է, գուցե տեղյակ է, բայց պարզ է, որ Պատրոն Դավոն միայն Դավիթ Տոնոյանի հետ չէ, որ գործ է ունեցել: Պատրոն Դավոն Սերժ Սարգսյանի հետ է մոտ եղել, պաշտպանության նախարարների հետ է մոտ եղել այդ ժամանակ, այսինքն նա պատահական մարդ չի: Եվ հետո ևս մեկ հարց. Ինչո՞ւ են գնումները անընդհատ Պատրոն Դավոյի միջոցով կատարել: Արդյոք արտադրողը կամ մատակարարը, որից գնումներ են կատարել, վստահելի է եղել, թե ոչ: Շատ-շատ հարցեր կան, որոնք քննության ընթացքում պետք է պարզվեն: Բայց միանշանակ է, որ սպառազինությունների գնման վերաբերյալ որոշումը առանց ՀՀ նախագահի, վարչապետի, պաշտպանության նախարարի և գլխավոր շտաբի մասնակցության անհնար էր: Առնվազն Անվտանգության խորհրդի հիմնական կազմը դրան տեղյակ է եղել:

 

Ունե՞ք վստահություն, որ այս գործը ամբողջական կքննվի և կծիկը լրիվ կբացահայտվի:

 

Ես նման վտահություն չունեմ քննչական մարմինների կարողության տեսակետից: Բացի այդ, ընդհանրապես, բոլոր այն գործարքները, որոնք առնչություն ունեն Ռուսաստանի հետ, ես խորը կասկածներ ունեմ, որ դրանց վերաբերյալ օբյեկտիվ քննություն և արդարադատություն կիրականացվի:

 

Որովհետև Ռուսաստանի կողմից կա ճնշո՞ւմ, կամ վախե՞ր:

 

Ոչ, որովհետև հասկանալի է, որ դրանք անպայման ունեցել են կոռուպցիոն բնույթ, չէին կարող կոռուպցիոն բնույթ չունենալ: Իսկ եթե ռուսական մասնակցությամբ կոռուպցիոն հանցագործություն կա, ապա այդ գործը չի կարող քննվել՝ քաղաքական նկատառումներից ելնելով:

 

Իշխանության որոշ ներկայացուցիչների կողմից հնչում են կարծիքներ, որ Տոնոյանն անմեղ է, նա չի կարող ձերբակալվել, որ իրենք նրան չեն կասկածում: Սա տարօրինակ չէ՞:

 

Ոչ, տարօրինակ ոչինչ չկա, որովհետև շատ բաներ են եղել այս տարիների ընթացքում:

 

Այդուհանդերձ, ինչպես եք գնահատում Տոնոյանի փաստաբանների հայտարարությունը, որ շատ բան գիտի և հնարավոր է բացահայտի:

 

Գոյություն ունի թե քննության գաղտնիություն, թե գաղտնի տեղեկություններ պարունակող տվյալների հետ կապված քննության վարման ընթացակարգ: Դա պետք է գաղտնի լինի, բայց մարդը կարող է հայտարարել, որովհետև քրեական գործի շրջանակներում ոչ մի տեղեկություն չպետք է թաքցվի քննությունից: Բայց դա չի ենթադրում, որ անպայման այդ տեղեկությունները պետք է հրապարակային ասվեն: Իսկ երբ խոսքը քրեական հանցագործության, կոռուպցիոն հանցագործության մասին է, ապա այդտեղ գաղտնիությունը տեղ չունի: Ի՞նչ է նշանակում, ենթադրենք, 1000 միավոր զենքից 500 անպիտան են, ու դա համարվի գաղտնիք: Դա հանցագործություն է, որը պետք է բացահայտվի: Իսկ թե կա՞ն տեղեկություններ, որոնք կարող են անվտանգության տեսակետից գաղտնի լինել, ես չեմ կարող ասել: Այնպես չլինի, որ գաղտնիության հիմքով փորձեն հանցագործությունները կոծկել: Որովհետև դա հանրային հնչեղության գործ է, և քաղաքացիները պետք է իմանան, թե ինչ մեխանիզմներով են դրանք իրականացվել:

 

lragir.am

Դիտումներ՝ 6

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????