ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 | Ընտրական գործընթաց | Լրատվամիջոցները մեր մասին | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում
«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը տեղամասային և տարածքային հանձնաժողովների նախագահներին ու անդամներին զգուշացնում է հունիսի 20-ի ընտրության օրը ճնշում ու խտրական վերաբերմունք չկիրառել դիտորդների նկատմամբ։
«Անկախ դիտորդի անդամ կազմակերպություններից ներկայացված դիտորդի հանդեպ խտրական վերաբերմունքի, դիտորդի աշխատանքի համար անբարենպաստ մթնոլորտի ձևավորմանն ուղղված ցանկացած քայլ, դրսևորում, արտահայտություն անհետևանք չի մնալու, անպայման արձագանքելու ենք որպես դիտորդի աշխատանքին խոչընդոտելու քայլ։ Բոլոր դիտորդներին հրահանգավորված է չտրվել ոչ մի սադրանքի, գործել բացառապես օրինականության շրջանակում և պահպանել փոխադարձ հարգանքի սկզբունքը, միաժամանակ, իհարկե, անտարբեր չմնալ ապօրինությունների որևէ դրսևորման հանդեպ»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց Սաքունցը։
Իրավապաշտպանը հիշեցնում է, որ ընտրական հանցագործությունների համար պատիժները խստացվել են։ Օրինակ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149 հոդվածը սահմանում է, որ քաղաքացու ընտրական կամ հանրաքվեի իրավունքի ազատ իրականացմանը կամ ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքին խոչընդոտելը, ինչպես նաև ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի կամ նախաձեռնող խմբի անդամի, թեկնածուի կամ նրա վստահված անձի, դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) լիազորած անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` 6 ամսից 1 տարի ժամկետով:
Արթուր Սաքունցի խոսքով՝ դիտորդի կամ դիտորդի ներկայացուցչի նկատմամբ պիտակավորում կամ ինչ-որ արտահայտություններ թույլ տալը աշխատանքի ձև չէ։ «Հանձնաժողովի անդամ ես, մնա քո լիազորությունների շրջանակում, ոչ թե դիտորդին պիտակավորիր ըստ քո սուբյեկտիվ պատկերացումների։ Եթե այս դեպքն արձանագրած չլինեի, ես սրա մասին չէի խոսի»,- նշեց նա։
Սաքունցի խոսքով՝ ընտրական հանցագործությունների ու խախտումների վերաբերյալ արձանագրություններն իրենք ուղարկելու են իրավապահ մարմիններին։
Նա նաև իրավապահների ուշադրությունն է հրավիրում ընտակաշառքի հնարավոր դեպքերի վրա։
«Ցավոք սրտի, այն ահազանգերը, որոնք նախընտրական քարոզչության ժամանակահատվածում արձանագրվել են, դրանք չեն դադարել նաև այսօր՝ լռության օրը։ Քարոզչություն, նախընտրական հանդիպումներ չեն արվում, բայց այնուամենայնիվ շտաբները գործում են։ Եվ այդ առումով ահազանգերն առաջին հերթին վերաբերում են ոստիկանությանը, որ խստացված պատիժների պարագայում, երբ արդեն ընտրակաշառքը համարվում է ծանր հանցագործություն, ոստիկանությունը պարտավոր է նույնիսկ առանց ահազանգի ունենալ օպերատիվ տեղեկություններ այնպես, ինչպես ցանկացած հանցագործության կանխման դեպքում։ Ոստիկանությունը պետք է տեղեկություն ունենա, թե որտեղ են առավել ռսիկային տեղերն ու անձինք, որոնք հակված են այդ ծանր հանցագործությունը կատարելու կամ հիմք են տվել կասկածելու, որ նման հանցագործություն են կատարում, կամ արդեն իսկ եղել են ահազանգեր։ Եվ ոստիկանությունը պարտավոր է օպերատիվ հետախուզական միջոցառումներ կիրառել արդեն ոչ թե ահազանգի հիման վրա, այլ դա իրենց պարտականությունն է՝ հանցագործությունների կանխման տեսակետից»,- ասաց նա։
Ըստ Սաքունցի՝ տարիներ առաջ, երբ ընտրակաշառքը ծանր հանցագործություն չէր համարվում, ոստիկանությունը պատճառաբանում էր, թե իրենք իրավունք չունեն օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնել։ Բայց այսօր արդեն այդ խստացումը տեղի է ունեցել։
«Իմ ահազանգը ու մտահոգությունը նրանում է, որ ռեսուրսների սակավությանը հղում անելը գործ չանելու պատճառաբանություն է։ Ոստիկանությունը, հատկապես համայնքներում, շատ լավ գիտե այդ կոնտինգենտին, գիտեն ով ինչով է շնչում։ Եվ երբ չենք տեսնում պատշաճ աշխատանք՝ տեղերում ոստիկանության կողմից ընտրակաշառքի դեպքերի կանխման, բացահայտման ուղղությամբ, դա արդեն իսկ վկայում է իրենց ոչ արդյունավետ աշխատանքի մասին։ Գուցե և ոստիկանության առանձին աշխատակիցներ ունեն շատ սերտ հարաբերություններ այս կամ այն քաղաքական ուժի առանձին ներկայացուցիչների հետ»,- հավելեց Արթուր Սաքունցը։
Ըստ նրա՝ ընտրական հանցագործություններն այս ընտրությունների վրա որոշիչ ազդեցություն չեն ունենա, բայց մթնոլորտն աղճատում են։ «Անպատժելիության ցանկացած դեպք պետք է կանխվի՝ վստահությունն իրավապահ մարմինների, ընտրական գործընթացների նկատմամբ բարձր մակարդակի պահելու համար»,- նշեց նա։
Leave a Reply