Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Պուտինը հայտարարեց, որ Ղարաբաղի հարցը համարյա լուծված է և դրանով իր աջակցությունն է հայտնում Ալիևին

February 23, 2022

Լրատվամիջոցները մեր մասին

Lragir.am-ի զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը

 

Պարոն Սաքունց, Ռուսաստանն ու Ադրբեջանը դաշնակցային փոխգործակցության հռչակագիր են ստորագրում։ Սա ի՞նչ է նշանակում, ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում։

 

Սա նորություն չէ մեզ համար, երկար տարիներ այդ ուղղությամբ իրադարձությունները զարգացել են։ Սա նշանակում է, որ Ռուսաստանը և Ադրբեջանն ունեն շատ ավելի ռազմավարական ընդհանուր շահեր, որը զարգացել է այն աստիճանի, որ հնարավոր են համարում դաշնակցային հարաբերություններ ձևավորել։ Չնայած այդ երկրներն արդեն ունեին դաշնակցային պայմանագիր, բայց այս իրավիճակում սա ուղերձ է, որ Ադրբեջանը և Ռուսաստանը շահերի հետ կապված որևէ տարաձայնություն չունեն։

 

Հայաստանի քայլերը որո՞նք պետք է լինեն։

 

Հայաստանը շատ ավելի շուտ քայլեր պետք է ձեռնարկեր՝ 2018 թվականից հետո։ Ռուսաստանի Դաշնության զարգացման վեկտորը բոլորովին այլ ուղղությամբ է գնում, այսինքն՝ կոշտ ավտորիտարիզմ, ընդհուպ՝ մինչև կառավարման բնույթով բռնապետություն, որը շատ ավելի սերտ մոտեցում ունի մեկ անձի կողմից անժամկետ կառավարման համակարգի հետ, որը ձևավորվել է նաև Ադրբեջանում, որը նույնպես հանդիսանում է բռնապետական պետություն։ Այս առումով Հայաստանը պետք է թեկուզ ծանր այս իրավիճակում հասկանա մի բան, որ իր, այսպես կոչված, ռազմավարական դաշնակից հանդիսացող Ռուսաստանի հետ ավելի քիչ շահեր ունի։ Ընդհանրապես Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին չի էլ վերաբերվում որպես ինքն իր շահերն ունեցող պետություն, և որպես միավոր՝ դիտարկում է Ադրբեջանին, որի հետ միավորվելու, միասին գործելու հնարավորություն ու նպատակ է տեսնում։ Պուտինը վաղուց է ասել, որ ինքը Լեռնային Ղարաբաղը դիտարկում է որպես Ադրբեջանի մաս, դա նորություն չէ։ Այլ հարց է, որ Հայաստանի քաղաքական վերնախավը համառորեն քաջություն չի դրսևորում՝ առերեսվելու այդ ակնհայտ դիրքորոշման հետ և ըստ դրա ձևավորելու իր հարաբերություններն աշխարհում, միջազգային հանրության մեջ իր տեղը գտնելու, որովհետև բոլոր այն խոսքերը, թե Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է, ձևափոխվել են վաղուց։ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանում իր անվտանգության շահերն է հետապնդում և ոչ թե Հայաստանի։ Եվ նաև ակնհայտ է Ռուսաստանի Դաշնության ղեկավարության՝ Պուտինի տարբերակված մոտեցումը, երբ մի դեպքում Դոնբասի, Լուգանսկի ռուսախոս բնակչությանը դիտարկում է որպես ինքնորոշման իրավունքի իրականացնող, ավելին, ցեղասպանության զոհ, դա այն դեպքում, երբ 44-օրյա պատերազմում և ոչ միայն 44-օրյա պատերազմում Ղարաբաղի բնակչությունը ենթարկվել է ցեղասպանվելու վտանգի։ Եվ այսքանով հանդերձ Վլադիմիր Պուտինը գտնում է, որ Ղարաբաղի հարցը համարյա լուծված է և դրանով ըստ էության իր քաղաքական աջակցությունն է հայտնում Ալիևի նմանատիպ հայտարարությանը, որ «չկա Ղարաբաղի հարց այլևս»։ Այսինքն՝ Պուտինի համար Ղարաբաղի բնակչության անվտանգության հարցը, ցեղասպանվելու վտանգը ստորադասում է իր պետական շահերին։ Եվ այստեղ Հայաստանը պետք է իր հստակ դիրքորոշումներն ունենա և այդ դիրքորոշումների տեսակետից իր քաղաքականությունը մշակի, ոչ թե շարունակի մնալ որպես Ռուսաստանի Դաշնության շահերի սպասարկողը Հարավային Կովկասում, որը տարիներ շարունակ եղել է։ Հեղափոխությունը շատ լավ հնարավորություն էր՝ այդ վիճակից դուրս գալու, որը նույնպես չարվեց։ Եվ հիմա մենք շատ ավելի ծանր վիճակում ենք հայտնվել՝ հնարավորությունների մսխման պատճառով։

 

Ռուսաստանի կողմից Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչումից հետո դուք սոցիալական ցանցում հարցադրում էիք արել՝ Արցախի իշխանությունները կդիմե՞ն ՌԴ-ին՝ Արցախի ճանաչման հարցով։

 

Շատ տարօրինակ է, Արցախի իշխանությունները փոխանակ մտածեն իրենց անվտանգության ու շահերի պաշտպանության մասին, հերթական անգամ հանդես են գալիս Ռուսաստանի Դաշնության շահերը սպասարկողի դերում։ Դա այն դեպքում, երբ նույն Ռուսաստանն իրենց շահերի վրա թքած ունի և ստորադասում է իր ու Ադրբեջանի ռեժիմի պետական շահերին։ Սա ուղղակի աննորմալության գագաթնակետն է։ Ես պնդում եմ, որ Արցախը պետք է ճանաչման հարցով դիմի Ռուսաստանին, Արցախի շահերից է բխում, որ Արցախի իշխանությունները այդ գործընթացը նախաձեռնեն։ Արցախում արդեն 30 տարի է իշխանությունը, պետական մարմինները գոյություն ունեն, դա ճանաչված է նաև բազմաթիվ միջազգային ատյաններում՝ որպես Լեռնային Ղարաբաղի տեղական իշխանություններ։ Եվ Արցախի իշխանությունները պետք է Արցախի անվտանգության, ապագայի, ինքնության, անկախության տեսակետից մտածեն։ Ստեղծված է պահը՝ պետք է նույն առաջարկով դիմեն Ռուսաստանի Դաշնությանը և ասեն՝ մեր անկախությունն էլ ճանաչեք։

 

Այդ հարցը չպետք է դիտարկել այն տեսանկյունից, թե որոշակի հարցադրումներ կամ մոտեցումներ կարո՞ղ են անհարմար վիճակներ ստեղծել Պուտինի համար, այլ պետք է բնակչության ու երկրի անվտանգության շահերից ելնել։ Նույնը վերաբերում է Հայաստանին, Հայաստանը պետք է ամեն ջանք գործադրի, որ որևէ կերպ իրեն չներքաշեն այդ պուտինյան արկածախնդրության մեջ։ Դա մեր անելիքը չէ, մանավանդ, մի պետության մասին է խոսքը, որը բացարձակապես հաշվի չի առնում ՀՀ շահերը։ Իսկ Հայաստանի համար ավելի վատ վիճակ կստեղծվի, եթե ինքը սպասարկի պուտինյան իշխանության շահերը։

 

lragir.am

Դիտումներ՝ 60

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????