Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՌԴ բիզնես ֆորումը քաղաքական ծրագիր է եւ ուղղված է Հայաստանում Եվրամիության 2,6 միլիարդի ներդրումների ծրագրի արդյունքների չեզոքացմանը

September 24, 2021

Լրատվամիջոցները մեր մասին

Lragir.am-ի զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը

 

Պարոն Սաքունց, օրերս Երևանում հայ-ռուսական բիզնես ֆորում կայացավ, որի ժամանակ Հայաստանում ներդրումներ անելու խոստումներ հնչեցին։ Այս փուլում նմանօրինակ ֆորում անցկացնելու նպատակը ո՞րն է։

 

Հեղափոխությունից հետո առաջին անգամ ռուսական կողմը հադես է գալիս ինչ-որ բիզնես ծրագրով։ Նույնիսկ ոչ թե պաշտոնական ռուսական կողմն է առաջարկով հանդես գալիս, այլ Ռուսաստանի ծագումով հայ գործարարները։ Այդ ծրագրերը շատ ընդհանրական են, կոնկրետացված չեն։ Եվ այն պայմաններում, որը ստեղծված է Հայաստանի շուրջը, հատկապես պատերազմից ու եռակողմ հայտարարությունից հետո, այս անվտանգային մարտահրավերների պարագայում, որում ուղղակի պատասխանատվություն ունի այդ եռակողմ հայտարարությունը գրած ու ստորագրած Պուտինի վարչակազմը, սա շատ տարօրինակ է։ Եթե դու պատշաճ ջանքեր չես գործադրում անվտանգային խնդիրները լուծելու համար, որոնք պարտավորություն են եռակողմ հայտարարությամբ և բիզնես նման առաջարկ ես անում, այն էլ ՌԴ-ում գործող ծագումով հայ բիզնեսմենների կողմից, հարցեր են առաջ գալիս։

 

Առաջին հարցը՝ մենք շատ լավ գիտենք, որ ավտորիտար կառավարման ռեժիմի պայմաններում բիզնեսը չի կարող առանց վարչակազմի թույլտվության որևէ նախագիծ ներկայացնել։ Այսինքն՝ ակնհայտ է, որ սա քաղաքական նախագիծ է՝ տնտեսական ձևակերպմամբ կամ բիզնես ծրագրերի տեսքով։ Երկրորդ՝ ակնհայտ է, որ Ռուսաստանը առավել քան ներկա է Հայաստանում՝ ի դեմս էլեկտրական ցանցերի, երկաթուղու, տարբեր գործարանների։ Այսինքն՝ դու արդեն իսկ ունես բիզնես պարտավորություններ, որոնք չես կատարել, տարիներ շարունակ ցույց չես տվել այդ ամբողջ տնտեսական ներկայության արդյունավետությունը՝ ներդրումների, վերազինումների տեսքով։ Ի վերջո, մեր աչքի առաջ է, թե ինչ իրավիճակ է բաշխիչ ցանցերի համակարգում։ Ի դեպ, այդ ծրագրերը նաև լուրջ հարցեր ունեն կոռուպցիոն դրսևումների ու եկամուտների հետ։ Եվ այսքանից հետո, եթե դու նոր առաջարկ ես անում, ապա ակնհայտ է դառնում, որ սա ունի միմիայն քաղաքական նպատակ։ Ընդ որում, իրականանալու տեսակետից էլ լուրջ հարցեր կան, որովհետև դրանք ենթադրություններ են, ընդամենը ցանկություններ են, և նույնիսկ հասկանալի էլ չէ, թե Հայաստանի իշխանությունների հետ որքանով են դրանք քննարկվել։

 

Սա հաջորդում է Եվրամիության կողմից այնպիսի անհամեմատ մեծ ծավալի ներդրումների մասին ձեռք բերված պայմանավորվածությանը, որը շատ ավելի կոնկրետ է։ Այսինքն՝ կոնկրետ են թե բնագավառները, որոնցում նախատեսվում են այդ ներդրումները, նաև կոնկրետ է տարածաշրջանը, օրինակ, նաև հենց նույն Սյունիքի տարածաշրջանում են արվելու ԵՄ ներդրումները։ Իմ համոզմամբ՝ ի վերջո ռուսները գնահատել են, որ 2,6 մլրդ եվրոյի ներդրումները կարող են այլ մթնոլորտ ստեղծել, այլ ազդեցություն ունենալ։ Նկատի ունեմ՝ դրանք ռեալ փողեր են, ներդրումներ են, որոնք թե տնտեսությունում են ունենալու ուղղակի ազդեցություն, թե նաև մեծապես նպաստելու են Ռուսաստանից Հայաստանի տնտեսական կախվածության նվազեցմանը։

 

Այսպիսով՝ Ռուսաստանը քաղաքական ծրագիրն իրականացնում է անունով մասնավոր բիզնեսի միջոցներով, բայց որոնք նույն պետության կողմից կառավարվող ռեսուրսներ են։ Ընդհանրապես բիզնեսը Ռուսաստանում անկախ չի կարող լինել, և այն բիզնեսմենները, որոնք չեն ենթարկվում վարչակազմին, նրանց ոչնչացնում են։ Նույն Լևոն Հայրապետյանի օրինակը կարող ենք բերել։ Այսինքն՝ սա միանշանակ փուչ ծրագիր է, բայց ունի քաղաքական այն ուղղվածությունը, որպեսզի գոնե խոսակցության մակարդակով կարողանա ցույց տալ, որ իբր Ռուսաստանը հակակշռում է արևմտյան այդ լուրջ ներդրումներին Հայաստանի նման երկրում։ Կրկնում եմ՝ 2,6 մլրդ եվրոն առաջիկա 5 տարվա ընթացքում բավական լուրջ ներդրում է։

 

Այդ նույն բիզնես ֆորումի ժամանակ հայազգի գործարարի կողմից առաջարկ հնչեց Հայաստանում ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալու վերաբերյալ։ Այսինքն՝ չեն էլ թաքցնո՞ւմ նպատակները։

 

Ընդհանրապես, եթե դիտարկենք բիզնեսի տեսակետից, ապա լեզվի խնդիրը բիզնես ծրագրերի կամ տրամաբանության շրջանակում չի գտնվում։ Դա ընդհանրապես բիզնեսի խնդիրը չէ։ Սա հենց լրացուցիչ փաստարկ է, որ իրապես այդ բիզնես ֆորումն ունի միմիայն քաղաքական նպատակ։ Ենթադրյալ 800 մլն դոլարի ներդրման դիմաց ի՞նչ պայման ես դնում, որ պաշտոնական լեզուն լինի ռուսերե՞նը։ Մի այնպիսի երկրում, որի էթնիկ մեծամասնությունը կա և ունի իր պետական լեզուն՝ հայերենը, դու ի՞նչ հիմնավորմամբ ես առաջարկում ռուսերենը պաշտոնական լեզու դարձնել։ Եվ պատկերացրեք՝ Եվրամիությունը 2,6 մլրդ եվրոյի ներդրումները պայմանավորի նրանով, որ Հայաստանում պետական լեզուն պետք է լինի անգլերենը կամ ֆրանսերենը, ինչ աբսուրդ վիճակ է։ Սա խոսում է նաև այդ երկու կենտրոնների բովանդակային տարբերության մասին, որ մեկն իրապես ավտորիտար է իր էությամբ, և նախապայմանների լեզուն ընդգրկում է ինքնության ու անկախության դեմ քայլերը, խոսքը Կրեմլի մասին է, իսկ Բրյուսելը խոսում է ընդհանրապես արմատական փոփոխությունների մասին, ժողովրդավարության, մարդու իրավունքների, տնտեսական զարգացման և անկախության մասին։ Իմ համոզմամբ՝ ռուսական կողմում նստել հաշվարկել են, թե ինչ գործիքներ կիրառեն՝ չեզոքացնելու համար այն գործընթացների արդյունքները, որոնք անպայման կհետևեն Եվրամիության ներդրումներին։ Եվ այս պարագայում Հայաստանի անկախությունը բովանդակային առումով ավելի է մեծանում։ Իսկ Կրեմլի առաջարկությունը՝ բիզնես ֆորումի միջոցով, առայժմ, այսպես կոչված, փափուկ ուժի այդ տրամաբանությամբ պայմաններ է առաջարկում, որն անկախության վերականգնմանը չէ ուղղված և ընդհանրապես չունի էլ նման մտադրություն։ Ռուսական ներդրումային ծրագրերը ցույց են տալիս, որ Ռուսաստանի նպատակն ամենևին էլ Հայաստանի տնտեսական զարգացումը չէ, ընդհակառակը, դրանք միմիայն հետապնդում են կոռուպցիոն շահեր։

 

Այստեղ, իհարկե, Հայաստանի իշխանությունները պետք է բավական հետևողական լինեն՝ ԵՄ առաջարկած այդ 2,6 մլրդ եվրոյի ներդրման արդյունավետության ապահովման համար։ Սա իրական գործիք, լծակ ու հնարավորություն է՝ անկախության վերականգնման խնդիրը լուծելու համար, որը խարխլված է այս պատերազմի հետևանքով և որի ուղղությամբ շահագրգռություն չունի Կրեմլը։ Ընդհակառակը, Ռուսաստանն ուզում է իր պրոտեկտորատը շատ ավելի կոշտ ու անթույլատրելի մեթոդներով, նաև ռուսերենը պաշտոնական լեզու ներդնելու միջոցով պարտադրել։ Այսինքն՝ դա ըստ էության ուղղված է Հայաստանի անկախության դեմ։

 

Իհարկե, իմ համոզմամբ, ՌԴ ծրագրերն ի սկզբանե անհաջողության են մատնված, բայց դրանց նպատակը ոչ թե հաջողությունն է, այլ նպատակն է ստվերել ու ձախողել այն ներդրումները, որոնք բովանդակային առումով էական նշանակություն ունեն Հայաստանի տնտեսական, անկախության և ինքնիշխանության վերականգնման տեսակետից։

 

lragir.am

Դիտումներ՝ 92

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????