Մեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը
Պարոն Սաքունց, Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով, որտեղ հայտարարել է, որ իրավապահ համակարգում դեռ կան այնպիսիք, որոնք դիմադրում են, բառի բուն իմաստով դավաճաններ են, խանգարել են հեղափոխական հակակոռուպցիոն պայքարին։ Ընդհանրապես, ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։
Լավ է ուշ, քան երբեք։ Կոնկրետ ես բազմիցս եմ այդ հարցին անդրադարձել, որ իրավապահ համակարգում և իրավապահ որևէ մարմնում հեղափոխությունից հետո կոռուպցիոն որևէ սխեմա, որը գործել է մինչև հեղափոխությունը, բացահայտված չէ։ Ես նկատի ունեմ առաջին հերթին ԱԱԾ-ն, որը փորձում էր նախկին տնօրենի, ԱԱԾ նորաթուխ գեներալի գլխավորությամբ դրոշակակիրը հանդես գալ կոռուպցիայի դեմ պայքարում, բայց այդպես էլ գեթ մեկ կոռուպցիոն սխեմա չբացահայտեց ԱԱԾ-ի շրջանակում։ Նկատի ունեմ նաև ոստիկանությանը, դատախազությանը, ՊԵԿ-ին, էլ չեմ խոսում պետական կառավարման մնացած օղակների մասին։ Ղեկավարներ էին փոխվում, բայց այդ փոփոխությունը չէին հանգեցնում համակարգի մաքրմանը։ Դա ուղղակի անտրամաբանական էր, որովհետև համակարգային կոռուպցիան չի սահմանափակվել միայն քաղաքական վերնախավով։ Այդ համակարգային կոռուպցիան իրականացվել է, ապահովվել է հենց իմ նշած իրավապահ մարմինների աջակցությամբ, մասնակցությամբ և հիմա էլ դա կա։ Հիմա էլ կան ԱԱԾ-ի բարձրաստիճան ղեկավարներ, որոնք, ի դեպ, ոչ բոլորն են հայտարարագրերը ներկայացնում։ Երբ ես այդ մասին հայտարարեցի, ԱԱԾ-ն նույնիսկ հատուկ հայտարարություն տվեց իմ վերաբերյալ, որ ես ինչ-որ գծեր, սահմաններ եմ անցնում։ Զարմանալիորեն այդ ժամանակ քաղաքական իշխանությունը որևէ արձագանք չտվեց։ Սա որպես կշտամբանք ասեմ։ Երբ չկա համարժեք վերաբերմունքը նման մոտեցմանը, ապա բնականաբար, ունենալու էինք այն, ինչը հիմա վարչապետն իր խորհրդակցության ժամանակ ասաց։ Դա բնականաբար, պայմանավորված է համակարգային փոփոխություններ չկատարելով։
Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ վերջին 30 տարում պետությանը պատճառվել է միլիարդավոր դոլարների վնաս։
Հայաստանից ապօրինի ճանապարհով դուրս բերված միջոցները գնահատվում են 10 մլրդ դոլար, էլ չեմ ասում Հայաստանի ներսում մեր աչքի առաջ տեղի ունեցած թալանը, և այն, որ վարչապետը նշում է, որ չեն կարողանում արդյունավետ պայքար մղել կոռուպցիայի դեմ, ես պնդում եմ, որ ոչ թե չեն կարողանում, այլ չեն ցանկանում։ Գիտակցված անգործության են մատնված, որովհետև համակարգի աշխատողները հինգ մատի պես շատ լավ գիտեն, թե ով ինչ է արել։ Պարզապես այդ բացահայտողներից շատերը ներգրավված են այդ կոռուպցիոն սխեմաների մեջ։ Ես պարզ ասել եմ՝ անցեք ամեն մի մարզով, Երևանով, տեսեք, թե իրավապահ մարմինների նախկին ղեկավարներն ինչ ունեցվածք ունեն, ինչ բիզնեսներ ունեն, ինչ խանութներ ունեն, ինչ ծավալի ունեցվածք ունեն։
Այս 1,5 տարին բավարար չէ՞ր այդ ամենը բացահայտելու համար։
Բավարար էր, բայց ես պետք է հիշեցնեմ, որ մենք առաջարկում ենք վեթինգ։
Ասում են՝ սպասեք, արդեն արդարադատության նախարարությունը նախաձեռնել է, ներկայացրել է օրինագծերը։
Էլի սպասենք, բայց եթե ասում եք՝ սպասենք, մենք էլ սպասում ենք, բա էլ ինչի՞ց եք դժգոհում։ Իսկ եթե դժգոհում են, նշանակում է, որ իրենց առաջարկած վեթինգն ուշանում է։ Այստեղ անհամապատասխանություն կա ոչ թե մեր ասածի և սպասելիքի, այլ իշխանության դժգոհության և իշխանության քայլերի միջև։ Այնպես որ, պետք է դժգոհել ժամանակին չարած քայլերի համար։ Նույնը դատական իշխանության մասով կարելի է ասել։ Երբ մենք ասում ենք, որ դատական իշխանության շրջանակում կոռուպցիոն սխեմաները գործել են և վկայակոչում ենք մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի արտահերթ զեկույցը, դա արվել է շատ շուտ։ Ընդամենը պետք էր վերցնել, կարդալ և անցնել գործի։ Կոռուպցիայի վերաբերյալ բազմաթիվ հրապարակումներ են եղել նաև տարբեր լրատվամիջոցներում, մասնավորապես «Հետք»-ում։ Օֆշորային հայտնի սկանդալներ՝ պանամյան, կիպրոսյան, «Նաիրիտի» հետ կապված բազմաթիվ հրապարակումներ են եղել։ Այնպես չի, որ պետք է նոր բաներ բացահայտել, արդեն իսկ արձանագրված փաստերի ուղղությամբ քննություն իրականացնելու մասին է խոսքը։ Սա նշանակում է, որ իրապես այս համակարգը, որը պետության զավթման մասնակից, պատասխանատու համակարգ է, ինքը չի կարող բավարարել ժողովրդավարական և իրավական պետության պահանջներին համապատասխան թափանցիկ, հաշվետու կառավարման ձևավորման պահանջներին։ Շատ հրատապ, շատ արմատական ու կտրուկ փոփոխություններ են պետք այստեղ։ Այստեղ ժամանակի գործոնը շատ էական նշանակություն ունի հանրային վստահությունը պահպանելու տեսակետից։
Հիմա, երբ այս մասին բարձրաձայնվում է, ենթադրվո՞ւմ է, որ կոնկրետ քայլեր կիրականացնի իշխանությունը։
Ես չգիտեմ, ես իհարկե տեսնում եմ այդ ռազմավարությունները, բայց կան երկու մակարդակի՝ օպերատիվ նշանակության բովանդակային քայլեր և երկարաժամկետ քայլեր։ Օպերատիվը ես դեռ չեմ տեսնում։ Գիտե՞ք ինչն է խնդիրը, որ, ցավոք սրտի, պատշաճ ուշադրություն չի դարձվում հանրային ձայնին։ Խնդիրը բոլորովին այն չէ, որ ես եմ ասում կամ մեկ ուրիշը, խնդիրն այն է, որ մեր կողմից բարձրացված ձայնը փորձ արվեց լռեցնել այսպես կոչված քաղաքականացված խուլիգանների կողմից, որոնք թիրախավորեցին մեզ որպես սորոսականներ։ Դրանց էլ ուշ արձագանք եղավ։ Խնդիրն այն է, որ ժողովրդավարական և իրավական պետության զարգացման նպատակով արմատական փոփոխություններին միտված, դրան նվիրված ռեսուրսները քաղաքացիական հասարակության մոտ չեն։ Չպետք է թերագնահատել քաղաքացիական հասարակության ահազանգերը, պետք է ժամանակին արձագանքել և նաև ունկնդրել, ավելի բովանդակային համագործակցել այդ ուղղությամբ։