Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀԱՊԿ միջամտություն․ Հայաստանի այս գործողությունների հետ կապված անպայման հարցեր են ծագելու

January 8, 2022

Լրատվամիջոցները մեր մասին

Իրավապաշան Արթուր Սաքունցը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձավ ՀԱՊԿ կազմում Հայաստանից Ղազախստան խաղաղապահ ուժեր գործուղելու որոշմանը

 

«Ղազախստանում մարդիկ ընդվզել են ավտորիտար կառավարման դեմ։ Ցավոք սրտի, այդ ընդվզումն ուղեկցվում է որոշակի բռնություններով, որովհետև այն քաղաքական ուժերը, որոնք կարող էին այդ բողոքի ցույցերը գլխավորել ու կազմակերպել, նրանց բոլորին ոչնչացրել են, նրանց մի մասը ստիպված են եղել արտագաղթել երկրից։ Եվ այս պայմաններում Ղազախստանի ժողովուրդը մնացել է այդ ընդվզման հույսին, սա այն իրավիճակն է, որով մենք անցել ենք։ Այդ թվում՝ հենց Նիկոլ Փաշինյանն է եղել այդ ընդվզումների կենտրոնում։ Այդ պարագայում մասնակցել ժողովրդական ընդվզումը զինված ուժով ճնշելու գործողությանը, ժամանակին լինելով նույն ընդվզողների շարքում, որոնց դեմ Հայաստանում էլ զինված ուժեր են կիրառվել, դու հայտնվում ես Ռոբերտ Քոչարյանի կարգավիճակում։ Եվ եթե Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործ ես հարուցում, այդ դեպքում նույն քրեական գործը պետք է հարուցվի այդ զինված ուժերը կիրառողների դեմ, այդ թվում՝ ՀՀ վարչապետի», ասաց Սաքունցը։

 

Նրա խոսքով՝ սա արկածախնդրություն է, անպատասխանատվություն է ժողովրդավարության, ժողովրդական ընդվզման դեմ։ «Մենք տարիներ շարունակ ասում ենք, որ ավտորիտար կառավարման պետությունների ակումբում Հայաստանն ընդհանրապես անելիք չունի։ Հիմա ստացվում է, որ Հայաստանի կառավարությունը մի ձեռքով հանդես է գալիս որպես ժողովրդավարական, որին հրավիրում են ժողովրդավարական պետությունների գագաթնաժողովին, մյուս ձեռքով՝ հանձինս ՀԱՊԿ-ի, մասնակցում է հակաժողովրդավարական ամենախայտառակ գործողությանը։ Եվ այդ ավտորիտար պետությունների ակումբում թիվ մեկ դիրիժորը Ռուսաստանն է։ Այսինքն՝ դու ենթարկվում ես Պուտինի հիբրիդային պատերազմին, տվյալ դեպքում՝ արդեն ուղղակի ագրեսիային՝ ընդդեմ Ղազախստանի քաղաքացիների»,- հավելեց նա։

 

Իրավապաշտպանի խոսքով՝ Հայաստանի այս գործողությունների հետ կապված անպայման հարցեր են ծագելու՝ սկսած Եվրամիության կողմից Հայաստանին հատկացված 2․6 մլրդ եվրոյի աջակցության ծրագրի վերաբերյալ հարցերից, վերջացրած ՀՀ՝ որպես փոքր պետության, անվտանգության հետ կապված հարցերով։ «Ի վերջո դու մասնակցում ես մի պրոցեսի, որն արժեքային հենքով ամբողջովին հակասության մեջ է գտնվում քո հռչակած արժեքներին»,- հավելեց նա։

 

Ըստ Սաքունցի՝ Հայաստանը պետք է հստակ դիրքորոշում հայտներ, որ Ղազախստանում տեղի ունեցող զարգացումները գնահատում է որպես ժողովրդի ընդվզում, դա միայն Ղազախստանի ներքին գործն է, և արտաքին որևէ միջամտություն տվյալ դեպքում չի կարող ընդունելի լինել, որովհետև արտաքին որևէ ագրեսիա չկա։ Այսինքն՝ պետության ներսում տեղի ունեցող իրադարձությունները, որոնք առաջացել են այդ երկրի ժողովրդի ընդվզման արդյունքում, միայն այդ պետության ներքին գործերն են։ «Եթե դուք կարող եք աջակցել երկխոսությանը, ժողովրդավարական մեթոդների կիրառմանը, խնդրեմ, բայց ոչ թե զինված ուժով գնալ ճնշել։ Այսինքն՝ Ղազախստանում իրադարձությունների լուծման բանալին երկխոսությունն է, քննարկումներն են, բարեփոխումներն են, որի համար ՀԱՊԿ-ը գործիքակազմ չունի։ Եվ հիմա զինված ուժով գնալ, պահպանել Նազարբաևի կլանի դիրքերը, այն դեպքում, երբ Հայաստանում թավշյա հեղափոխության ժամանակ ժողովորդը դուրս եկավ այդ կլանի դեմ, որի արդյունքում դու եկել ես իշխանության, այդ դեպքում ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ դու պետք է սպասեիր, որ թավշյա հեղափոխության ժամանակ նույնպես պետք է ՀԱՊԿ զորքերը գային Հայաստա՞ն։ Ընդհանրապես այս քաոսային վիճակը, որն ստեղծվում է Հայաստանի կառավարության գործողությունների հետևանքով՝ հենց մեր արժեքային համակարգի առումով, մեր անվտանգության մարտահրավերների լուծման տեսակետից, սա շատ վատ է։ Այսինքն՝ մենք հայտնվում ենք փակուղային իրավիճակում։ Ո՞րն է մեր ապագան, որի  մասին ասում եք։ Ապագան Ղազախստանում ՀԱՊԿ զորքերի կազմում ագրեսիային մասնակցե՞լն է»,- նշեց նա։

 

Ըստ Արթուր Սաքունցի՝ ստացվում է, որ ժողովրդական ընդվզման դեմ զինված միջոցների կիրառման գործողությանը, որը նախաձեռնել է ՌԴ նախագահ Պուտինը, մասնակից է դառնում նաև ՀՀ իշխանությունը։ «Եվ ինքը Պուտինի չափ պատասխանատվություն է կրելու այդ ագրեսիայի համար։ Իսկ դրա հետևանքների մասին մտածե՞լ ենք, ենթադրենք զենքով ճնշեցին, բա հետագա ռեպրեսիաները քաղաքացիների, ընդդիմադիրների, իրավապաշտպանների, լրագրողների դեմ, որն անխուսափելի է լինելու, դրա պատասխանատվություն ո՞վ է կրելու։ Դու քեզ վրա պատասխանատվություն ես վերցնում նաև այդ ռեպրեսիաների համար։ Այսինքն՝ դու ամբողջությամբ դառնում ես բռնապետական կառավարման բովանդակությունը կրող։ Այդ դեպքում հարց՝ դա ենթադրո՞ւմ է, որ դու զերծ չես մնալու նման մեթոդների կիրառումից նաև Հայաստանում։ Սա շատ լուրջ մարտահրավեր է հենց Հայաստանի ժողովրդավարական ապագայի, անվտանգության տեսակետից։ Ի վերջո, պետք է ունենալ տարրական հասկացություն, որ փոքր երկրները նման գլոբալ գործողությունների մեջ չեն կարող ունենալ նույն որոշիչ մասնակցությունը, ինչպես խոշոր պետությունները, ինչպիսին տվյալ դեպքում հանդիսանում է Ռուսաստանը։ Մենք մասնակցել ենք միջազգային խաղաղասիրական առաքելությանը միջազգային մանդատի հիման վրա։ ՀԱՊԿ կողմից կատարվող այս գործողությունն ամբողջովին հակասում է միջազգային իրավունքի սկզբունքներին։ Եվ դու մասնակցում ես մի ավանտյուրայի, որի հետևանքները հենց Հայաստանի համար շատ ծանր են լինելու»,- ասաց նա։

 

lragir.am

Դիտումներ՝ 28

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????