Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Մատը մատիդ չես տալիս՝ երկրի անվտանգությունն ապահովելու համար, ենթարկվում ես Կրեմլի հրահանգներին

September 14, 2022

Լրատվամիջոցները մեր մասին

Պարոն Սաքունց, Բաքուն հարձակում է սկսել Հայաստանի դեմ՝ մի քանի ուղղություններով, ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը, ի՞նչ զարգացումներ են տեղի ունենում։

 

Ես միշտ ասել եմ, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը երաշխավորված չէ որևէ միջազգային մեխանիզմով և միջազգային իրավունքի նորմերով՝ կանխելու հնարավոր ոտնձգությունները։ Երկրորդը, ՀԱՊԿ-ը կամ Ռուսաստանը երբևէ չեն կարող հանդիսանալ Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորը։ Ավելին, ՌԴ կողմից միջազգային իրավունքի բոլոր նորմերի խախտումներով հարևան պետությունների՝ 2008 թվականին Վրաստանի դեմ, 2014 թվականին և 2022 թվականին՝ Ուկրաինայի դեմ ագրեսիաները կասկածի տակ են դնում, առ ոչինչ են դարձնում նման պետության հետ ցանկացած պայմանագիր, հատկապես անվտանգության նպատակներով կնքված պայմանագիր։

 

Ինչո՞ւ, որովհետև անվտանգության նպատակով կնքված նման պայմանագրի մի կողմը հենց սպառնալիք է հանդիսանում անվտանգությանը միջազգային իրավունքի տեսակետից։ Հետևաբար, չի կարող մի ձեռքով անվտանգության երաշխավորի պարտավորություն վերցնել, մյուս ձեռքով անվտանգության սպառնալիք հանդիսանալ։ Այսինքն՝ այդ պայմանագրերն արդեն իսկ առ ոչինչ են այդպիսի գործողությունների պատճառով։

 

Հաջորդը, մինչև հիմա Ադրբեջանը պահում է հայ ռազմագերիներին, իսկ միջազգային մարդասիրական իրավունքի ամենակարևոր դրույթ է՝ ռազմագերիներին անհապաղ պետք է վերադարձնել։ Անգամ այս տարրական խնդիրն այսօր լուծված չէ։ Այսինքն՝ չենք տեսել ու չենք տեսնում ջանքեր այս ուղղությամբ այդ եռակողմ հայտարարության կնքահոր կողմից։

 

Հաջորդը, պատերազմի հանցագործություններ կատարած երկիրը մնում է անպատիժ, ինքը շարունակում է անպատիժ գործողությունները և պատերազմական նոր հանցագործությունները։ Նկատի ունեմ առաջին հերթին հենց պուտինյան ռեժիմին, երկրորդ հերթին ալիևյան ռեժիմին, որը խախտեց միջազգային բոլոր նորմերը և պատերազմական հանցագործություններ կատարեց՝ ագրեսիա իրականացնելով ՀՀ և ԼՂ դեմ։ Այն դեպքում, երբ կոնֆլիկտի լուծումը միջազգային ինստիտուտի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործն էր, որն ստեղծվել էր միջազգային իրավունքի կարևոր սկզբունքների հիման վրա՝ ազգերի ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականությունը և  ուժի գործադրումից հրաժարվելու սկզբունքը։ Սրանք արձանագրումներ են, որի հիմա վրա արդեն ձևակերպվում է հարցը, թե ի՞նչ պետք է աներ Հայաստանը։

 

2013 թվականին Հայաստանը Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը չստորագրեց հենց Ռուսաստանի կողմից սպառնալիքի պայմաններում։ Այսինքն՝ Ռուսաստանը միշտ հանդիսացել է սպառնալիք ՀՀ ինքնիշխան որոշումների համար։ Փաստ է, որ ՌԴ-ն ոչ միայն ՀՀ, այլ հետխորհրդային պետությունների ինքնիշխանությանը ոչ թե երաշխավոր, այլ սպառնալիք է հանդիսանում։

 

Ի՞նչ պետք էր անել այս իրավիճակում։ 2018 թվականի հեղափոխությունը եզակի լեգիտիմություն տվեց իշխանությանը, որը, բացառությամբ անկախությունից հետո ստեղծված իրավիճակին, որևէ իշխանություն չէր ունեցել։ Այսինքն՝ հանրային վստահությունն ամենամեծ պոտենցիալն էր՝ մեր ինքնիշխանության դեմ սառնալիքներին դիմագրավելու համար։ Եթե նախկին իշխանությունները վերազգային կոռուպցիոն տարբեր մեխանիզմներով կապված էին և ենթարկվում էին Կրեմլին, ապա այս իշխանությունները չունեին այդ վիճակը։ Դա նշանակում է, որ պետք էր այս իշխանությունները դուրս գային ՀԱՊԿ-ից, ռուսական ռազմաբազան հեռացնեին Հայաստանի տարածքից և ինտեսնիվ ու բազմակողմ հարաբերություններ ձևավորեին միջազգային կառույցների ու պետությունների հետ, որոնք քաղաքակրթական զարգացման դաշտում են։

 

Մարդիկ պատրաստ էին իրապես արմատական փոփոխություններ անելու, արմատապես փոխելու ՀՀ անվտանգային հնարավորությունները և համակարգը։ Երբ դու դա չես անում, քո ներքին բարեփոխումները ուժեղ հարված են ստանում այն ռեժիմների կողմից, որոնց կենսական շահերին հակասում է այն իրավիճակը, որն ստեղծվել էր 2018 թվականին Հայաստանում։ Այսինքն՝ դու պետք է մտածես, որ քո անվտանգային ու զարգացման ռեսուրսները պետք է ձևավորվեն այլ համագործակցությունների շնորհիվ, այն, ինչ հիմա տեսանք Ուկրաինայի դեպքում։ Ուկրաինան չուներ այդ ռեսուրսները, բայց 2014 թվականից շարունակաբար բարեփոխումներ արեց և հիմա կարողացավ ոչ միայն դիմագրավել, այլ նաև հակահարձակման անցնել։

 

Այսօր, երբ Հայաստանի վարչապետն ասում է՝ փող ունենք, բայց չենք կարողանում զենք գնել, որովհետև մեկ այլ պետություն չի ուզում, դա խեղճության ակնհայտ վկայությունն է։ Այսինքն՝ դու ունես ռեսուրս, բայց այդ ռեսուրսդ չես կարողանում իրացնել քո անվտանգության համար։ Արձանագրել այս փաստն ու ներկայացնել որպես իրավիճակի բացատրություն, քիչ է, դա մենք էլ գիտենք, ի՞նչ ես անում, դու՝ այդ վիճակը փոխելու համար։

 

Եվ այս առումով միանշանակ է, որ այս պատերազմի սանձազերծումը ծրագրված է և Ռուսաստանի ռեժիմի թողտվությամբ է, որպեսզի հասնի իր աշխարհաքաղաքական նպատակին, այն է՝ Հայաստանը ամբողջությամբ ենթարկեցնելուն։ Նիկոլ Փաշինյանի կողմից բազմիցս հայտարարվել էր, որ Հայաստանի տարածքում «միջանցք» չի լինելու։ Այսինքն՝ այս հարձակումը հրահրված է, պլանավորված էր՝ հարվածելու համար ինքնիշխանության ցանկացած ձգտման։ Բայց դու հարցը պետք է դարձնես միջազգային իրավունքի ու կառույցների օրակարգի հարց, այնտեղ, որտեղ մեխանիզմներ են գործում, և դա տեսանք Ուկրաինայի օրինակով։

 

Հայաստանը դիմել է Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին՝ օգնության համար, ինչպե՞ս եք գնահատում սա։ Զուգահեռ դիմում է եղել նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։

 

Կրկնում եմ՝ Ռուսաստանի ու ՀԱՊԿ հետ պայմանագրերն առոչինչ են՝ զուտ Ռուսաստանի ռեժիմի ագրեսիվ գործողությունների պատճառով։ Այսինքն՝ դու հիմա դիմում ես Ռուսաստանին երկկողմանի պայմանագրի հիման վրա, և եթե Ուկրաինան Ռուսաստանի ագրեսիան սաստելու նպատակով նաև ոչնչացնում է ռուսական ռազմական կառույցները ՌԴ տարածքում, Հայաստանը ռուս-հայկական պայմանագրով գնալու է Ռուսաստանին աջակցելո՞ւ։ Գուցե Ռուսաստանը ստեղծում է այնպիսի իրավիճակ, որ ստիպված իրեն դիմես, հետո կասի՝ դու էլ կգաս ինձ կօգնես։

 

Ժամանակի ընթացքում չստեղծելով ինքնիշխանության անհրաժեշտ ռեսուրսներ, այսօր քո ինքնիշխանությունը ենթարկեցնում ես ագրեսոր պետության շահերի սպասարկմանը։

 

Ի՞նչ է իրենից ներկայացնում ՀԱՊԿ-ը, այդ կառույցն ի սկզբե ոչ արդյունավետ, բոլորովին այլ նպատակ հետապնդող կառույց է՝ ՌԴ կայսերական շահերն սպասարկելու համար։ Դա ՆԱՏՕ չէ, որտեղ կա քաղաքական կոնսենսուսի խնդիր։ Հայաստանի տարածքից 45 քառակուսի կիլոմետր պաշտոնապես օկուպացված է, ի՞նչ է արել ՀԱՊԿ-ը մինչև հիմա։ Ի՞նչ է արել Ռուսաստանն ըստ երկկողմ պայմանագրի, որ հիմա ինչ պետք է անի։

 

Այսինքն՝ այս հարձակման բուն նպատակն է՝ Հայաստանին ստիպել, որպեսզի դիմի Ռուսաստանի և ՀԱՊԿ օգնությանը, որոնք ոչ մի բան չեն անելու, բայց դիմելու փաստն օգտագործելու են՝ Հայաստանին ներգրավելու, օրինակ, Ուկրաինայի դեմ պատերազմին։ Դու ունե՞ս նման արկածախնդրությունը կանխող որևիցե ռեսուրս։ Ի՞նչ ես արել, որպեսզի թակարդի մեջ չհայտնվեիր։ Որպեսզի թակարդում չհայտնվեիր, կրկնում եմ, պետք է միջազգային համագործակցությունն ուժեղացնեիր Ֆրանսիայի, Շվեդիայի, ԱՄՆ-ի, այլ երկրների հետ։ Դու ասում ես՝ Իլհամն ասում է՝ եթե Հայաստանը փորձի իր զինված ուժերը վերականգնել, մենք թույլ չենք տալու։ Այս խոսքերը նոր չեն ասված, բայց դու ի՞նչ ես անում, որ այդ սպառնալիքը վերացնես։ Այսինքն՝ քանի որ սպառնում է, դու ոչինչ չես անո՞ւմ՝ վերականգնելու զինված ուժերը։

 

Թե՞ փորձում ես վերականգնել մի պետության հետ, որը քեզ զենք չի կարող վաճառել, որովհետև այդ զենքի կարիքը հիմա ինքն ունի։ Ոչ միայն զենք չի տրամադրում, այլև չի էլ թողնում այլ երկրներից զենք գնել։ Դա նշանակում է դու մատը մատիդ չես տալիս՝ երկրի անվտանգությունն ապահովելու համար, ենթարկվում ես Կրեմլի հրահանգներին։ Սա անգործությունը փաստող խոստովանություն է։ Մենք շարունակաբար ասել ենք, որ հարցը պետք է քննարկվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, բայց իշխանություններն ասում էին, թե անիմաստ է այնտեղ դիմելը։ Բա այսօրվա գործողությունն ինչո՞վ է պայմանավորված, ավելի շուտ պետք էր դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, և արդեն երկու տարի դուք անվտանգության խորհրդի մակարդակով ձևավորած կլինեիք մոտեցում, դիրքորոշում, օրակարգ, ջանքեր գործադրած կլինեիք, որպեսզի միջազգային խաղաղասիրական մեխանիզմները գործադրվեին։ Այսինքն՝ ցայտնոտային իրավիճակում հայտնվում ես, եթե գնահատած չես լինում սպառնալիքներն ու ռիսկերը և ըստ դրա չես նախապատրաստում քեզ՝ որպես պետություն, անհրաժեշտության դեպքում գործարկելու այդ ամենը։

 

Հանրապետական վերջին հարցումները ցույց տվեցին, որ հանրության մեծ մասը վստահություն չունի թե իշխանության, թե ընդդիմության նկատմամբ, սա օբյեկտիվ է։ Բայց սա ավելի շատ մտահոգիչ է, որովհետև պետք է անպայման լինի ինչ-որ ուժ, որը կունենա հանրային վստահություն։ Մենք այսօր խնդիր չունենք միայն յոլա գնալու, որովհետև 30 տարի է՝ յոլա ենք գնում։ Եվ այս իշխանությունը ՀՀ ինքնիշխանության և անվտանգության առումով ոչնչով չտարբերվեց նախորդ իշխանություններից՝ մնալով ՀԱՊԿ-ԵԱՏՄ այդ պայմանագրերի մեջ և Հայաստանը դուրս չբերելով այս գերությունից, պատանդի վիճակից։

 

2013 թվականին ԵԱՏՄ-ին միանալու որոշումը հիմնավորում էին անվտանգության հարցերով։ Հիմա էլ նույն անվտանգության նկատառումներով ասում են, թե ստիպված ենք ենթարկվել։ Սա մի իրավիճակ է, որը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը կմնա պատանդի վիճակում, քանի դեռ ՀՀ իշխանությունը կամ քաղաքական ուժերը ջանք չեն գործադրի դուրս հանելու երկիրն այս քաղաքակրթական փակուղուց, այս անարժանապատիվ վիճակից։ Այսօրվա իշխանությունը հավասարվեց նախկիններին՝ արտաքին քաղաքականության, ինքնիշխանության և անվտանգության հարցերի նկատմամբ մոտեցումներով, բացարձակապես նույնն են։ Պետք է շատ ինտենսիվ համագործակցել ժողովրդավարական պետությունների հետ և զարգացնել անվտանգության համակարգերը, զինված ուժերը վերականգնել, ոչ թե գնալ ՌԴ ԳՇ հետ համագործակցության։ Իրենք վերականգնող լինեին, իրենց զինված ուժերը կվերականգնեին։

 

lragir.am

Դիտումներ՝ 6

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????