Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Վարչապետի կոչը համարժեք չէ այն հնարավորություններին, որն ունեն կառավարությունն ու ԱԺ-ն

May 20, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Մեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը

 

Պարոն Սաքունց, Նիկոլ Փաշինյանը կոչ է արել արգելափակել հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը։ Ինչպե՞ս եք գնահատում, ինչի՞ կարող է հանգեցնել այս վիճակը:

 

Այն իրավիճակը, որը ստեղծվեց հատկապես Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի՝ կալանքի վերաբերյալ դատարանի որոշումից հետո, անխուսափելի էր, որովհետև մենք բազմիցս ենք ահազանգել, որ դատական իշխանությունում պետք են կտրուկ և արմատական փոփոխություններ։ Ինչու, որովհետև օրենսդիր և գործադիր մարմինների ձևավորումից հետո միակ ոչ լեգիտիմ իշխանության ճյուղը մնացել էր դատական իշխանությունը, և ունեինք խիստ վերապահումներ: Բայց, ցավոք, այդ ուղղությամբ քայլեր չարվեցին, ինչն էլ հանգեցրեց նման ճգնաժամի: Հասկանալով մարդկանց դժգոհությունը և նաև հիասթափությունը, այնուամենայնիվ, ես չեմ գտնում, որ սա է այն ճանապարհը, որով պետք է շարժվել, այսինքն՝ դատական իշխանության նկատմամբ գործողությունները պետք է լինեն միայն իրավական։ Մանավանդ որ ունենք լեգիտիմ ԱԺ, որը կարող է իրավական անհրաժեշտ գործիքակազմ ձևավորել, մասնավորապես զտելու դատական համակարգը այն բոլոր դատավորներից, որոնք ՄԻԵԴ-ի վճիռներով հաստատված է, որ ընդունել են անհիմն որոշումներ, հատկապես քաղաքական, սեփականազրկման գործերով։ Բայց, ցավոք սրտի, դա չարվեց և ունեցանք այն, ինչ անխուսափելի էր:

 

Հիմա ուշ չէ անելու այն քայլերը, որոնք վաղուց պետք է արվեին, ավելին՝ դա անհրաժեշտություն է: Քոչարյանի հետ կապված դատական նիստը ցույց տվեց, որ դատական իշխանությունը բոլոր կողմերից չունի վստահություն, թե պաշտպանական կողմից, թե հանրության կողմից, և նման վստահության բացակայության պայմաններում մարդիկ գտնում են միջոց միայն ցույցեր, ակցիաներ կազմակերպելով, դատարանի վրա ազդելով, որ դրա միջոցով հասնեն արդարադատության իրականացման, այսինքն՝ արտադատարանական մեթոդներով արդարադատության իրականացմանը։

 

Այն, որ գործադիր իշխանությունը հրաժարվել է դատական իշխանության նկատմամբ քաղաքական թելադրանքից, դա փաստ է, բայց այն, որ դատական իշխանությունը դեռևս անկախ չէ իր որոշումներում և արդեն նոր իրավիճակներում չի կարող լուծել իրավական խնդիրներ, դա պարզ է: Ուղղակի ինձ ապշեցնում է հետևյալը, որ դատարանների մոտ հավաքվելու վարչապետի կոչը համարժեք չէ այն հնարավորություններին, որն ունեն այսօրվա գործադիր իշխանությունն ու Ազգային ժողովը: Դրա հետ կապված այնպիսի կառույցներ, այնպիսի կուսակցություններ, այնպիսի անհատներ են մտահոգություններ արտահայտում, որոնք ուղղակիորեն մասնակից են եղել այդ նույն դատական անկախությունը ոչնչացնելու գործում։ Ավելին, նրանք ընդհանրապես պատասխանատու են այն իրավիճակի համար, որը ստեղծված է դատական իշխանությունում: Ժամանակին նախկին մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի կողմից հայտնի հատուկ զեկույցը, որն այսօրվա մտահոգների իշխանության օրոք էր, խիստ քննադատության արժանացավ, ինչի արդյունքում Անդրեասյանը ստիպված էր մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը թողնել պաշտոնը։

 

Կարծում եք՝ դատարանների շենքերը շրջափակելը ճիշտ որոշում չէր, քանի որ այսօրվա իշխանությունը և Նիկոլ Փաշինյանը անսահմանափակ իշխանությո՞ւն ունի։

 

Եթե նա անսահմանափակ իշխանություն ունենար, այլ մեթոդների կդիմեր։ Ես կարծում եմ, որ պետք է օգտագործել օրենսդրական և իրավական լծակները։ Այսինքն՝ այն, ինչ ժամանակին չարվեց օրենսդրական փոփոխությունների, իրավական գործընթացների առումով, դրա փոխարեն փորձում է այն մեթոդներին գնալ, որոնք ես կարծում եմ ոչ արդյունավետ են։

 

Պատճառն այն էր, որ անցումային արդարադատություն ուշացա՞վ:

 

Հիմնական պատճառն այն է, որ դատական իշխանությունը լեգիտիմություն չունի: Հիշենք ԲԴԽ-ն ինչպես ձևավորվեց։ Փաստորեն, ԲԴԽ նախագահ ընտրվեց Գագիկ Հարությունյանը, որը մինչև իր ՍԴ նախագահի լիազորությունների ժամկետի լրանալը ժամկետից շուտ հրաժարական տվեց, և Սերժ Սարգսյանը նրան նշանակեց ԲԴԽ նախագահ։ Այսինքն Սերժ Սարգսյանը դատական իշխանությունը ձևավորել էր իր նախագահական ժամկետը լրանալու և վարչապետական կառավարման անցնելու պահանջներին համապատասխան և իր իշխանությանը սպասարկելու նպատակով։ Այսօր չկա Սերժ Սարգսյանի իշխանությունը, բայց իր կողմից ստեղծված այդ գործիքը կա, որն ամենևին չի կարող համապատասխանել այս նոր իրավիճակին և նոր խնդիրների լուծմանը։ Ես նկատի ունեմ դատական իշխանության անկախության խնդիրները։

 

Այսօրվա իշխանությունը նման բարձրագույն դատական խորհրդի և դատական իշխանության ծառայություններից օգտվելու նպատակը չունի։ Դրա համար իրենք անցել են ինքնաբավ, ինքնասպասարկման ռեժիմի, բայց միաժամանակ ստիպված են լուծելու այնպիսի խնդիրներ, որոնք նոր ժամանակներն են առաջադրում և ունակ չեն այդ խնդիրները լուծելու։ Նրանք ավելի շատ թելերով կապված են հենց նախորդ իշխանություններին։ Դատական իշխանության գերակշիռ մասը նշանակվել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք, և այդ կախվածությունը խոչընդոտում է դատական իշխանության բնականոն գործունեությանը։

 

Բարձրագույն դատական իշխանության հրաժարականը կլինի իրավիճակին համարժեք լուծո՞ւմ։

 

Ես կարծում եմ՝ իրենք պետք է հրաժարական տան, առաջին հերթին ԲԴԽ-ն: Եվ եթե իրենք ունեն գոնե մեկ կաթիլ պատասխանատվություն պետության առջև, ապա նրանք պետք է հրաժարական տան շատ պարզ պատճառով, որ իրենք այլևս չեն կարող ապահովել դատական իշխանության բնականոն գործունեությունը։

 

lragir.am

Դիտումներ՝ 1047

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????