Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ԵՄ դիտորդական առաքելությունը վարկաբեկելու փորձերը նպատակ ունեն պահպանել Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի գաղութատիրական մոտեցումները

February 22, 2023

Լրատվամիջոցները մեր մասին

Պարոն Սաքունց, փետրվարի 20-ին ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում սկսեց իր առաքելությունը։ Եվրամիության այս որոշումն ինչպե՞ս եք գնահատում։

 

ԵՄ դիտորդական առաքելությունը սահմանային լարվածությունը կանխելու, Ադրբեջանի կողմից հնարավոր ագրեսիաները զսպելու կարևոր ինստիտուտներից է։ Եվ ըստ էության այն Հայաստանի անվտանգային ճարտապետության կարևոր բաղկացուցիչ մասերից մեկը կհանդիսանա, որը գործելու է բացառապես միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա։ Եվ այն միջազգային ամենակարևոր ներկայությունն է անվտանգության խնդիրների լուծման առումով։ Հաշվի առնելով Ռուսաստանի և Վրաստանի սահմանին և բաժանարար գծում ԵՄ դիտորդական առաքելության փորձը՝ կարող եմ վստահաբար ասել, որ ինքն իրապես լինելու է արդյունավետ։ Այսինքն՝ դա փորձով է հիմնավորվել։

 

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայից հետո կար որոշակի մտահոգություն, որ կարող էր իրավիճակը թեժանալ կամ որոշակի լարվածություն առաջանալ նաև վրաց-ռուսական սահմանին։ Բայց հենց Եվրամիության երկարաժամկետ դիտորդական առաքելության և ներկայության փաստը կանխեց այդ լարվածության օջախները։ Եվրամիության դիտորդները ոչ միայն զուտ դիտում են, այլ նաև ամեն հնարավոր խնդիրների առաջացման դեպքում օգտագործում են երկխոսության մեթոդը։ Եվ, ըստ էության, ձևավորվում է հնարավոր խնդիրների լուծման կանխարգելիչ մեթոդը, որը հնարավորություն է տալիս կանխելու այդ խնդիրների պատճառով հնարավոր լարվածությունները։

 

Կարծում եմ, որ Ադրբեջանը ժամանակի ընթացքում ստիպված է լինելու հաշտվել ոչ միայն ԵՄ դիտորդական առաքելության ներկայության հետ, այլ նաև ստիպված է լինելու պատասխանել որոշակի հարցերի և համագործակցել այդ առաքելության հետ։ Այնպես որ, ես ողջունում եմ եվրոպական դիտորդական առաքելության մեկնարկը ավելի երկար ժամկետով և ավելի մեծ թվով։ Եվ ամենակարևորն այն է, որ դա չզինված առաքելություն է։ Այսինքն՝ ոչ թե զենքի միջոցով է իր խաղաղապահ առաքելությունն իրականացնում, այլ հենց դիտորդությամբ։ Այո, սա խաղաղապահ առաքելություն է, քանի որ խաղաղապահ առաքելությունը միայն չի ենթադրում զինված ուժեր։ Այս առաքելությունը լարվածության կանխման կարևոր ինստիտուտներից մեկն է, որը, կրկնում եմ, արդեն իր արդյունավետությունը ցույց է տվել վրաց-ռուսական սահմանին։

 

ԵՄ այս որոշումից հետո Ռուսաստանի տարբեր պաշտոնյաներ, այդ թվում՝ ՌԴ ԱԳՆ-ն սպառնալից հայտարարություններ արեցին, ինչպե՞ս եք գնահատում դա։

 

Բոլոր այն կարծիքները, դիրքորոշումները, որոնք կփորձեն վարկաբեկել կամ նվազեցնել Եվրամիության դիտորդական առաքելության դերը, բոլոր նման դիրքորոշում ունեցողները հանդես են գալիս Հայաստանի Հանրապետության անվտանգության խնդիրների լուծման դեմ։ Նրանք քաղաքակիրթ և միջազգային իրավունքի հիման վրա ինստիտուցիոնալ մոտեցմանը դեմ են։ Եվ հաշվի առնելով նաև 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակում Հայաստանի այսպես կոչված ռազմավարական դաշնակցի և նաև ՀԱՊԿ կոչեցյալի վարքագիծը, որը չկանխեց մարտահրավերները և սպառնալիքները, ԵՄ առաքելությունը գալիս է ցույց տալու, թե ինչպիսին պետք է լինի իրական ու բովանդակային անվտանգությունը։

 

ԵՄ դիտորդական առաքելությանը վարկաբեկելու ու դեմ արտահայտվելու բոլոր փորձերը նպատակ ունեն պահպանելու Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի ակնհայտ գաղութատիրական ու իմպերիալիստական մոտեցումները, վերահսկողությունը և շարունակելու կախվածության մեջ պահել Հայաստանին։ Սա է ամբողջ միտումը, որում առաջին հերթին շահագրգիռ են Ռուսաստանը և Իլհամ Ալիևի ռեժիմը, որի ոտնձգությունների և սպառնալիքների կանխման ուղղությամբ ոչ ՀԱՊԿ-ը, ոչ էլ Պուտինյան ռեժիմը մատը մատին չտվեցին։ Եվ հիմա ԵՄ դիտորդական առաքելության իրականացումը փաստելու է այդ անվտանգության բարձիկների ու մեխանիզմների սնանկությունը։ Եվ դրանից ավելի են սարսափած, որովհետև նրանք չէին ուզում, որ Հայաստանն ունենար իր անվտանգությունն ապահովելու որևէ այլընտրանք։ Իլհամ Ալիևն արդեն ստիպված է լինելու գործ ունենալ Եվրամիության հետ, որի հետ հաշվի չնստել չի կարող։ Նմանապես նաև Ռուսաստանը, որովհետև ԵՄ և անդամ երկրների կողմից այն պատժամիջոցները, որոնք կիրառվել են Ռուսաստանի Դաշնության դեմ Ուկրաինայի նկատմամբ ագրեսիայի պատճառով, իրենց արդյունավետությունը ցույց են տվել։ Եվ ՌԴ-ն ոչինչ չի կարող անել այդ պատժամիջոցների դեմ։

 

Այնպես որ, ի դեմս Եվրամիության դիտորդական առաքելության՝ ՌԴ-ն տեսնում է վտանգ իր գաղութատիրական ու իմպերիալիստական նպատակներին և շատ մտահոգված է այդ առումով։ Բայց, կներեք, Հայաստանը մատաղացու չէ և չպետք է լինի այն պետությունը, որն անընդհատ պետք է գտնվի ՌԴ իմպերիալիստական շահերի իրականացման զոհի կարգավիճակում։

 

Սա առավել քան ցույց է տալիս, թե ովքեր են իրականում Հայաստանի Հանրապետության ու նրա քաղաքացիների անվտանգության ապահովման շահագրգիռները և ովքեր են դրա դեմ հանդես եկողները։ Պետք է նաև արձանագրեմ, որ եթե ՀՀ իշխանությունները հեղափոխությունից հետո գնային իրապես միջազգային իրավունքի ու ինստիտուտների ներկայությունն ապահովելու, նրանց հետ համագործակցություն ձևավորելու ճանապարհով, հնարավոր կլիներ կանխել 2020 թվականի պատերազմը։ Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների արժանապատիվ անվտանգության ապահովման ջատագովներն ամեն ջանք պետք է գործադրեն, որպեսզի աջակցեն ԵՄ դիտորդական առաքելությանը և խորացնեն այդ համագործակցությունը ԵՄ և նրա անդամ պետությունների հետ։ Սա է ճանապարհը։

Դիտումներ՝ 219

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????