Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ռուսաստանը սպառնացել է, որ Հայաստանը չդիմի ՄԱԿ Անվտանգության խորհուրդ

June 29, 2021

Լրատվամիջոցները մեր մասին

Lragir.am-ի զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը

 

Պարոն Սաքունց, արդեն մոտ 8 ամիս է անցել, բայց հայ գերիների վերադարձը, որը սահմանված է նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթով, տեղի չի ունենում։ Մյուս կողմից, սահմանային անվտանգության խնդիրները չեն լուծվում։ Ընդհանրապես, Հայաստանը պե՞տք է շարունակի մնալ այս եռակողմ պայմանավորվածությունների շրջանակներում, թե՞ այլ քայլեր պետք է արվեն։

 

Արձանագրում ենք երկու ամենասուր ու ամենածայրահեղ սպառնալիքները՝ ուղղված ՀՀ քաղաքացիների կյանքին, անվտանգությանը ու նրանց իրավունքներին։ Առաջինը, դա ռազմագերիների հարցն է, նրանք շարունակում են մնալ Ադրբեջանում։ Երկրորդ, սահմանային անվտանգության հարցը, որը նույնպես շարունակում է մնալ չլուծված։

 

Ռազմագերիներին անվերապահ վերադարձնելու խնդիրն ուղղակի ամրագրված է այդ եռակողմ հայտարարությամբ։ Եվ փաստորեն 8 ամիս անց այդ խնդիրը լուծված չէ։ Սա փաստ է, և ոչ մեկը՝ ոչ Հայաստանում, ոչ Բրյուսելում, ոչ Մոսկվայում, ոչ այլ տեղ չի կարող հերքել այն պարզ ճշմարտությունը, որ եռակողմ համաձայնագրով վերցված պարտավորությունը՝ ռազմագերիների ու գերիների անվերապահ վերադարձի վերաբերյալ, չի լուծվում։ Ավելին, ոչ միայն մարդկանց նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում են իրականացնում, այլ նաև հրապարակավ այդ քրեական ապօրինի գործերն են ի ցույց դնում։ Բացի այն, որ անազատության մեջ գտնվելու պայմաններում, ելնելով բազմաթիվ փաստերից, կարող ենք ասել, որ նրանց արժանապատվությունն է վտանգի տակ, այլ նաև ապօրինի քրեական հետապնդմամբ կրկնակի տառապանք են հասցնում ոչ միայն գերիներին, այլ նաև նրանց հարազատներին։ Սա ուղղակի ոչ միայն ոչնչացնում է այդ եռակողմ համաձայնագրի ամբողջ նշանակությունը՝ որպես պատերազմական գործողությունների դադարեցում ու վերադարձ դեպի մարդասիրական խնդիրների լուծում, այլ նաև հանդիսանում է գործիք, որի միջոցով ճնշում է գործադրվում, անվտանգության տեսանկյունից անվստահություն է ձևավորվում ՀՀ քաղաքացիների մոտ։

 

Ո՞վ է եռակողմ համաձայնագրի, այսպես կոչված, կնքահայրը, երաշխավորը։ Արդեն իսկ այդ մասին հրապարակավ հայտարարել է ինքը՝ Վլադիմիր Պուտինը, որ ինքն է իր ձեռքով գրել այդ փաստաթղթի տեքստը, որը համաձայնեցրել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ։ Եթե ինքը կարողացել է համաձայնեցնել ու պարտադրել, ուրեմն ինքը գնահատել է, որ ունի պատշաճ կարողություն և ստացել է լիազորություն՝ լուծելու այդ խնդիրը։ Այստեղից հաջորդ տրամաբանական քայլը, որն արդեն վերաբերում է Հայաստան-Ռուսաստանի Դաշնություն ռազմավարական դաշնակցային հարաբերություններին, որի շրջանակներում ՌԴ-ն հանդես է գալիս որպես նաև ՀՀ և նրա քաղաքացիների անվտանգության երաշխավորը։ Ես նույնիսկ չեմ էլ անդրադառնում ՀԱՊԿ-ին, որը ենթադրում է ինչ-որ ընթացակարգեր։ Բայց ինքնին երկկողմանի միջպետական պայմանագրով նախատեսված գործառույթների մեջ մտնում է նաև պատասխան տալ այն մարտահրավերներին ու սպառնալիքներին, որոնք այս պահին գոյություն ունեն ՀՀ և նրա քաղաքացիների հանդեպ նոր ձևավորված հայ-ադրբեջանական բաժանարար գծում։ Անվտանգային այս խնդիրը չի լուծվում այդ միջպետական պայմանագրով։ Էլ չեմ խոսում այն մասին, որ ՌԴ-ն ունեցել է պատերազմական գործողությունները կանխելու, չվերսկսելու հնարավորությունը, որը չի արել, դա փաստ է։

 

Այսինքն՝ մեր ամբողջ անվտանգային համակարգը՝ այդ փաստաթղթերով հանդերձ, չի աշխատում։ Ռազմագերիները շարունակում են մնալ Ադրբեջանում, և շարունակում են ադրբեջանական զորքերը մնալ Հայաստանի տարածքում ու սպառնալ ՀՀ քաղաքացիների անվտանգությանը։

 

Հետևաբար, այս պայմաններում ի՞նչ քայլեր պետք է անի Հայաստանը։

 

Հետևաբար, ուղղակի անմտություն է շարունակել հույս կապել չգործող անվտանգային համակարգի հետ, եթե չասեմ՝ Հայաստանի իշխանությունների կողմից ուղղակի անպատասխանատու վերաբերմունք իր քաղաքացիների հանդեպ։ Քանի որ արտահերթ ընտրություններով վերահաստատվեց վստահությունը, սա բավական լուրջ, եթե չասենք, միակ լեգիտիմ պաշարն է, հիմքը, որը ներկա իշխանությանը կամ պառլամենտական մեծամասնությանը պարտավորեցնում է քայլեր ձեռնարկել եռակողմ համաձայնագրից դուրս, երկկողմանի միջպետական պայմանագրից դուրս, կոլեկտիվ անվտանգության պայմանագրից դուրս, այլ կառույցների ու ռեսուրսների ներգրավմամբ լուծելու անվտանգային չլուծված խնդիրները։

 

Այդ թվում՝ Արցախի խնդիրը։

 

Այո, բնականաբար, այդ թվում՝ Արցախի խնդիրը։ Եթե Հայաստանը չի կարողանում իր անվտանգային խնդիրները լուծել, ինքը չի կարող հայտ ներկայացնել կամ շարունակել լուծել Արցախի բնակիչների անվտանգային խնդիրները, որոնք դե ֆակտո և դե յուրե հանձնված են ռուսական կողմին։

 

Այն վստահությունը, որն ունի իշխանությունը, իրեն պարտավորեցնում է այդ եռակողմ համաձայնագրից դուրս, երկկողմ պայմանագրերից ու ՀԱՊԿ-ից դուրս միջոցներ, ջանքեր, քայլեր ձեռնարկել՝ անվտանգային խնդիրները լուծելու համար։ Ինչո՞ւ, որովհետև արձանագրված է, որ Հայաստանն այդ եռակողմ համաձայնագրով սահմանափակված է, վերացված է ՀՀ միջազգային սուբյեկտայնությունը։ Եվ, ինչպես ռազմագերիներն են պատանդի վիճակում Ադրբեջանում, այնպես էլ ՀՀ-ն է պատանդի վիճակում մնալու եռակողմ փաստաթղթի շրջանակներում։ Սա այնքան ակնհայտ է, որ որևէ հակափաստարկ, որևէ պատճառաբանություն ոչ միայն հնարավոր չէ ներկայացնել, այլ նման փորձերը միայն մեկ նպատակ կարող են ունենալ՝ Հայաստանը և նրա քաղաքացիներին շարունակել պահել պատանդի վիճակում։

 

Իսկ միջազգային սուբյեկտայնությունը կարող է վերականգնվել, եթե Հայաստանն այս փակուղուց դուրս գա։ Դա ՄԱԿ-ն է, որի անվտանգության խորհրդին հարցը ներկայացնելու հնարավորությունը կա։ Եվ ես լավ գիտեմ, որ Ռուսաստանի Դաշնությունն ուղղակի սպառնացել է, որ Հայաստանն այդ քայլը չանի։ Եվ այդ սպառնալիքի փաստը նաև հիմնավորում է, որ ՌԴ-ն քո անվտանգության երաշխավորը չի կարող հանդիսանալ, երբ մի ձեռքով չի ապահովում քո անվտանգությունը, մյուս ձեռքով քեզ փորձում է զրկել ինքնուրույն գործելու ու որոշումներ կայացնելու հնարավորությունից։ Բայց արդեն այս ընտրություններից հետո նման որևէ պատճառաբանություն, թե Կրեմլը սահմանափակում է, թույլ չի տալիս, ոչ թե անիմաստ է, այլ անթույլատրելի։ Ավելին, դա նշանակում է չգնահատել այն, ինչ ունես։ Այդ լեգիտիմության հիմքերը քեզ տալիս են ազատ գործելու լիարժեք հնարավորություն, ոչ թե շարունակել մնալ պատանդի վիճակում պահող եռակողմ այդ փաստաթղթի մեջ։ Եվ եթե իշխանությունը դա չանի, ապա ինքն անելիք չունի։ Չնայած, ԱԺ-ում ներկայացված մյուս ուժերի համար ՀՀ միջազգային սուբյեկտայնությունը որևէ նշանակություն չունի, նրանք հենց այդ պատանդի կարգավիճակի կողմնակիցներն են։

 

Զուգահեռ հետևյալ գործընթացը պետք է լինի՝ անվտանգության երաշխավորման համար հրատապ ու անհրաժշետ է սեփական ռեսուրսների վերակազմավորումը։ Ես նկատի ունեմ ոչ միայն մեր զինված ուժերը, այլ նաև Ազգային անվտանգության ծառայությունը, իրավապահ համակարգը, դրանք պետք է վերակազմավորել՝ համապատասխանեցնելու համար նոր մարտահրավերներին։ Եվ այդ վերակազմավորման գործընթացում հենց այդ միջազգային համագործակցությունը պետք է ձևակերպել, ոչ թե էլի մնալ ձախողված ուժերի հույսին կամ նրանց հետ համագործակցության միջոցով այդ խնդիրը լուծել։

 

Այն, որ ներկայում Զինված ուժերի վերակառուցման գործընթացում մասնակից են դարձնում ՌԴ գլխավոր շտաբին, դա արդեն լուրջ մարտահրավեր է։ Դա ինքնուրույնության ու արդյունավետության երաշխիք չի կարող հանդիսանալ։ Մենք արդեն իսկ ունեինք ՌԴ հետ հակաօդային միասնական պաշտպանություն, միասնական զորամիավորում, ոչ մեկը չի գործել։ Հետևաբար, նույն փակուղում մնալն անիմաստ է և վտանգավոր։

 

lragir.am

Դիտումներ՝ 39

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????