Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Լազարևյան ակումբի հավաքն ուղղակի խայտառակություն է, նման հավաք ես չեմ պատկերացնում, որ հետխորհրդային որևէ երկրում կարող էր լինել

October 29, 2022

Լրատվամիջոցները մեր մասին

Lragir.am-ի զրուցակիցն է իրավապաշտպան Արթուր Սաքունցը

 

Պարոն Սաքունց, Սոչիում կայանալիք հանդիպումից առաջ Պուտինը հայտարարություններով հանդես եկավ՝ նշելով, որ նախկինում Հայաստանին առաջարկել են տալ 5 շրջանը, սակայն Հայաստանի ղեկավարությունն այլ ճանապարհ է որդեգրել։ Ի՞նչ նպատակ ունեն այս հայտարարությունները։

 

Մենք գիտենք, որ Սերժ Սարգսյանը հրապարակային մի քանի անգամ ասել է, որ հինգ շրջանների վերադարձի հետ իրենք համաձայն են եղել, բայց ադրբեջանական կողմն ավելին է պահանջել, և չի հաջողվել այդ համաձայնությունն իրագործել։ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ բոլորովին այլ մոտեցումներ էին՝ տարածքային փոխանակման տարբերակներից սկսած։ Բայց չգիտենք, թե Նիկոլ Փաշինյանի օրոք հինգ շրջանների վերադարձի հետ կապված ինչպիսի մոտեցում է եղել։ Ես ինչքան հասկանում եմ՝ նույնպես համաձայնություն չի եղել ադրբեջանական կողմի հետ։ Բայց այդ համաձայնությունների չկայացման պատճառները պետք է հստակ ձևակերպենք։ Ադրբեջանական կողմի հետ անցած տարիներին, կարծում եմ՝ հիմա էլ որևէ խոսակցություն՝ փոխզիջումների հիման վրա կոնֆլիկտի լուծման տարբերակով, իրական չէ։ Ռեժիմը, որն իր էությամբ բռնապետական է, հակված չէ զիջումներով որոշումների կայացմանը, որովհետև դա չի բխում իր բնույթից։ Մյուս կողմից էլ այսպես կոչված այդ համաձայնությանն իբր նպաստողի դերում հանդես եկող Ռուսաստանը չէ այն պետությունը, որը կարող է փոխզիջման տարբերակն օգտագործել։ Ցանկացած փոխզիջման հիմքում պետք է լինեն արժեքային սկզբունքներ՝ միջազգային իրավունքի հիման վրա։ Դա մարդու իրավունքներն են, ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականությունը, առանց ուժի սպառնալիքի խնդրի խաղաղ կարգավորման սկզբունքը, այս բոլոր սկզբունքները ոտնահարվեցին։ Եվ Մինսկի խմբի համանախագահ հանդես եկող պետությունը ոչ միայն ինքը հովանավորեց այդ սկզբունքների ոտնահարումն Ադրբեջանի կողմից, այլ նաև ինքն է հանդես գալիս այդ սկզբունքների ոտնահարողը։ Այդ թվում՝ հարևան պետությունների հետ հարաբերություններում է այդպես վարվում Ռուսաստանը, ինչը տեսնում ենք Ուկրաինայի դեմ ագրեսիայի օրինակով։

 

Այսինքն՝ թե բանակցող կողմի, թե այդ բանակցություններին իբր աջակցողի համար խնդրի կարգավորումն ունի բոլորովին այլ բովանդակություն, քան միջազգային իրավունքն է։ Նրանք ելնելու են իրենց ռեժիմի շահերից, իրենց ազդեցությունը ոչ միայն ամրապնդելու, այլ նաև մեծացնելու շահերից։ Մենք դա տեսնում ենք Հայաստանին տարբեր միջանցքներ պարտադրելու օրինակով։ Այսինքն՝ սրանք այն կողմերը չեն, որոնք կարող են արժանապատիվ համաձայնության աջակից կամ կողմ լինել, մանավանդ այս երկուսի կողմից ոտնահարվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, որը միջազգային մարմին է։ Եվ պատերազմի արդյունքով նրանք Մինսկի խմբի եռակողմ ձևաչափը փոխարինեցին մեկ այլ ձևաչափով՝ հանձինս նոյեմբերի 9-ի հայտարարությունն ստորագրած կողմերի։ Եվ նաև չորրորդ կողմին ներառեցին՝ Էրդողանի ռեժիմին, որը դե ֆակտո կա, դրա ապացույցն է Ակնայում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը։ Այսինքն՝ գործ ունենք երեք բռնապետական ռեժիմների կողմից նոր ժողովրդավարական ուղին բռնած Հայաստանի դեմ ճնշման փաստի հետ։ Մենք նման տիպիկ օրինակ տեսել ենք Ուկրաինայի դեպքում՝ 2014 թվականին սանձազերծած պատերազմով։ Դա տեղի ունեցավ, երբ Ուկրաինայի ժողովուրդը հանդես եկավ ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրման օգտին։ Այսինքն՝ այստեղ ուզում եմ նշել շատ կարևոր կարմիր գիծ, որ մենք գործ ունենք ռեժիմների հետ, որոնց համար ժողովրդավարության ուղղությամբ ցանկացած քայլ բովանդակային տեսակետից անընդունելի է։

 

Ի դեպ, շատ հետաքրքիր է, որ այն առաջարկները, որոնք ի սկզբանե կային՝ փոխզիջումային տարբերակը, դրանք հետագա 20 տարիների ընթացքում չեն հերքվել։ Չնայած հայտարարել են, որ ոչ մի զիջում չի լինի, բայց ստացվում է, որ Կազանում էլ են համաձայնվել այդ փոխզիջումային տարբերակին։ Եվ տակը մնում է այն, որ 1998 թվականի փետրվարի 3-ի հեղաշրջման բուն նպատակը իշխանությունը վերցնելն էր։ Դա համընկնում է Պուտինի իշխանության գալու հետ։ Այսինքն՝ ժամանակի ընթացքում ավտորիտար և բռնապետական կառավարման տենդենցներն ուժեղացան և Ադրբեջանում, և Ռուսաստանում, և Թուրքիայում։ Եվ երբ Հայաստանում քաղաքացիները քայլ կատարեցին՝ պետության զավթումից ազատագրվելու ու ժողովրդավարական ճանապարհ ընտրելու համար, խոսքս հայ ժողովրդի մասին է, դա լուրջ հակահարված ստացավ։ Եվ այստեղ մենք բավական բարդ իրավիճակում ենք։ Եթե մնում ենք այդ եռակողմ հայտարարություն+1 (Թուրքիա) ձևաչափում, ապա մեր ռիսկերը շատ ավելի մեծ են։ Վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանի իշխանության կողմից ակտիվ քայլերը՝ Եվրամիության, ԱՄՆ հետ համագործակցելու ուղղությամբ, այսինքն՝ այդ փակուղուց դուրս գալու քայլերը այնքան մեծացրեցին Հայաստանի սուբյեկտայնությունը, որ Ուկրաինայի ագրեսիայի մեջ թաղված պուտինյան ռեժիմը որոշեց ժամանակ հատկացնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցին։ Եվ նրա ակտիվությունը միայն մեկ նպատակ ունի՝ վերականգնել, ամրապնդել իր ազդեցության գործիքները և խոչընդոտել Հայաստանի սուբյեկտայնությունը ձևավորող գործընթացները։ Եվ այստեղ բավական լուրջ սպառնալիքների հետ գործ ունի թե պետությունը, թե իշխանությունը, որովհետև ես չեմ բացառում տարբեր ոտնձգություններ։

 

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանը սեպտեմբերի սկզբին համաձայնել է աշխատել ՌԴ կողմից ներկայացված հիմնական սկզբունքների և պարամետրերի հիման վրա և պատրաստ է դա հաստատել Սոչիում։ Ինչպե՞ս եք գնահատում այս դիրքորոշումը։

 

Ռուսաստանի առաջարկների էությունը հետևյալն է՝ հասնել նրան, որ Հայաստանի իշխանությունը համաձայնի Մեղրիով միջանցք տրամադրել, որի հսկողությունը հանձնվում է ՖՍԲ-ին։ Այսինքն՝ այդ առաջարկի իմաստը Հայաստանի ինքնիշխանության սահմանափակումն է Ռուսաստանի կողմից՝ Ալիևի ռեժիմի ձեռքերով։ Առաջին հայացքից շահառու է հանդիսանում Ադրբեջանը, բայց դե ֆակտո ու դե յուրե շահառու հանդես է գալիս Ռուսաստանը։ Արցախի հարցում ևս, ասելով,  որ կարգավիճակի հարցը պետք է թողնել ապագային, իրական շահառուն Ռուսաստանն է, որովհետև հանձինս Արցախում տեղակայված խաղաղապահ ուժերի՝ ինքն ունենում է զինված ստորաբաժանում նաև Ադրբեջանում։ Ինչո՞ւ եմ այդպես ասում, որովհետև Պուտինը հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքի տեսանկյունից Ադրբեջանի տարածք է»։ Եթե Ռուսաստանը Հայաստանի հարավի նկատմամբ վերահսկողություն վերցնի, դա նշանակում է, որ Հայաստանը փակուղու մեջ է վերցնում, որովհետև հայ-իրանական սահմանին իր սահմանապահ զորքերն են գտնվում։ Հայաստանի միակ բաց սահմանը մնում է հայ-վրացական սահմանը, և ես համոզված եմ, որ եթե պուտինյան ռեժիմին հաջողվի Ադրբեջանի միջոցով սպառնալիքներ տեղալով այդ տարբերակը պարտադրել Հայաստանին, ինչ-որ պահի իրենք կհասնեն նրան, որ հայ-վրացական սահմանում էլ իրենց վերահսկողությունն ամրապնդեն։ Այսինքն՝ Հայաստանը դարձնում են անկլավ։

 

Իմ կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները գիտակցում են, որ այս ամենի վերջում իրենք հայտնվում են սեփական պետության մեջ բանտարկված վիճակում՝ զրկված այլընտրանքային ճանապարհներից, կոմունիկացիաներից, ընդհանրապես՝ հեռանկարից։ Եվ, իմ համոզմամբ, ռուսական առաջարկների գործոնով է պայմանավորված Հայաստանի իշխանությունների հարաբերությունների ակտիվացումը միջազգային այլ սուբյեկտների հետ։ Եթե այս ամենը համադրենք, ապա պետք է ենթադրենք, որ ռուսական կողմի առաջարկների էությունը, որն իբր սեպտեմբերին արվել է, պետք է որ չհամապատասխանի միջանցքային և փակուղի տանող առաջարկներին։ Իսկ եթե նույն առաջարկներն են արվել, ապա այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը շատ վտանգավոր խաղ է խաղում։ Բայց մյուս կողմից էլ տրամաբանությունը հուշում է, որ չեն կարող ԱՄՆ, ԵՄ, Ֆրանսիայի, այլ երկրների հետ ակտիվ հարաբերություններ վարել՝ առանց հաշվարկելու այս ամենը։ Այստեղ կարևորը ոսկերչական ճշգրտությամբ հաշվարկներն են, որպեսզի միաժամանակ կարողանաս լրացնել քո անվտանգային համակարգն այնպիսի գործոններով, որոնք կարող են ռեալ դիմագրավել Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից քո անվտանգության դեմ ուղղված սպառնալիքները։ ՆԱՏՕ անդամ պետությունների, նաև ԱՄՆ կողմից Թուրքիայի նկատմամբ կտրուկ քննադատությունները լիովին տեղավորվում են այն համատեքստում, որ Հայաստանի անվտանգության խնդիրն իրապես հասկացվել ու ընկալվել է։ Այսինքն՝ Ուկրաինայում Ռուսաստանի վիճակի վատթարացմանը զուգահեռ այս ակտիվացումները մրցակցող գործոններ են։ Եվ հիմա պետք է շատ ճշգրիտ հաշվարկ անել, որպեսզի չհայտնվել մի իրավիճակում, որտեղ մենք սպառնալիքների դիմագրավման պատշաճ ռեսուրսներ չենք ունենա։ Այդ առումով Հնդկաստանից զենքի մատակարարումը հետաքրքիր գործոն է։

 

Եթե այս ամբողջ խճապատկերն ամբողջացնենք, ապա Հայաստանը ջանքեր է գործադրում դուրս գալու այս իրավիճակից, բայց միաժամանակ զսպված է ռուսական սպառնալիքներով։ Մինչև այսօր Ադրբեջանի ձեռքով էին այդ սպառնալիքները, հիմա արդեն ուղղակի են։ Եվ դրա վառ ապացույցն այդ Լազարևյան ակումբի հավաքն էր հենց հոկտեմբերի 31-ի Սոչիի հանդիպումից առաջ։ Սա ուղղակի խայտառակություն է, նման հավաք ես չեմ պատկերացնում, որ հետխորհրդային որևէ երկրում կարող էր լինել։ Արդեն ֆոն են ստեղծում՝ պառլամենտական այսպես կոչված ընդդիմության և իրենց հարակից պրոռուսական ուժերի միջոցով Հայաստանի իշխանությունների վրա ճնշում գործադրելու համար։ Խոսքը ռուսական ազդեցությամբ իրավիճակը կարգավորելու հարցում զիջումների գնալու մասին է։ Բայց այստեղ շատ կարևոր հանգամանք եմ ուզում նշել՝ ռուսական ազդեցությամբ խնդիրը երբեք չի կարգավորվելու, միայն լինելու է Հայաստանի ինքնիշխանության կտրուկ սահմանափակում և Հայաստանի վրա ազդեցության լծակների ամրապնդում Ռուսաստանի կողմից։ Այս պայքարն արդեն պետության համար է, մենք ունենք լուրջ սպառնալիք։ Այստեղ բավական մեծ քաջություն ու խիզախություն է պահանջվում իշխանություններից, որպեսզի կարողանան կասեցնել այդ ընթացքը։ Այստեղ շատ էական նշանակություն ունի ԵՄ դիտորդների, ԵԱՀԿ դիտորդական առաքելության ներկայությունը։ Այս իրավիճակում մենք անելիք ունենք ի վերջո դուրս գալու ռուսական ազդեցության ճիրաններից, որը փակուղի է։ Հեղաշրջումը մնում է միակ գործիքը պուտինյան ռեժիմի այստեղի ներկայացուցիչների ձեռքին՝ իրավիճակը իրենց ձեռքը վերցնելու, իշխանությունը վերցնելու համար՝ դրսի աջակցությամբ։ Ամենամեծ հանցագործությունն այն է, որ այդ ուժերը ոչ թե պետության դեմ գործողությունների դեմ են հանդես գալիս, ավելին, իրենք սպասում են, որ Ռուսաստանի կողմից այդ ճնշումները տեղի ունենան և այդ հենքի վրա իրենք հերթական անգամ իշխանությունը զավթելու քայլ կատարեն, բայց ոչ թե ճնշման հետևանքները վերացնելու նպատակով։ Այսինքն՝ պրոռուսական ագենտուրայի համար Հայաստանի ինքնիշխանությունը որևէ նշանակություն չունի ու չի էլ ունեցել։ Այսօր նրանք արևմտյան կառույցների դեմ են դուրս գալիս, որոնք մեր ինքնիշխանությանն աջակցող գործոններ կարող են լինել։ Իրենք ամբողջությամբ գտնվում են պուտինյան ռեժիմի քաղաքականությունն աջակցողների դերում, իսկ պուտինյան քաղաքականության բուն բովանդակությունը, կրկնում եմ, Հայաստանի սուվերենության վերացումն է։

 

lragir.am

Դիտումներ՝ 29

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????