Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արման Կյուրեղյանը դատավորների ժողովում ստացել է 38 ձայն, դա նույնիսկ լավ ցուցանիշ է, որը ցույց է տալիս, որ կան բարեխիղճ ու բարեվարք դատավորներ և ամեն ինչ այնքան տխուր չէ, ինչքան կարելի էր ենթադրել:
Իսկ այն, որ այնուամենայնիվ իր նման դատավորը չունի մեծամասնության աջակցությունը դատավորների ժողովում, ավելի շուտ վկայում է դատավորների համակարգում տիրող անբարեվարք ու անբարենպաստ մթնոլորտի ու իրավիճակի մասին:
Եվ սա ևս մեկ անգամ հիմնավորում է դատավորների վեթինգի անցկացման անհրաժեշտության մասին:
Բայց այն, որ Արման Կյուրեղյանը որպես ՍԴ դատավորի թեկնածու տեսանելի չէ նաև կառավարության համար, որն ունի թեկնածու առաջադրելու իրավասություն, սա արդեն ավելի վատ է, որը վկայում է, որ կառավարությունում չեն գիտակցում արմատական վեթինգի իրականացման անհրաժեշտությունը, կամ էլ ցանկություն չունեն իրականացնել արմատական վեթինգ:
Այսինքն արմատական փոփոխությունների իրականացումը մնում է միայն ցանկություն, բայց ոչ քաղաքական օրակարգի առանցքային հարց:
Եվ ամենից կարևորը. անձամբ չեմ ճանաչում դատավոր Արման Կյուրեղյանին և երբևէ որևէ գործով չեմ առնչվել իր հետ կամ իր վարույթում գտնվող որևէ գործով»: