Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «5-րդ դարում չենք ապրում, այլ 21-րդ դարում:
Կրթության և գիտության նախարարը շատ ճիշտ է հարց տվել՝ թե քահանան ինչ է անում դպրոցում:
Որպես ծնող է այցելել, թե որպես քահանա: Եթե ծնող, դա այլ է, եթե քահանա, ապա ինչ գործ ունի քահանան դպրոցի հետ:
Հայաստանի Հանրապետությունը աշխարհիկ պետություն է, որում եկեղեցին անջատ է դպրոցից և պետք է անջատ լինի պետությունից:
Իսկ երեխաներին կամ քաղաքացուն օրհնելու տեղը ոչ թե դպրոցն է, այլ եկեղեցին: Ավելին, քաղաքացուն քահանան կարող է օրհնել ոչ թե ըստ իր ցանկության, այլ միմիայն քաղաքացու ցանկությամբ, և ոչ թե պարտադրանքով:
Ինչ վերաբերվում է հայոց այբուբենի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի առաքելական եկեղեցու քահանա լինելուն, ապա, հենց Մաշտոցի կենսագրությունից է երևում, որ հայոց այբուբենի ստեղծման գործը Մաշտոցը կարող էր նախաձեռնել միմիայն այդ ժամանակ Հայոց պետության ինստիտուտ հանդիսացող Եկեղեցու աջակցությամբ, և այդ պատճառով է նաև Մաշտոցը դարձել կրոնավոր:
Իսկ հիմա Հայկական պետության ինստիտուտ է հանդիսանում կառավարությունը, Ազգային ժողովը, դատարանը, պետական այլ մարմինները, և ամենևին ոչ եկեղեցին կամ եկեղեցիները:
5-րդ դարում չենք ապրում, այլ 21-րդ դարում:
Մեզ պետք չի անընդհատ պահել պատմության մեջ, այլ մեր նոր ժամանակակից, քաղաքակիրթ պատմությունը պետք է ստեղծենք...
Նաև, եթե կա քաջություն և ցանկություն, ապա ամբողջությամբ ներկայացրեք Մեսրոպ Մաշտոցի կենսագրությունը, ոչ թե հատվածաբար, ըստ եկեղեցու շահերի»: