Աշխատանքի որոնման կայքերում ամենապահանջված մասնագետներից են հանրային կապերի մասնագետները, բայց յուրաքանչյուր գործատու յուրովի է պատկերացնում այդ աշխատանքը։ Ուշագրավ են այդ կայքերում առանձնացված ենթաբաժինները, որոնցում զետեղվում են հանրային կապերի ոլորտի հաստիքների հայտարարությունները։
Հանրային կապերի, հաղորդակցության մասնագետների հաստիքները ուսումնասիրված կայքերում զետեղվում են հետևյալ ենթաբաժիններում․
1. Հաղորդակցություն/Լրագրություն/PR (staff.am)
2.Մարքեթինգ և PR (worknet.am)
3.Գովազդ, Մարքեթինգ, PR (jobspider.am)
4.Գովազդ/Հանրային կապեր/հաղորդակցություն (careercenter.am)
Ենթաբաժինների վերնագրերից արդեն հասկանալի է, որ կա որոշակի շփոթ հանրային կապերի ու լրագրության, հանրային կապերի ու գովազդի/մարքեթինգի միջև։ Հաճախ ավելի անհասկանալի են PR մասնագետներին ներկայացվող պահանջները։
Ուսումնասիրենք հայտարարությունները։
Staff.am-ի Հաղորդակցություն/Լրագրություն/PR բաժնում Corporate Communication Specialist հաստիքի համար հետևյալ պահանջներն են ներկայացված (պահանջները որոշակի խմբագրված են, ներկայացված են ավելի հակիրճ)․
✅ բարձրագույն կրթություն, նախընտրելի է հաղորդակցության կամ մարքեթինգի ոլորտում,
✅ հաղորդակցության արշավների իրականացման առնվազն 2 տարվա փորձ,
✅ անգլերենի և հայերենի իմացության բարձր մակարդակ (ռուսերենի իմացությունը կհամարվի առավելություն)
✅ հաղորդակցման հմտություններ
✅ տեսա/լուսանկարահանման հմտությունները կհամարվեն առավելություն
Ուշադրություն դարձնենք, որ առաջնային պլան է մղվել անգլերենի և հայերենի բարձր մակարդակի իմացությունը, իսկ այ հաղորդակցության կամ մարքեթինգի ոլորտում բարձրագույն կրթությունը (եթե անգամ հաշվի չառնենք այս երկու ոլրտների տարբերությունները) պարտադիր պայման չէ։ Բայց դրա փոխարեն պահանջվում է արշավների իրականացման առնվազն 2 տարվա փորձ։ Հետաքրքիր է նաև տեսա/լուսանկարահանման հմտությունների՝ առավելություն համարվելը։
Եթե հաշվի առնենք, որ դասական PR մասնագետին ակադեմիական կրթության շրջանակում տեսա/լուսանկարահանման հմտություններ չեն փոխանցվում, իսկ բարձրագույն կրթություն ունենալը ամենևին էլ պարտադիր պայման չէր, ապա կարող ենք եզրակացնել, որ կազմակերպությանն անհրաժեշտ է մեկը, ով կկարողանա մի քանի լեզվով հաղորդակցվել և բովանդակություն ստեղծել, իրականացնել հաղորդակցության արշավներ, լուսանկարել ու տեսանկարահանել, եթե անհրաժեշտ լինի, իսկ այս ամենը կարող է սովորած լինել որտեղ ասես, պարտադիր չէ ակադեմիական գիտելիք ունենալը։
Careercenter.am-ի Գովազդ/Հանրային կապեր/հաղորդակցություն բաժնում PR & Marketing Specialist հաստիքին ներկայացվող պարտադիր պահանջներն են․
✅ փորձառություն PR-ի կամ հարակից ոլորտներում,
✅ հայերենի, անգլերենի, ռուսերենի գերազանց իմացություն,
✅ համակարգչի իմացություն,
✅ սոցիալական մեդիայի իմացություն,
✅ ծանոթ լինել Google Analytics-ին
Ոչ մի խոսք ոլորտում բարձրագույն կրթության մասին, փոխարենը փորձը պարտադիր պահանջ է։
Մյուս հայտարարությունը նույն կայքից Director of Marketing and Communications հաստիքի համար է։
Պահանջվող պարտադիր հմտություններից են․
✅ բակալավրի աստիճան Մարքեթինգի կամ Հանրային կապերի ոլորտում,
✅ առնվազն 4 տարվա մարքեթինգի փորձառություն ղեկավար պաշտոնում,
✅ հայերենի, ռուսերենի, անգլերենի գերազանց իմացություն,
✅ հաղորդակցման գերազանց հմտություններ
✅ մարքեթինգային տվյալների վերլուծության և գործիքների տիրապետման փորձառություն
Ուշադրության են արժանի այդ հայտարարության մի քանի պարտադիր պահանջներ՝ լեզուների գերազանց իմացությունը, մարքեթինգի կամ հանրային կապերի բակալավրի աստիճան։
Այստեղ, չնայած, բարձրագույն կրթություն ունենալը պարտադիր պահանջ է, բայց և հաստիքը, և կրթությանը ներկայացվող պահանջները հակասական են․ մարքեթինգի և հանրային կապերի ոլորտների համադրություն կա, և պետք է փաստենք, որ եթե կրթությունը հանրային կապերի ոլորտում է, միևնույնն է փորձը պահանջվում է մարքեթինգի ոլորտից, այսինքն՝ կրկին մասնագետը կանգնում է խնդրի առաջ՝ մի մասնագիտությամբ, մեկ այլ փորձով, բայց երկուսի համադրությամբ աշխատակից։
Այս երեք հայտարարությունների ուսումնասիրությունը հաստատում է այն տեսակետը, որ կհաղթի նա, ով ավելի արագ կսովորի նոր տեխնոլոգիաներ, ով ավելի ճկուն է և անընդհատ հարմարվում է շուկայի պահանջներին։ Հարց է առաջանում՝ PR ոլորտում աշխատանք գտնելու համար արդյո՞ք անհրաժեշտ է ակադեմիական կրթությունը, եթե ինքդ քեզ համար հստակ չես որոշել չլինել դիլետանտ և խորապես տիրապետել այն ամենին, ինչով զբաղվում ես։
Եթե այս ամենին ավելացնենք SMM մասնագետներ պատրաստող դասընթացների գովազդները, որոնք հեղեղել են համացանցը, ինքնուս «SMM-շիկների» ինքնագովազդը, որոնք սխալմամբ ընկալվում են նաև որպես հանրային կապերի մասնագետներ, մյուս կողմից էլ՝ իրենց հանրային կապերի մասնագետի հմտություններ վերագրող լրագրողներ, ապա կհասկանանք, որ գոնե Հայաստանում հանրային կապերի մասնագետի ընկալումը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու ու դա տեղի կունենա այն ժամանակ, երբ գործատուներն իրենք կարևորեն ռազմավարական երկարաժամկետ մոտեցումները նաև հաղորդակցության մեջ և պահանջեն այդ հմտություններով մասնագետների։
Նարինե Եգանյան,
ՀՔԱՎ հասարակայնության հետ կապերի մասնագետ