Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Կայացած և չկայացած բարեփոխումները Զինված ուժերում

August 11, 2021

Լրատվամիջոցները մեր մասին

44-օրյա պատերազմից օրեր անց Հայաստանի իշխանությունները հայտարարեցին զինված ուժերի արդիականացման անհրաժեշտության մասին։ Բարեփոխումների 6-ամսյա ծրագիրը հրապարակելիս՝ Նիկոլ Փաշինյանը խոստացավ 2021 թվականի հունիսին հանդես գալ ճանապարհային քարտեզի իրագործման հաշվետվությամբ։ Վերջնաժամկետից անցել է ավելի քան մեկ ամիս, սակայն հաշվետվություն այդպես էլ չի ներկայացվել։

 

Ներկա և նախկին իշխանությունները տարատեսակ մեխանիզմներ կիրառեցին՝ Զինված ուժերում ռեֆորմներ իրականացնելու, բանակն առավել հաշվետու և թափանցիկ դարձնելու համար։ Հակառակ այդ ջանքերին՝ Փաշինյանը, հետագայում խոսելով բանակի մասին, պետք է խոստովաներ․ «Մեզ թվում էր՝ մի կայացած ինստիտուտ կա, պարզվեց՝ դա էլ չկա»։

 

Փորձենք հասկանալ՝ Զինված ուժերում բարեփոխումների ի՞նչ ծրագրերի մասին է հայտարարվել, որքանո՞վ են դրանք կյանքի կոչվել և ինչպիսի՞ն է եղել մամուլի արձագանքն այդ գործընթացներին։ 

 

Զոհերի թիվը՝ ծառայողական գաղտնիք

 

Մինչև 2010 թիվականը դժվար էր որևէ տեսակի հարցման պատասխան ստանալ ՊՆ-ից, հատկապես, եթե խոսքը վերաբերում էր զոհված զինծառայողների թվին, անուններին, հասցեներին։ Պաշտպանական գերատեսչությունը չէր տրամադրում հայցվող տեղեկությունը՝ ծառայողական գաղտնիքին հղումով։ Սայլը տեղից շարժվեց 2011-2012 թվականներին։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2011 թվականին Սահմանադրական դատարան դիմում ներկայացրեց՝ պետական և ծառայողական գաղտնիքի մասին օրենքի որոշ հոդվածներ հակասահմանադրական ճանաչելու համար։ Դատարանը մասամբ բավարարեց դիմումը․ օրենքի 12-րդ հոդվածի յոթերորդ մասի դրույթը ճանաչվեց անվավեր։ Այս որոշումից հետո դատախազությունը ու ՊՆ-ն սկսեցին զոհված զինծառայողների մասին տեղեկությունները տրամադրել։ Ավելին, ձևավորվեց մահացածների վերջնական թիվը հրապարակելու ավանդույթ։

 

Սակայն խնդիրն այն է, որ պաշտոնական աղբյուրների և քաղաքացիական հասարակության տվյալները հաճախ տարբերվում են։ Tert.am-ը, օրինակ, գրել էր, որ 2019-ին 4 զինծառայողի մահվան մասին ՊՆ-ն ու ՊԲ-ն չեն հայտնել։ Տեղեկությունը ստուգելու համար լրատվականը հարցմամաբ դիմել էր նախարարություն։ ՊՆ-ից արձագանքել էին, որ այդ 4 մահերը ծառայության հետ չկապված հանգամանքներում են եղել․ 2-ը՝ հիվանդության, 2-ը՝ ավտովթարի։ Նախկին նախարար Դավիթ Տոնոյանն էլ հերքել էր մահերը թաքցնելու լուրերը՝ հստակ բացատրություն չտալով, թե 4 զինծառայողների մահվան մասին ինչու չի հայտարարվել։ 

 

Տարբերվել են քաղացիական հասարակության և դատախազության հրապարակած վերջնական տվյալները։ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, օրինակ, 2019-ին հայտնել էր ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում 2019 թ. արձանագրված 49 զինծառայողի մահվան մասին։ Սակայն ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տվյալներով՝ զոհվածների ընդհանուր թիվը 50 է։ Ավտովթարից մահացության 1 դեպք էր գրանցվել, որը, ըստ էության, մյուս կառույցները չէին հաշվառել։

 

Այսպիսով, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տվյալներով՝ 2010-2020 թթ. ընթացքում գրանցվել է 743 զինծառայողի մահվան ելքով դեպք։ Այստեղ ներառված չեն 44-օրյա պատերազմում զոհվածները, քանի որ այդ տվյալները դեռևս ամբողջական չեն։

 

Բարեփոխումները՝ Սեյրան Օհանյանի օրոք

 

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակառուպցիոն կենտրոնի» զեկույցում նշվում է, որ 2013թ. հարցմամբ՝ ՀՀ քաղաքացիների 47%-ը ռազմական ոլորտը համարել է կոռումպացված։ Այս շրջանում Զինված ուժերը գլխավորում էր Սեյրան Օհանյանը։ Հենց նրա օրոք 2013-ի ապրիլին խորհրդարանական լսումներ կազմակերպվեցին քաղհասարակության մասնակցությամբ։ Սա բացառիկ դեպքերից էր, երբ ՊՆ-ն ուղիղ երկխոսության դուրս եկավ քաղհասարակության հետ։ 

 

Այս փուլի կարևոր նախաձեռնություններից էր 2012-ին ընդունված ՀՀ ԶՈՒ կարգապահական կանոնագիրք ՀՀ օրենքը։ Այն ենթադրում էր, որ եթե կանոնակարգի խախտման հետևանքով զինվոր է տուժել, ապա պատասխանատվությունը տարածվում է նաև սպաների վրա։

 

Դատախազության հաջորդ տարվա՝ 2013-ի զեկույցում կարդում ենք, որ 2012-ի համեմատ զինվորական հանցագործությունները նվազել են 93-ով կամ 10,8%-ով։

 

Այնուամենայնիվ, զինվորների մահացության դեպքերը մեծ փոփոխություն չկրեցին։ Հակառակը՝ 2013-ից հետո մահերի թիվը հետևողականորեն աճեց՝ մինչև 2017 թվականը։ Իսկ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ 2013-ին հրապարակած հարցումներով՝ զորացրվածներից շատերը բանակի գլխավոր խնդիրն են համարում սպայակազմի մասնագիտական որակների բացակայությունը։ 

 

2013 թվականին ևս մեկ կարևոր որոշում մտավ ուժի մեջ․ ՊՆ նախարարի հրամանով ներդրվեց զինծառայության վայրը վիճակահանությամբ ընտրելու սկզբունքը: Սա, ըստ էության, պետք է նվազեցներ կոռուպցիոն ռիսկերն ու զինվորների տեղաբաշխումը դներ արդար հիմքերի վրա։ Սակայն նույն տարվա ՄԻՊ զեկույցում նշվում է, որ վիճակահանությամբ վայրի ընտրության կարգը ներդրվել է բացթողումներով: Դրա սկզբունքները հասանելի չեն եղել հանրությանը, և պարզ չէ, թե նման վիճակահանության դեպքում ինչպես են ապահովվել արտոնություն ունեցող զորակոչիկների իրավունքները: Չնայած բացթողումներին՝ սա կարևոր քայլ էր բանակն առավել թափանցիկ դարձնելու ճանապարհին։

 

Եթե գաք, կհամաներվեք

 

2021 թվականի ապրիլի 8-ին Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին ազդարարեց բանակում խորը և բովանդակային բարեփոխումների մասին։ Նույն օրը հավանություն տրվեց զինվորական ծառայությունից խուսափած, 27 տարեկանը լրացած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու նախագծին։ Այսպիսով համաներումից կարող են օգտվել զինվորական ծառայությունից խուսափած 5131 և դատապարտված 124 անձինք։ 

 

Զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքը ընդունման օրվանից (2003) մինչ 2019 թվականը փոփոխվել է 12 անգամ։ Այս օրենքի գործողության ժամկետը պարբերաբար երկարացվել է։ Նախկինում զորակոչից խուսափած անձը կարող էր վճարել պետական տուրք, ազատվել քրեական հետապնդումից և անարգել մուտք գործել Հայաստան: Նախորդ խորհրդարանական մեծամասնությունը՝ ՀՀԿ-ն, 2017 թվականին բարձրացրեց սահմանված դրույքաչափը՝ վստահեցնելով, որ դա վերջին փոփոխությունն է։

 

Խնդրին մինչ օրս վերջնական լուծում տրված չէ։ 2020-ին որոշվեց օրենքի ժամկետն այլևս չերկարաձգել․ հունվարից ծառայությունից խուսափած անձինք քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեին, չէր փրկի անգամ պետական տուրքը։ 

 

Նախքան 44-օրյա պատերազմը խնդիրը կարգավորելու բոլոր առաջարկները ԱԺ-ում մերժվեցին։ Ավելին՝ մամուլում և սոցիալական ցանցերում դրանցից շատերը հակահայկական որակվեցին։ 

 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, օրինակ, 2019-ի նոյեմբերին շրջանառության մեջ էր դրել «Արագացված ընթացակարգով զինվորական ծառայության մասին» օրենքի նախագիծը։ Պատգամավորն առաջարկում էր 10 մլն դրամ պետական բյուջե վճարելու դեպքում բանակում ծառայել ընդամենը 1 ամիս։ Ըստ նրա՝ այդպիսով կարող էր լուծվել՝ չծառայելու համար արտագաղթելու և 27-ից հետո երկիր չվերադառնալու խնդիրը։ Առաջարկը կոշտ արձագանք գտավ ինչպես խմբակցության ներսում և Պաշտպանության նախարարությունում, այդպես էլ լրատվական դաշտում։ «Հետքը» նախագիծը Սահմանադրությանը հակասող անվանեց:

 

«Այն, ինչ չէր կարելի Հայկ Սարգսյանին, թույլատրվում է Մխիթար Հայրապետյանին ու Արման Բաբաջանյանին»․ այսպիսի խորագիր ուներ Lurer.com-ի հոդվածը, որն անդրադառնում էր նույն խնդրի կարգավորման համար արդեն երեք այլ պատգամավորների՝ Մխիթար Հայրապետյանի, Արման Բաբաջանյանի և Անդրանիկ Քոչարյանի օրենսդրական նախաձեռնությանը։ Նրանք առաջարկում էին զորակոչից խուսափած անձի՝ մինչ 27 տարին լրանալը նրան ազատել քրեական պատասխանատվությունից, եթե ինքնակամ ներկայանա զինկոմիսարիատ: Եթե 27 տարին արդեն լրացել էր, ապա նրա նկատմամբ հետապնդումը պետք է դադարեցվեր՝ համապատասխան վճարման դեպքում:

 

Հիշյալ նախաձեռնություններից և ոչ մեկն այդպես էլ կյանքի չկոչվեց։ Փոխարենը քայլն արվեց պատերազմից հետո՝ ծառայությունից խուսափած անձանց համար հայտարարվեց համաներում, որը կգործի մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը։ 

 

Մեզ բանակ պե՞տք է

 

2021-ի արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը ելույթում ասաց, որ կա գաղափար կրճատելու ծառայության ժամկետը՝ «․․․ կա գաղափար, որ պետք է լինի 5 տարին մեկ 3-ամսյա ծառայություն, որպեսզի երիտասարդները մարտական նվազագույն հմտություններին տիրապետեն»: 

 

168.am-ը, Փաշինյանի այս խոսքին հղում անելով, քաղաքացիների շրջանում հարցում էր անցկացրել՝ պարզելու արդյո՞ք Հայաստանին պետք է կանոնավոր բանակ։ 

 

 

Հարցի ձևակերպումից տպավորություն է ստեղծվում, թե Փաշինյանն առաջարկել է առհասարակ հրաժարվել բանակից։ Մինչդեռ նրա խոսքը վերաբերում էր միայն ժամկետային զինծառայողներին։ 

 

Հունիսի 7-ին Փաշինյանը օրակարգ բերեց պրոֆեսիոնալ բանակի անցում կատարելու հարցը՝ առավել հստակեցնելով, թե որն է ժամկետային ծառայության այլընտրանքը։ Նույն թեզը հետագա հարցազրույցներում առաջ էր տանում պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ «Ունենալու ենք պրոֆեսիոնալ բանակ՝ կրճատված թվակազմով»,- ասել էր նա։ Հետաքրքիր է, որ ժամանակին փոխնախարար Դավիթ Տոնոյանը հարցազրույցում նշել էր, որ չկարգավորված հակամարտության պայմաններում մենք մեզ չենք կարող թույլ տալ ամբողջական պայմանագրային զինծառայության անցնել։ 

 

«1000 դրամների» հիմնադրամ

 

Վիգեն Սարգսյանի` ՊՆ նախարար նշանակումից (2016) հետո առաջին խոշոր նախաձեռնությունը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի («1000 դրամների» հիմնադրամ) ստեղծումն էր: Այն «ազգ-բանակ» հայեցակարգի բաղադրիչներից էր: Հիմնադրամը մարտական գործողություններում զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների, կամավորների ընտանիքներին փոխհատուցում տրամադրելու համար է: Հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4255 է: 2021 թվականի փետրվարի դրությանմբ նրանց տրվել էր 14 մլրդ դրամի հատուցում։

 

2016թ.-ին Հայաստանի խորհրդարանում ներկայացված էր 6 քաղաքական ուժ՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ, ՕԵԿ և «Ժառանգությունը»։ Ընդդիմությունը գաղափարին կողմ էր, սակայն, չվստահելով կառավարությանը, քննադատեց նախագիծը: Զարուհի Փոստանջյանը, օրինակ, ՊՆ-ի նախաձեռնությունը համարեց քաղաքացու «գրպանը մտնելու», իսկ Լևոն Զուրաբյանը մարդկանց կեղեքելու փորձ։ Նիկոլ Փաշինյանը, որը ՀԱԿ-ից էր, բայց գործում էր խմբակցությունից անկախ, կողմ էր նախաձեռնությանը։

 

Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանը ևս մեղադրվում էր 1000 դրամների ինստիտուտը քննադատելու համար, մինչդեռ նա կողմ էր քվեարկել նախագծին։ 

 

Հիմնադրամի գործունեությունը վերջին տարիներին ակտիվորեն քննադատում է խորհրդի նախկին անդամ Մեսրոպ Մանուկյանը։ Այս տարվա հունվարի 15-ին նա գրել էր, թե հիմնադրամն այսուհետ ունենալու է վարչական ծախսեր, ապա հայտարարել, որ «ուսապարկերը» գտել են, թե ինչպես զոհված զինծառայողների ընտանիքներից 600 միլիոն դրամ գողանան»։ Գրառումն արտատպել են Yerkir.am-ը, Tert.am-ը, Panorama.am-ն ու Yerevan Today-ը։ 

 

Կարևոր է, սակայն, որ հիմնադրամի ստեղծման մասին օրենքի 21-րդ հոդվածում ֆիքսված է, որ հիմնադրամի ծախսերի մեջ ներառված են նաև վարչական ծախսերը, այսինքն՝ հիմնադրամն իրավունք ունի կատարելու վարչական ծախսեր։ Թեմային մանրամասն անդրադարձել է «Փաստերի ստուգման հարթակը»։

 

Այսպիսով, բարեփոխումների ծրագրերը Զինված ուժերում գործնականում հաճախ չեն աշխատել։ Ռեֆորմների մասին եղել են հանրային քննարկումներ, ելույթներ, գովազդներ, սակայն վիճակագրությունը ցույց է տվել, որ արատավոր բարքերը, կոռուպցիան, սպանությունները բանակում մեծ փոփոխության չեն ենթարկվել։

 

Հոդվածի ստեղծման համար օգտագործված աղբյուրներն ու մեթոդները

 

  • Հոդվածի պատրաստման համար օգտագործվել է Հայաստանի իրավական տեղեկտվական համակարգը (arlis.am), որում հրապարակվում են իրավական ակտերը։
  • Գերատեսչությունների որոշումներին ծանոթանալու համար օգտագործվել է ՀՀ էլեկտրոնային կառավարում՝ e-gov.am հարթակը։
  • Զինծառայության և բանակում մահացության թվի հետ կապված պաշտոնական տվյալների արժանահավատությունը ստուգելու համար՝ դրանք համեմատվել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի զեկույցների հետ։
  • Ուսումնասիրությանն օգնել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակառուպցիոն կենտրոնի» զեկույցը՝ Հայաստանի պաշտպանության համակարգի հակակոռուպցիոն համաթվի մասին։
  • Զինված ուժերում հանցագործությունների և դատապարտվածների թվի, զոհված զինծառայողների քանակի մասին տեղեկությունը ստուգվել է ՀՀ դատախազության ամփոփիչ զեկույցներում։
  • Բարեփոխումների հայտարարությունների կատարողականի մասին շատ տեղեկությունները վերցված են Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցներից։
  • Մարտական գործողությունների հետևանքով տուժած կամ մահացած զինվորների/կամավորների քանակի, փոխհատուցման չափի մասին տեղեկությունը ստուգվել է 1000plus.am-ում։
  • Ծառայությունից խուսափած հետախուզվող քաղաքացիների թիվը ընթերցողներին ցույց տալու համար օգտագործվել է տվյալների վիզուալիզացման flourish ծրագիրը

 

media.am

Դիտումներ՝ 61

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????