Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Մասիսի քաղաքապետի ու մյուսների նկատմամբ միայն մեկ տարի անց մեղադրանքի առաջադրումը փաստում է, որ հեղափոխության տեղայնացում չկա. Արթուր Սաքունց

May 14, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Մասիսի քաղաքապետի ու մյուսների նկատմամբ հարուցված քրեական գործով միայն մոտ մեկ տարի անց մեղադրանքի առաջադրումը փաստում է այն մասին, որ քննչական ու այլ պետական մարմիններում զտման գործընթաց տեղի չի ունեցել, և հեղափոխության տեղայնացում չկա։

 

Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով նախորդ տարվա ապրիլին տեղի ունեցած դեպքերով մեղադրանքի առաջադրմանը։

 

Քննչական կոմիտեն հայտնել է, որ 11 անձի մեղադրանք է առաջադրվել՝ Նորագավիթում, Հերացու-Կորյունի փողոցների և Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկներում, Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների համար։

 

Խոսքը հեղափոխության օրերին՝ նախորդ տարվա ապրիլի 16-ին տեղի ունեցած դեպքերի մասին է։

 

Մասնավորապես, պարզվել է, որ Մասիսի քաղաքապետի եղբայրը բռնություն է գործադրել խաղաղ ցուցարարների նկատմամբ, իսկ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն այդ ընթացքում ավտոմեքենայի սրահից կրակ է արձակել խաղաղ երթի մասնակիցների ուղղությամբ։ Ըստ քննչական կոմիտեի՝ ձեռք բերված ապացույցների համակցությամբ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ և 258-րդ հոդվածի 4-րդ մասերով, իսկ նրա եղբորը՝ Գոռ Համբարձումյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով։

 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը զարմանալի է համարում, որ դեպքերից միայն մեկ տարի անց է մեղադրանք առաջադրվում այս անձանց։

 

«Պետք է գլխավոր հարցն ուղղել քննչական մարմնին, թե ո՞րն էր այդ գործի դժվարությունը, որ մոտ մեկ տարի ձգվեց, մինչև կարողացան փաստագրել, հիմնավորել ակնհայտ գոյություն ունեցող փաստերը և ի վերջո կարողանալ ավարտել մեղադրանքը։ Սա վկայում է քննչական մարմնում, տվյալ դեպքում՝ կոմիտեում գոյություն ունեցող խնդիրների մասին»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը։

 

Նրա խոսքով՝ այդ խնդիրները մեկ օրում կամ մեկ տարում չեն առաջացել, գոյություն ունեցող համակարգը երկար ժամանակ խնդիր չի դրել բարձրացնել քննչական մարմինների կարողությունները։

 

Բացի դա, ըստ իրավապաշտպանի, եթե կա ապացույցների ձեռքբերման խնդիր, դա էլ բոլորովին այլ խնդիր է, որ հեղափոխությունից հետո կարծեք թե մարդիկ պետք է շատ ավելի ակտիվ լինեին հանցագործությունների վերաբերյալ վկայություններ տալու, հենց իրենց նկատմամբ ոտնձգություններ կատարած անձանց մասին բացատրություններ ներկայացնելու, չվախենալու, չխուսափելու առումով։

 

«Ես նկատի ունեմ, որ, ցավոք սրտի, համայնքներում, նույնիսկ առանձին հիմնարկներում մթնոլորտը դեռևս չի ձերբազատվել հնարավոր վախերից, կաշկանդվածությունից։ Եվ մենք միայն առանձին դրսևորումներ ենք տեսնում, երբ տեղերում քաղաքացիները շատ ակտիվ են լինում թե՛ խախտումների մասին բարձրաձայնելու, թե՛ խախտումների վերաբերյալ վկայություններ տալու առումով։ Այս ուղղությամբ իսկապես շատ լուրջ անելիքներ ունի թե՛ իրավապահ, թե՛ նաև իշխանական համակարգը, հատկապես նկատի ունեմ տեղերում պետական մարմինները, որովհետև այդ համակարգերում դեռևս շարունակում են աշխատել նախկին իշխանության ներկայացուցիչներ, հատկապես միջին օղակի պաշտոնյաներ։ Դա ամենակոնսերվատիվ օղակն է, որը, կարելի է ասել, խոչընդոտ է հանդիսանում և բարեփոխումների ու փոփոխությունների համար»,- ասում է Սաքունցը։

 

Նրա խոսքով՝ սա չի նշանակում, թե բոլորին պետք է զանգվածաբար հեռացնել, բայց այդ զտում ասվածը կենսական նշանակություն ունի համակարգերը թարմացնելու, նոր պահանջներին համապատասխանեցնելու առումով։

 

Այսինքն, նրա խոսքով, առաջինը ինստիտուցիոնալ փոփոխությունների մասին է խոսքը, քանի որ ավտորիտար կառավարման համակարգը միայն իշխանական լծակներին տիրապետմամբ պայմանավորված չի եղել։

 

«Այսինքն՝ այնպես չէ, որ երբ իշխանական լծակները վերցրեցին այդ ուժից, ամեն ինչ ինքնաբերաբար պետք է փոխվեր։ Ո՛չ, նա տարիներ շարունակ ձևավորել է նաև այդ լծակներին հարմարեցված իրավիճակ։ Ես նկատի ունեմ թե՛ կադրային, թե՛ ինստիտուցիոնալ փոփոխությունները, որովհետև այն ժամանակ որակ պետք չէր, պետք էր ընդամենը հրահանգը կատարել։ Եվ նախկին այդ համակարգի պայմաններում այնքան կարողություն էր պետք, որքան անհրաժեշտ էր հրահանգը կատարելու, գեղեցիկ փաթեթավորմամբ, բայց կեղծ ու փուչ հրամցնելու և դրանով, ինչպես Սերժ Սարգսյանն էր ասում, «թղթերով ամեն ինչ ճիշտ է» տարբերակը կիրառելու համար։ Հիմա տարիներ շարունակ մարդիկ այդ «թղթի վրա ամեն ինչ ճիշտ է» տրամաբանությամբ են գործել։ Եվ մենք բազմիցս ենք ասել, որ այդ համակարգը պետք է զտել, մաքրել նման մտածելակերպի կրողներից»,- հավելում է իրավապաշտպանը։

 

Մյուս հարցը, նրա խոսքով, հանրային մթնոլորտին է վերաբերում, այսինքն՝ այդ հեղափոխություն ասվածը տեղայնացնելու մասին է խոսքը։

 

«Ազգային իշխանությունները փոխվեցին, բայց տեղական կառույցները, որոնց հետ մարդիկ ամեն օր աշխատում են, իրենց բովանդակությամբ չեն փոխվել։ Դրանք դեռևս մնացել են իրենց դիրքերում՝ սպասելով իրենց հրահանգներին, որոնք այդպես էլ չեն լինում, բայց ստիպված են գործել։ Եվ իրենց գործողությունները լինում են այնպես, ինչպես կարող են»,- նշում է նա։ Արդյունքում, ըստ Սաքունցի, նման դեպքեր են լինում, երբ մեկ տարի ձգվում է քրեական գործի քննությունը, որը, թվում էր, թե շատ ավելի կարճ ժամկետում պետք է ավարտվեր։

 

«Եվ այստեղ շատ կարևոր է հանրային մթնոլորտի փոփոխության տեղայնացումը, որովհետև փոփոխությունների ձգտող քաղաքացիները, եթե աջակցություն չստանան, կմնան լուռ ու սպասողական»,- ասում է իրավապաշտպանը։

 

medialab.am

Դիտումներ՝ 656

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????