Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«ՊՆ-ն սահմանային անվտանգության ու պաշտպանության խնդիրները պետք է լուծի, գործողություններն են կարևոր, ինչը, ցավոք սրտի, չկա». Սաքունց

December 17, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը

 

– Պարո՛ն Սաքունց, Արցախում ու Հայաստանում այս փուլում սահմանազատման հարցն է գերխնդիր։ Հատկապես Արցախում պատերազմից հետո իրավիճակ է ստեղծվել, երբ սահմանամերձ բնակավայրերի բնակիչները ցանկացած պահի կարող են անզգուշությամբ անցնել ադրբեջանական կողմ, գերեվարվել։ Այս խնդիրները ինչպե՞ս պետք է լուծել, պետության դերը՝ որպես ինստիտուտի, ո՞րն է։

 

– Պետությունը, անկախ իրավիճակից, պարտավորություն ունի ապահովելու իր քաղաքացիների կյանքի, կենսագործունեության անվտանգությունը։ Ոչ միայն ապահովել, այլ նաև մարդկանց մոտ պետք է լինի վստահություն, որ պետությունը երաշխավորում է իրենց անվտանգությունը թե՛ ներքին, թե՛ արտաքին սպառնալիքներից։

 

Եվ այս առումով առաջնային խնդիր է դառնում պետական ինստիտուտների արդյունավետության վերականգնումը։ Ցավոք սրտի, մինչպատերազմական շրջանում այդ ուղղությամբ քայլեր չարվեցին՝ արմատական փոփոխության ենթարկելու պետական մարմինները։

 

Իսկ այս պատերազմը շոկային էր, մեծ հարված հասցրեց մեզ։ Բայց դա չի կարող հիմնավորել այդ անգործությունը, որը մենք հիմա տեսնում ենք։

 

Պաշտպանության նախարարությունը սահմանային անվտանգության ու պաշտպանության խնդիրները պետք է լուծի։ Այստեղ գործելակերպն է կարևոր, որ գործողությունները, ծառայության կազմակերպումը երևան։ Դա է կարևոր, ինչը, ցավոք սրտի, ձեր նշած օրինակներով տեսնում ենք, որ չկա։

 

Արցախում, իհարկե, վիճակը բոլորովին այլ է։ Մինչև պատերազմը պատասխանատուն Արցախի իշխանություններն էին, հիմա միացել են ռուսական խաղաղապահ ուժերը։

 

Եվ դա նշանակում է, որ այդ անվտանգային հարցերը ուզած թե չուզած պետք է փորձեն լուծել նաև համատեղ։ Այդ համատեղության խնդիրը պետք է կոնկրետ նստել ու լուծել, ոչ թե թողնել բախտի քմահաճույքին ու ասել՝ խաղաղապահ ուժերը պետք է լուծեն։

 

Արցախի իշխանությունները պետք է նույնպես ամենօրյա հստակ աշխատանք կատարեն՝ անվտանգության ռեժիմն ապահովելու, սահմանազատման խնդիրները լուծելու, սահմանային ռեժիմ սահմանելու համար։

 

Նաև բազմաթիվ այլ հարցեր կան։ Մենք ի վերջո պետք է կարողանանք հասկանալ մեր մասնակցության աստիճանը Արցախում անվտանգության խնդիրների լուծման մեջ, դա առանձին հարց է։

 

Հայաստանում պետական ապարատը պետք է ամբողջությամբ գործի, դա Հայաստանի իշխանությունների ուղղակի պատասխանատվությունն է։ Ես հասկանում եմ, որ, իհարկե, մենք ունենք առաջնահերթ ռազմագերիների ու գերիների ամբողջական վերադարձի խնդիրը, որը կարծես թե մեռյալ կետից շարժվեց։

 

Բայց դեռ աշխատանքներ կան կատարելու անհայտ կորածների գտնվելու վայրը հստակեցնելու ուղղությամբ։ Այսինքն՝ մի քանի ուղղություններով զուգահեռ աշխատանքներ պետք է կատարվեն։

 

Եվ միանշանակ է, որ ստեղծված իրավիճակը, մթնոլորտը փոխելու համար շատ կարևոր է միջազգային համագործակցությունը։ Միջազգային համագործակցության միջոցով պետք է մթնոլորտը փոխելու համար նպաստավոր պայմաններ ստեղծվեն, որպեսզի մարդասիրական խնդիրները՝ գերիների ու անհայտ կորածների, նախ անջատ դիտարկվեն անվտանգության, ռազմական ու քաղաքական խնդիրների լուծումներից։

 

Պետք է հասկանալ, որ միջազգային մարդասիրական նորմերն աշխատեցնելու համար պետք է միջազգային կառույցներին ակտիվորեն ներգրավել։ Հենց նույն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, Եվրոպայի խորհրդի շրջանակներում, Եվրամիության հետ պետք է համագործակցություն լինի։

 

Հիմա ամեն գնով փորձում են խարխլել և անվստահություն առաջացնել այն մեխանիզմների նկատմամբ, որոնք միակն են։ Պատմությունն այլ մեխանիզմ չի ստեղծել, և չպետք է պարփակվել ինչ-որ նեղ շրջանակներում, որին ձգտում են հասնել, այսպես կոչված, ընդդիմադիրները։

 

Եվ նրանք փորձում են այդ ամբողջ խնդիրների լուծումը կապել միայն Ռուսաստանի Դաշնության հետ։ Իսկ դա ճիշտ չէ։

 

– Արցախի վերաբերյալ ստորագրված փաստաթղթի համաձայն՝ կողմերը պետք է կանգ առնեին այն տարածքներում, որտեղ նոյեմբերի 10-ի դրությամբ կանգնած էին։ Սակայն վերջին օրերին Հադրութի և Շուշիի շրջաններում հայկական վերահսկողության տակ անցած գյուղեր են ներխուժել ադրբեջանցիներ։ Ինչո՞ւ է այս խնդիրն առաջանում, և ի՞նչ պետք է անել։

 

– Մենք հիմա այդ հայտարարության բովանդակության մասին շատ ինֆորմացիա չունենք, այսինքն՝ այն իրավիճակը պետք է հաշվի առնել, որում ստորագրվել է։ Մեկնարկային այդ պայմանները շարունակում են ազդեցություն ունենալ իրադարձությունների ու իրավիճակի վրա։

 

Իհարկե, մենք ենթադրում ենք արդեն, որ այս փաստաթղթի ստորագրումը ճարահատյալ քայլ է եղել։ Բայց, միաժամանակ, այդ հայտարարության կողմ հանդիսացող Հայաստանի Հանրապետությունը պետք է շատ ակտիվ վարքագիծ դրսևորի հայտարարության մեջ ամրագրված մոտեցումները պահպանելու ուղղությամբ։

 

Այո՛, այդ հայտարարության շնորհիվ պատերազմական գործողությունները դադարեցվեցին, ինչը ողջունելի է, բայց գործընթացները պետք է տեղափոխել Մինսկի խմբի համանախագահության ձևաչափ։

 

Դա անհրաժեշտ է, որպեսզի գյուղերի բնակիչների, տարածքների հետ կապված՝ մարդկանց անվտանգության ապահովման մեխանիզմները գործի գցվեն։ Այլ մեխանիզմ չկա։

 

Ես կարող եմ հստակ ասել, որ Ռուսաստանի կողմից տրված երաշխիքները չեն ունենալու երկարաժամկետ ու բովանդակային նշանակություն անվտանգության հարցերը լուծելու տեսանկյունից։

 

medialab.am

Դիտումներ՝ 249

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????