0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

«Հստակ գնահատական չներկայացվեց կադրերի դուրս գալու մասին, եթե լավ են աշխատել, ինչու են դուրս գալիս, իսկ եթե վատ՝ որն է պատճառը». Արթուր Սաքունց

May 18, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը

 

– Պարո՛ն Սաքունց, ինչպե՞ս եք գնահատում վարչապետի վերջին ասուլիսը, որի ժամանակ դարձյալ հարյուր փաստի արձանագրում տեղի ունեցավ։ Տեսակետ կա, որ այլևս հարյուր փաստի արձանագրման իմաստ չկա, որ արդեն ձանձրալի են փաստերի այդպիսի արձանագրումները։ Դուք ինչպե՞ս եք գնահատում։

 

– Ես կարծում եմ, որ արդեն ժամանակն է անցնելու չկատարված գործերի կամ խնդիրների մասին խոսելուն, որոնք դեռևս մնում են չլուծված, դրանց պատճառները ներկայացնելուն և, ավելի կարևոր է՝ հետագա գործողությունները ներկայացնելուն, որովհետև մենք այդ փաստերի շարադրանքը լսելով չենք տեսնում կոնցեպտուալ մոտեցում: 

 

Մեզ համար հայտնի չէ, թե կառավարությունն ինչպիսին է տեսնում Հայաստանը, ինչպիսին է Հայաստանը որպես ժողովրդավարական, իրավական, սոցիալական, ինքնիշխան պետության կառավարության տեսլականը: Այդ փաստերի ընդհանուր պատկերում դա չի երևում, և մնում է շատ անհստակ, թե ինչու են այդ փաստերը կարևոր: 

 

Ակնհայտ է, որ ոչ միատեսակ մոտեցում կա այդ փաստերին, նույնիսկ մանրամասնություններ ներկայացնող տարբեր հարցերի նկատմամբ ոչ միատեսակ մանրամասն վերաբերմունք է դրսևորվում։ 

 

Բայց, ես կարծում եմ, որ, ի վերջո, ծրագրով և առանձին ռազմավարություններով հանդերձ պետք է լինի կառավարության հստակ տեսլականը, որովհետև մեզ համար դեռևս հստակ չէ, թե ինչու մենք պետք է գտնվենք այն վիճակում, որում գտնվում ենք։ 

 

Հստակ պետք է ներկայացվի ժողովրդավարական պետության հասնելու տեսլականը, հստակ ներկայացվի ժողովրդավարական և իրավական պետության կայացմանը խոչընդոտող գործոնները՝ համակարգային մոտեցման մակարդակով:

 

– Դուք փաստեր էիք արձանագրել, որոնցով ցույց էիք տալիս, թե որտեղ չի հաջողել կառավարությունը: 

 

–Նախ՝ այդ փաստերում ներկայացված են համակարգային խնդիրները, պետության զավթման քաղաքական գնահատական տալու հարցը մնում է օդում, վարչապետը ոչ մի կերպ չի անդրադառնում դրան, նաև չի նշվում, թե ինչու չպետք է նման գնահատական տրվի: 

 

Երկրորդ՝ մենք նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին խոսել ենք ի սկզբանե, ու մինչ օրս չկա պատասխանը, թե ինչու չի ընդունվել Սահմանադրությունը մինչև հիմա։ Մենք երկար ժամանակ անդրադառնում ենք ռուսական ռազմաբազայի հրամանատարի կողմից գյումրեցի կնոջն սպանելու մեջ մեղադրվող Ռազգիլդեևին ՀՀ դատարան չներկայացնելու փաստին, սակայն այստեղ նույնպես որևէ պատասխան չենք տեսնում: 

 

Կա հստակ զսպվածություն հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրների վերաբերյալ։ Մի կողմից հասկանալի է զսպվածության պատճառը, մյուս կողմից՝ անհասկանալի է այդ զսպվածությանը չանդրադառնալը: 

 

Սկզբունքորեն համաձայն չեմ վարչապետի այն մոտեցմանը, որ դատական համակարգում խոր և արմատական վեթինգի հարցին պատասխանելիս նա ներկայացրեց, թե իբր դա ընդամենը հանրային սեկտորի կողմից է ներկայացվում: 

 

Կարծեք թե այն հարցերը, որոնք բարձրացվել են, իր բնորոշմամբ՝ մեկ սեկտորի կողմից, այդ սեկտորի հորինածն են կամ այդ սեկտորի քմահաճույքն են: Պետք է վարչապետի ուշադրությունը հրավիրեմ, որ քաղաքացիական հասարակության այն կազմակերպությունները, որոնք ներկայացնում են արմատական վեթինգի անհրաժեշտությունը, դա այդ կազմակերպությունների քմահաճույքը չէ, այլ տարբեր երկրներում, որոնք ավտորիտար կառավարումից անցում են կատարել ժողովրդավարական կառավարման համակարգի, կիրառված լավագույն փորձերի համախմբումն է: 

 

ՀՀ վարչապետը, կառավարությունը և հատկապես արդարադատության նախարարությունը անմիջապես հնարավորություն են ունեցել ծանոթանալու միջազգային փորձագիտական կարողություններին: Վարչապետն իր խոսքում նաև չանդրադարձավ նրան, որ արդարադատության նախարարը վարչապետի հետ հանդիպմանը արձանագրեց, որ կան սահմանափակումներ Սահմանադրության մեջ, և թե ինչու մինչև հիմա այդ սահմանափակումները պետք է վերացված չլինեին։ 

 

Իմ համոզմամբ՝ վարչապետը պետք է դուրս գա այն մտայնությունից, որ կառավարությունը որևէ սխալ չի արել, որ կառավարության բոլոր քայլերն անսխալական են, դա օբյեկտիվորեն չի կարող համապատասխանել տարիներ շարունակ կուտակված խնդիրները լուծելու հրամայականի առջև կանգնած մի կառավարությանը, որը նաև ձևավորման փուլում է: 

 

Դա օբյեկտիվ իրավիճակ է, և պետք է կարողանալ չվախենալ սխալները, թերություններն ընդունելուց, որովհետև դա կվկայեր այդ սխալները և թերությունները գիտակցելու մասին։ Երկխոսությունը պետք է ծավալվի նաև սեփական սխալները գիտակցելու կարողության հենքի վրա: 

 

Հակառակ դեպքում, այն միտումը, որ բոլոր քայլերը ճիշտ են և հիմնավորված, փոքր-ինչ տարօրինակ տպավորություն է թողնում։ Դա բոլորովին բաց, թափանցիկ ու հաշվետու կառավարման սկզբունքների շրջանակում չի տեղավորվում:

 

Ես սպասում եմ, որ հաջորդ անգամ վարչապետը նշի այն թերությունները և բացթողումները, որ կան, և թվարկի, թե ինչ պատճառներով դրանք չեն լուծվում, թե ինչ քայլեր են արվելու, որ դրանք շտկվեն։ 

 

Ի դեպ, հատկապես ուզում եմ անդրադառնալ ազնիվ և որակյալ կադրերի հարցին։ Մենք բազմիցս անդրադարձել ենք խնդրին, որ գոյություն ունեցող քաղծառայության համակարգը խոչընդոտում է որակյալ կադրերի ներգրավմանը պետական կառավարման համակարգում:

 

Պետք է նաև գիտակցել, թե որոնք են խոչընդոտող գործոնները, որ առկա որակյալ կադրերը չեն կարող ներգրավվել նախկին ավտորիտար կառավարման օրոք մշակված իրավական սահմանափակումների պատճառով: 

 

Մեզ այդպես էլ հստակ գնահատական չներկայացվեց կառավարման համակարգից կադրերի դուրս գալու մասին: Անհասկանալի է, եթե մարդիկ լավ են աշխատել, ինչու են դուրս գալիս, իսկ եթե վատ են աշխատել, որն է այդ վատ աշխատանքի պատճառը: 

 

– Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ լավ հարցազրույց տալը դեռ չի նշանակում լավ աշխատել:

 

– Ճիշտ է ասում, բայց այդ հարցազրույց տվողները նաև լավ կադրեր էին, և այդ կադրերի հետ կապված որևէ դժգոհություն չի եղել, այդ թվում՝ շրջակա միջավայրի նախարարի հետ կապված, ԿԳՄՍ փոխնախարարի, աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի հետ կապված։ Իսկ այն կադրերը, որոնք հիմա կառավարությունում են ու հարցազրույցներ են տալիս, բոլո՞րն են որակյալ: 

 

Վանեցյանը որ հարցազրույցներ էր տալիս, որակյա՞լ էր, կամ ի՞նչն է պատճառը, որ դարձավ ոչ որակյալ: Իհարկե Վանեցյանը ի սկզբանե որակյալ չէր, մենք դրա մասին միշտ ենք ասել, բայց խնդիրն այն է, որ համակարգը որակյալ չէ, դատաիրավական համակարգը որակյալ չէ։ Քյարամյանը որակյա՞լ է, ՀՀ ոստիկանապետը որակյա՞լ է, ԱԱԾ նոր տնօրենը որակյա՞լ է, դատական համակարգը որակյա՞լ է։

 

– Կարո՞ղ ենք արձանագրել, որ փաստացի կադրերի դեֆիցիտ ունենք:

 

– Կադրերի դեֆիցիտ չկա, որակյալ համակարգի դեֆիցիտ է, ավտորիտար կառավարողները, որոնք մերժվեցին և հեռացվեցին թավշյա հեղափոխությամբ, հիմնվում էին ոչ միայն նախարարական աթոռների կամ կառավարության լծակների վրա: 

 

Ամբողջ պետության զավթումը տեղի է ունեցել բոլոր պետական կառույցների միջոցով: Այն պետությունները, որոնք կարողացել են խոր և համապարփակ վեթինգ իրականացնել պետական կառավարման համակարգում, նրանք են միայն հաջողել։ 

 

Ի վերջո, մեկ բան պետք է ընկալել, որ համակարգային փոփոխություններ ասվածն ունի կոնկրետ դրսևորումներ, կոնկրետ գործողությունների տեսք, և երբ նրանց մասին քաղհասարակությունը ներկայացնում է, դա այդ քաղհասարակության քմահաճույքը չէ: Ի դեպ, վարչապետին ուզում եմ հիշեցնել, որ այդ կազմակերպությունները տարիներ շարունակ ոչ միայն փաստեր են հավաքել, այլ նաև գնահատականներ են տվել ու ներկայացրել են իրավիճակը: 

 

Մի կարևոր հանգամանք եմ ուզում նշել, որ կառավարությունը չպետք է հիմնավորի թավշյա հեղափոխությամբ կառավարումից հեռացվածների սպասելիքները, այն է՝ ձախողել ժողովրդավարական և իրավական պետության վերականգնման կենսական նշանակություն ունեցող խնդիրը, բայց ես բավարար եմ համարում առաջարկվող բարեվարքության մեխանիզմը դատական իշխանության նկատմամբ հասարակության վերականգնման տեսանկյունից: 

 

Եթե խոսքը ժամանակին քաղբանտարկյալների նկատմամբ ազատազրկման որոշումներ կայացրած դատավորների մասին է, ապա նրանց գոյությունն իսկ դատական համակարգում չի կարող որևէ բարեվարքության տեղ թողնել:

 

– Պարո՛ն Սաքունց, դուք կարծում եք՝ վեթինգ չեն իրականացնում, որովհետև այդ գաղափարից հրաժարվեցի՞ն, թե՞ որովհետև մեխանիզմներ չկան, և իսկապես նախ պետք է Սահմանադրությունը փոխել:

 

– Կարծում եմ՝ չեն գիտակցում, հատկապես դատական իշխանությունում, հատկապես ոստիկանությունում, ԱԱԾ-ում, դատախազությունում, ՊԵԿ-ում խոր և արմատական վեթինգի իրականացման անհրաժեշտությունը: Առնվազն այս հարցում պետք է ասել, որ, այո՛, մենք սխալվել ենք, որ ժամանակին Սահմանադրությունը չենք փոխել, որը կապահովի իրական վեթինգ: 

 

– Նշվում էր, որ ժամանակ է պետք, որ չպետք է հապճեպ գնալ այդպիսի փոփոխությունների: 

 

– Եթե առաջնորդվենք հապճեպ փոփոխություններ չկատարելու տրամաբանությամբ, ապա գուցե պետք չէր նաև հեղափոխությո՞ւն անել: Ինձ համար տարօրինակ է, որ խոսվում է, որ նախորդ իշխանության ժամանակ շատ ծրագրեր արդեն ձախողվել են, ու չի նշվում համակարգային կոռուպցիայի ու պետության զավթված լինելու հանգամանքը: 

 

Հենց այս տեսանկյունից եմ ասում, որ չի գիտակցվում, որ պետության զավթման ինստիտուտները չեն կարող պիտանի լինել նոր քաղաքական իշխանության համար որպես ժողովրդավարական և իրավական պետության վերականգնման գործիքներ: 

 

Դա վերաբերում է առաջին հերթին Սահմանադրությանը, պետական ինստիտուտներին, տեղական ինքնակառավարմանը, որը ողբալի վիճակում է, դա վերաբերում է կրթական համակարգին, որը նույնպես ողբալի վիճակում է: Եվ դրանք ողբալի վիճակում են տարիներ շարունակ համակարգային կոռուպցիայի հետևանքով: 

 

Ես ձեզ վստահեցնում եմ, որ մեկ տարի հետո հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորումը որևէ էական նշանակություն չի ունենալու, եթե մենք չունենանք նոր Սահմանադրություն և անկախ դատական համակարգ։ Ասում են՝ կադրեր չկան: Կադրեր կան, կադրերին պետք է պատրաստել: 

 

– Կառավարությունը դեռ շանս ունի՞ այս իրավիճակից դուրս գալու այն ֆոնին, որ նախկիններն են ակտիվացել, և տեսնում ենք, թե ինչ մեծ գրոհ կա գործող իշխանությունների նկատմամբ:

 

– Եկեք իրար հետ չշփոթենք նախկինների գրոհն ու մեր քննադատությունները: Նախկինները շատ լավ հասկանում են, որ իրենց քաղաքական նկրտումների մահը համակարգային փոփոխություններն են, իսկ քաղհասարակության սեկտորի ներկայացուցիչները այդ փոփոխությունների ջատագովն են: 

 

Ընդ որում, քաղհասարակության ներկայացուցիչները թիրախավորվել են և շարունակում են թիրախավորվել նախկինների կողմից հովանավորվող խմբակների կողմից՝ իշխանության լռության պայմաններում։ Այս իշխանությունը պետք է շատ երազի, որ իր իրական քննադատողները լինենք մենք, ոչ թե նախկինները, որովհետև մեր քննադատության հիմնական նպատակը համակարգային փոփոխությունների իրականացումն է, պետական ապարատի որակական փոփոխությունները: Հակառակ պարագայում նախկինները կունենան լուրջ հիմքեր, և այդ հիմքերը տալիս է իշխանությունը իր ոչ հետևողական և ոչ սկզբունքային մոտեցումներով։ 

 

Մի կարևոր հանգամանք ևս՝ վարչապետի խոսքում ես, ցավոք, չնկատեցի թիմային պայքարի կարևորությունը, ինչը շատ տարօրինակ է: Քաղաքական որևէ ծրագիր առանց ընտանիքի հաջողության չի կարող կյանքի կոչվել։ Քաղաքական ծրագրի հաջողության երաշխիքը թիմային աշխատանքն է: 

 

medialab.am

Դիտումներ՝ 187

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը


  • Տառաչափ
    A A A
  • Տառատեսակ
    arial verdana tahoma
  • Հաստություն
    regular light bold
  • Հեռավորություն
    1px 2px 3px
  • Գունային սխեմա
    Սևով սպիտակի վրա Սպիտակով սևի վրա
  • Ֆոնի գույնը
  • Տեքստի գույնը