Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Հերթական անգամ Սերժ Սարգսյանը սխալ է, նա չի հասկացել պատճառները, որոնց հետևանքով տեղի է ունեցել թավշյա հեղափոխությունը». Սաքունց

August 20, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է իրավապաշտպան Արթուր Սաքունցը

 

– Պարոն Սաքունց, Սերժ Սարգսյանը մամուլի ասուլիսում անդրադարձավ ապրիլյան պատերազմի վերաբերյալ հարցերին։ Ինչո՞ւ է նա այս փուլում՝ ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակմանն ընդառաջ, մանրամասներ ներկայացնում ապրիլյան պատերազմի մասին։

 

– Իհարկե ցանկալի ու ճիշտ կլիներ, որ Սերժ Սարգսյանը խոսեր ոչ թե պաշտոնը թողնելուց հետո, այլ հենց նախագահ եղած ժամանակ, երբ պարտավոր էր խոսել և հանրությանը ներկայացնել այն ամենը, ինչ հիմա փորձում է ներկայացնել։

 

Այսինքն՝ պետք է խոսեր ժամանակին, երբ պարտավորություն ուներ խոսելու, ոչ թե խոսեր այն ժամանակ, երբ դրա պարտավորությունը չուներ։

 

Սա վերաբերում է բոլոր պաշտոնատար անձանց, որոնք զարմանալիորեն լռության են մատնում իրենց պարտավորությունները, երբ դրանք կրում են, և սկսում են պարտավորությունների մասին խոսել արդեն դրանց ժամանակն անցնելուց հետո։

 

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է հիմա խոսում Սերժ Սարգսյանը, պատճառաբանում է, թե փորձում է կանխել ԱԺ քննիչ հանձնաժողովի կողմից սեպտեմբերին հրապարակվելիք զեկույցը։

 

Ամենայն հավանականությամբ, նա մտահոգություններ ունի և այսկերպ կանխում է այն հնարավոր եզրակացություններն ու տվյալները, որոնք հանձնաժողովը կարող է հնչեցնել։

 

Երկրորդ՝ Սերժ Սարգսյանը չորս տարի անց մի կարևոր խոստովանություն արեց, որ իր իշխանության համար ճակատագրական եղան ապրիլյան պատերազմն ու դրա հետ կապված իրադարձությունները։

 

Նա իր խոսքում ասում էր, որ դա ազդեցություն ունեցավ ներքին ու արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վրա։ Դե, ներքին քաղաքականության իրավիճակում դա «Սասնա ծռեր» խմբի զինված ապստամբությունն էր, որը անմիջապես ապրիլյան պատերազմից հետո եղավ։

 

Սերժ Սարգսյանը արտաքին քաղաքականության հետ կապված ուշագրավ խոստովանություն արեց, որ ըստ էության ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ փորձ է արվել նոր հաշտության պայմանագիր կնքել Մոսկվայում։

 

Ճիշտ է, իր խոսքում նա նշում է, որ չի կարելի ռազմավարական դաշնակցի նկատմամբ անվստահություն ձևավորել, բայց այն իրավիճակը, որը ձևավորվել է 1994 թվականի մայիսյան համաձայնագրերով, ինքը խոստովանում է, որ ստատուս քվոյի ուղղությամբ հենց ռազմավարական դաշնակիցն է փորձել փոփոխություններ անել, փոխել իրավիճակը։

 

Նրա խոսքից հասկացանք, որ Ռուսաստանը փորձել է հասնել նոր համաձայնագրի ստորագրմանը, որով Լեռնային Ղարաբաղին կզրկի ձայնի իրավունքից։ Այսինքն՝ այլևս կոնֆլիկտը կձևակերպվեր Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ։

 

Չնայած նա ասում է, որ չպետք է նմանօրինակ արտահայտություններ անել, որ ռազմավարական գործընկերոջ մոտ անվստահություն առաջանա, բայց հենց ինքը արձանագրում է, որ ռազմավարական դաշնակիցը մի ձեռքով փորձում է զենքի վաճառքի միջոցով հակամարտության երկու կողմերին հսկողության տակ պահել, բայց մյուս կողմից էլ՝ ունի ակնհայտ նկրտումներ՝ փոխելու ստատուս քվոն։

 

Ուղղակի հարց՝ իր հայտարարությունն արդյոք չի՞ ընկալվի որպես, իր բնորոշմամբ՝ ռազմավարական գործընկերոջ նկատմամբ անվստահության ձևավորման քայլ։

 

– Նա ասաց, որ երկրի ներսում որոշ ուժեր արդեն չորս տարի է՝ ստեղծում ու տարածում են միֆեր, բացարձակ ստեր, թե ապրիլյան պատերազմի ժամանակ բահերով են կռվել, զինվորները սոված ու առանց փամփուշտի են եղել, դիզվառելիքի փոխարեն ջրով լիցքավորված զրահատեխնիկա է գործել։ Այսինքն՝ նա սուտ ու միֆ որակեց այս խոսակցությունները։

 

– Երբ նա խոսում է այդ գործոնների մասին, որոնք ժամանակին են նշվել, մասնավորապես, վառելիքի հետ կապված, մոռանում է, որ այդ վառելիքի մասին, բացի պատերազմական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ծնողներից, իր ժամանակ վարչապետ աշխատած Կարեն Կարապետյանն է ասել։

 

– Նա ասաց, որ Կարեն Կարապետյանը հետագայում խոստովանել է, որ վրիպում է ու թյուրիմացություն է եղել իր խոսքում։

 

– Բայց բոլոր դեպքերում թյուրիմացության մասին խոսքն ասվում է արդեն այն ժամանակ, երբ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովն է աշխատանքներ իրականացնում։ Իսկ մինչ այդ թյուրիմացության մասին որևէ խոսք չկար։ Եվ նա մոռանում է, որ այդ թյուրիմացությունն ասվել է ամենաբարձր մակարդակով՝ Ազգային ժողովում՝ իր մոտ վարչապետ աշխատած Կարեն Կարապետյանի կողմից։

 

Սերժ Սարգսյանը բացարձակ չի անդրադառնում այն խնդրին, որը մենք ենք արձանագրել, որ պատերազմական գործողությունների ժամանակ զոհվածները բոլորն անխտիր սոցիալապես անապահով ընտանիքների զավակներ էին։

 

Այսինքն՝ այդ սոցիալական անարդարության վիճակին նա ընդհանրապես չի անդրադառնում, որովհետև դա վերաբերում է իր վարած քաղաքականության կարևոր դրսևորումներից մեկին։ Այն է՝ սոցիալական անարդարություն է տեղի ունեցել։ Ինչպե՞ս եղավ, որ որևէ պաշտոնատար անձի երեխա առաջնագծում չհայտնվեց։

 

Ի վերջո, պետք է ասենք, որ ըստ նրա՝ ինքը հանգել է այն կարևոր պատճառի բացահայտմանը, որը հասցրեց նրան իշխանությունից հեռացմանը։

 

Բայց նա անուշադրության է մատնում սոցիալական անարդարության այն մեծ չափաքանակը, որը ոչ միայն ապրիլյան պատերազմի ժամանակ բացահայտվեց, այլ նաև ընդհանրապես բնորոշ էր իր կառավարմանը։

 

Եվ, այնուամենայնիվ, հերթական անգամ նա սխալ է, որովհետև չի հասկացել պատճառները, որոնց հետևանքով տեղի է ունեցել այն, ինչ տեղի ունեցավ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին՝ թավշյա հեղափոխության ժամանակահատվածում։

 

medialab.am

Դիտումներ՝ 276

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????