Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Մտահոգությունները, որ ազատության մեջ մնալով, Քոչարյանը կարող է ազդեցություն ունենալ դատաքննության, վկաների վրա, շարունակում են մնալ օրակարգում. Սաքունց

June 20, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

Այն բոլոր մտահոգությունները, որոնք նախկինում կային, որ ազատության մեջ մնալով, Ռոբերտ Քոչարյանը կարող է հնարավոր ազդեցություն ունենալ դատաքննության ու վկաների վրա, շարունակում են մնալ օրակարգում։ Եվ որևէ փաստարկ, թե նա ազդեցություն չունի գործի քննության վրա, արժանահավատ չէ։ 

 

«Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու հարցին։ 

 

«Ավելին, պետք է հաշվի առնել նաև ներգրավված այն ուժերը, որոնք շահագրգիռ չեն այս դատաքննության իրականացմամբ։ Զարմանալի է մի բան՝ նախքան դատաքննություն սկսվելը, երբ հայտնի չէ, թե ինչ նյութեր են հրապարակվելու, ովքեր ինչ ցուցմունքներ են տվել, որոնց տիրապետում են պաշտպանական ու մեղադրական կողմերը, շատ դժվար էր դատողություններ անել։ Եվ դատավորը, որը տեղյակ չէ այդ բոլոր հանգամանքներին, ի՞նչ հիմնավորումներ կամ վստահություն ունի, որ Քոչարյանը, գտնվելով ազատության մեջ՝ չի կարողանալու ազդել այդ վկաների վրա, մանավանդ որ դատավորը տեղյակ չէ՝ ովքեր են այդ գործով վկաները։ Կալանքը գրավով փոխարինած դատավորը պետք է ունենա պատշաճ հիմքեր՝ գնահատելու համար, որ իրապես ազդեցությունն իրական չէ»,- ասում է Սաքունցը։ Այսինքն՝ նրա խոսքով՝ սա մտահոգիչ հանգամանք է։

 

Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը հունիսի 18-ին կայացրեց որոշում, որով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց գրավով։ Դատավոր Արսեն Նիկողոսյանի այս որոշումը բուռն քննարկման թեմա է դարձել։

 

Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ էր «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով։

 

Որպես գրավ դատարանը սահմանել է 2 մլրդ դրամ՝ ավելի քան 4 մլն դոլար, ինչն աննախադեպ չափ է Հայաստանի դատական համակարգի պատմության մեջ։

 

Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ասել է, որ ընտանիքի տրամադրության տակ չկա այդ 2 մլրդ դրամ գումարը։ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ «նման չափի գրավի սահմանումը կարող է հարցականի տակ դնել յուրաքանչյուր մեկի ազատ արձակվելու հնարավորությունը և ստիպել հրաժարվել գրավի վճարումից՝ համարելով այն դատարանի կողմից կայացված գործնականում անիրականանալի որոշում։ Հատկապես որ, գումարը վճարելու համար օրենքով կարճ ժամանակ է սահմանված՝ ընդամենը երկու օր»։

 

Ըստ Սողոմոնյանի՝ գրավի գումարը վճարելու գործում մասնակցելու իրենց պատրաստակամությունն են հայտնել մի քանի խոշոր գործարարներ ու բարերարներ։

 

Արթուր Սաքունցն ասում է. 

 

«Ես կուզեի մանրամասներ իմանալ, թե ինչ հիմնավորումներ է ներկայացրել պաշտպանական կողմը, ինչ առարկություններ է ներկայացրել մեղադրող կողմը կալանքի փոփոխման հետ կապված։ Եթե հիշում եք, սկզբում նախկին վարչապետների անձնական երաշխավորության միջնորդությունն էր քննարկվում, հետո ընթացքում փոխվեց խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու քննության։ Եվ, անկեղծ ասած, այդ անցումն էլ անհասկանալի էր»։

 

Գնահատելով դատավորի գործողությունները՝ իրավապաշտպանն ասում է, որ խնդիրը ոչ թե միայն այս դատավորն է, այլ ամբողջ դատական համակարգում կա խնդիր։ 

 

«Այս դատական համակարգը ձևավորվել է տարիներ շարունակ պետության զավթման տրամաբանության շրջանակներում։ Իսկ պետության զավթման հիմնական ցուցանիշը եղել է այն, որ դատական իշխանությունը կախման մեջ է եղել քաղաքական իշխանությունից։ Հիմա այդ կախման մեջ գցած քաղաքական իշխանությունը հեռացված է իշխանությունից, բայց բոլոր դեպքում հնարավոր այդ կապերը, որոնք իրենց բովանդակությամբ եղել են ոչ թե զուտ անձնական, այլ նաև ունեցել են բավական շատ կենսական կապեր, դրանց ազդեցությունը չեմ կարծում, որ զրոյացվել է»,- ասում է Արթուր Սաքունցը։

 

Նա նշում է, որ նախկին իշխանության ներկայացուցիչներն ունեն ֆինանսական մեծ ռեսուրսներ, որոնք ակնհայտ երևում են լրատվական դաշտում։

 

«Եվ եթե լրատվական դաշտում երևում են, ապա ինչո՞ւ չպետք է երևան նաև այլ գործոնների վրա»,- հավելում է նա։

 

Անդրադառնալով 2 մլրդ դրամ գրավի չափին՝ Արթուր Սաքունցը նշում է, որ սա շատ հետաքրքիր հարց է։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե 4 մլն դոլար գրավը Հայաստանի պայմաններում տրամաբանութունից դուրս է։ Բայց հաշվի առնելով նախկին կառավարման կոռուպցիոն բնույթը՝ Քոչարյանը պետք է որ խնդիր չունենա այդ գումարը վճարելու։ 

 

«Բայց, մյուս կողմից էլ՝ այդ ձևը, որ գտան, թե կան կամավորներ, որոնք վճարելու են, վստահություն չի ներշնչում։ Նրանք գտան այդ տարբերակը, որպեսզի հարցեր չծագեն, թե որտեղից այդ ավելի քան 4 մլն դոլարը»,- ասում է նա։

 

medialab.am

Դիտումներ՝ 255

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????