Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Վստահության բացակայության պարագայում նման դեպքերը էլ ավելի են խորացնում անվստահությունն այդ մարմինների նկատմամբ». Արթուր Սաքունց

May 6, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը

 

– Պարո՛ն Սաքունց, ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդին՝ Գուրգեն Խաչատրյանը, փախուստի մեջ է։ Վերջին երկու տարիների ընթացքում բազմիցս հանդիպել ենք փախուստի այսօրինակ դեպքերի։ Ո՞ր կառույցի թերացման հետևանք է սա։

 

– Ես կոնկրետ իրադարձությունների ժամանակացույցին մանրամասն տեղյակ չեմ, ուղղակի ընդամենը երկու փաստ ունեմ արձանագրելու. մինչև դատարանի կողմից խափանման միջոց կալանքը կիրառելու մասին որոշում ընդունելը Գուրգեն Խաչատրյանը հրապարակավ նյութ էր տարածել և ուշագրավ հայտարարություն էր արել, որ ինքը չի պատրաստվում դառնալ հերթական կալանավորը։ 

 

Իհարկե, ամեն մարդ ինքն է որոշում, թե ինչ կարգավիճակ ունենա, բայց ուշագրավն այն է, որ այդ հայտարարությունից հետո նոր իմանում ենք, որ դատարանը քննության է առել խափանման միջոց կալանք կիրառելու մասին հարցը, և դրանից հետո հայտարարում է, որ Գուրգեն Խաչատրյանը փախուստի մեջ է գտնվում։ Այսինքն՝ մենք այստեղ ակնհայտորեն գործ ունենք իրավապահ մարմնի, տվյալ դեպքում՝ քննչական մարմնի գործողությունների հետ։ 

 

Առաջին հերթին կալանքի հիմնավորվածության մասին պետք է խոսենք։ Ես տեղյակ չեմ, թե ի՛նչ հիմնավորումներ են ներկայացվել քննչական մարմնի կողմից Գուրգեն Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը կիրառելու համար, բայց այն փաստը, որ ինքը փախուստի է դիմել, արդեն իսկ վկայում է այն մասին, որ քննություն իրականացնող մարմնից ակնհայտ խուսափելու վարքագիծ է դրսևորում, որի մասին ինքը հրապարակավ է հայտնել։

 

Գործ ունենք մի այնպիսի իրավիճակի հետ, որ սա հերթական դեպքն է, երբ մարդիկ, որոնք ներգրավված են բավական լուրջ, աղմկահարույց, հնչեղություն ունեցող քրեական գործերով և որոնք վերաբերում են կոռուպցիոն բնույթի հանցագործություններին, կարողանում են խուսափել քննությունից՝ թողնելով երկրի սահմանը։

 

Դրա ուղղակի պատասխանատվությունը կրում են քննչական մարմինը, դատարանները։ Մենք բազմիցս ասել ենք, որ անպայման պետք են արմատական փոփոխություններ իրականացվեն այդ մարմիններում, որպեսզի գործունեության արդյունավետությունը երաշխավորված լինի։

 

Եվ հիմա վստահության բացակայության պարագայում նման դեպքերը էլ ավելի են խորացնում անվստահությունն այդ մարմինների նկատմամբ։ Ես որևէ հիմք չունեմ նման պնդում անելու, բայց տպավորությունը, որ գործ ունենք պայմանավորվածությունների հետ, ավելի քան ակնառու է։ 

 

– Երկու տարվա ընթացքում ինչո՞ւ տեղի չունեցան այդ փոփոխությունները։ Միքայել Հարությունյան, Միհրան Պողոսյան, Արամ Հարությունյան, Վահագն Հարությունյան, Վիգեն Սարգսյան և այլք անարգել հատեցին սահմանը։

 

– Խոսքը վերաբերում է նրանց, որոնք բարձրաստիճան պաշտոնյաներ են եղել, և որոնց օրոք հենց ձևավորվել են գոյություն ունեցող իրավապահ մարմինները, և շարունակում են այդ իրավապահ մարմիններում աշխատել մարդիկ, որոնք աշխատել են նրանց ենթակայության ներքո։

 

Սա փաստ է։ Մենք արձանագրում ենք, որ չի եղել այդ փոփոխությունը, և գտնում ենք, որ կային բոլոր հնարավորությունները վեթինգ իրականացնելու, և դրա համար կային հնարավորություններ՝ ապահովելու համապատասխան օրենսդրական և սահմանադրական կարգավորումներ։

 

Այստեղ դանդաղկոտությունը, իրավական այդ կարգավորումների ուշացումը, հաշվի առնելով կոնտեքստը, որը վերաբերում է հեղափոխությունից հետո իրավիճակին, երբ համակարգային հանցագործությունները, որոնք կատարվել են քաղաքացու և պետության նկատմամբ, պետք է քննվեն, անպատժելիությունը պետք է վերացվի։ Անպատժելիությունը վերացվում է ոչ միայն իշխանության փոփոխությամբ հեղափոխության արդյունքում, այլև անպատժելիությունը վերացվում է, երբ հանցագործություններ կատարած անձինք պատասխանատվություն են կրում։

 

Իսկ դրա ապահովման երաշխիքը որակապես և արմատապես բոլորովին նոր մարմինների գոյության անհրաժեշտությունն է, որը չարվեց։ Ավելին՝ այն մտայնությունը, թե քաղաքական իշխանության փոփոխությունը կամ պետական մարմինների ղեկավարների փոփոխությունը արդեն իսկ երաշխիք է, որ համարենք համակարգային փոփոխություն է տեղի ունեցել, ոչ թե խոր թյուրիմացություն է, այլ, իմ համոզմամբ՝ չափից դուրս գերագնահատում է սեփական նշանակությունը։

 

– Նշեցիք, որ տպավորություն է՝ կա պայմանավորվածություն։ Արդյոք իշխանությունը կգնա՞ր այդպիսի պայմանավորվածության՝ վտանգելով իր հեղինակությունը։ Հնարավոր է՝ պետք էր կոշտ գործիքնե՞ր կիրառել։ Իշխանությանը մեղադրում են շատ թավշյա լինելու մեջ։

 

– Ինձ տվյալ դեպքում իշխանության վարկանիշն ամենաքիչն է հետաքրքրում։ Ավելի շատ մտահոգում է պետական մարմինների նկատմամբ հանրային վստահությունը։

 

Խոսքը ընդհանրապես պետական կառավարման համակարգի, նրա առանձին ինստիտուտների նկատմամբ հանրային վստահության վերականգնման մասին է։

 

Այն քարտ բլանշը, որ տրվեց հեղափոխությամբ նոր իշխանությանը, դրա հիմքում ընկած էր ակնկալիքը, որ մնացած պետական մարմինները նույնպես պետք է այդպիսի արմատական փոփոխությունների ենթարկվեին, որպեսզի նրանց նկատմամբ հանրային վստահությունը վերականգնվեր՝ դատարան, դատախազություն, քննչական մարմիններ, ԱԱԾ, ոստիկանություն, ՊԵԿ, նախարարություններ, մարզպետարաններ և այլն, բայց ակնկալիքների բավարարումը սահմանափակել միայն քաղաքական իշխանության նկատմամբ վստահությամբ, ինքը և՛ սահմանափակ է, և՛ նաև մնացած պետական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահության չբարձրացման պարագայում հանգեցնում է նույն քաղաքական իշխանության նկատմամբ հանրային վստահության նվազեցմանը։

 

Ես չեմ ասում, որ հատուկ այդպես են մտածել, ես ասում եմ՝ այդպիսի մտածողությունը հանգեցնում է նման խնդիրների։ Այս առումով, փաստերի նույնաբնույթ փաստերի շարունակականությունը, իմ համոզմամբ, ավելի քան հիմնավորում է փոփոխությունների իրականացման արագացումը, որ ուշացնելը կբերի ճգնաժամային այնպիսի իրավիճակների, երբ մարմինները չեն աշխատի:

 

Հիմա տեսնում ենք, որ այդպիսի մարմինները արդյունավետ չեն գործում։ Պետական ինստիտուտների արդյունավետ գործունեության համար մի քանի կարևոր հանգամանքներ են պետք՝ մաքրել, զտել, վեթինգի ենթարկել պետական կառավարման մարմինները այն մարդկանցից, որոնք ներկայումս չեն կարող վստահելի համարվել։

 

Բացի այդ, պետք է այդ մարմինների իրավական կարգավորումները փոխել։ Որովհետև սա ոչ թե սովորական իրավիճակ է, այլ հետհեղափոխական իրավիճակ, երբ ավտորիտար կառավարումից հետո է անցնել ժողովրդավարական կառավարման:

 

Հետևաբար, քայլերը պետք է ուղղված լինեին նախկինում կատարված հանցագործությունների բացահայտմանը, բայց այդպիսի գործիքներ չմշակվեցին կամ մշակվեցին շատ ուշ, և որոնց կիրառումը դեռ առջևում է: Երկրորդը՝ պետք է նոր իրավական կարգավորումներ ստեղծվեին, որպեսզի այդ համակարգերը կադրային, մասնագիտական, տեխնիկական զինվածության տեսանկյունից կարողանան այդ նոր իրավիճակում գործել:

 

Այս երկու հիմնական նպատակների տեսանկյունից ժամանակին քայլեր չարվեցին: Ամեն մի ժամը, ամեն մի օրը հեղափոխությունից հետո մեզնից էր գնում, երբ ինքը չէր կատարում անհրաժեշտ քայլերը:

 

Այսինքն՝ այդ քայլերը չանելու հետևանքով նոր բնույթի խնդիրներ են կուտակվում: Այն, որ տարիներ շարունակ կուտակվել էին խնդիրները, դրանք լուծելուց բացի նաև նոր խնդիրներ են առաջ գալիս արդեն նոր իրավիճակում: Այսինքն՝ մենք գնացինք խնդիրների կուտակման ճանապարհով: Նախկինների խնդիրները մնացին չլուծված, ես նկատի ունեմ, մասնավորապես, պետության զավթմանը քաղաքական գնահատական չտալը:

 

Մենք գիտեինք, ասենք՝ նույն կիպրոսյան օֆշորի, պանամյան օֆշորի, «Նաիրիտի» հետ կապված և այլ բազմաթիվ կոռուպցիոն հանցագործությունների մասին:

 

Ընդ որում, դրանք ոչ թե եղել են հատվածային գործեր, այլ գործել է կազմակերպված կոռուպցիոն համակարգ, կազմակերպված մաֆիա՝ իր բոլոր դրսևորումներով, բոլոր գործիքներով:

 

Երբ թղթի վրա գրված օրենքները նշանակություն չեն ունեցել, այլ նշանակություն են ունեցել իրական մեխանիզմները, որոնք գործել են պայմանավորվածությունների, հրահանգների հիման վրա: Իհարկե, այս ամենը բացահայտելու համար ո՛չ դատախազությունը, ո՛չ ԱԱԾ-ն, ո՛չ ոստիկանությունը, ո՛չ քննչական մարմինները չէին կարող արդյունավետ լինել, որովհետև իրենք նույնպես հանդիսացել են այդ նույն կազմակերպված մաֆիայի ինստիտուտներից մեկը:

 

Հիմա դու մաֆիային հեռացրել են իշխանությունից, բայց մաֆիայի գործիքները թողել ես նույնը: Մենք քանիցս հրապարակային, աշխատանքային բոլոր ձևաչափերով ասել ենք այս մասին:

 

Բայց այդ նույն ինստիտուտի ներկայացուցիչներից մեկին նորից առաջադրում ես պետ: Մենք տեսանք Օսիպյանի դեպքը, Վանեցյանի դեպքը: Հետաքրքիրն այն է, որ հենց որ գալիս է մի կրիտիկական պահ, նոր սկսում են հիշել ինչ-որ հանգամանքներ, որոնք նշանակելու ժամանակ կարծես թե չգիտեին:

 

Հիմա եթե գլխավոր դատախազը կամ ՊԵԿ ղեկավարը ինչ-որ ճգնաժամային խնդիրներ չի առաջացնում, դա նշանակում է, որ նրանք համապատասխանո՞ւմ են իրենց պաշտոններին:

 

Իհարկե ոչ: Եթե մենք չենք տալիս քաղաքական գնահատական և այդ ամբողջ համակարգը չենք բացահայտում իր էությամբ, որ եղել է անձնական, սուբյեկտիվ, ընտանեկան, նույն Արմեն Գևորգյանի խոսքով, որին հիմա նույնիսկ համարձակվում են վարչապետի պաշտոնի առաջադրել, երբ որ նա խոսում է բնականորեն ստեղծված ընտանեկան կլանների մասին, ու հիմա փորձ են անում այդ ընտանեկան կլանները լեգիտիմացնել հեղափոխությունից հետո: Սա ցույց է տալիս, որ ինչպիսի իրավիճակ է ստեղծվել, որ արդեն համարձակվում են նման գաղափարներ հրամցնել հանրությանը, որն իհարկե չի ընդունվի:

 

Բայց նրանք գտնում են, որ այդպիսի գաղափարների համար պարարտ հող կա, որովհետև ներկայումս էլ էլի ընկերական կապերի կամ նախկինում հանցագործության մեջ մեղադրվող անձանց նորից պաշտոնների նշանակելու մասին են խոսում:

 

Ինչո՞ւ, որովհետև դու համակարգի ձևավորման չափանիշները չես փոխել: Այսինքն՝ ովքեր կարող են այդ համակարգին համապատասխանել, իսկ համապատասխանելու չափանիշները նույնն են մնացել: Այդ համակարգերի գործառույթների իրականացման մեխանիզմները, դրանք կիրառողները նույնն են մնացել:

 

Դրանք լուծելի խնդիրներ են:

 

medialab.am

Դիտումներ՝ 350

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????