Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«ՊՆ-ն շարունակում է հին ոճով աշխատել». ինչու են գաղտնի պահվում զինծառայողների այրվածքներ ստանալու, մահվան հանգամանքները

July 28, 2022

Լրատվամիջոցները մեր մասին

Վերջին շրջանում բանակում դժբախտ պատահարների, դրանց հետևանքների ու զինծառայողների մահվան հանգամանքների մասին տեղեկություններ չհաղորդելը, ուշ հաղորդելը կամ կցկտուր հաղորդելը «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ, իրավապաշտպան Արմինե Սադիկյանը զարմանալի չի համարում: 

 

«Այն, որ պաշտպանական գերատեսչությունը նույնիսկ դեպքից հետո չի հաղորդում, թե ինչ պայմաններում է մահացել զինծառայողը, նոր երևույթ չէ: Մեր դիտարկումների շրջանակներում բազմաթիվ անգամ արձանագրել ենք, որ դժբախտ պատահարների, դեպքերի մասին հանրությունը տեղեկանում է շատ ուշ»,- «Մեդիալաբին» ասում է Արմինե Սադիկյանը: 

 

Նկատենք՝ նման մի դեպք էր նաև Սյունիքի մարզի պաշտպանական դիրքերից մեկում ժամկետային զինծառայող Պալյան Պողոսյանի հետ կատարվածը, որի մահվան մասին պաշտպանության նախարարության հաղորդագրությունները ավելի շատ հարցեր են առաջացրել, քան փարատել մտահոգություններ:

 

Զինծառայող Պողոսյանի՝ ծառայության ընթացքում ջերմային 2-րդ աստիճանի այրվածք ստանալու մասին ՊՆ-ն պաշտոնապես հաղորդել էր դեպքից 8 օր անց, այն ժամանակ, երբ զինծառայողի վիճակն արդեն ծանր էր: «Պայմանավորված տվյալ ախտահարման դեպքում հիվանդության զարգացման փուլային ընթացքով և այրվածքային ախտահարման ժամանակ հաճախակի հանդիպող հեռակա բարդություններով՝ զինծառայողի առողջական վիճակում դիտարկվել է վատթարացում, ներկայումս այն գնահատվում է ծայրահեղ ծանր»,- հոսպիտալացվելուց 8 օր անց տեղեկացրել էին ՊՆ-ից:

 

Ընդ որում՝ պաշտոնապես չէր մատնանշվել՝ ինչ հանգամանքներում է զինծառայողը ստացել այրվածքներ: Պաշտոնական առաջին հաղորդագրության հաջորդ օրը ՊՆ-ն տեղեկացրեց. «Չնայած բժիշկների գործադրած բոլոր ջանքերին՝ ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը մահացել է»:   

 

Մինչ պաշտպանական գերատեսչությունը գաղտնի է պահում զինծառայող Պալյան Պողոսյանի մահվան հանգամանքները, նրա հարազատ գյուղի ղեկավարը «Առավոտին» պատմել է՝ ինչպես է տեղի ունեցել դեպքը. «Բլինդաժում անվտանգության կանոններն են խախտվել։ Բլինդաժը 1700 մետրի վրա է՝ ծովի մակերևույթից բարձր, Սիսիանի կողմերը միշտ ցուրտ, քամի է, ամբողջ տարին վառարանը միացնում են։ Այս սեզոնին, ինչքան հասկանում ենք, փայտ չկա, քարածուխով են տաքացնում։ Վառարանը վառած է եղել, մեջը՝ ածուխ, ածուխը տրաքել է, քնապարկերը սկսել են այրվել, քնապարկերն էլ սինթետիկ են, բոցը հենց կպավ՝ շատ դժվար կլինի հանգցնելը, շատ արագ են այրվում։ Իրենք ուզել են մարել կրակը, ու այդ ընթացքում բոցը տվել է Պալյանի դեմքին, հալված սինթետիկ հատվածը լցվել է վրան, ցելոֆանատիպ բան է, միանգամից բռնկվում է։ 4 երեխա են եղել, 4-ն էլ այրվածքներ են ստացել, սակայն ամենածանրը Պալյանի վիճակն է եղել»:

 

Ըստ Սադիկյանի՝ պաշտպանական համակարգում դեռևս հաղթահարված չեն խնդիրների մասին հանրությանը չներկայացնելու, բաց ու թափանցիկ աշխատելու հետ կապված խնդիրները, որոնք գոյություն են ունեցել 30 տարի շարունակ:

 

«Պաշտպանական գերատեսչության կողմից դեպքերը գաղտնի պահելու, դրանց վերաբերյալ մանրամասներ չհայտնելու վարքագիծը վաղուց է արմատներ գցել այդ կառույցում, եթե գաղտնի չլիներ այն ժամանակ, ապա քաղհասարակության կողմից ժամանակ առ ժամանակ կազմակերպվող բողոքի ակցիաները տեղի չէին ունենա: Թվում էր, թե 2018 թվականից հետո պետք է շատ բան փոխվեր, բայց այդպես չեղավ, փաստորեն նույն վարքագիծը շարունակվում է»,- նշում է Արմինե Սադիկյանը: 

 

Ավելին, նրա խոսքով՝ տեղեկություն տրամադրելու հարցումներին ի պատասխան, ըստ Սադիկյանի, պաշտպանության նախարարությունը կամայական վարքագիծ է ցուցաբերում՝ մեկ կարող է պատասխանել, մեկ էլ կարող է ասել, որ պետական գաղտնիք է, տեղեկություն չի տրամադրվում: «Իսկ երբ մերժում են տեղեկություն տրամադրել, պետք է հստակ մատնանշեն իրավական հիմքերը, ինչը չի արվում»,- ասում է նա:

 

Հարցին, թե ինչո՞ւ բողոքի ակցիաներ չեն կազմակերպվում պաշտպանական գերատեսչության նման քաղաքականության դեմ, ինչպես արվում էր մինչև 2018 թվականը, ինչո՞ւ է լռում քաղհասարակությունը, Արմինե Սադիկյանն արձագանքում է. «Այո, «Բանակն իրականում» նախաձեռնությունը այն ժամանակ շատ ակտիվ էր, բողոքի ալիքն առավել ընդգծված էր, որովհետև առհասարակ փակ էր բանակը: Հիմա էլ այնպես չէ, որ չեն բարձրաձայնվում բանակի խնդիրները, միգուցե հանրության լայն շրջանակներ չի ընդգրկում դա, բայց տարիներ շարունակ բանակի հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունները միշտ ակտիվ են, վեր են հանում խնդիրները, խոսում դրանց մասին»:

 

Նրա խոսքով՝ քանի դեռ Հայաստանի Հանրապետությունը չունի զինված ուժերի համակարգային բարեփոխման հայեցակարգ, նման իրավիճակներ շատ կլինեն:

 

medialab.am

Դիտումներ՝ 72

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????