Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Խոշտանգումներից մինչև մրցանակներ

Մհեր Ենոքյան

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Սիրելի ընթերցողներ, ուրախ լուր եմ ստացել հարազատներիցս. մասնակցելով լրագրողական մրցույթների` դեկտեմբերի 13-ին մրցանակակիր եմ դարձել՝ ստանալով պատվոգրեր, արձանիկներ, գիրք՝ Սերգեյ Փարաջանովի բանտային օրերի մասին ու դրամական պարգև: Ինչպես գիտեք, օրենքն արգելում է ցմահ բանտվածին նման միջոցառումների ներկա գտնվել: Մրցանակները դեռ չեմ տեսել, դրանք հանձնվել են մայրիկիս, բայց հնարավոր է Քրեակատարողական ծառայության ղեկավարի հատուկ թույլտվության դեպքում մրցույթների կազմակերպիչներն այցելեն «Նուբարաշեն» կլոր բանտ ու անձամբ հանձնեն մրցանակները: Գիտեմ, որ մրցանակներ են ստացել ներկա ու նախկին դատապարտյալներ ու տարբեր լրագրողներ: Շնորհավորում եմ նրանց ու շնորհակալություն հայտնում ժյուրիի անդամներին, հովանավորներին ու կազմակերպիչներին:

Լրագրողական մրցույթներին ներկայացրել էինք Սլավոնական համալսարանում իմ հնգամյա ուսումնառության, մահապատժի տարիների խոշտանգումների, ցմահների խնդրի լուծումների մասին պատմող իմ հրապարակումները, որոնք տպագրվել էին hetq.am կայքում:

Քանի որ խոշտանգումներից զերծ լինելու իրավունքի մասին հրապարակումները նույնպես մրցույթի թեմատիկայի մեջ էին, մի պատմություն էլ հիշեցի, որի մասին երբեք չեմ գրել:

2005թ. փախուստի նախապատրաստության կեղծ մեղադրանքով ինձ տարել էին պատժախուց: Իսկ մինչ այդ 7 աշխատակից դաժանաբար ծեծել էին ինձ, այն էլ՝ ձեռքերս հետևից շղթայված վիճակում: Այս խոշտանգման մասին ժամանակին բարձրաձայնեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեն: Բանտ այցելեցին թե՛ ՄԻՊ-ի, թե’ Դիտորդական խմբի անդամները, որոնք արձանագրեցին մարմնիս վրայի բազմաթիվ վնասվածքները: Պատժախցում էի, բայց պահանջեցի, որ զբոսանք տրամադրեն և թույլատրեն հարազատներիս բերած սննդամթերքն ինձ փոխանցել: Բանտի աշխատակիցները ծիծաղեցին և զարմացած կրկնեցին այն, ինչը որպես «օրենք» կրկնում էին տասնյակ տարիներ.

-Պատժախցում զբոսանք չի թույլատրվում, չի թույլատրվում դրսից սնունդ, կարցերում չի տրամադրվում նախաճաշ ու ընթրիք, մենակ ճաշ ու մի կտոր հաց:

Բոլորը գիտեին, թե սա է օրենքը: Բայց պահանջեցի համապատասխան գրված օրենքը. 2005թ. ապրիլին ինձ չկարողացան ցույց տալ նման արգելանքներ դնող որևէ օրենք: Նկատի ունենալով նաև ՄԻՊ-ի և Դիտորդական խմբի ներգրավվածությունը`«Նուբարաշեն» բանտի պատմության մեջ առաջին անգամ ինձ՝ պատժախցում փակված բանտարկյալիս, զբոսանք տրամադրեցին: Ժամեր անց ընդունեցին նաև հարազատներիս բերած սննդամթերքը: Լավ հիշում եմ, որ հենց պատժախցում երկու բարձրաստիճան աշխատակիցներ քննարկում էին.

-Մոր սարքած ճաշերը թողնենք, բա՛, էս բանաններն ու շոկոլադը կարելի՞ ա:

-Ինձ թվում ա՝ չի կարելի, դե՛, դա ճոխություն ա կարցերում (պատժախուց):

Ճոխության պահով առարկեցի, և ինձ հանձնեցին ամբողջ հանձնուքը: Պատժախցում ուտելիք տաքացնելու հնարավորություն չկար, և մայրիկիս սարքած բորշչը սառը-սառը, բայց գերագույն հաճույքով կերա. շատ սոված էի, իսկ հետո էլ սառը սուրճը խմեցի բանանով ու շոկոլադով: Դա աննախադեպ երևույթ էր «Նուբարաշեն» բանտի պատժախցում:

Եթե չեմ սխալվում, եվրոպական կառույցների պահանջով փակեցին «Նուբարաշենի» նախկին պատժախցերի հատվածը, որը գտնվում էր հողի տակ, և այդ խցերը 3 քառակուսի մետր էին, մութ, խոնավ, առանց զուգարանի:

Հետսովետական Հայաստանը կամաց-կամաց Եվրոպայի պարտադրմամբ սկսեց բացել փակ համակարգի դռները հանրության առաջ: Իմ կողմից կարող եմ ասել, որ անընդհատ պայքարել եմ, չեմ լռել ու համակերպվել, բարձրաձայնել եմ խնդիրների մասին: Շատ բան է փոխվել բանտային համակարգում՝ կադրեր, մտածողություն, պայմաններ: Արդյունքում՝ այսօր դատապարտյալների ձայնը հարյուրապատիկ անգամ ավելի լսելի է որոշումներ կայացնողների համար, քան նախկինում էր:

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր