Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Պետությունը պատշաճ կերպով չի իրականացնում անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների երաշխավորման ուղղությամբ ստանձնած պարտավորությունները. անհայտ կորած զինծառայողների հարազատներ

July 19, 2024

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ Զորակոչիկների եւ զինծառայողների իրավունքների պաշտպանություն | Նորություններ

Արցախյան երկրորդ պատերազմից չորս տարի անց անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների  խնդիրները շարունակում են մնալ օրակարգում։

 

ՀՔԱՎ-ը ավելի քան քսան տարի զբաղվում է  հակամարտության հետևանքով անհայտ կորած  անձանց և նրանց ընտանիքների խնդիրների վերհանմամբ և նրանց իրավունքների պաշտպանությամբ։ Կազմակերպությունը ներկայումս ՄԱԿ-ի Խոշտանգումների զոհերի կամավորական հիմնադրամի (The United Nations Voluntary Fund for Victims of Torture) աջակցությամբ իրականացնում է հակամարտությունից տուժածների և նրանց ընտանիքների իրավական և հոգեբանական աջակցություն:

 

2024 թվականի ապրիլի 19-ին և հուլիսի 9-ին Կազմակերպությունը հանդիպում է ունեցել 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների հարազատների հետ։

 

Հանդիպումների ընթացքում անհայտ կորած զինծառայողների հարազատները ներկայացրել են տարբեր պետական կառույցների  կողմից իրենց պարտավորությունների ոչ պատշաճ կատարմանն առնչվող բազմաթիվ և տարաբնույթ խնդիրներ ու մտահոգություններ։

 

Պաշտոնական տվյալների համաձայն 2020 թ. Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքով անհայտ կորած է համարվում 195 անձ, որոնցից 175-ը՝ զինվորական, 20-ը՝ քաղաքացիական անձ:

 

Անհայտ կորած զինծառայողների հարազատների մեծամասնության դժգոհությունը պետական կառույցների աշխատանքից պայմանավորված է մի շարք հանգամանքներով․ 

 

  • Սահմանափակված է անհայտ կորածների ընտանիքներին տրվող տեղեկատվությունը և վերջիններիս մասնակցությունը քրեական վարույթների, իրականացված քննչական գործողությունների ընթացքին։ 

  • Անհայտ կորած զինծառայողների հարազատների տվյալներով՝ 44-օրյա պատերազմի ընթացքում զորամասերի տարածքներում տեղադրված տեսախցիկների ձայնագրությունները պահվում են ՀՀ պաշտպանության նախարարությունում, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում, ՀՀ քննչական կոմիտեում, ՀՀ ռազմական ոստիկանության համապատասխան բաժիններում։ Զինծառայողների ծնողներից որոշները նշում են, որ հնարավարություն են ունեցել ՀՀ պաշտպանության նախարարությունում դիտել հատվածներ այդ տեսագրություններից։ Ծնողները դժգոհում են, որ չունեն ամբողջական հասանելիություն տեսագրություններին, ինչի պատճառով էլ չեն կարողանում պարզել, թե ինչ է իրականում տեղի ունեցել իրենց զինծառայողների հետ։ 

  • Առկա են  բազմաթիվ անճշտություններ ԴՆԹ հետազոտության  արդյունքներում։ Ըստ էության, խնդիրները, որոնք ՀՔԱ Վանաձորի գրասենյակն արձանագրել էր Կազմակերպության «2020 թ. 44-օրյա պատերազմական գործողությունների ընթացքում անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքի անդամների իրավունքների վիճակը» զեկույցում, անհայտ կորած զինծառայողների ընտանիքիները բարձրաձայնում են նաև հիմա։ Մասնավորապես, ԴՆԹ նմուշների համընկնման անճշտության մասին են վկայում զինծառայողների մարմինների, մասունքների (ոտքի չափսի, ատամնաշարի, մարմնի տարբեր հատվածների) կամ մարմիններին առկա նշանների, դաջվածքների և խալերի ակնհայտ անհամապատասխանությունները զինծառայողների մարմնին կամ մարմնի մասերի  կառուցվածքին։ 

  • Քննչական մարմինները զինծառայողների հարազատներին չեն տրամադրում էլեկտրոֆորեոգրամա հետազոտության արդյունքները: Փոխարենը, ԴՆԹ նմուշառման արդյունքներին զինծառայողների հարազատները ծանոթանում են  միայն դատաբժշկական գիտագործնական կենտրոնի փորձագիտական եզրակացությամբ։ Այսինքն հարազատներին չի տրվում ԴՆԹ հետազոտության բնօրինակ փաստաթուղթը, այլ հակիրճագիր քաղվածքը։

  • Քննչական մարմինները որոշ դեպքերում թյուրիմացություն են որակում, երբ անհայտ կորածի և ծնողի ԴՆԹ պատասխանները համընկնում են, հետո ծնողների միջոցով արված ստուգիչ գործողությունները ցույց են տալիս, որ տրված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Օրինակ, մեկ դեպքում զինծառայողի հորը հարցրել են իր կնոջ ազգանունը և վերջինս այլ ազգանուն է նշել։ Արդյունքում զինծառայողի հորը  հայտնել են, որ հենց նույն ազգանվամբ ծնողի ԴՆԹ նմուշառումը համընկել է զոհված զինծառայողներից մեկի ԴՆԹ նմուշառմանը՝ այդ կերպ փորձելով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին համոզել, որ իրենց անհայտ կորած հարազատի նմուշն է և զինծառայողը մահացել է։

  • Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին մտահոգում է այն հանգամանքը, որ ԴՆԹ նմուշառումների համընկնման արդյունքների օբյեկտիվությունը կասկածի տակ դնելուց և դրանց անճշտությունը ապացուցելուց հետո թվային որևէ փոփոխություն չի կատարվում պաշտոնապես ներկայացվող թվային տվյալներում։ Այսինքն, պաշտոնապես ներկայացվող անհայտ կորածների թիվը մնում է անփոփոխ նույնիսկ այն պարագայում, երբ կրկնակի ԴՆԹ հետազոտությամբ ժխտվում է զինծառայողի մահացած լինելու վարկածը։ Միաժամանակ, անհայտ կորած զինծառայողների հարազատները նշում են, որ որպես անհայտ կորած ներկայացվող 195 անձանցից բացի, ևս 85 զինծառայողների հարազատներ վստահ են, որ չնայած առկա է հաստատում ԴՆԹ նմուշառումների համընկնման մասին, սակայն  ներկայացված մարմինները կամ  մասունքները չեն համապատասխանում անհայտ կորած զինծառայողների մարմնակազմությանը։ Այս 85 անհայտ կորած զինծառայողներին մահացած համարելով՝  պետությունը փաստացի հրաժարվում է վերջիններիս  ճակատագրի հանդեպ պատասխանատվությունից, նրանց գտնվելու վայրի վերաբերյալ որոնողական աշխատանքներից և միջազգային կառույցներին ներկայացնում է իրականությանը չհամապատասխանող պատկեր։  Ելնելով այս հանգամանքից, անհայտ կորածների հարազատները պնդում են, որ 2020 թ. պատերազմական գործողությունների հետևանքով անհայտ կորածների թիվն ավելին է, քան պաշտոնապես ներկայացվող 195-ը։ 

  • Ծնողները ընդգծում են, որ պատերազմից հետո չորս տարի շարունակ  անձամբ են ձեռնարկել հնարավոր բոլոր քայլերը  իրենց անհայտ կորած զինծառայողների գտնվելու վայրի և ճակատագրի մասին տեղեկություններ հայթայթելու  նպատակով և պատկան մարմինների գործելաոճը գնահատում են որպես անգործություն։ Ավելին, ըստ անհայտ կորած զինծառայողների հարազատների, իրենք բազմիցս դիմել են ՀՀ կառավարություն, առաջարկել տարբեր մոտեցումներ զինծառայողների մասին տեղեկատվություն ստանալու համար, սակայն դրանք շարունակ անտեսվում են քննչական մարմինների և պաշտպանական գերատեսչության կողմից։

  • Ըստ հարազատների՝ հարգանք ու հեղինակություն վայելող և իրենց իրավունքների պաշտպանության համար ակտիվ պայքարող ծնողներից ոմանց կառավարությունը փորձում է «լռեցնել»՝ նրանց պաշտոններ առաջարկելով։

  • Բացի նշված խնդիրներից, անհայտ կորած զինծառայողների հարազատները նշում են, որ ունեն սոցիալական տարբեր խնդիրներ։ Մասնավորապես՝ ներկայումս առկա չեն անհայտ կորած զինծառայողների ընտանիքի անդամների զբաղվածության ապահովման իրավակարգավորումներ, սոցիալական աջակցության ծրագրեր, որպիսին կարող են հանդիսանալ, օրինակ՝ կարողությունների զարգացման,   մասնագիտական հմտությունների ձեռքբերմանն ուղղված անվճար դասընթացները, որոնց միջոցով հետագայում կերաշխավորվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքի անդամների զբաղվածության ապահովումը։ 

 

Ներկայումս ՀՀ Կառավարությունը շարունակում է 2020 թվականի դեկտեմբերի 10-ին ընդունված «Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության միջոցառումը հաստատելու մասին» որոշմամբ  «Կամուրջ» ծրագրի շրջանակներում  սոցիալական աջակցություն տրամադրել անհայտ կորած զինծառայողների հարազատներին։ Ծրագիրը անհայտ կորածների ընտանիքներին հնարավորություն է ընձեռում առանց դատարան դիմելու (անհայտ կորած զինծառայողներին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելու հայցով) ստանալ ֆինանսական աջակցություն։  Խնդիրն այն է, որ 2020 թվականից ի վեր որոշման գործողության ժամկետը պարբերաբար երկարաձգվում է, մինչդեռ անհրաժեշտ է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցության շրջանակը սահմանել օրենքով, որպեսզի նման աջակցության տրամադրումը լինի ոչ թե հայեցողական, այլ օրենքով սահմանված պարտավորության կատարման տրամաբանությամբ։

 

Միաժամանակ, անհայտ կորած զինծառայողների հարազատներն ունեն նաև հոգեբանական աջակցության կարիք։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հոգեբանների ներգրավմամբ տրամադրում է նաև հոգեբանական աջակցություն պատերազմի հետևանքով անհայտ կորած անձանց ընտանիքների անդամներին, նախկին ռազմագերիներին և պատերազմի մասնակցի զինծառայողներին, ովքեր ունեն հոգեբանական վերականգնման կարիք։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ինչպես բազմիցս հրապարակավ, այնպես էլ անհայտ կորածների հարազատների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է պետության պարտավորությունը տեղեկություններ փնտրելու և հայտնելու ընտանիքներին՝ իրենց անհյատ կորած հարազատի գտնվելու վայրի և ճակատագրի վերաբերյալ, և այդ տեղեկությունները պետք է լինեն անվիճելի, ապացուցելի ու վստահելի հարազատների համար, իսկ նրանց հետ աշխատանքները պետք է իրականացվեն մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքի սկզբունքի հիման վրա։   

 

Հիշեցնենք, որ 2007 թ-ին ԵԽԽՎ Միգրացիայի, փախստականների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի զեկուցող Լեո Պլատվոետի գլխավորած խումբը Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում այցելեց Հարավային Կովկասի երկրներ, որոնց հիման վրա կազմվեց զեկույց, և արդյունքում՝ 2007թ. մայիսի 24-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունեց 1553 (2007թ.) բանաձևը անհայտ կորածների և նրանց ընտանիքի անդամների իրավունքների մասին:

 

Չնայած բանաձևի ընդունմանը, Հայաստանի Հանրապետությունը օրենսդրական մակարդակում մինչ այժմ չի կատարել  իր պարտավորությունները անհայտ կորածների և նրանց հարազատների հանդեպ։

 

Հակամարտող երկրների կողմից ԵԽԽՎ բանաձևի լիարժեք կատարումը և դրանում ներկայացված դրույթների կատարման պատասխանատվություն ստանձնումը չափազանց կարևոր է և կարող է նպաստել տարածաշրջանում մարդու իրավունքների ամրապնդմանը և հակամարտող պետությունների միջև լարվածության նվազեցմանը։ Հաշվի առնելով հակամարտության սրման մշտական վտանգը և պատերազմից հետո Հայաստանից ու Լեռնային Ղարաբաղից  հարյուրավոր անհայտ կորածների և նրանց ընտանիքների բազմաթիվ իրավական, սոցիալական, ֆինանսական, հոգեբանական և այլ խնդիրներին համապարփակ լուծում տալու հրատապությունը,  2007 թ. ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նախաձեռնեց «Անհայտ կորածների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) նախագիծը մշակման  աշխատանքները։ 

 

Օրենքի նախագծի մշակման աշխատանքներն ավարտվել էին  2011 թվականին։ Սակայն մինչ օրս Օրենքը չի ընդունվել, մասամբ այն պատճառով, որ երկար ժամանակ  պետական մարմինները Օրենքի ընդունումը համարում էին «ոչ հրատապ» կամ «ոչ նպատակահարմար»։ «Անհայտ կորածի  մասին» օրենքի նախագծի ընդունումն առաջին անգամ նպատակահարմար համարվեց միայն 2021 թվականին և միայն ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից։

 

Շուրջ երկու տասնամյակ անց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի  ջատագովության արդյունքում, ի վերջո  «Անհայտ կորածի  մասին» օրենքի ընդունումը  ներառվեց  Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023 - 2025 գործողությունների ծրագրում և վերջապես պետությունը հանձառեց նման օրենքի ընդունման պարտավորությունը։

 

Ներկայումս Օրենքի հայեցակարգի ու նախագծի մշակման աշխատանքները ընթացքի մեջ են և դրանք համակարգում է ՀՀ արդարադատության նախարարությունը։ 2024 թվականի մայիսի 24-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների և ՀՀ արդարադատության նախարարի տեղալի և աշխատակիցների միջև կայացած հանդիպման ընթացքում քննարկվեցին  քննարկվեցին «Անհայտ կորած անձանց մասին» օրենքի հայեցակարգը, նպատակներն ու դրանց հասնելու ուղիները։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պատրաստակամ է և շարունակում է իր գործունեությունը պատերազմի հետևանքով  անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության ոլորտում, որի առանցքային խնդիր է հանդիսանում  «Անհայտ կորած անձանց մասին» օրենքի ընդունումը, պետության կողմից իր պոզիտիվ պարտականության կատարման ջատագովությունը՝ անհայտ կորած անձանց ճակատագրի մասին տեղեկությունների հավաքագրման  և վերջիններիս ընտանիքներին տեղեկատվության տրամադրման իր պարտավորությունը պատշաճ կատարելու համար։    Կազմակերպությունը կշարունակի անհայտ կորած զինծառայողների ընտանիքների հետ համագործակցությունը՝  վերջիններիս իրավունքների առավել արդյունավետ պաշտպանության երաշխավորման, Հայաստանում անհայտ կորածների խնդրի կարևորությունը միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում պահելու նպատակով։

 

Դիտումներ՝ 125

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????