Գործունեություն | Հրապարակումներ | Նորություններ
2011 թվականից մինչ օրս օգոստոսի 30-ը աշխարհում նշվում է որպես բռնի անհետացման զոհերի միջազգային օր՝ հռչակված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2010 թվականի դեկտեմբերի 21-ին։
Օգոստոսի 30–ին ամբողջ աշխարհում հնչում են կոչեր կառավարություններին՝ գործադրել բոլոր ջանքերը՝ անհայտ կորած անձանց խնդրի լուծմանը հասնելու համար։ Միաժամամանակ բռնի անհետացման համար պատասխանատուներին կոչ է արվում զոհերի մասին տեղեկություններն անհապաղ հայտնել նրանց հարազատներին։
Հայաստանի Հանրապետությունը անհայտ կորած անձանց խնդրին առնչվում է Ղարաբաղյան առաջին պատերազմից սկսած։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով 1988-2005 թթ. անհայտ կորած է համարվում 1160 անձ, որից 437–ը Հայաստանից, 723–ը՝ Արցախից։ Ընդ որում, Հայաստանից անհայտ կորած 437 անձանցից 224-ը՝ զինծառայող է, 213-ը՝ խաղաղ բնակիչ, իսկ Արցախից/ԼՂ-ից անհայտ կորած 723 անձանցից 250-ը՝ զինծառայող է, 473-ը՝ խաղաղ բնակիչ:
2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմական գործողություններից հետո անհայտ կորած անձանց թիվը, ըստ ՀՀ քննչական կոմիտեի տվյալների կազմում է 195 անձ, որից 175-ը՝ զինծառայող, 20-ը՝ խաղաղ բնակիչ։
Այսպիսով, Հայաստանում ներկայումս անհայտ կորած է համարվում ավելի քան 1300 անձ, մինչդեռ անհայտ կորած անձանց ճակատագիրը և գտնվելու վայրը պարզելու և նրանց հարազատներին տեղեկացնելու ուղղությամբ ՀՀ կառավարության պարտավորությունը , դրա կատարման ուղղությամբ ձեռնարկած քայլերը շարունակում են մնալ անբավարար։ Թե Ղարաբաղյան երկրորդ՝ 2020 թ. պատերազմի հետևանքով անհայտ կորածների, թե Ղարաբաղյան առաջին՝ 1990–ական թվականների պատերազմի հետևանքով անհայտ կորած անձանց և նրանց հարազատների իրավունքները մնում են խախտված։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, ելնելով պետության կողմից իր քաղաքացիների կյանքի, առողջության և անվտանգության ապահովման և դրանց վերաբերյալ հանրային պատշաճ իրազեկման պարտականությունից, իրականացրել է 2020 թ-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը ժամանակահատվածում պատերազմական գործողությունների հետևանքով անհայտ կորածների, նրանց ընտանիքների խնդիրների բացահայտում և վերլուծություն, որի միջոցով անդրադարձել է անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների խնդիրներին, պետության կողմից իրականացվող քայլերին:
Մեր ուսումնասիրությունները ցույց են տվեցին, որ
Միաժամանակ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շարունակում է պարբերաբար հանդիպել անհայտ կորած զինծառայողների հարազատներին, ովքեր բարձրաձայնում են ՀՀ տարբեր պետական կառույցների կողմից իրենց պարտավորությունների ոչ պատշաճ կատարմանն առնչվող բազմաթիվ և տարաբնույթ խնդիրների մասին։
2024 թ. ապրիլ և հուլիս աիսներին անհայտ կորած զինծառայողների հարազատների հետ հանդիպումների ընթացքում արձանագրել ենք անհայտ կորած զինծառայողների հարազատների դժգոհությունները պետական կառույցների աշխատանքից, որոնք ներկայացված են ստորև․
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ինչպես բազմիցս հրապարակավ, այնպես էլ անհայտ կորածների հարազատների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է պետության պարտավորությունը տեղեկություններ փնտրելու և հայտնելու ընտանիքներին՝ իրենց անհյատ կորած հարազատի գտնվելու վայրի և ճակատագրի վերաբերյալ, և այդ տեղեկությունները պետք է լինեն անվիճելի, ապացուցելի ու վստահելի հարազատների համար, իսկ նրանց հետ աշխատանքները պետք է իրականացվեն մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքի սկզբունքի հիման վրա։
2007 թ. (մայիսի 24-ին) ԵԽԽՎ-ն ընդունեց անհայտ կորածների և նրանց ընտանիքի անդամների իրավունքների վերաբերյալ 1553 բանաձևը։ Հայաստանը՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետություն, ստանձնեց ԵԽԽՎ բանաձևերի ու հանձնարարականների իրագործման պարտավորություն։ ՀՔԱՎ-ն անհայտ կորած անձանց ճակատագրի, գտնվելու վայրի և կորչելու հանգամանքների, ինչպես նաև նրանց ընտանիքների խնդիրների վերաբերյալ գրությամբ 2022 թ. դիմել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին՝ հրատապ համարելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի այցելության կազմակերպումը Հայաստան, Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ՝ գնահատելու համար հակամարտող երկրների կողմից 2007 թ. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունած Անհայտ կորածների և նրանց ընտանիքի անդամների իրավունքների վերաբերյալ ԵԽԽՎ 1553 (2007) բանաձևի իրականացման, նշված բանաձևում ամրագրված մոտեցումներին անդրադառնալու և հակամարտության կողմերի պատասխանատվությունը ուսումնասիրության առարկա դարձնելու համար, ինչը կարող է խթանել մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը և հետագայում կոնֆլիկտի դե-էսկալացիան: Ի պատասխան մեզ տեղեկացրել են, որ ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով զեկուցող Փոլ Գավանը 2021-ին եղել է Հայաստանում և Ադրբեջանում և իր այցի արդյունքներն ամփոփել զեկույցով, որի հիման վրա էլ ընդունվել է ԵԽԽՎ 2391 (2021) բանաձևը կոնֆլիկտի հումանիտար հետևանքների վերաբերյալ:
Չնայած վերոնշյալ բանաձևերի ընդունմանը՝ Հայաստանի Հանրապետությունը օրենսդրական մակարդակում բավարար չափով չի կատարում իր պարտավորությունները անհայտ կորածների և նրանց հարազատների հանդեպ։
Ներկայումս ՀՀ-ում օրենսդրական մակարդակով ամրագրված չէ անհայտ կորածի իրավական կարգավիճակը, ինչի հետևանքով անհայտ կորածների հարազատները ստիպված են դատական կարգով հասնել հարազատի նշված կարգավիճակի հաստատմանը՝ պետության կողմից սահմանված սոցիալական աջակցությունը ստանալու նպատակով:
Անհրաժեշտ է մի շարք առանձին ենթաօրենսդրական ակտերի փոխարեն ունենալ համապարփակ օրենք, որի միջոցով կկարգավորվեն անհայտ կորածներին և նրանց հարազատներին առնչվող տարբեր խնդիրները, քանի որ դրանք չեն սահմանափակվում միայն սոցիալական աջակցության տրամադրմամբ։ «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի ընդունումը, ինչի մասին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը բարձրաձայնում է 2004 թվականից, հրամայական է։ Հաշվի առնելով հակամարտության սրման մշտական վտանգը և դեռևս ղարաբաղյան առաջին պատերազմից հետո Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղում հարյուրավոր անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների բազմաթիվ իրավական, սոցիալական, ֆինանսական, հոգեբանական և այլ խնդիրների համակողմանի լուծման հրատապությունը, ՀՔԱ Վանաձորի գնասենյակը նախաձեռնեց «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև՝ Օրենքի) նախագծի մշակման աշխատանքները՝ ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ նախագահի աշխակազմի, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարարության, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ համատեղ։ Առաջարկված օրենքի նախագծով նախատեսվում էր անհայտ կորածի իրավական կարգավիճակի սահմանում, ինչպես նաև անկախ մասնագիտական կառույցի ստեղծում, որը պետք է զբաղվեր անհայտ կորածի ճակատագրի և գտնվելու մասին տեղեկությունների ձեռքբերմամբ։ Օրենքի նախագիծը ենթադրում էր նաև անհայտ կորածի հարազատների հանդեպ պարտավորությունների ստանձնում և անհայտ կորչելու հանգամանքների քննություն։
«Անհայտ կորածի մասին» Օրենքի նախագծի ներկայացումից (2011 թ.) միայն 13 տարի անց և անհայտ կորած անձանց և նրանց հարազատների իրավունքների պաշտպանության ՀՔԱ Վանաձորի գրասնեյակի կողմից ջատագովության մեկնարկից (2004 թ.) շուրջ երկու տասնամյակ անց պետության կողմից գործուն քայլեր ձեռնարկվեցին Օրենքի նախագծի ընդունման ուղղությամբ։ 2024 թ. մայիսին ՀՀ արդարադատության նախարարությունը Կազմակերպությանը տրամադրեց Նախարարության կողմից մշակված, շահագրգիռ մարմինների առաջարկությունների հիման վրա լրամշակված և «Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հավանությանն արժանացած՝ «Անհայտ կորած անձանց վերաբերյալ» օրենքի հայեցակարգը: Մայիսի 24–ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչները Արդարադատության նախարարության և ՀՀ–ում ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ քննարկեցին «Անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագծի դրույթները, նախագծի մշակմանն ուղղված հետագա քայլերը։
Ըստ ՀՀ արդարադատության նախարարության, Օրենքի նախագծի մշակումը ամփոփման և ավարտման փուլում է։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ակնկալում է առաջիկայում ստանալ Օրենքի նախագծի նախնական տարբերակը՝ դիտարկումների և առաջարկությունների ներկայացման համար: