Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության խնդիրները համակարգային լուծում չեն ստանում․ քննարկում

June 1, 2021

Գործունեություն | Հրապարակումներ | Նորություններ | Պետական կառույցներ | Փակ և կիսափակ հաստատություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

2021 թ մայիսի 27-ին «Գործընկերություն հանուն բաց հասարակության»  նախաձեռնությունը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը կազմակերպել էին քննարկում՝ «ՀՀ-ում անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության հնարավորությունները եւ խնդիրները» թեմայով։

 

Քննարկմանը հրավիրված էին միջազգային կառույցների, պետական մարմինների ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, անհայտ կորած անձանց ընտանիքի անդամներ։

 

Քննարկումը նպատակ ուներ հերթական անգամ անդրադառնալու անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության խնդիրներին, քննարկելու Արցախյան երկրորդ պատերազմից հետո ստեղծված իրավիճակը և համակարգային խնդիրների լուծման վիճակը, գոյություն ունեցող մեխանիզմները և դրանց արդյունավետության ու հզորացման ուղիները։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տարիներ շարունակ հետամուտ է անհայտ կորածների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության ապահովման ուղղությամբ պետության պարտավորությունների պատշաճ իրականացմանը, և նրանց իրավունքների պաշտպանության նպատակով ավելի քան 15 տարի առաջ նախաձեռնեց «Անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագիծը, որը սակայն մինչ այժմ չի ընդունվել։

 

Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության մասին առաջին անգամ ԱԺ-ում քննարկում եղավ 2021 թ․ մարտի 10-ին։

 

Վերջին պատերազմի ընթացքում և դրանից հետո ՀՔԱՎ փաստահավաք գործունեության շրջանակում բացահայտվեցին մի շարք համակարգային խնդիրներ՝ հայտնի չէր, թե որ կառույցներն էին զբաղվում անհայտ կորածների հարցերով, չկար միասնական համակարգ,  չէր ապահովվում իրենց հարազատի գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալու՝ քաղաքացիների իրավունքները, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ընտանիքները բախվում էին իրավական կարգավիճակի բացակայության հետևանքով բազմաթիվ խնդիրներին, որոնց լուծման նպատակով հրատապ ընդունվեցին մի շարք օրենսդրական փոփոխություններ։

 

«Անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության ուղղությամբ քայլեր կատարվել են, կառույցներ ստեղծվել են, լուծումներ տրվել են, բայց դրանք ունեցել են հատվածային բնույթ։ Վերջին պատերազմն էլ ցույց տվեց, որ դրանք բավարար չեն եղել»,- քննարկման բացման խոսքում նշեց ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցը։

 

 

ԲՀՀ Հայաստանի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանն էլ իր խոսքում մտահոգություն հայտնեց, որ խնդիրը առկա է դեռևս Արցախյան առաջին պատերազմից և լիովին լուծում չստացած՝ նոր մարտահրավերների առաջ կանգնեցինք։

 

«Ցավոք սրտի՝ Արցախյան առաջին պատերազմի խնդիրները դեռևս չլուծված՝ մենք նորից կանգնեցինք այս խնդրի առաջ։ Այս հարցում չկան բաժանարար գծեր, քաղաքական հայացքներ, կան միայն մարդասիրությունն ու կարեկցանքը՝ հարյուրավոր ընտանիքների նկատմամբ», -նշեց Դ Ամիրյանը։

 

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր խոսքում կարևորեց անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների խնդիրների բարձրաձայնմանն ուղղված այս քննարկման նախաձեռնումը։ Ընդգծեց քաղաքացիական հասարակության ներգրավման կարևորությունը այս գործընթացում։

 

«Մարդասիրական հարցերը, մարդու իրավունքների վերաբերող հարցերը չեն կարող քաղաքականացվել։ Սա միջազգային բացարձակ սկզբունք է և պետք է գործի այնքան ժամանակ, քանի դեռ օբյեկտիվորեն այս հարցերը լուծված չեն, սակայն ադրբեջանական կողմը բացահայտ խոչընդոտներ է առաջացնում։ Ես ճիշտ չեմ համարում, որ ՀՀ Կառավարությունը չի հրապարակում, թե իր կարծիքով որքան գերի կա Ադրբեջանում դա լրացուցիչ երաշխիք կապահովեր և կմեծացներ ճնշումը»։

 

 

Քննարկմանը ներկա անհայտ կորած զինծառայողների հարազատները ևս ներկայացրին իրենց հարազատներին առնչվող գործընթացները և բարձրաձայնեցին խնդիրները։

 

 

«Մենք էդպես էլ չկարողացանք պարզել, թե ինչպես է պետական կառույցներում եղբայրս հայտնվել գերիների ցուցակում, եթե փաստեր չկան։ Այդ մասին ինֆորմացիա դեռևս չունենք», -նշում էր անհայտ կորած զինծառայողի քույր Արուսիկ Օհանյանը։

 

Անհայտ կորած զինծառայողի հարազատ Արամ Վարագյանն էլ նշում էր, որ դժգոհ է բոլոր պետական կառույցներից։ Նա որդուց լուր չունի պատերազմի սկզբից։

 

«Ոչ մեկի մտքով չի անցնում էդ երեխու մասին մտածի։ Ոչ մեկը ոչ մի լուր չի տալիս», -վրդովված նշում էր նա։

 

Քննարկմանը ներկա ՀՀ Պաշտպանության և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների ներկայացուցիչները ներկայացրին, թե ինչ գործողություններ են ձեռնարկում բարձրաձայնված խնդիրների լուծման ուղղությամբ։ Անհայտ կորած զինծառայողների հարազատները հնարավորություն ունեցան իրենց հարցերը հղելու պաշտոնատար անձանց։

 

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանն էլ արձանագրեց «Փոխվում են իշխանությունները, դեմքերը, բայց մի ավանդույթ 30 տարվա մեջ ես տեսնում եմ ակտիվ չենք աշխատում միջազգային կառույցների, հարթակների հետ»։

 

 

Քննարկմանը հեռավար միացել էր նաև Լիսաբոնի NOVA համալսարանի իրավագիտության պրոֆեսոր, ՄԱԿ-ի Բռնի անհետացած անձանց հարցերով աշխատանքային խմբի նախկին նախագահ-զեկուցող Ջերեմի Սարկինը։

 

Նա ներկայացրեց միջազգային փորձը, բարձրաձայնված խնդիրների լուծման հնարավոր մեխանիզմները։

 

Քննարկումը ուղիղ հեռարձակվում էր Factor TV-ի եթերով։

 

ՀՔԱՎ-ը հետևողական է լինելու անհայտ կորած անձնանց և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության ուղղությամբ պետության պարտավորությունների պատշաճ կատարման նպատակով անհրաժեշտ օրենսդրական և ինստիտուցիոնալ երաշխիքների ձևավորման ստեղծման հարցում։ Այնպիսի համակարգային խնդիրներ, ինչպիսիք են անհայտ կորածների հարցերով զբաղվող մեկ միասնական մարմնի և համակարգի բացակայությունը, իրենց հարազատի գտնվելու վայրի մասին տեղեկություն ստանալու իրավունքի չապահովումը, անհայտ կորած անձանց մասին օրենքի չընդունումն ու դրանից բխող խնդիրները՝ իրավական կարգավիճակի բացակայություն, սոցիալական խնդիրներ, մշտապես եղել և մնում են ՀՔԱՎ-ի դիտակետում և նման նախաձեռնություններով պարբերաբար բարձրաձայնելու ու հրավիրելու ենք իրավասու մարմինների ուշադրությունն այս խնդիրներին։



Դիտումներ՝ 183

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????