Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՎԵՐԱՊԱՀՈՒՄԸ ՀՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆԸ

2025 թ. մարտին հանրային քննարկման էր ներկայացվել «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի վերաբերյալ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացրել էր մի շարք առաջարկություններ և դիտարկումներ։

Ներկայացված առաջարկությունները հետագայում քննարկվել են ՀՀ արդարադատության նախարարությունում, ինչպես նաև կլոր սեղանների և մեդիա հարթակների շրջանակում։ Ընդհանուր առմամբ առաջարկությունների շուրջ ձևավորվել էր համաձայնություն, բացառությամբ ինստիտուցիոնալ նշանակություն ունեցող մի առաջարկության՝ այն է՝ որ պետական մարմինը պետք է համակարգի անհայտ կորած անձանց հարցերը։

Նախագիծն առաջարկում էր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը սահմանել որպես անհայտ կորած անձանց հարցերով լիազորված մարմին, որին վերապահված է լինելու անհայտ կորած անձանց հետախուզման համակարգումը և դրա հետ կապված այլ հարցերի կարգավորումը։

ՀՔԱՎ գրասենյակը, վերստին անդրադառնալով նախագծով առաջարկվող՝ անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող մարմնի շրջանակներում սահմանված մեխանիզմին, շարունակում է այն գնահատել որպես խնդրահարույց և ոչ արդյունավետ։

Միջազգային կառույցների կողմից մշակված ուղեցույցները, զեկույցներն ու պետություններին հասցեագրված առաջարկությունները հիմնվում են այն մոտեցման վրա, որ անհայտ կորած անձանց հարցերով պետք է զբաղվի անաչառ և անկախ իրավասու պետական մարմին։

Չնայած 2025 թ. ապրիլին հրապարակված ՀՔԱՎ գրասենյակի առաջարկությունում ներկայացված է միջազգային փորձը՝ անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող ազգային մեխանիզմի ձևավորման և գործարկման վերաբերյալ, կրկին ընդգծում ենք, որ անկախ և անաչառ ազգային մարմնի ստեղծումը պետությունների հանձնարականն է։ Այդ մարմինը պետք է ունենա հստակ սահմանված լիազորություններ, որոնք կենտրոնացած են զինված հակամարտության հետևանքով անհայտ կորածների հայտնաբերման վրա, ինչպես նաև հստակ սահմանված մարդասիրական և օրենսդրական մանդատ՝ ուղղված այդ գործընթացին։ Այն պետք է ունենա իր մանդատն իրականացնելու համար անհրաժեշտ ռեսուրսներ և լիազորություններ։

2024 թ.-ին Անհայտ կորած անձանց միջազգային հանձնաժողովը (ICMP) հրապարակել է Հայաստանի վերաբերյալ տարեկան զեկույցը, որտեղ ևս նշվում է, որ «Անհայտ կորած անձանց մասին» օրենքի ընդունումից հետո անհրաժեշտ է ստեղծել այդ հարցերով զբաղվող նոր, մասնագիտացված պետական մարմին։ Այն պետք է ձևավորվի գործող միջգերատեսչական հանձնաժողովի հիման վրա, սակայն միաժամանակ հստակ տարանջատի ռազմագերիների և պատանդների հարցերը՝ ապահովելով, որ հետաքննությունները լինեն արդյունավետ և համապատասխանեն մարդու իրավունքների միջազգային չափանիշներին։ Զեկույցում նաև ընդգծվում է, որ նման կառույցը պետք է ներառի խորհրդատվական խորհուրդ կամ նմանատիպ մարմին՝ քաղաքացիական հասարակության և անհայտ կորածների ընտանիքների ներկայացուցիչների մասնակցությամբ։

ՀՔԱՎ գրասենյակը, ամփոփելով միջազգային փորձը, նշել է, որ անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող մարմինը պետք է գործի հետևյալ սկզբունքների հիման վրա

  1. անհայտ կորած անձանց և նրանց հարազատների իրավունքների պաշտպանություն,
  2. անկախություն և քաղաքական չեզոքություն,
  3. անկողմնակալություն,
  4. ֆինանսական ինքնուրույնություն,
  5. ֆունկցիոնալ անձեռնմխելիություն,
  6. հանրային հաշվետվողականություն և թափանցիկություն,
  7. համագործակցություն։

Անդրադառնալով ՀՀ ԱԱԾ-ին՝ ակնհայտ է, որ այն չունի բավարար անկախություն և հանրային հաշվետվողականություն՝ գործելու որպես անհայտ կորած անձանց հարցերով լիազոր մարմին։

ԱԱԾ-ն ենթակա է ՀՀ վարչապետին և հանդիսանում է ուժային կառույց։ Նման ենթակայությունը և գործադիր իշխանության անմիջական ազդեցությունը հակասում են այն սկզբունքին, ըստ որի՝ անհայտ կորած անձանց հարցերով լիազոր մարմինը պետք է գործի անկախ և քաղաքականապես չեզոք՝ ապահովելով հանրության և անհայտ կորածների ընտանիքների վստահությունը։

ԱԱԾ-ի գործունեությունն իրականացվում է հիմնականում գաղտնիության ռեժիմով, ինչը փաստացի բացառում է հանրային վերահսկողությունը։ Մինչդեռ անհայտ կորած անձանց հարցերով լիազոր մարմինը պետք է գործի հանրային հաշվետվողականության և թափանցիկության սկզբունքով, ներգրավի քաղաքացիական հասարակության ու անհայտ կորածների ընտանիքների ներկայացուցիչներին և ապահովի բաց ու շարունակական հաղորդակցություն։ Առանձնահատուկ կարևորություն ունի նաև, որ այդ մարմինը ունենա հաշվետվողականության հստակ մեխանիզմներ, ներառյալ՝ հաշվետվություն ՀՀ Ազգային ժողովին, ինչը կապահովի արդյունավետ վերահսկողություն և վստահություն հանրության կողմից։

Ազգային անվտանգության մարմինների գործունեության նկատմամբ արդյունավետ խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների բացակայության խնդրին ՀՔԱՎ գրասենյակը դեռ 2021 թվականին անդրադարձել է «Ազգային անվտանգության ծառայության գործունեության նկատմամբ խորհրդարանական վերահսկողության իրականացման առկա խնդիրների քարտեզագրումը և դրանց լուծման ուղիները» զեկույցում։ Զեկույցում մանրամասն ներկայացված են Ազգային անվտանգության ծառայության հաշվետվողականության հետ կապված հիմնախնդիրները, դրա կարևորությունն ու անհրաժեշտությունը, ինչպես նաև այդ հաշվետվողականությունն ապահովելու հնարավոր մեխանիզմները։

Բացի այդ, ԱԱԾ-ի գործունեության հիմնական ուղղությունները և օրենսդրական մանդատը չեն ներառում զինված հակամարտության հետևանքով անհայտ կորած անձանց որոնման գործընթացի համակարգումը՝ այն ձևով, ինչպես դա նախատեսվում է միջազգային չափանիշներով։

«Ազգային անվտանգության մարմինների մասին» 2001 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-294 օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝  Ազգային անվտանգության մարմինների գործունեությունն իրականացվում է հետևյալ հիմնական ուղղություններով.

ա) հետախուզական գործունեություն.

բ) հակահետախուզական գործունեություն.

գ) ռազմական հակահետախուզական գործունեություն.

դ) պետական սահմանի պահպանություն.

ե) պայքար հանցագործությունների դեմ:

Ազգային անվտանգության մարմինների գործունեության այլ ուղղությունները որոշվում են սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով:

«Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն անհայտ կորած անձանց հարցերով համակարգման համար հստակ լիազորություններ չի նախատեսում։

Միջազգային փորձն ու ուղեցույցները հստակ սահմանում են, որ անհայտ կորած անձանց հարցերով լիազոր մարմինը պետք է գործի մարդասիրական սկզբունքների հիման վրա՝ առաջնահերթ պաշտպանելով անհայտ կորածների և նրանց ընտանիքների իրավունքները։ Այս մարմինը պետք է ունենա հատուկ մանդատ և հստակ լիազորություններ, որոնք ուղղված են անհայտ կորածների ճակատագրի պարզմանը և որոնմանը՝ ապահովելով գործընթացի թափանցիկությունը, անկախությունն ու հաշվետվողականությունը։

Մինչդեռ Ազգային անվտանգության ծառայության նպատակներն ու խնդիրները վերլուծելիս պարզ է դառնում, որ դրանք կենտրոնացած են պետական անվտանգության, հետախուզական և հակահետախուզական գործառույթների իրականացման վրա, և օրենսդրությամբ չեն նախատեսում անհայտ կորած անձանց հարցերով զբաղվելու մանդատ կամ գործառույթներ։

 Նշված են ընդամենը ընդհանուր բնույթի դրույթներ, օրինակ՝ ԱԱԾ խնդիրների շարքում ընգրկված է իր իրավասության սահմաններում քաղաքացիների իրավունքների և անվտանգության ապահովումը, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս նրա կազմակերպությունների և քաղաքացիների անվտանգության ապահովման միջոցառումների անցկացումը, ինչը չի հանդիսանում հստակ իրավական հիմք անհայտ կորած անձնաց հարցերի համակարգման համար։

Այսպիսով՝ ԱԱԾ նպատակներն ու խնդիրները, ինչպես նաև նրա լիազորությունների շրջանակը չեն համապատասխանում միջազգային չափանիշներին, ուստի անհրաժեշտ է ամբողջովին բացառել ԱԱԾ-ի սահմանումը որպես անհայտ կորած անձանց հարցերով լիազոր մարմին։

ՀՔԱՎ գրասենյակը 2025 թ. ապրիլին հրապարակված առաջարկությունում որպես լիազոր մարմին առաջարկել էր ձևավորել ինքնավար մարմին ՀՀ Սահմանադրության 122-րդ հոդվածի շրջանակներում, որտեղ նախատեսվում է, որ «մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների իրականացումն ապահովելու, ինչպես նաև Սահմանադրությամբ սահմանված հիմնարար նշանակություն ունեցող հանրային շահերի պաշտպանության նպատակով, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված օրենքով կարող են ստեղծվել ինքնավար մարմիններ»։

Սակայն ՀՀ արդարադատության նախարարությունն այդ առաջարկությունը մերժեց՝ նշելով, որ նոր մարմնի ստեղծումը կարող է լինել բավականին ժամանակատար և ծախսատար գործընթաց։ Այդ պատճառով իշխանությունները նախընտրում են լուծումներ գտնել գործող պետական մարմինների ներսում՝ ներդնելով անհայտ կորած անձանց իրավունքների պաշտպանության մեխանիզմներ։

ՀՔԱՎ գրասենյակը վերահաստատում է իր սկզբունքային դիրքորոշումը, ըստ որի՝ անհայտ կորած անձանց հարցերով լիազոր անկախ մարմնի ստեղծումը լիարժեքորեն արտացոլում է միջազգային չափանիշներից բխող պահանջները։ Մասնավորապես՝ այն համապատասխանում է ՄԱԿ-ի, ԿԽՄԿ և Անհայտ կորած անձանց միջազգային հանձնաժողովի կողմից սահմանված այն սկզբունքին, ըստ որի՝ նման մարմինը պետք է լինի քաղաքականապես չեզոք, անկախություն ունեցող և առաջնորդվի բացառապես մարդասիրական մոտեցումներով՝ ուղղված անհայտ կորածների և նրանց հարազատների իրավունքների պաշտպանությանը։

Այնուամենայնիվ, հարկ է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում անհայտ կորած անձանց վերաբերյալ օրենսդրական կարգավորումների բացակայությունը, ինչպես նաև նրանց և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության ու ապահովման մեխանիզմների ձևավորումը շարունակում է խաթարվել՝ տարբեր հանգամանքներով պայմանավորված, այդ թվում՝ անհրաժեշտ քաղաքական կամքի և ռեսուրսների պակասով։

Նման պայմաններում, որպես այլընտրանքային լուծում, հնարավոր է դիտարկել Հայաստանի Հանրապետության դատախազությանը անհայտ կորած անձանց հարցերով լիազոր մարմնի կարգավիճակ վերապահելու տարբերակը։ Այս տարբերակի իրագործելիությունն ենթադրում է համապատասխան սահմանադրական և օրենսդրական փոփոխությունների իրականացում, որոնք հնարավորություն կընձեռեն ընդլայնել դատախազության գործառույթների շրջանակը՝ ներառելով ոչ միայն քրեական հետապնդման, այլև մարդասիրական բնույթի լիազորություններ։ Վերջիններս պետք է ուղղված լինեն անհայտ կորած անձանց որոնման գործընթացի համակարգմանն, նրանց ճակատագրի պարզմանը, ինչպես նաև ընտանիքների իրավունքների ապահովմանն ու պաշտպանությանը։

Դատախազությունը որպես լիազոր մարմնի նախատեսումը պայմանավորված է այն հանգամանքով, որ քննարկվող մարմիններից այն ունի բավարար չափի անկախություն, հաշվետվողականություն ՀՀ Ազգային ժողովի առջև, հանդիսանում է սահմանադրական ինստիտուտ։ Որպես սահամանդրական ինստիտուն այն օժտված է լեգիտիմության՝ ավելի բարձր աստիճանով,  կարգավիճակն ավելի կայուն է և չի կարող փոփոխվել կամ վերացվել առանց Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություններ նախատեսելու։

Շատ պետական նախաձեռնություններում անհայտ կորած անձանց որոնումը դուրս է գալիս բացառապես մարդասիրական մոտեցումից և համակցվում է ներքին և միջազգային քրեական հանցագործությունների քննությունների հետ։ Որոշ դեպքերում որոնումը իրականացվում է ուղղակիորեն պետական մարմինների կողմից՝ միջազգային կազմակերպությունների (օրինակ՝ Միջազգային անհայտ կորած անձանց հանձնաժողով) կամ ոչ կառավարական կազմակերպությունների աջակցությամբ:

Մի շարք Լատինական Ամերիկայի երկրներում դատախազության գործառույթները սահմանափակված չեն միայն քրեաիրավական ոլորտով, այլ ընդգրկում են նաև անհայտ կորած կամ բռնի անհայտացած անձանց իրավունքների պաշտպանությունը։

Այլ երկրներում ստեղծվել են մասնագիտացված մարմիններ՝ անհայտ կորած անձանց հարցերը լուծելու նպատակով։ Օրինակ, Բոսնիա և Հերցեգովինայում 2005 թվականին ստեղծվել է «Անհայտ կորած անձանց ինստիտուտ»՝ որպես մասնագիտացված մարմին, որը զբաղվում է անհայտ կորած անձանց որոնման և նույնականացման գործերով։ Սակայն անհայտ կորած անձանց գործերի հետաքննությունն իրականացվում է դատարանների իրավասության շրջանակում, և այդ պատճառով որոնման գործընթացը կապված է քրեական հետապնդումների հետ։ Պատերազմական հանցագործությունների հետաքննությամբ զբաղվող Դատախազությունը նախաձեռնում և վերահսկում է զանգվածային գերեզմանների արտաշիրման գործընթացը։ Մյուս կողմից՝ Անհայտ կորած անձանց ինստիտուտը կարևոր դեր է խաղում զանգվածային գերեզմանների հայտնաբերման գործում և արտաշիրման հարցումներ է ուղղում դատախազությանը։ Նույն կերպ, Կոսովոյում, Գործադիր հանձնաժողովը, որը պատասխանատու է անհայտ կորածների որոնման համակարգման և տվյալների կենտրոնացման համար, բաղկացած է տարբեր նախարարությունների անդամներից, ինչպես նաև անհայտ կորածների ընտանիքների ներկայացուցիչներից։ Հանձնաժողովի դերը նման է Բոսնիայի և Հերցեգովինայի Անհայտ կորած անձանց ինստիտուտին։

Յուրաքանչյուր պետություն ինքն է սահմանում անհայտ կորած անձանց հարցերով լիազոր մարմնի ինստիտուցիոնալ մոդելը՝ ելնելով ազգային իրավական համակարգի կառուցվածքից, գործող ինստիտուտների գործառութային կարողություններից և դրանց համապատասխանությունից միջազգային չափանիշներին։ Այս համատեքստում, դատախազությունը, որպես սահմանադրական ինստիտուտ, որը օժտված է անկախության, հաշվետվողականության և լեգիտիմության բարձր մակարդակով, կարող է դիտարկվել որպես լիազոր մարմին։

Այսպիոսով,  ամփոփելով կարող ենք ասել, որ մի շարք երկրներում դատախազության լիազորությունները դուրս են գալիս քրեաիրավական նեղ շրջանակից՝ ընդգրկելով մարդու իրավունքների պաշտպանության և մարդասիրական գործունեության տարրեր․

  • ՄեքսիկաԳլխավոր դատախազության համակարգում գործում է Fiscalía Especial en Investigación de los Delitos de Desaparición Forzada, որը զբաղվում է անհայտ կորած և բռնի անհայտացումների գործերով և համակարգում է որոնողական աշխատանքները։
  • Բոսնիա և Հերցեգովինա․ Դատախազությունն անմիջականորեն ղեկավարում է զանգվածային գերեզմանների բացման, փորձաքննությունների և պատասխանատվության վերաբերյալ գործընթացները։ Զուգահեռ գործում է Missing Persons Institute, որը կոորդինացնում է որոնողական հատվածը և աշխատում դատախազության հետ համատեղ։
  • Կոլումբիա․ Հատուկ Unidad de Búsqueda de Personas dadas por Desaparecidas կառույցը ստեղծվել է որպես մարդասիրական մարմին, սակայն շարունակում է գործել դատախազության հետ համակարգված։

Առկա պետությունների փորձառությունը փաստում է, որ դատախազական մարմինները հանդիսանում են արդյունավետ գործիք՝ հատկապես նոր ինստիտուցիոնալ մարմին ստեղծելու հնարավորության բացակայության դեպքում՝ լինի դա քաղաքական, իրավական կամ այլ բնույթի սահմանափակումների պատճառով։

Քանի որ Սահմանադրական բարեփոխումների իրականացումը ներկայումս ձգձվում է, նպատակահարմար է որքան հնարավոր է շուտ կատարել Սահմանադրության այնպիսի փոփոխություններ, որոնք դատախազությանը կվերապահեն պաշտոնական լիազորություններ՝ անհայտ կորած անձանց իրավունքների պաշտպանության և համակարգման ոլորտում։ Այդ նպատակով առաջարկվում է ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր 6-րդ կետով՝ «համակարգում է անհայտ կորած անձանց և նրանց հարազատների հարցերը»։ Այս փոփոխության ընդունումն անհրաժեշտ է անել Ազգային ժողովի պատգամավորների առնվազն երկու երրորդի ձայների միջոցով, իսկ նախաձեռնությունը կարող են ներկայացնել պատգամավորների առնվազն մեկ քառորդը, Կառավարությունը կամ ընտրական իրավունք ունեցող հարյուր հիսուն հազար քաղաքացի։

Այս փոփոխությունը կստեղծի իրավական հիմք, որը թույլ կտա դատախազությանը պաշտոնապես զբաղվել անհայտ կորած անձանց հարցերով և ապահովել նրանց ու նրանց ընտանիքների իրավունքների իրացումը և պաշտապանությունը։

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 342268

Կարդալ նաև

Զեկույցներ