Կարողությունների զարգացում | Մամուլի հաղորդագրություններ
Մուղդուսյան արվեստի կենտրոնը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսավորմամբ 2018 թ. սեպտեմբերի 1-ից սկսել է «Արվեստը՝ հանուն սոցիալական արդարության» հնգամսյա ծրագիրը:
Ծրագրի միջոցով Կենտրոնը ցանկանում է լիարժեք ներառականության մոդել ստեղծել և լսողության խնդիրներ ունեցող երեխաներին ներառել կրթական, սոցիալ-մշակութային կյանքին։
Ծրագրի շրջանակում Մուղդուսյան արվեստի կենտրոնի քանդակագործության, նկարչության, վոկալի, խեցեգործության և կարպետագործության մասնագետները կսովորեն ժեստերի լեզուն, որը նրանց հնարավորություն կտա ավելի հեշտ հաղորդակցվել կենտրոն հաճախող լսողության խնդիրներ ունեցող երեխաների հետ։ Ժեստերի լեզուն կուսուցանվի նաև կենտրոնի 20 սաների:
Ժեստերի լեզվով կթարգմանվեն դասական ժողովրդական երգերը, որոնք Մուղդուսյան արվեստի կենտրոնի Նաիրյան վոկալ անսամբլը կներկայացնի «Ես լսում եմ քեզ» ներառական մենահամերգի ընթացքում: Այն «Ես լսում եմ քեզ» միջոցառումների շարքի մաս է կազմում. նախատեսվում են նաև տեղեկատվական արշավներ և ֆլեշմոբ՝ ուղղված իրազեկվածության բարձրացմանն ու լսողության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ կարծրատիպերը կոտրելուն: