Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հաջողության պատմություններ
Սույն թվականի հոկտեմբերի 28-ի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը, որպիսի պայմաններում ուժի մեջ է մտել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը։ Այն է նախաձեռնել քրեական վարույթ քննչական ենթակայության կանոններին համապատասխան. Վանաձորի թիվ 4 մանկապարտեզի գործն ամբողջական ծավալով ենթարկել նոր քննության։
Դեռևս 2024թ․-ի հունվարին ՀՔԱՎ գրասենյակը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն՝ «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ի նախագահ Գևորգ Քոթանջյանի ֆեյսբուքյան հրապարակման հիման վրա։ Վերջինս հայտնել էր, որ 2022 թվականի դեկտեմբերի 14-ին Վանաձորի ավագանին հաստատել էր տնակայանի պայմաններում գործող Վանաձորի թիվ 4 մանկապարտեզի նոր շենքի կառուցման համար հատկացված սուբվենցիան, իսկ 2023 թվականի նոյեմբերի 29-ին՝ մանկապարտեզի նոր շենքի կառուցման երկրորդ փուլի հայտը։ Գ․ Քոթանջյանը նշել էր, որ Վանաձորի Համայնքապետարանի պաշտոնական կայքէջում որոշումների արձանագրությունների մեջ 2022 թվականի դեկտեմբերի 14-ի որոշումներում այս մանկապարտեզին վերաբերող արձանագրություն առկա չի եղել։ Ավելին՝ անգամ կառուցապատման աշխատանքներ չեն կատարվել։ Ըստ որոշման՝ առաջին փուլում պետք է քանդվեր մանկապարտեզի հին տնակային շենքը, երկրորդում՝ դրվեր մանկապարտեզի նոր շենքի հիմքը։
ՀՀ Գլխավոր դատախազությունը քրեական վարույթ չէր նախաձեռնել և այդ մասին Կազմակերպությանը օրենքով սահմանված կարգով չէր իրազեկել։ Փոխարենը՝ ներկայացրած հաղորդումը վերահասցեագրել էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին, որպեսզի կատարվեն ստուգողական գործողություններ։ Ի պատասխան՝ ոստիկանության Տարոնի բաժինը ընդամենը մեկ գրություն էր ուղարկել, ըստ որի ավագանու որոշումը առկա է և հրապարակված է համայնքապետարանի պաշտոնական կայքէջում։ Մինչդեռ ՀՔԱՎ գրասենյակի հանցագործության մասին հաղորդումը վերաբերում էր հաստատված սուբվենցիայի շրջանակներում շինարարական աշխատանքներ չկատարելուն։
Մեր ներկայացրած հաղորդման հիմքով պատշաճ ուսումնասիրություն չէր կատարվել, չէր պարզվել՝ ինչ հիմքով է հաստատվել մանկապարտեզի նոր շենքի կառուցման համար հատկացված սուբվենցիայի 2-րդ փուլը, երբ հաստատված 1-ին փուլով որևէ գործողություն արված չէ։ Բացի վերոնշյալը, էական նշանակություն ունի փաստը, որ ՀՀ Քննչական կոմիտեն Կազմակերպությանը չէր տեղեկացրել, որ այս գործով քրեական վարույթ չի նախաձեռնվում։ |
Կազմակերպությունը վարույթ չնախաձեռնելու մասին որոշումը 2024թ․ մարտի 3-ին ստացել էր Տարոնի բաժնից, մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն քրեական վարույթ չնախաձեռնելու մասին քննիչը պետք է անհապաղ գրավոր տեղեկացնի հաղորդումը ներկայացրած անձին՝ նշելով քրեական վարույթ չնախաձեռնելու հիմքերը, նաև պարզաբանել վարույթ նախաձեռնելուց հրաժարվելու բողոքարկելու կարգը և ժամկետները։
2024թ․ մարտի 4-ին Կազմակերպությունը ՀՀ գլխավոր դատախազություն քրեական վարութ չնախաձեռնելու դեմ բողոք էր ներկայացրել։ Բողոքը վերահասցեագրվել էր ՀՀ Լոռու մարզի դատախազություն։ Լոռու մարզի դատախազությունը 2024թ․ մարտի 22-ին պատասխանել էր, որ բողոքը ենթակա է մերժման ժամկետանց լինելու հիմքով և որպես ժամկետ պետք էր հիմք ընդունել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տարոնի բաժնին ուղղված գրության ամսաթիվը։ Մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանվում է պարտադիր օրենսդրական պահանջ, որ իրազեկումը պետք է կատարեր քննիչը։
Արդյունքում վարույթի հանրային մասնակիցները՝ դատախազը և քննիչը գործել էին օրենքի էական խախտմամբ, դրսևորել էին ոչ իրավաչափ վարքագիծ՝ չպահպանելով քրեադատավարական օրենսգրքի պահանջները։
2024թ․ ապրիլի 25-ին Կազմակերպությունը բողոք էր ներկայացրել Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։ Դատարանը 2024թ․ մայիսի 20-ին մերժել էր Կազմակերպության բողոքը՝ իրավաչափ համարելով դատախազության կողմից քրեական վարույթ չնախաձեռնելու որոշումը։
Առաջին ատյանի որոշման դեմ ՀՔԱՎ-ը ներկայացրել էր վերաքննիչ բողոք։ Վերաքննիչ դատարանը ամբողջովին բավարարել էր Կազմակերպության բողոքը, փաստելով, որ քննչական ենթակայության կանոններին համապատասխան Լոռու մարզի դատախազությունը Կազմակերպության հաղորդումը պետք է վերահասցեագրեր իրավասու քննչական մարմնի ղեկավարին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար։ Ուստի Առաջին ատյանի դատարանը թույլ էր տվել քրեադատավարական օրենքի էական խախտում, որը հիմք է դատական ակտը բեկանելու համար։
2024թ.-ի օգոստոսի 16-ին ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալը վճռաբեկ բողոք է ներկայացրել։ Սույն թվականի հոկտեմբերի 28-ի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է բողոքը ընդունել վարույթ, որպիսի պայմաններում ուժի մեջ է մտել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, այն է նախաձեռնել քրեական վարույթ քննչական ենթակայության կանոններին հապատասխան։
Արդյունքում՝ Վանաձորի թիվ 4 մանկապարտեզի գործը ամբողջական ծավալով նոր քննության կենթարկվի։