Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Վայոց Ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանի խախտված աշխատանքային իրավունքի պաշտպանությանն ուղղված, շուրջ 2 տարի տևած դատական գործն ավարտվեց հաջողությամբ

July 21, 2023

Աշխատանքային իրավունքներ | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հրապարակումներ | Նորություններ

2021 թվականի հուլիսին ՀՔԱՎ-ը, հանձին փասատաբան Տիրուհի Վարդանյանի, ստանձնել է Վայոց Ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանի խախտված աշխատանքային իրավունքի պաշտպանությունը, դիմել ՀՀ վարչական դատարան:  Նանե Ասատրյանին պաշտոնից ազատելու հիմքը՝ համաձայն ՀՀ վարչապետի որոշման և Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի՝ ՀՀ վարչապետին ուղղված առաջարկության, սահմանվել էր  «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասը։ Հոդվածը սահմանում է պետական վարչական պաշտոնի՝ սույն դեպքում մարզպետի տեղակալի պաշտոնի նշանակման և պաշտոնից ազատելու կարգը: Համաձայն Վայոց Ձորի մարզպետարանի դիրքորոշման՝ մարզպետի տեղակալին պաշտոնից ազատելիս այլ հիմնավորման պահանջ, քան վկայակոչված իրավանորմն է  սահմանված չէ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով:

 

ՀՔԱՎ-ի կողմից սույն գործի շրջանակում ՀՀ վարչական դատարան ներկայացված հայցով բարձրացվել էր «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի, Աշխատանքային օրենսգրքի փոխհարաբերության, հանրային ծառայության ոլորտում Աշխատանքային օրենսգրքով սահմանված դրույթների կիրառման հարցը, ինչպես նաև այն հարցը, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասը, որը սահմանում է ՀՀ վարչապետի՝ մարզպետի տեղակալին պաշտոնին նշանակելու և պաշտոնից ազատելու իրավասությունը, Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 24-րդ հոդվածով, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգավորումների ներքո չի կարող մեկնաբանվել որպես մարզպետի տեղակալին (վարչական պաշտոն զբաղեցնող անձին) պաշտոնից ազատելու հիմք։ Պաշտոնից ազատելու մասին անհատական իրավական ակտը պետք է ունենա փաստական և իրավական հիմքեր, այլ կերպ ասած՝ պետք է  լինի հիմնավորված և պատճառաբանված:

 

ՀՀ վարչական դատարանի կողմից ներկայացված հայցադիմումը մերժելուց հետո ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը Վերաքննիչ վարչական դատարանի կողմից բավարարվել է ։ Վերաքննիչ վարչական դատարանն արձանագրել է, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրեքի 9-րդ հոդվածի 9-րդ մասը, որի հիման վրա Նանե Ասատրյանն ազատվել էր մարզպետի տեղակալի պետական վարչական պաշտոնից, չի կարող  դիտվել որպես մարզպետի տեղակալի՝ պաշտոնից ազատման հիմք: Մարզպետի տեղակալին պաշտոնից ազատելիս վարչապետը պարտավոր է նշել, թե ինչ պատճառով է վերջինին աշխատանքից ազատում, այսինքն՝ պետք է նշի կոնկրետ պաշտոնից ազատելու փաստական և իրավական հիմքերը: Առանց համապատասխան իրավական ու փաստական հիմքի, առանց որևէ պատճառ նշելու պաշտոնից ազատելու որոշման կայացման արդյունքում խախտվել է Նանե Ասատրյանի` որպես աշխատողի, ՀՀ Սահմանադրությամբ և Խարտիայով սահմանված` պաշտպանվածության իրավունքը: 

 

Վերաքննիչ վարչական դատարանի որոշման դեմ ներկայացվել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2023 թվականի հունիսի 14-ի որոշմամբ վարույթ չի ընդունվել և ուժի մեջ է մտել Վարչական վերաքննիչ դատարանի որոշումը:

 

Ներկայացված գործի շրջանակներում կայացված դատական ակտով իրավակիրառ պրակտիկայում հաստատվեց այն դիրքորոշումը, որ հանրային ծառայողը, որպես աշխատող, ևս գտնվում է Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 24-րդ հոդվածով սահմանված պաշտպանվածության տիրույթում և յուրաքանչյուր դեպքում պետական վարչական պաշտոն զբաղեցնող անձին աշխատանքից (պաշտոնից) ազատելիս անհատական իրավական ակտը պետք է ունենա փաստական և իրավական հիմնավորվածություն: Միաժամանակ Վերաքննիչ վարչական դատարանը որոշմամբ եզրահանգել է, որ «մարզպետի տեղակալի պետական վարչական պաշտոնը զբաղեցնող անձանց աշխատանքային հարաբերությունների կարգավորման հիմնական նորմատիվ իրավական ակտն Օրենսգիրքն է, քանի դեռ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով այլ բան նախատեսված չէ։ Սա նշանակում է, որ եթե աշխատանքային հարաբերությունների որևէ ոլորտ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով կարգավորված չէ, և դրանում նախատեսված չէ Օրենսգրքի կիրառման վերաբերյալ որևէ վերապահում, ապա դրա նկատմամբ կիրառելի են Օրենսգրքի նորմերը»։

 

ՀՔԱՎ-ը դատական ակտի կատարման փուլում ևս շարունակում է իրականացնել Նանե Ասատրյանի աշխատանքային իրավունքի պաշտպանությունը՝ հետամուտ լինելով խախտված իրավունքի ամբողջական վերականգնմանը։

Դիտումներ՝ 1233

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????